Թատրոն Կարինե Ռաֆայելյան

Եվ կրկին «Ջին խաղը»

01.07.2025

Կան արվեստի գործեր, որոնք չեն ենթարկվում ժամանակի քմահաճ պարտադրանքներին, չեն դառնում հին-հնացած, չեն նետվում մշակույթի գզրոցներն ու մոռացվում։ Այդպիսի գործ է ամերիկացի դրամատուրգ Դոնալդ Լի Կոբուրնի «Ջին խաղը» թատերգությունը, որի բազմաթիվ բեմադրություններ են եղել աշխարհում, իսկ հայ բեմում մենք այն վայելել ենք Խորեն Աբրահամյանի մատուցմամբ։

Ահա այդ նույն «Ջին խաղի» իր մեկնաբանությունն է բեմ հանել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում Արման Նավասարդյանը՝ Դավիթ Հակոբյանի և Գրետա Մեջլումյանի մարմնավորած Վելլեր Մարտինի և Ֆոնսյա Դորսիի կերպարներով։

Տեսարան ներկայացումից

Ինչպես և ենթադրում է թատերգությունը, բեմը ձևավորված է անշուք դեկորացիայով ու մռյալ ներհարդարանքով։ Բեմադրության առանցքը մարդն է, միայնակ հոգին՝ իր նեղ անձնական տվայտանքներով, փոքր, թվացյալ անկարևոր հոգսերով։

Մեր ժամանակներում, երբ աշխարհաքաղաքական ապամարդկային ծրագրերն իրենց շրջապտույտի մեջ են առել մարդուն, երբ մարդն ամենաանկարևոր, ամենաչնչին գործոնն է աշխարհավերումի այդ ծրագրերի տիրույթում, Արման Նավասարդյանը որոշել է փոխել խաղի կանոնների առանցքն ու աղաղակող լռությունից դուրս բերել չկարևորվող այդ գործոնը՝ մարդուն։ Նա բեմ է հանել աշխարհից, մերձավորներից, իրականությունից լքված Վելլերի և Ֆոնսյայի հուզառատ դրաման։

Դավիթ Հակոբյանի խաղը դիտելիս չէր հաջողվում չվերհիշել Խորեն Աբրահամյանի Վելլերին։ Իսկ Արմեն Ջիգարխանյանի «Ջին խաղը» մինչև այսօր էլ կարելի է դիտել ու վերարժևորել համացանցում եղած տեսագրության շնորհիվ։

-Մեր օրերում աշխարհում, աշխարհի թատրոնում մարդը կարծեք թե մղվել է երկրորդ պլան։ Երկրորդ էլ չէ, երրորդ, չորրորդ,- ասում է Ա․ Նավասարդյանը։- Մարդ ասելով՝ նկատի ունեմ դերասանին․ չէ՞ որ մեր մասնագիտությունը առաջին հերթին մարդու մասին է, մարդու ապրումների, ներքին մտորումների, հարաբերությունների, փոխհարարաբերությունների մասին։ Այսինքն՝ էն ամենի մասին, ինչը կապված է մարդու հետ։ Իսկ թատրոնի առանցքը պետք է լինի մարդը։ Էդպես ենք մենք սովորել, էդպես գիտենք։ Հիմա թատրոնում մարդուն, դերասանին այնքան խանգարող բաներ կան, որ նա բեմում չի երևում, հայտնվում է հետին պլանում։ Շատ շլացուցիչ պատկերային տարրեր են եկել առաջին պլան, որոնք քողարկում են դերասանին։ Սկսած մարդու ֆիզիկական, ակրոբատիկ (բառի բուն և փոխաբերական իմաստներով) հնարներից, վերջացրած կենդանիներով, տեխնիկական ինչ-որ լուծումներով՝ լուսային, ձայնային և այլն։ Այնինչ դրանք ընդամենը օժանդակող բաներ պիտի լինեն թատրոնում, այլ ոչ թե առանցքային։ Առանցքայինը պիտի լինի մարդը՝ դերասանը։ Այս մտորումներով էլ պայմանավորված է «Ջին խաղի» ընտրությունը։ 

Երկու գործ բեմադրելու շուրջ է մտմտացել Արման Նավասարդյանը՝ Բրեխտի «Կուրաժ մայրիկի» և Կոբուրնի «Ջին խաղի»։ Ինչ խոսք, «Կուրաժ մայրիկը» ևս այսօրյա ասելիք ունի, այն վստահաբար կարող էր գրավել հանդիսատեսին։ Սակայն ընտրությունը կանգ է առել Կոբուրնի պիեսի վրա։

-«Կուրաժ մայրիկը» բեմադրելը բավական բարդ է այսօր։ Ծավալուն գործ է, շատ դերակատարներով։ Դժվար է այդքան մարդ հավաքել։ Բոլորը տարբեր տեղերում զբաղված են՝ ինձնից սկսած։ Ընտրեցի «Ջին խաղը», որովհետև աչքիս տակ արդեն ունեի հերոսներին,- պատմում է դեմադրիչը։

Ասենք, որ նա բեմ է բարձրացրել ոչ թե սոսկ տաղանդավոր դերասանների, այլ իր ուսուցիչներին՝ Դավիթ Հակոբյանին և Գրետա Մեջլումյանին։

-Ունենալ այդպիսի դերասաններ և չբեմադրել նման գործ նրանց մասնակցությամբ, աններելի կլիներ,-ասում է։- Դա նաև մի տեսակ երախտիքի տուրք է նրանց։ Այն, ինչ նրանք են ինձ տվել, ես փորձեցի գոնե ինչ-որ չափով, ինչ-որ ձևով վերադարձնել, թեև դա շատ փոքր փոխհատուցում է նրանցից վերցրածի դիմաց։ 

