«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ «Դեպի վեր» գրքի շնորհանդեսը: Ժողովածուում ներառված են հայ ֆանտաստ գրողների` «Դեպի վեր» խորագրով անցկացված «ԱրմԿոն» գրական մրցույթին ներկայացված լավագույն ստեղծագործությունները: Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը։
«Մրցույթն առաջին անգամ 2008-ին ենք կազմակերպել, հետո 2013-ին, վերջինը` 2021-ին: Դադարները պայմանավորված են նրանով, որ չենք ցանկանում ամեն տարի ինքնանպատակ մրցույթ անել։ Պետք է լինի ինչ-որ ուղերձ, լիցք, առիթ․․․ Ինձ դիմեց Արսեն Թավադյանը և առաջարկեց նորից անցկացնել այն՝ հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը…»,- պատմեց «ԱրմԿոն» մրցույթի կազմակերպիչ Ֆրունզ Հարությունյանը:
Գրքում ընդգրկված են Գևորգ Տեր-Գաբրիելյանի, Արսեն Թավադյանի, Լիլիթ Մանարյանի, Լևոն Մկրտչյանի, Արման Գասպարյանի, Լիանա Խաչատրյանի, Նելլի Ղալեչյանի, Հայկ Հովյանի, Լուսինե Շահնազարյանի ստեղծագործությունները:
Ֆրունզ Հարությունյանի խոսքով՝ գործերը շատ հետաքրքիր են ու տարբեր․ կա և՛ ճապոնական ֆոլկլոր, և՛ պոստապոկալիպտիկ Սևան, հեքիաթներ, ֆենթզի, գիտաֆանտաստիկա:
Ստացել են 70-ից ավելի գործ: Ժողովածուում տեղ են գտել 9-ը:
Արման Գասպարյանը մրցույթին մասնակցել է «Պատը» պատմվածքով: Ունի նաև ֆանտաստիկայի ժանրում գրված այլ ստեղծագործություններ: Կարծում է, որ կարևոր է նման մրցույթների անցկացումը նաև ֆանտաստիկայի ժանրի զարգացմանը Հայաստանում նպաստելու համար:
Հայկ Հովյանը գրքում հանդես է եկել «Միջնաբերդյան պատմություններ. Ասք չորս գագաթների քաղաքի մասին» պատմվածքով. «Քանի որ առաջին գիրքս՝ «Ագռավի քարը», վիշապների, աժդահակի պայքարն էր մարդկանց հետ, որոշեցի այս ժողովածուում ներկայացված պատմվածքում ավելի ընդլայնել այդ աշխարհը, տիեզերքը: Փոքրիկ նախապատմություն եղավ, թե ինչպես են վիշապները հայտնվել երկրի վրա, ինչպես են նրանց փոխհարաբերությունները մարդկանց հետ կառուցվել: Դասական ֆենթզի ժանրում է: Մեր միֆական հերոսներն էլ կան, թեեւ ոչ այն կերպով, ինչպես մենք ենք ճանաչում ու ներկայացնում նրանց: Հենց մեխը դրանում է ՝ փորձել ներկայացնել այլ աչքով, այլ մոտեցմամբ»։
Արսեն Թավադյանն ասաց, որ մրցույթը պետք է ունենար «Դեպի վեր» խորագիրը, այսինքն՝ նպատակ չպետք է ունենար փախչել իրականությունից, այլ իրականությունը վերլուծելով՝ փորձել գտնել ավելի ճիշտ մտքեր, ճիշտ ուղիներ․ «Ֆենթզին ու ֆանտաստիկան անպայման չի ոչ իրական լինեն: Այստեղ կարևորը մարդկային հարաբերություններն են, որ քարե դարից մինչև հիմա երևի թե չեն փոխվել: Ժողովածուի գրեթե բոլոր աշխատանքներում, թեկուզ լինի ճապոնական իրականության մասին, կարմիր թելով անցնում է ինչ-որ մի բան, որը մեզ կապում է մեր հայրենիքի հետ»:
«Բուկինիստ» գախանութների տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասաց, որ երբ որոշեցին հրատարակել գիրք, այնքան էլ համոզված չէր, որ այսպիսի պահանջարկ կունենա այս ժանրի գրականությունը, թեև նախադրյալներ կային. «Տպագրել ենք քիչ՝ 300 օրինակ, բայց կարծում եմ տպաքանակը կավելացնենք, որովհետև անսպասելիորեն պահանջը մեծ էր, հենց սկզբից գիրքը հետաքրքրեց մարդկանց»:
Սիրանուշ Նազլուխանյան
No Comments