Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյա հոբելյանը
Հայաստանում նշվում է մեծ շուքով: Ծավալուն ծրագիր
է նախատեսվում: «Ողջ տարին հնչելու է Բեթհովենի
երաժշտությունը՝ դաշնամուրի 6, թավջութակի 3, ջութակի 3 սոնատ, չորս քառյակի, 15 սիմֆոնիկ,
մեկ երգչախմբային համերգ»,- տեղեկացնում է
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական
ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ
Թոփչյանը:
Փառատոնի բացման համերգն արդեն կայացել է: ՀԱՖՆ-ը կատարել է Բեթհովենի թիվ 5
սիմֆոնիան, որը ղեկավարում էր «Գրեմմիի» մրցանակակիր, բեթհովենյան երաժշտության
գիտակ Ջոն Նելսոնը: Հնչել են նաև Նելսոնի
«Դիմակահանդես» նախերգանքը (հայաստանյան պրեմիերա) և Մոցարտի Դաշնամուրի թիվ 17
կոնցերտը: Որպես մենակատար՝ հանդես է եկել Անդրեաս Ֆրյոլիխը:
Հաջորդ համերգը կլինի մարտի 20-ին. ծրագրում՝ Բեթհովեն, 1-ին սիմֆոնիա, Շոստակովիչ,
13-րդ սիմֆոնիա: Մարտի 26-ը կոմպոզիտորի մահվան օրն է, հնչելու է միայն Բեթհովեն: Համերգաշարը
կփակվի «9-րդ սիմֆոնիայով», դեկտեմբերի 16-ին՝ Բեթհովենի ծննդյան օրը:
Մենք հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ակնկալիքներ կան՝ միջազգային հանրության, երաժշտասերների, լրատվամիջոցների
ուշադրությունը գրավելու առումով:
Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն
ասաց, որ մենք հաճախ ենք խոսում եվրոպական
համակարգում ներգրավվելու, համապարփակ փաստաթղթեր ստորագրելու մասին, բայց եթե մշակույթի միջոցով չնախապատրաստենք ազգերի, քաղաքակրթությունների երկխոսությունը,
որևէ քաղաքական փաստաթուղթ, որևէ պայմանագիր չի կարող ազդեցություն ունենալ: «Սա չափազանց
կարևոր է: Անկեղծ ասած՝ շատ առումներով մենք եվրոպական արժեքներին վաղուց ինտեգրված
ենք, բայց դա չի արձանագրվել ոչ մի փաստաթղթում և չի ստացել որևէ քաղաքական ձևակերպում:
Ավելին՝ մենք մասնակցել ենք եվրոպական արժեքների ձևավորմանն ու տարածմանը: Այնպես որ,
սա փայլուն հարթակ է: Եվ կարծում եմ, որ ՀՀ-ում միջազգային տարբեր կազմակերպությունների,
դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությունն ապահովված կլինի: Պետք է շատ
անվրեպ խողովակներ գտնենք, որպեսզի այն ամենը, ինչ տեղի է ունենալու Հայաստանում այս
նախագծի շրջանակում, արտահանենք արտաքին տեղեկատվական դաշտ»,- ասաց Ա. Խազմալյանը:
Փորձեցինք պարզել նաև՝ փառատոնը հասնելո՞ւ է մարզեր:
«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի գլխավոր համակարգող Անի Մարտիկյանն ասաց, որ գրեթե բոլոր մարզերում կլինեն և՛ համերգներ, և՛ հանդիպումներ, և՛ ուսուցողական համերգ-հանդիպումներ: Ավելի շատ կլինեն կամերային ժանրի համերգներ, որտեղ հնարավոր է՝ կներկայանան նվագախումբով: Արցախում նույնպես ունեն նախատեսված համերգ:
Արմինե Սարգսյան
Լուսանկարները՝ Մարիա Վարդանյանի
No Comments