Գայանե Մկրտչյան Թատրոն

Դավիթ անունով Սասունցին. մենաներկայացում

01.03.2025

Սիրել Սասունցի Դավիթին, կնշանակի սիրել Հայաստանը…

Տարիներ առաջ Հանրապետության հրապարակի թափուր պատվանդանին «ում արձանը տեղադրել»  ժողովրդական քննարկմանը ամենից շատ հնչել էր Սասունցի Դավթի անունը: Անկարևոր է, տեղին է կամ ոչ, բայց արձանագրված փաստը ազգային անքննարկելի սիրո ապացույց  է:

Հայաստանի լավագույն արվեստագետներից երկուսը՝ Վարդան Պետրոսյանն ու Նարինե Գրիգորյանը, պատերազմի շոկից հետո իրենց իմացած՝ թատրոնի լեզվով անդրադարձան էպոսին ու Դավիթի կերպարին:

Ինչո՞ւ անդրադարձ էպոսին, ինչ ֆենոմեն է Դավիթը՝ անսահմանելի խիզախ, անհաշվենկատ, թլոր-թլվատ, բայց արդարամիտ… Դավիթ անունով Սասունցին հաղթող է ու բարոյական հանճար միաժամանակ, իսկ ամենահուզիչը՝ արդարադատ (արդարադատը Սողոմոն Թեհլիրյանի, Միսաք Թորլաքյանի պատվանունն է):

Հայ արվեստագետները վերընթերցելով էպոսը, անդրադառնալով էպոսի կերպարներին,  արձանագրել են, որ մեր այսօրվա, մեր երեկվա մասին են, մեր սխալների մասին:

«Ներկայացման հիմնական ուղերձն այն է, որ մեզ պետք  են դավիթներ, մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որ հայ երիտասարդների մեջ չմեռնի Դավիթը, արմատախիլ արվի դավաճանությունը, նենգությունը, վախը, քծնանքը, այն ամենն, ինչը բերել է մեզ կորուստների ու պարտությունների։ Ասեմ, որ կերպարը դժվար տրվեց, բայց աշխատանքը բավական հետաքրքիր էր ու կարծում եմ՝ մենք հաջողել ենք»,- ասել է  դերասան Արմեն Քուշկյանը:

Վարդան Պետրոսյանի համար էպոսին անդրադարձը «կատակ ու լուրջ տեքստերով մտորումներ են մեր ներկայի, անցյալի ու ապագայի, մեր այսօրվա հույզերի, հույսերի ու մտավախությոնների մասին… Ներկայացումը միտված էր հայ կնոջն ու մորը՝որդիական սիրով ու ակնածանքով: Իր վերջին` «Օրորոցային պատվիրան» ներկայացումով Սասունցի Դավթի հաղթական ու հակասական կերպարի շուրջ է մտորում հազար ու մի ելք որոնող, օրերի, գույների ու ճակատագրերի, ինչ անելու մասին մտոորումների ու թատրոնում արած խոստովանության, սեփական երկրում ցմահ բանտարկյալ լինելու, ծերունու ու սովի, ցմահ բանտարկյալների ու կիսատ թողած երգի, դեպի վերելք ձգտումի կես լուրջ, կես կատակ ներկայացումների հեղինակ Վարդան Պետրոսյանը…

 Տեքստի հիմքում արտիստի՝ տասնամյակների ներկայացումների վերնագրերն են, ու ինչպես ասել է Սոս Սարգսյանը, ամեն ազգ Վարդան Պետրոսյան չունի…

Ամեն ազգ այսպիսի էպոս ու Սասունցի Դավիթ չունի, որ պարտությունից  հետո խարիսխ դառնա:

— Դա՜-վի՜ի՜ի՜թ,-  բարձրագոչ դահլիճ ու հոգիներ է սասանում Վարդան Պետրոսյանը:

— Պա-՜ տե՜- րա՜զմ է՜,-  շշուկով աղաղակում է Արմեն Քուշկյանը:

«Միայն մեկ կողմն աշխարհի Դավթի հայրենիքն»

«Արմմոնո» թատերական փառատոնի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացումը շնչահեղձ ու մեկ շնչով նայվող ներկայացում է՝ հերոսական լարի վրա…

Թեև մոնոներկայացման հիմքում էպոսի երրորդ հայտնի ճյուղն է, և թումանյանական հանճարեղ մշակումին հիշեցնող տողեր կան, սակայն դիտելուց հետո այնպիսի զգացում ունես, ասես ամբողջական էպոս «Սասնա ծռեր» է մեկ ժամում աչքիդ առաջով անցել՝ սասունական բարբառով ու մթնոլորտով:… Արտառոցն ու ստեղծագործական խիզախումն այն է որ այս էֆեկտը հանդիսականը ստանում է, երբ դատարկ, անդեկոր բեմում մեկ դերասան է, ողջ բեմական հագուստն իր վրա է կրում, բեմական ռեկվիզիտն էլ՝ Թուր Կեծակին, զինանշանով  դրոշն ու մի փոքր գավ: Գինու գավ, որը փոխարկվում է արտատեր կնոջ խմոր հունցելու տաշտակի…

 Բեմադրիչ Նարինե Գրիգորյանի ու դերասան Արմեն Քուշկյանի հաջողությանը աջակից են բեմանկարիչ Մերի Սարգսյանն ու երաժշտական ձևավորող  Ջուլիետա Հովսեփյանը…

«Դժվար դեր» Դավիթ խաղացող Արմեն Քուշկյանը ուրիշ ի՞նչ կերպարներ է ակնարկում՝ հեղինակ, Մելիք, Քուռկիկ Ջալալին, Իսմիլ,  քույր, Վերգո, Հովհան հորեղբայր, արտատեր կին, ծերունի:

