Անի Անտոնյան Թատրոն Կինո

Ես ամբողջ մարդկությունն եմ

16.05.2022

Բեմում ու բեմից դուրս՝ ապրած-չապրած պիեսներ, կինո, նկարչություն․․․ Անհնար է մտնել դերասանուհի Մարինե Պետրոսյանի ստեղծագործական աշխարհ ու մնալ նույնը․ րոպեների ընթացքում վերանում ես ու վերածնվում, սիրում ու ատում, ի վերջո՝ հաշտվում ինքդ քեզ հետ։ Բազմաթիվ ներկայացումներ՝ «Կիբոսա 7-րդ դար» (Էլեն), «Ինքնակոչը» (Նինա Կորեշկովա), «Պատվի համար» (Զարուհի), «Ռևիզոր» (գնչու պարուհի), «Լուկոլոսի մահը» (Կլեոպատրա), «Գնա մեռի, արի սիրեմ» (Սոֆիկ մայրիկ)… Մի շարք ֆիլմեր՝ «Ավլոս», «Հորսիա», «Փախստականը», «Բարրաբա-նապաստակի շրթունք», «Հովիվը», «Զուլալի», «Անատոլիական պատմություն»․․․

Սա անվերջանալի ճամփորդություն է՝ անհայտ ուղղությամբ։ 

— Դուք ծնվել ու մեծացել եք Գեղադիր գյուղում։ Մայրս միշտ ասում է, որ փոքր համայնքի երեխաները մեծ երազանքներ են  ունենում։ Ի՞նչ էիք Դուք երազում մանուկ ժամանակ։

— Շուտ մեծանալ։ Դեռ չգիտեի՝ ինչ եմ ուզում ունենալ կամ դառնալ, պարզապես ուզում էի շուտ մեծանալ, որ հասկանամ։ Գյուղի շատ երեխաների նման արձակուրդներին գառներ ու ուլեր էի արածեցնում։ Շատ լավ եմ հիշում ազատության այդ զգացումներս։ Դաշտում երգում էի, պարում, բանաստեղծություններ հորինում․ որտեղ հարթ քար էի տեսնում, ուզում էի անպայման կպչել։ Կոնկրետ սիրելի քարեր ունեի, գիտեի, որ քարի մոտ գնալ՝ հանգստանալու։ Շատերն ինձ ներշնչում էին անպայման վրան մի բան նկարել․  չգիտեմ ինչու՝ դրանք մերկ կանայք էին կամ ծաղիկներ։ Դժվար գործ էր քարով կամ մեխով քարի վրա նկարելը. ժամերով տանջվում էի։ Ինձ դուր եկածները հետս տուն էի բերում, պահում անկողնուս տակ։ Ժամանակ առ ժամանակ դրանք հայտնաբերում էին մեծերն ու թափում։ Շատ ցավոտ էր․․․

Կարդում էի քրոջս գրադարանից բերված բոլոր գրքերը: Շատ բան չէի հասկանում, բայց հետաքրքիր էր։ Սպասում էի՝ մերոնք քնեն, որ հանեմ մահճակալիս տակ պահված գրականությունը։ Կային այնպիսինները, որոնք կոնսպեկտում ու պահում էի, որ միշտ ձեռքիս տակ ունենամ։ Կարդամ, երբ ուզեմ․․․ 

Դպրոցում ամենահամեստն էի, ամաչկոտը, ոչ համարձակը։ Միշտ էլ ջանք եմ թափել դա հաղթահարելու համար։ Ընկեր Եղիազարյանն ու Մուրադյանը վստահ էին, որ բանասիրական եմ տալու․ մերոնք դեմ չէին։ Բայց ես եկա Երևան, գտա Սունդուկյանի թատրոնը, որը թերթում հայտարարություն էր տպել ընդունելության համար։ Գործերս տվեցի՝ ինքս էլ չհավատալով, որ կընդունվեմ։ Դերասան դառնալս ոչ մեկի սրտով չէր։ 