Ամբողջ ներկայացման ընթացքում ես փորձում էի մտապահել Գրետա Մեջլումյանի դեմքը, բայց յուրաքանչյուր հաջորդ տեսարանում այն տարբեր էր, նախորդը չկրկնող։ Թվում էր, թե դերասնաուհու դեմքն այդ ներկայացման մեջ ապրում էր իր կյանքով, խաղում իր առանձին, անջատ դերը բեմում։   

Համացանցում պտտվող «Ջին խաղի» բազմաթիվ տեսագրությունների մեջ առանձնանում է Վ․ Մայակովսկու անվան թատրոնի 1985 թ․ ներկայացումը, որում հեղինակը ոչ թե մասնակցում է ներկայացմանը կուլիսներից, այլ խաղում է բեմում։ Եվ դերակատարն էլ ոչ այլ ոք է, քան խորհրդային կուռքերից մեկը՝ Իգոր Կոստոլևսկին։ Համազգայինի բեմադրության մեջ հեղինակին իր անշփոթելի ձայնով մարմնավորել է Արման Նավասարդյանը։ Հարցրինք՝ չի՞ դիտարկել բեմում իր հայտնվելու տարբերակը։

-Չէ՛, չեմ մտածել բեմ դուրս գալու մասին, կարևոր չեմ համարել դա,- պատասխանեց։

Նաև ներկայացումը դիտելու ընթացքում անընդհատ մտմտում էի, թե Արմանն արդյոք չի՞ մտածել, որ ինքը կարող է հանդես գալ Վելլերի կերպարով։

-Կգա երևի դրա ժամանակը, ես էլ կխաղամ Վելլեր։ Բայց հիմա շատ շուտ է դրա համար,- նկատեց։ 

Արմեն Ջիգարխանյանի և Խորեն Աբրահամյանի դերակատարումներն առավել հայտնի են թատերասեր հանրությանը։ Հետաքրքրվեցի, թե զուգահեռներ տանելուց խուսափելը դժվար չի՞ եղել։ 

-Ջիխարխանյանի կատարումը բախտ եմ ունեցել կենդանի տեսնելու։ Իսկ  Աբրահամյանի դերակատարումից հետո սիրահարվել եմ այդ գործին։ Ես ուսանող էի, երբ Խորեն Աբրահամյանը խաղաց այն սկզբում դրամատիկում, հետո՝ Սունդուկյան թատրոնում։ Դրամատիկի բոլոր ներկայացումները նայել եմ։ Սունդուկյանի ներկայացումների ժամանակ բանակ էի գնացել։ 

Արմանը պատմեց, որ Խ․ Աբրահամյանի խաղի նախօրեին Սոս Սարգսյանը մտել է լսարան և ասել․ «Երկար տարիների դադարից հետո հայ թատրոնի գիգանտը վերադառնում է բեմ։ Ամեն ինչ արեք, գնացեք-նայեք էդ ներկայացումը»։ 

-Գնացինք ամբողջ կուրսով,- պատմում է։- Խնդրեցի հնարավուրություն տալ տեսնելու Խորեն Բաբկենիչին։ Ինձ տարան գրիմանոց, որտեղ նստած էր նա։ Առաջին անգամ էի կենդանի տեսնում նրան։ Նա իսկապես մեծ դերասան էր, շատ մեծ։ Ներկայացա, ասացի, որ Սոս Սարգսյանի ուսանողն եմ, որ նա մեզ ստիպել է գալ, նայել իր ներկայացումը։ Հարցրեց՝ ի՞նչ է ասել, որ ստիպել է։ Կրկնեցի Սոս Արտաշեսովիչի ասած գիգանտը։ «Հենց գիգանտ էլ ասե՞լ է․․․ Լա՛վ, գնա նայի»,- ասաց։ Բացատրեցի, որ մենակ չեմ, կուրսով ենք, մոտ տասներկու հոգի։ Ասաց՝ էդքան տեղ չկա։ Ասացի՝ ոչինչ, գետնին կնստենք։ Ու էդպես էլ ես՝ որպես Խորեն Աբրահամյանի կողմից արտոնված մարդ, նույնիսկ առանց ուսանողական տոմսս ցույց տալու մտել, նայել եմ բոլոր ներկայացումներն ու սիրահարվել էդ գործին։ Իսկ ինչ վերաբերում է զուգահեռներին, մտածել եմ այնպես բեմադրել պիեսը, որ նման չլինի նախորդներին։ Չէ՞ որ ես Խորեն Աբրահամյանից տպավորված եմ դիմել այս պիեսին։ Բայց ստացվել է բոլորովին ուրիշ ներկայացում։ Ոչ միայն բեմադրությունն է տարբեր, այլև դերասանների խաղը։ Բնականաբար, և՛ Դավիթ Հակոբյանը, և՛ Գրետա Մեջլումյանը նայել էին Արմեն Ջիգարխանյանի և Խորեն Աբրահամյանի խաղը, բայց այդուհանդերձ նրանք իրենց Վելլերն ու Ֆոնսյան են խաղում բեմում, մյուսներից տարբեր, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Նույնը չէր կարող լինել, որովհետև քսան տարի առաջ և այսօր շատ տարբեր են ժամանակները։ Տարբեր է մարդը։ Չէր կարող և իմատս էլ չուներ, որ նույնը լիներ։ Մենք ունեցանք մեր ներկայացումը, և կարծում եմ, որ այն երկար կապրի բեմում։  

Կարինե Ռաֆայելյան