Անի Անտոնյան ՄարզաԴիտակ

Ա՛յ բալա, երեխեքին հաշվել չի կարելի

24.04.2021

«Մորս ասել էին, որ պատրաստվի․ էդ երեկո Ուջանից ինձ ուզելու են գալու։ Մերս թե՝ հրեն աղջիկս քնուկ ա, իրա կերած ամանը չի լվացի, ես ո՞նց եմ դրան կարգելու։ Տասնյոթ տարեկան էի․ ինչ հայհոյանք ասես տվեց։ Ասի՝ մա՛մ, ես չեմ իմանում՝ էդ մարդն ով է, ինչի՞ ես ինձ խայտառակում։ Պապը համաձայն էր, վերջը ծանոթ մարդ մեջ քցեցին, ինձ տվեցին Ռաֆիկին»,- ամուսնու լուսանկարի շրջանակը սպիտակ մաքուր կտորով սրբում է իրինդեցի, 88-ամյա Մարիամ տատը։

Երեք օր հարսանիք արեցին․ փեսայի կողմը 10 ձի էր նվեր բերել։ Գյուղում Ռաֆիկի պես տղամարդ չկար, ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Դագաղ էր շինում․․․ անվճար։ Ագեի թաղման օրը մեկը հարցրել էր, թե վարպետն ինչքան փող է «առել»։ Ասել է թե՝ ոչ մի կոպեկ։ Զարմացել էին, որ էդպիսի մարդ կա դեռ աշխարհում։ Եղբոր մահից հետո էդ գործը թողեց։

Ռաֆիկն ու Մարիամը 6 զավակ ունեցան՝ Շահանդուխտը, Աստղիկը, Շուշիկը, Սեդիկը, Աբրահամն ու Արամը։ Երեխաները հասակ առան, գերազանցությամբ ավարտեցին, իրենց գործում մասնագիտացան, ընտանիք կազմեցին։ Արմատներով բիթլիսցի տատը ծիծաղով հիշում է՝ ինչպես էին տեղացիներն իրեն «անպասպորտ աշտարակցի» անվանում։ Միայն զույգերի ծննդից հետո կաշառքով հաջողվել էր Խորհրդային Հայաստանի անձնագիր ստանալ։

Մարիամի նախնիներն ապրել են Բիթլիսի վիլայեթի Շատախի գավառակի Գելիեգուզան գյուղում՝ Սիփան սարի մոտ։ Տատի պատմելով՝ գյուղում մի քուրդ անգամ չի եղել, նրանք միայն ոչխար գողանալու էին գալիս։ Մի լուսնյակ գիշեր, երբ տան հարսը երեխուն կուրծք տալիս է լինում, լսում է՝ ինչպես են քրդերն «օչխրի աղլի մեջ» իջնում։ Բլուր փչող Մկրտիչ պապի եղբայրը մի քար է վերցնում ու շպրտում։ Քարը դիպչում է գլգիլների մեջ թաքնված գողի գլխին ու սպանում։ Եղբայրները տան մոտակայքով հոսող մեծ «օվիդի» (առու, հեղ․) հունը փոխում են ու թաղում քրդին։ Մկրո պապը եղբորը փախցնում է Շենիկ գյուղ։ Շուտով լուր է տարածվում, որ քրդերը բնակիչներին կոտորելու են։ Շենիկի ռեսն (գյուղապետ, հեղ․) իր կամքով հանձնվում է, փոխարենը քրդերը հանում են նրա «չախալ» աչքերը, կախաղան բարձրացնում ու ման ածում գյուղերի միջով։

Մկրո պապը վերցնում է իր որդուն ու եղբորորդուն՝ Ռուբենին, փախչում Թիֆլիս, ապա գնացքով՝ Երևան։ Հաստատվում են Աշտարակի շրջանի Կարաջալար (ներկայիս՝ Սասունիկ) գյուղում․ «Հերս միշտ ասում էր՝ թուրքը քրդի հետ ընկերացավ, մեզ կոտորեց։ Եթե հայերը եզդիներին միանային, հիմա մենք ղեկավարը կլինեինք»։

-Տա՛տ, քանի՞ թոռ ու ծոռ ունես։

-Ա՛յ բալա, երեխեքին հաշվել չի կարելի․ 10-ից շատ են։ Հիմիկվա ջահելները ե՞րբ են շատ երեխա բերում։ Բայց ասեմ՝ թոռներիցս ամենաշատը Արմանիս եմ սիրում։ Ժողինստիտուտ կսովորի գերազանց, իրանց ցեղն էդպես սովորող ա։ Ծննդիս ժամացույց էր բերել, մեկ էլ՝ էս դամաշնիկները (հպարտ շուռումուռ է տալիս նոր հողաթափերը- հեղ․)։