Բայց ի զարմանս բոլորիս՝ ընդունվեցի ու դարձա Խորեն Աբրահամյանի աշակերտը։ Կյանքս շրջադարձային փոխվեց։

— Այդ  հանդիպման մասին միշտ ջերմությամբ եք խոսում։ Ինչպիսի՞ն էր առաջին բեմելը, առաջին քայլերի դժվարությունը։ Ի՞նչ դեր խաղաց վարպետը  Ձեր  դերասանական կարիերայում։ 

— Ուսումնական տարիների հենց սկզբից ներգրավվեցինք բոլոր ներկայացումներում։ Առավոտյան դասի էինք գնում, երեկոյան՝  խաղում բեմում։ Խորեն Բաբկենիչի շնորհիվ մեծ հարգանք ու ակնածանք կար բեմի հանդեպ։ 

Մեզ հետ խոսում էր ամեն ինչից՝ սանրվածքից, կոշիկից։ Հանկարծ կհարցներ՝ դու բարձրակրունկներ ինչու՞ չես հագնում։ Զարմանում էի՝ Խորե՛ն Բաբկենիչ, իմ բոյին  մի հատ էլ կրու՞նկ հագնեմ։ Նախատում էր, թե քանի դերասանուհի գիտեմ իմ պես բարձրահասակ։ «Դեֆեկտդ էֆեկտ սարքի՛ր»,- ասում էր։ 

Չէր սիրում ճակատի մազափունջը՝ «չյոլկան»։ Դերասանը պիտի ճակատը բաց լիներ, որ աչքերը երևան․ «Ես ինքս եմ ինձ ծնել։ Դու ես քեզ ստեղծողը՝ ամեն իմաստով․ քո նախասիրությամբ, կերպարով․․․»։ Ամեն ինչ նկատում էր՝ չներկված եղունգները, նոր զգեստը։ Բնավորության խնդիր ունեի, նա էլ փորձում էր հղկել։ Աչքից բան չէր վրիպում։ Նրան խաբել չէիր կարող և չէիր էլ համարձակվի։

— Մի զրույցում նշել եք, որ հանդիսատեսը միատարր չէ․ նա կարող է ծիծաղել այն ժամանակ, երբ պետք է լալ և հակառակը։ Հանդիսատեսն իր «հոգևոր աստիճանն» ունի։ Բեմ դուրս գալուց առաջ ի՞նչն եք կարևորում։  Արդյոք միշտ հասկանու՞մ են Ձեզ։ Ամեն ներկայացումից հետո, երբ փակվում է վարագույրը, ի՞նչ զգացողություն է։ 

— Ճիշտ կենտրոնացում․ սա է կարևորը։ Հայտնի բան է, որ եթե նույնիսկ ջերմություն ունես, բեմում անցնում է․ մոռանում ես։ Հեշտ չէ քեզ ուղղված բազմաթիվ հայացքների ներքո ինչ-որ բան անել։ Ինչպես Բաբկենիչն էր ասում՝ պարզ երևում է՝ այսօր ինչ ես կերել, ում հետ ես խոսել, ինչ ես լսել։ Պիտի բեմում գտնվելուն արժանի բան լինես, նայելու բան լինես, տարողունակ մեկը։ Վարագույրի փակվելու հետ ամեն անգամ մտածում ես․ «Էս քարն էլ թռա»։ 

-Աշխատել եք Գորիսի դրամատիկական, Սունդուկյանի ու Մնջախաղի թատրոններում։ 90-ականներից՝ փորձարարական «Գոյ» թատրոնում։ Ո՞րն է եղել ամենասիրելի դերը, դժվարությամբ տրվածը, Ձեր էությանն ամենամոտը։  

