Մարտի 13-ին «Գոյ» թատրոնում կայացավ «Էքվուս» (Equus) հոգեբանական թրիլլերի առաջնախաղը (բեմադրվել է բրիտանացի դրամատուրգ Պիտեր Շաֆֆերի համանուն պիեսի հիման վրա)։ Դերերում՝ Արա Սարգսյան, Արմեն Սարգսյան, Հասմիկ Աբովյան, Տրդատ Մակարյան, Լիլիթ Սալնազարյան, Լիանա Ավետիսյան, Գայանե Բալյան, Սարգիս Չոլոյան և Կառլեն Հայրապետյան։
Նախագիծը կյանքի է կոչվել «Էպսիդոն» թատերախմբի ու «Գոյ» թատրոնի համատեղ աշխատանքի արդյունքում. այն կորոնավիրուսի համավարակի և Արցախյան պատերազմի պատճառով հետաձգվել էր մեկ տարի։
Մեզ հետ զրույցում ռեժիսոր Արթուր Սահակյանն ասաց, որ թատերական ձևաչափը հնանալու հատկություն ունի, իսկ պիեսի առաջին բեմադրությունն արվել է 1973-ին (Լոնդոնում), հայ հանդիսատեսին «Էքվուսը» ներկայացավ նոր ձևաչափով՝ միաժամանակ պահպանելով թեմայի բացառիկությունն ու Շաֆֆերի «հրեավարի» լեզուն։ Հարցին՝ ի՞նչ զգացողություն ունի երկարատև դադարից հետո հանդիսատեսին կրկին հանդիպելիս, ռեժիսորն անկեղծացավ․ «Արդեն մեկ ամիս է՝ խաղում ենք։ Պատերազմից հետո հանդիսատեսը, իհարկե, կարոտել էր թատրոնը։ Ընդհանրապես, թատրոնը հանդարտեցնելու մենաշնորհ ունի, բայց դա միայն խաղաղության պայմաններում է հնարավոր։ Փորձում ենք շարունակել մեր գործը՝ նաև որպես զինվորներ»։
Դերասան Արմեն Սարգսյանի խոսքով՝ ձիերի հանդեպ տարվածություն ունեցող Ալան Սթրենգին մարմնավորելն իր բարդությունն ուներ։ Երիտասարդը, որն ապրում է հակաբևեռ կրոնական հայացքներ և սեփական ձգտումներ ունեցող ծնողների հետ, որը միաժամանակ հորից նախատինք է լսում, մորից՝ աստվածաշնչյան պատմություններ, ի վերջո կերտում է իր սեփական ինքնությունը, «սեփական աստվածությունը»։
«Ձին դառնում է Ալանի կուռքը, իսկ մենք գիտենք՝ երբ մի բան կուռք է դառնում, այն մարդուն տանում է միակողմանի խեղման։ Դժվար է խաղալ նման բարդույթներով կերպար՝ միաժամանակ չներկայանալով որպես գերխաղային խենթ, այլ լինելով մարդ, որը հայտնվել է դժվարին իրավիճակում, որին այլ ուժեր են կառավարում»,- նշեց դերասանը և հույս հայտնեց, որ ոչ միայն պիեսը, այլև արվեստն առհասարակ կօգնեն հանդիսատեսին լիցքավորվել այսքան դժվարություններից հետո և մի քանի ժամով կտրվել համընդհանուր խնդիրներից։
Անի Անտոնյան
No Comments