Օրերս «Վերնատուն» հրատարակչությունը գրական արևելահայերեն և ծանոթագրություններով լույս է ընծայել Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը» ժողովածուն, որում ներառված են հեղինակի «Բանտային գրառումներ» խորհրդածությունները, «Որդիների պայքարը հայրերի դեմ» հրապարակագրությունը, «Հիշիր պատերազմը» հոդվածաշարը, ինչպես նաև հայտնի «Ինքնակենսագրություն»-ը։
Կյանքի օրենքը
Անկախ թափածդ ճիգերից՝ դու չպիտի հասնես նպատակիդ, եթե սխալ է ընտրածդ ճամփան, եթե ճամփան, որով առաջանում ես, չի տանում դեպի նպատակ:
Հերիք չէ նպատակ դնել միայն, պետք է իմաստությամբ նաև ընտրել կարողանալ դեպի նպատակ տանող ճամփան: Որքան բնական ու հեշտ է այս կամ այն նպատակի ընտրությունը, այնքան դժվար է այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ միջոցների անսխալ ընտրությունը:
Ժողովուրդներ ու անհատներ կան, որոնք, Մետերլինկյան կույրերի պես մոլորված տգիտության անտառում, շարունակում են խարխափել մթության և անստուգության մեջ, մոլար ճամփաների վրա:
Մոլորանք ու խարխափում. ահա թե երբ է ծնունդ առնում տառապանքը և հսկայական սև թռչունի պես իր ցուրտ թևերը տարածում իրենց նպատակի ճամփին մոլորված, ճամփից դուրս ընկած, ճամփան կորցրածների հոգու վրա:
Այո՛, ժողովուրդները տառապել են և կտառապեն իրենց առաջնորդների անիմաստության և հոգևոր անզորության երեսից: Իսկ իմաստուն չեն այն բոլորը՝ ժողովուրդ թե անհատ, որոնք չգիտեն, թե ի՞նչ է և ինչո՞ւմ է կյանքի օրենքը:
Դա բնության մեծ և անողոք օրենքն է, անփոփոխ օրենքը անհատի և ցեղերի զարգացման, որի նպատակն է թույլ չտալ ցեղերին կանգ առնել, քարանալ մի որոշ կետի վրա, այլ երթալ առաջ, մինչև որ պայքարողները կհասնեն մարդկային իդեալ վիճակի, երբ պատերազմը սպանած կլինի պատերազմին, երբ կդադարի պայքարը՝ տեղի տալով կատարելագործված և հավասարապես հարգված ժողովուրդների եղբայրության առջև:
Եղիր այնպես, որ արհամարհելու փոխարեն կարողանամ հարգել քեզ. այս իմաստով պետք է թարգմանել հարձակվողի հոգեբանությունը:
Նոր զենքը
Թրքությանը պատժելու մի հատիկ միջոց գիտեմ ես. նրան, հակառակ իր կամքին, դարձնել մեր փրկիչը: Այդ միջոցն ուրիշ բան չէ, քան գերազանցել նրան ռազմարվեստագիտաբար և հոգեբանորեն: Այսպիսով մենք ապահոված կլինենք երկու բան. առաջինը՝ մեր փրկությունը, երկրորդը՝ թրքության պատիժը:
Այո՛, ա՛յս ճամփով, այլապես պիտի շարունակենք մեզ մահ սպառնացող թշնամու ոտքն ու ձեռքը սարդոստայնով կաշկանդելու միամիտ փորձեր կատարել:
Կա գլխովին կորչելու վտանգը, և հայությունը հրամայողաբար պետք է դառնա ինքնապաշտպանունակ: Իսկ դրա համար նա խորապես պետք է գիտակցի, թե անբարոյականություն է չձգտել տիրանալու գիտություններին, երբ և՛ սուր կարիք, և՛ հնարավորություն կան:
Իսկ դրա համար պետք է դադարել պատերազմի գործին ծառայող արվեստներից օգտվել այնպես, ինչպես կույրը լույսից է օգտվում:
«Բնությունը շանթեր է արձակում մարդու անպաշտպան տնակի դեմ, և մարդը հնարեց շանթարգելը»:
Թրքությունը մահվամբ է սպառնում մեր ցեղի մնացորդին, և հայությունը, ցեղային բարոյականից հրահրված, պետք է հնարի իր «շանթարգելը», պետք է զինվի պատերազմական քիմիայի և հրարվեստագիտության ահավոր ուժերով:
Այլապես հայ ժողովուրդը մահվան է դատապարտված:
1 Comment
Перевод названия книги — ՉԽՐԱՏՎՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴ как НЕУГОМОННЫЙ НАРОД — не совсем идентичный и точный по смыслу.