-Եթե հստակ կարողանայի սահմանել իմ էությունը, միգուցե ասեի՝ որն է ինձ ամենամոտը։ Խաղալու ընթացքում ես ներսդ փորձում ճանաչել։ Դերի որոշ կտորներում երբեմն զգում ես քո խեղճությունը, անկարողությունը։ Կան դերեր, որոնք, թվում է, քոնը չեն, բայց հետո հասկանում ես, որ չէ՛, դա էլ կարող ես անել։ Օրինակ՝ Սամյուել Բեքետի «Գոդոյին սպասելիս» պիեսի հերոս Լաքին, որի դերը գրված էր տղամարդու համար։ Երբ Արթուր Սահակյանն ասաց, որ ես եմ Լաքի խաղալու, շատ զարմացա, նույնիսկ վախեցա։ Կան դերեր, որոնցից վախենում ես, դրանք քեզ անհաս են թվում, քանի դեռ չես փորձել։ 

-Նույնը կարելի է կինոյի մասին ասել։ Նուբարաշենի աղբանոցի մասին պատմող Ձեր առաջին՝ «Ավլոս» և տավուշյան փոքրիկ  քաղաքի մարդկանց ճակատագիրը ներկայացնող «Զուլալի» ֆիլմերը նկարահանվել են մոտ 30 տարվա տարբերությամբ։ Մենք էկրանին տեսել ենք Ձեր կերպարային և զգացմունքային հասունացումը։ Ի դեպ, հետաքրքիր է, որ Ձեզ հաճախ մեծահասակ կնոջ դերեր են վստահում։  

-Դերասանն այն է, ինչ խաղում է։ Նա իր մեջ է կրում բոլոր կերպարները։ Սկզբում անսովոր էր մեծահասակ կնոջ դեր խաղալը, բայց հետո այն դառնում է կյանքի մի հատված․ հաշտվում ես, սիրում ու կարոտում։

-Կյանքի մի փուլում սկսել եք պոեզիա գրել։ Ինչի՞ մասին էր։ Եթե այսօր էլ եք գրում, ապա փոխվե՞լ է ձեռագիրը։

-Գրում էի իմ սպասումների, կյանքի, մտածումների մասին։ Հատուկ չէի անում․ բնությունն ու ազատության զգացումը երբեմն ներշնչում էին արձակ բանաստեղծության կամ երաժշտության։ Դա ինքնաբուխ էր լինում, ինչպես որ ինքնաբուխ՝ անշարժությունից ծնվեց նկարչությունս։ 

-Ի՞նչ տվեց նկարչությունը, որը չէին լրացնում բեմական կյանքը, պոեզիան։ Ի՞նչ նյութերով եք աշխատում։ Եթե անկեղծ, բոլոր նկարներում Ձեր կերպարից մի դետալ եմ տեսնում։

-Նկարել եմ ամեն ինչով, որտեղ պատահի․ երբեք չեմ մտածել, որ այդ աշխատանքներն ուրիշներն էլ են տեսնելու։ Մտածված չեմ ընտրում՝ ինչ նկարել կամ ինչպես։ Թողնում եմ՝ ստացվի, ոնց հնարավոր է։ Նկարչությունն իմ դեղն է, ազատությունը․ դրանում թատրոն կա, դետալներ, մասնիկներ։ Իմ նկարներում ես եմ՝ ինքս ինձ հետ, իմ իրականության հետ։ Ես աշխարհի մեջ եմ, աշխարհը՝ իմ։ Եթե ես չկամ, ապա աշխարհն էլ գոյություն չունի ինձ համար։ Ինձ հայտնի ու անհայտ մի բան կա ներսումս, որը, կարծում եմ, պակաս թեմա չէ նկարելու համար։ 

Անցյալ տարի մի հետաքրքիր նախագիծ ունեցա։ Փարիզաբնակ ռեժիսոր, թարգմանիչ Սաթէ Խաչատրյանն առաջարկեց նկարել դրամատուրգ Քզավյե Դյուրանժեի՝ իր թարգմանությամբ արված «Մարդկային պատմություններ» ներկայացման մեջ։ Որոշել էի տուշով նկարել կտավի կտորի վրա, սակայն փորձերի ընթացքում օգտագործեցի կավիճ,  թղթե  կոլաժներ։ Պահի զգացողություն էր։

