‹‹Էրեբունի›› պատմահնագիտական արգելոց թանգարանը համալրվում է դրամներով։ Մեծ թվով մարդիկ են արձագանքել «Նվիրիր դրամ ‹‹Էրեբունի›› թանգարանին և նպաստիր մեր դրամների ցուցադրության ստեղծմանը» կոչ-նախաձեռնությանը։ Արգելոց թանգարանի տնօրեն, հնագետ Միքայել Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շուրջ 220 դրամ է հավաքվել, և դեռ շարունակվում է նվիրատվությունը։
«Դրամների ժամանակագրությունը բազմազան է. կան Պոնտոսի Ամիսոս քաղաքի, հռոմեական, հունական, հայոց նշանավոր արքա Տիգրան Մեծի, բյուզանդական, սասանյան, մոնղոլական, Կիլիկյան Հայաստանի, Ցարական Ռուսաստանի դրամներ»,- նշեց մեր զրուցակիցը՝ ծանոթացնելով նաև ցուցադրության ստեղծման նախապատմությունը։
Մինչ համավարակը թանգարանի Մարքեթինգի և արտաքին կապերի բաժինը պարբերարաբար հարցումներ է անցկացրել տուր-օպերատորների, թանգարանի այցելուների շրջանում՝ փորձելով պարզել, թե ինչ առաջարկներ ունեն, ինչ կուզեին տեսնել թանգարանում։ Ի թիվս այլ առաջարկների՝ այցելուները նշել են, որ շատ են ցանկանում՝ թանգարանում դրամների ցուցադրություն լինի, հետաքրքրվել են՝ արդյոք Էրեբունու ամրոցից դրամներ չեն գտնվել։
«Օրիգինալ դրամի ցուցադրություն այստեղ մինչ օրս չի եղել, թեև մոտ 2500 տարվա պատմություն ունեցող դրամներ են հայտնաբերվել (Հռոմի Օգոստոս կայսեր 2000 տարվա պատմություն ունեցող դրամը, Երևանի խանության ժամանակահատվածի դրամներ և այլն)։ Ամրոցում կանոնավոր պեղումներն սկսել են 1950-ին, թանգարանը կառուցվել է 1968-ին։ Այսպիսով, հնագիտական գտածոների զգալի մասը մինչև թանգարանի կառուցումն է գտնվել։ Գտածոները պահվում են Հայաստանի պատմության, Երևան քաղաքի պատմության, ինչպես նաև Մոսկվայիի Պուշկինի գեղեցիկ արվեստների թանգարաններում»,- ասում է Միքայել Բադալյանը։
Դրամների նվիրատվության նախաձեռնությունը նաև միջոց է թանգարանի նյութերը հարստացնելու։ Այժմ դրամները մանրակրկիտ կերպով մաքրվում են ‹‹Էրեբունի›› ՊՀԱԹ-ի Գիտահետազոտական, վերականգնման և ամրակայման բաժնի ղեկավար Մանվել Ղալաչյանի կողմից: Դրամների ցուցադրության բաժնում նշվելու է նվիրատուների անունները։ Սա ևս խթան է, որ մարդիկ դրամներ և այլ հնագիտական նյութեր նվիրեն թանգարանին։ Մյուս կողմից՝ նվիրատուների դրամները մեծապես ունենալու են նաև կրթական-ճանաչողական նշանակություն, քանզի թանգարանի կարևորագույն գործառույթներից մեկը մարդկանց կրթելն է: Դրամները կներկայացվեն՝ ըստ ժամանակաշրջանի, գեղեցիկ դիզայնով հագեցած տեքստերով ու նկարներով։ Նպատակ ունեն պատանի այցելուների համար դրամները ցուցադրել էկրանով, վերակենդանացնել դրանք այնպես, որ իրենք պատմեն իրենց մասին։
Միքայել Բադալյանն ասաց, որ նախատեսում են ցուցադրությունը բացել դեկտեմբերին, որպեսզի ձմռան սկզբին նորություն ունենան, գրավեն մեծաթիվ այցելուների ուշադրությունը։ Համավարակով պայմանավորված՝ այցելուների նվազման խնդիր ունեն։ Բաց են միայն հուշարձանները։ Օրական ունենում են չորս-հինգ այցելու։ Համավարակը ագդել է ֆինանսական մուտքերի վրա, բավական լուրջ վնասներ են կրել, բայց հույս ունեն, որ լավ աշխատելու դեպքում կկարողանան դրական արդյունքներ ունենալ։ Հավելենք, որ սեպտեմբերի մեկից կբացվեն նաև էրեբունու և Շենգավիթի թանգարանները (Կարմիր բլուրում թանգարան դեռևս չկա)։
Արմինե Սարգսյան
No Comments