— Տա՛տ, իսկ հաճա՞խ են քեզ այցելում։

-Բա ոնց, ամեն առիթի։ Ճիշտ ա՝ էս վերջերս Դավթաշեն գյուղում ապրող աղջիկս հիվանդացել էր, կորոլա էր՝ ինչ էր, բայց արդեն լավանում է։ Օրերը կբացվին։

Հարազատների կարոտն ալբոմներից է առնում։ Լուսանկարներում Արամն է, որ երկու անգամ Էրգիր է գնացել, այնտեղ գտել իր արյունակից Աբդուլային․ երկար փաթաթվել են ու խոսել։ Այս մեկում էլ թոռան՝ Անահիտի հարսանիքն է, որտեղ տատը պարում է՝ ձեռքերը պարզած։ Ափսոս, հոր՝ Ռուբենի նկարն էդպես էլ չունեցավ։ Փոքր էր, երբ հորն ու հորեղբորը Կարաջալարի կոլխոզի նախագահի ուղղորդմամբ աքսորեցին անհայտ ուղղությամբ։ «Մենք հինգ երեխա էինք, չորսը՝ հորեղբորինս։ Հերս աղա էր, ով տեր-տիրական չուներ՝ ինքը տեր կկանգներ։ Մի որբ տղայի էր պահել, նրա համար հարևան գյուղի Խուրշուդի աղջկան կնության ուզել, մեր տան կողքին մի տուն շինել, կով տվել ու ասել՝ ապրեք։ Գյուղի ամենալավ հողերը մերն էին։ Ամեն տարի՝ կալի ժամանակ, մի խումբ մարդիկ մեր վրա կռիվ կգային, հերս էլ ոսկի կտար, որ հեռանան։ Գոմի մեջտեղում երկու հոր էր փորել ու ծածկել, ամեն հորի մեջ՝ 60 փութ ցորեն։ 1930-ականներին գյուղում սով էր, բոլորն անոթի էին, իսկ մերս մինչև 45 թիվը հորս աշխատածով մեզ պահեց»,- արցունքն աչքերին՝ վերհիշում է տատը։

Խրմզլեցի (ներկայիս՝ Կարմրաշեն) Արաքսյային Ռուբենը գյուղում էր հանդիպել։ Աղջիկը որբանոցում էր մեծացել, ընտանիքի ինը երեխայից միակ ողջ մնացածն էր։ Հինգ զավակ ունեցան․ 1933 թվականի մարտի 10-ին՝ անձրևոտ մի օր, ծնվեց Մարիամը։

Ռուբենին աքսորելուց հետո Ղազարյանների ընտանիքը ծանր դրության մեջ ընկավ։ Մայրը ստիպված էր իր 12 տարեկան որդուն՝ Հայկին, կոլխոզում գառնարածի աշխատանքի տալ։ Տատը չի մոռանում՝ ինչպես կոլխոզի Ժողովի ժամանակ բրիգադիրը մորը երեսով էր տվել․
«Որ էս րոպեին դու ապրում ես, իմ խերն ա․ քո տղին ես սարքի գառնարած»։ Հետագայում Հայկը նեղն ընկնելիս միշտ հիշեցնում էր մորն այդ մասին։

Մարիամ տատը մինչև չորրորդ դասարան սովորեց․ «ո՛չ կոշիկ ուներ, ո՛չ շոր»։ Հետո՞ ինչ․ փոխարենը ջահել ժամանակ «սար է վերցրել-դրել», վեց երեխա մեծացրել, գյուղում իր պես թոռ պահող չի եղել։ Հպարտանում է, որ բոլոր զավակներին բարձրագույն կրթության է տվել։

Տատն առնում է ձեռնափայտն ու դանդաղկոտ քայլերով ուղևորվում իր սիրելի վայրը՝ նախաշեմի փայտե արևկող «զրուցարանը», որտեղ հավաքվում են մտերիմները, գյուղի երիտասարդները։ «Աշխարհն էլ շրջես՝ Իրինդից լավ տեղ չկա»,- գովում է տատը՝ մատնացույց անելով մեղվափեթակներն ու կարմրաթուշ խնձորենիները։

Կիսաբաց դռան արանքից մերթընդմերթ ժամացույցին է նայում․ որդու՝ Արամի գալու ժամանակն է։

Անի Անտոնյան
Երևան-Իրինդ-Երևան

Հ․ Գ․ Իրինդ այցելության ընթացքում մեզ ուղեկցել է Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Անդրանիկ Մարտիրոսյանը, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը։

No Comments

Leave a Reply