Դրամատուրգը դիտում էր բոլոր ներկայացումները։ Շատ էր հավանել։ Մենք նույնկերպ էինք ընկալում այն, ինչ ծնվում էր հանդիսատեսի աչքի առաջ։ Նույնիսկ ցանկացավ որոշ գործեր գնել ինձնից։ Ամենաշատ հավանածները նվիրեցի նրան, ու չնայած օտար լեզվով շփվելու բարդությանը՝ լավ բարեկամներ դարձանք։  

-Իսկ երբևէ փորձե՞լ եք քանդակել։

-Կար ժամանակ, երբ ես լիովին պատրաստ էի քանդակելու․երազում էի, հստակ գիտեի՝ ինչ եմ անելու և ոնց։ Ինձ միայն տեղանք էր պետք, լռություն, մենություն ու կավ։ Բայց ուշացած սպասման մեջ ցանկությունս սպառվեց, ինչպես շատ երազանքներ, նպատակներ, ասելիքներ, ներշնչումներ։

— Մի առիթով ասել եք, որ սկսածը կիսատ թողնելու խնդիր ունեք երբեմն պարզապես շրջվում եք ու հեռանում։ Սա հասարակական կաղապարների դեմ յուրովի ըմբոստության ա՞կտ է, թե՞, այնուամենայնիվ, տարիների փորձով ձեռք բերված իմաստություն։

-Պահն անցավ՝ ուրեմն վերջ։ Բնավորություն է կամ կիսատն ավարտին հասցնելու,  խնդրին լուծում տալու անզորություն։ 

— Առօրեականությունն իմ իրականությունը չէ՝ Ձեր խոսքն է: Երկար ժամանակ ապրում եք քաղաքից դուրս, բայց  Ձեր բեմական և էկրանային կյանքը հիմնականում մայրաքաղաքի հետ է կապված։ Որտե՞ղ եք ավելի խաղաղված զգում Ձեզ։

-Այո՛, ես շատ բաների չեմ մասնակցում։ Ու քանի գնում,  այդ տարածությունը մեծանում է, մի տեսակ օտարվում եմ; Միգուցե մի օր այլ կերպ լինի, չգիտեմ։

Խաղաղություն չկա ոչ մի տեղ, եթե ռեալիզացված չես զգում քեզ։ Ներքին մղումով շտապում ես, բայց անելիք չկա, քո անհրաժեշտությունը չկա։ Բաբկենիչը կասեր՝ ուզում ես՝ սիրտդ հանես- տաս, բայց ոչ մեկին պետք չէ։

-Ներկայումս ի՞նչ նախագծերում եք աշխատում։ 

— Արարատ Գրիգորյանի «Արյան համը» կարճամետրաժ ֆիլմում խաղում եմ ազատագրական պայքարի հերոս և գրող Գուրգեն Յանիկյանի մոր դերը՝ տեսիլքի ձևով։ Պրեմիերան կլինի ամռանը, հնարավոր է՝ նաև լիամետրաժ ֆիլմ դառնա։ Սպասում եմ նոր հրավերների․ կարծում եմ՝ իմ լավագույն աշխատանքները դեռ առջևում են։ Եթե չհրավիրեն, ես այդ դերերն ու կերպարները դիմանկար կդարձնեմ։

— Ամփոփենք Շառլ Ազնավուրի իմ ամենասիրելի մտքով, որ մարդու մարմինը շատ մեծ է մեկ հոգի տեղավորելու համար։  Նրա  մեջ ապրում էին դերասանը, երգիչը, ռեժիսորը, պրոդյուսերը, պարողը․․․ Քանի՞սն եք Դուք։

Չգիտեմ՝ քանիսն եմ, բայց կասեմ Բեքետի բառերով՝ ես ամբողջ մարդկությունն եմ։

Զրույցը` Անի Անտոնյանի

No Comments

Leave a Reply