Ինչպես այսօր, հեռու տասներորդ դարում էլ երկրների սահմանները փխրուն են ու անպաշտպան, և ասացող-Արմեն Քուշկյանը ներկայացման ամենասկզբում, ափերի միջից հոսող ավազով արվող մոլորակի շրջանագծի մեջ առանձնացնում է մի կտոր՝ «միայն մեկ կողմն աշխարհի Դավթի հայրենիքը»: Սասուն-սասուն ժայռակտորներով մեր գողտրիկ հայրենիքը…

Կերպարներ կային, որ հայտնի էին դառնում մեկ բնորոշիչով. Իսմիլ խաթուն՝ ծածկած դեմք և կանաչ աչքերի խորամանկ փայլ: Մսրա Մելիք՝ փաթթոցավոր գլխանոցով։ Արաբական բազամաշերտ շորերից ազատագրվելով՝ մեր առջև է Դավիթ անունով Սասունցին: Պարզ, մաքուր, առանց զարդարանքի, բարեսիրտ հսկայի քաթանե հանդերձով, ասես նրանով, ինչ աշխարհ է եկել:  

Ներկայացմանը հուզական ուժեղ լիցք է տալիս էպոսի զորեղ, հյութեղ, բոլորիս հասկանալի ու հարազատ Սասունի բարբառը: Երկրի տերերը «իրիշկեցին՝ քանց ծով ու ավազ շատ զորք» ու պատերազմի ահին արձագանքեցին իրենց կարեցածի չափով…

Վերգո-  (դողդողալով) — Մեր ձեռեն չի գա, Հովհան…

Հովհան- (գորովանքով)- Մեռնի՜մ արևուդ,  Դավիթ…

«Բյուր հազար» զորքից փրկել Սասունն ու պաշտպանել Մեծ Մհերի որդուն ջոջ հորեղբոր  իմացած միակ ձևն էր՝ գինովցնել  անվախ պատանի Դավթին, հեռու պահել պատերազից, ընդունել պարտությունը…

Ռեժիսոր Նարինե Գրիգորյանի բեմադրության մեջ Դավիթ- Արմեն Քուշկյանը  արյունով, ազնիվ ծնունդով խիզախ հսկա է, ռազմիկի առողջ բնազգով գիտե իր գործը, ազնիվ է, մեծահոգի՝ իմ անուշ հորողբեր, մեծահարգ՝ արտատեր պառավի, մսրա ալևորի հանդեպ, փառապանծ նախնիների գործի շարունակողն է, փլատակներից վեր հանողը, ազատագրիչը:

Դավթի համար «միայն մեկ կողմն աշխարհի» իր հայրենիքի սահմանները պաշտպանելը նշանակում է ոգեկոչել անցյալի փառքերը: Առասպելական և հաղթական նախնիների հետ բնական կապը վերագտնելը ամենից հուզիչ ու մանրամասն արտահայտվում է բանտված, կենդանի արարած Քուռկիկ Ջալալին ազատագրելով ու շերտ առ շերտ հնազանդեցնելով՝ գավակը, լծասարքը, պոչը… Դավթի ու նժույգի երկխոսություն-կռիվն ավարտվում է  միաձույլ հաշտություն կնքելով: Ռազմական ասպազենով՝ Խաչ պատերազմին ապարանջանով, Թուր Կեծակին հսկա թրով, Քուռկիկ Ջալալին հեծած, հսկայական դրոշ-զինանշանը ծածանելով Դավիթը հասնում է թշնամու ճամբար, ու կանգնում յոթ օր, յոթ գիշեր ջոջ քուն մտած  թշնամի հսկայի վրանի առաջ.  «Հապա Մելիք ո՞ւր է հիմա»:  Արտիստական թատրոնի համեստ բեմը վերածվում է հսկաների մարտադաշտի, հայ հերոսի հաղթական, ռազմական ոգին բարձրացնելուն օժանդակում է բեմահարթակ-ռազմադաշտի բարձրագոչ երաժշտությունը, որն ակնարկ էր՝ Մսըր կամ Սասուն, և՛ ռազմակոչ ու մարտակոչ, և՛ հսկաների գուրզերից երկինքը բռնած թոզուդումանը:

«Յա Մարութա Սուրբ Աստվածածին»… Դավիթը «գնա՜ց հասավ Սասնա սարեր, հասավ չուր Դիարբեքիր, գնաց հասավ չուր Ծովասար», երկու զարկը զիջեց Իսմիլ խաթունին ու աղջկան, և երրորդ զարկին, երբ Մսրա խաթունն ուզում էր գործադրել «ազապ տղա Դավթին» շեղելու քիչ հայտնի գայթակղությունը ՝ հեռացրեց իրենից՝ «մեկ Աստված, մեկ ես»…

«Ինչ կանենք ձեր Մսըր», բայց թե մեկ էլ կելնեք մեր դեմ,  դուք, որ մեզ արիք դուշման.

«Հողում լինես քառսուն գազ խոր

Թե ջաղացի քարի տակին,

Կելնեն ձեր դեմ ինչպես էսօր

Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին»:

Աստվածաշունչ մատյան. «Տեսա ամբարիշտին գոռոզ ու տեղը հաստատ, ինչպես ճյուղատարած դալար ծառ: Բայց նա անցավ.ահա նա այլևս չկա, փնտրեցի նրան  ու չգտնվեց» (Սաղմոս 37:35-36):

Սասունցի Դավիթ. «Մելիք հատավ…»

Գայանե Մկրտչյան