Բահը ճկվում է իրինդեցի 85-ամյա Գևորգ պապի ձեռքերում ու ոտքի մի հարվածով խրվում հողի մեջ։ Անսովոր եռանդով պապը մոտ տասը թումբ է փխրեցնում, ապա հայացքը հառում գորշավուն ծառերին, որոնց դեռ գարնան շունչ չի կպել։ Սակավաջուր Թալինի շրջանում բերքի առատությունն Աստծո շնորհ է։ Ծերունին իր ձեռքով է քաղում անուշահոտ տանձը, խնձորը, սալորն ու հատապտուղները։
Հայրը՝ Խաչատուր Ղափլանյանը, 1915 թվականին գաղթել է Խութ գավառի Դաշտադեմ գյուղից։ «Մեծ գյուղ էր, ցավոք՝ դավաճաններ էլ կային։ Հայրս հիշում էր՝ երբ եղբոր համար հարս ուզելու էր գնացել, խաբար էին հասցրել թուրքին, թե ջաղացպան Խաչոյի տուն հարս պիտի գա։ Յոթ-ութ հոգով եկել էին, աղջկան առել ու տարել։ Ոչ ոք չէր համարձակվել դեմն առնել։ Գաղթի ճանապարհին էլ փրկվել էին դաշտադեմցի լինելու շնորհիվ։ Թուրք սպան՝ իմանալով, որ իր հորեղբայր Սելիմը նույն գյուղում է ապրում, հրամայել էր ժողովրդին ձեռք չտալ»,- պատմում է Գևորգ պապը։
Ղափլանյանների ընտանիքը սկզբում հանգրվանել
էր Ագարակ, ապա Ոսկեվազ գյուղերում։ Այդ ժամանակ Իրինդում մոտ 8 ջաղաց կար, սակայն
վարպետ չունեին։ Խաչատուրը տեղափոխվում է Իրինդ, գյուղացիներին ջաղաց բանեցնել սովորեցնում։
Ապրում է 128 տարի։ Ունենում 13
զավակ ու տասնյակ թոռներ ու ծոռներ։
«Մենք պիտի հայ մնանք ու շատանանք»,- ասում է Գևորգ պապը, որը Հայրենական մեծ պատերազմ, հունգարական հեղափոխություն, իսկ Հայաստանի անկախության հաստատումից ի վեր՝ ևս երեք պատերազմ է տեսել։ Օմարի լեռներ հաց տանող թոռան զանգին սպասելիս լրիվ կորցրել էր քունը։ Երեք ամսից կզորացրվի, որոշել է ուսումը կիսատ թողնել ու հոր հետ արտագնա աշխատանքի մեկնել։
Պապի մտահոգությունն է, որ ուսանողները մեծ քաղաքներին կուլ չգնան ու վերադառնան գյուղ՝ իրենց հողին տեր կանգնելու։ Մեզ հրաժեշտ է տալիս, մոտենում այգու գորշ ծառերին ու շոշափում բողբոջները։
Նոր փխրեցրած սևահողին մնում են ոտնահետքեր։
Անի Անտոնյան
Երևան-Իրինդ-Երևան
No Comments