Ժամանակակից գրող Գրիգի «Հիսուսի կատուն» գերմանական HOTLIST անկախ հրատարակիչների մրցույթի տարվա 10 ընտրված գրքերի շարքում է:
Սկզբում 179 գրքերից HOTLIST-ի հոգաբարձուների խորհուրդը ընտրել է 30 գիրք, որից հետո քվեարկության և ժյուրիի որոշմամբ ձևավորվել է տարվա գրքերի տասնյակը: Գիրքը, որի բնօրինակը հայերեն էր, գերմաներեն թարգմանել են Վիեբկե Զոլմանն ու Անահիտ Ավագյանը։
Հայերեն առաջին անգամ այն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, որի ջանքերով էլ գիրքը թարգմանվել է անգլերեն և գերմաներեն և հրատարակվել արտերկրում։ Հայաստանում Գրիգի պատմվածքների ժողովածուն մեծ պահանջարկ ունի, տարիներ շարունակ բեսթսելեր է։
— HOTLIST անկախ հրատարակիչների մրցույթի տարվա 10 ընտրված գրքերի ցանկում հայտնվելն ի՞նչ հեռանկարներ է խոստանում։
— Տասնյակում հայտնված գրքերը գովազդվում են գերմանախոս գրական միջավայրում, որն էլ իր հերթին գրքի վաճառքի և եվրոպական գրական դաշտում նոր ծանոթություններ և կապեր ձեռք բերելու լավ հնարավորություն է:
— Առաջին անգա՞մ ենք (Հայաստանը) մասնակցում մրցույթին:
— Ինչքանով ես եմ տեղյակ՝ առաջին անգամ է:
— Երկրներ, որոնց հեղինակներն ընդգրկված են տասնյակում։
— Չիլի, Չինաստան-ԱՄՆ, Գերմանիա, Շվեյցարիա, Մոլդովա, Սուրինամ և այլն:
— Երկիրը ճանաչելու դարձնելու, հայ հեղինակների ճանապարհը հարթելու առումով դեր կարո՞ղ է ունենալ «Հիսուսի կատուն» ժողովածուի գրական այս հաջողությունը։
— Հույս ունեմ, որ դրական ազդեցություն կունենա:
— Ձեր կարծիքը՝ տասնյակում ընդգրկված հեղինակների մասին։
— Դեռ ծանոթ եմ միայն Adelheid Duvanel-ի և Ling Ma-ի ստեղծագործություններին և կասեմ, որ «Հիսուսի կատուն» ընտիր շրջապատում է հայտնվել:
— «Ի՞նչ գրել, որ հուզի ոչ միայն ներսի, այլև դրսի ընթերցողին»․ պե՞տք է գրողն իր առաջ այս հարցը դնի։
— Հարցն, անշուշտ, կարևոր է, գոնե ինձ համար, և հիմա այն առաջնային հարցերից մեկն է:
Ճեպազրույցը` Արմինե Սարգսյանի
No Comments