Անի Անտոնյան Արցախ

Հադրութի ռազմական բժիշկը. կյանքից թանկ ճանապարհ

20.03.2023


Սա պատմություն է մի մարդու մասին, որը ծնվել էր Այգեհովիտ գյուղում՝ ձմեռային սաստիկ ցրտին հաջորդած մի տաք օր, ճանաչում էր իր գյուղի բոլոր նախնիներին՝ գերեզմանաքարերով, իրենց արած բարի կամ չար գործերով, հավատում էր, որ սուտը գրվում է մարդու աչքերում, սիրում էր ֆիլմեր, գրքեր ու անեկդոտներ, նվիրում էր ծաղիկներ, լավ գիտեր Իջևանի բարբառով հին ու մոռացված արտահայտությունները, միշտ խոսում էր ու գործում հավասարի պես, պատվախնդիր էր ու հողը սիրող։ 

Սա պատմություն է մի մարդու մասին, որը, պաշտելով կյանքը, չերկմտեց այն նվիրել իր զինվորներին։ 

«Բժիշկ Հարութը. Իմ զինվորներին ե՛ս եմ պետք» գրքի հերոսի՝ արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, ռազմական բժիշկ, կապիտան Հարություն Չոբանյանի մասին զրուցել ենք կնոջ՝ Արմինե Եղիազարյանի հետ։ 

-Գիրք գրելու մտահղացումն ինչպե՞ս առաջացավ։ Լայն հանրությանը ներկայացրե՞լ եք։

— Հարութի զոհվելուց մի քանի ամիս անց ես, նրա մայրիկը, քույրը և հորաքույրը, իրարից անկախ, սկսել էինք գրի առնել մեր հուշերը։ Ի սկզբանե նպատակը մեկն էր՝ մեր զավակներին՝ Սառային ու Ռուբենին փոխանցել այդ ամենը։ Չէինք պլանավորել, որ այդ պատմությունները գիրք կդառնան։ Մի օր Հարութի քույրը՝ Մարիամը, անկեղծացավ, որ շատ է վախենում ժամանակի հետ դետալները մոռանալուց։ Որոշեցինք ամբողջացնել ու գրքի վերածել մեր գրառումները։ 

Հարութի ընկերներն ու բարեկամները նրա մասին ևս հետաքրքիր պատմություններ էին պատմում, որոնք առաջին անգամ էի լսում։ Սկսեցի նորովի բացահայտել ամուսնուս։ 

Դեռ ուսանողական տարիներից ցանկանում էի գրել մեր սիրո մասին, բայց ինչ-որ բան հետ էր պահում։ Հիմա եմ հասկանում, որ մեր պատմության ավարտը չէի տեսնում․․․ 

Գրքի ձևաչափի հետ կապված՝ երկմտանքի մեջ էի, ի վերջո ստացվեց ժամանակագրական հուշագրություն՝ ծնունդ, ընտանիք, կրթություն, ծառայություն, պատերազմ։ Այժմ վաճառքի փուլում է, ամբողջ հասույթն ուղղվելու է բարեգործական նպատակի, հավանաբար պատերազմից որևէ տուժածի օգնելու համար: 

Կազմակերպել ենք շնորհանդես, գիրքը նվիրել եմ բոլոր ուսումնական հաստատություններին, որոնք Հարութի հետ կապ են ունեցել՝ Իջևանի ու Հրազդանի դպրոցներին, Բժշկական համալսարանին։ 

— Ասում եք, որ Հարութը ձեզ շատ ուժեղ է դարձրել։ Ինչպե՞ս է այդ ուժն արտահայտվում։ 

— Երբ իմացա նրա զոհվելու մասին, կարծես անզգայացա։ Ռուբենը դեռ երկու ամսական էր, մայրական բնազդով ձեռքս վերցրի նրան ու սկսեցի արագ-արագ կերակրել։ Հարազատները հավաքվել էին շուրջս․ գլուխս բարձրացրի ու սենյակի դռան հետևում տեսա Սառային։ Այդ պահին սթափվեցի, երեխաներս ինձ համար առաջնահերթ դարձան։ 

Հարութի մահից հետո շատերը խուսափում էին ինձ հետ շփվել, վախենում էին մխիթարության խոսքեր չգտնելուց։ Բայց ես այնքան ուժեղ էի ինձ զգում․ գուցե ենթագիտակցությամբ դեռ չեմ հարմարվել այն մտքին, որ նա չկա:

Հոգեհանգստի օրը Բագրատ Սրբազանն էր եկել․ նա այնպես էր խոսում, որ մի պահ ինձ թվաց՝ Հարութի ձայնն է։ Ես նայեցի նրա նկարին ու ժպտացի։ Մեջս շատ բան փոխվեց, հպարտության զգացումը հաղթեց խեղճությանը։ Նախկինում, երբ տեսնում էի երեխայի, ում հայրն արտագնա աշխատանքի է մեկնել, խղճում էի։ Հետո հասկացա, որ խեղճությունը լավ բան չէ, երեխան չպետք է ծնողի կամ հասարակության կողմից օտարություն զգա։ Այդ մտքով եմ սկսել ապրել։ Աղջիկս՝ Սառան, երբեք իմ լացը չի տեսել։

-Գրքում պատմում եք Հադրութում Հարութի ծառայության ժամանակ առաջին զոհի մասին, որին նա ամիսներ շարունակ չէր մոռանում։ Դրանից հետո նա շատերին կորցրեց 44-օրյա պատերազմում։ Երբևէ զղջացե՞լ է իր մասնագիտական ընտրության համար։

-Այսօրվա պես հիշում եմ այդ օրը․ Հարութը շատ տխուր էր, աչքերում ցավ կար։ Դեպքի նախորդ օրը հանդիպել էր այդ զինվորին, վերջինս էլ իրեն գրիչ էր նվիրել։ 

Երեք տարի Հադրութում ապրեցինք, մի տեսակ սկսել էր սովորել այդ ռեժիմին։ Երեկոյան սրտնեղում էր, իսկ առավտյան՝ նոր պլաններ գծում՝ այսինչ մասնագիտությունը կսովորեմ, այնինչ հոսպիտալում կաշխատեմ: Կրկին հոսպիտալ․․․ Ուզում էր թոշակի անցնելուց հետո էլ մնալ ռազմական ոլորտում, որովհետև տեսնում էր բանակի բացերը։ Նա չափազանց անհանդուրժող էր զինվորին առնչվող հարցերում։

— Գիտեմ, որ Հադրութում հողակտոր է վերցրել ու մշակությամբ զբաղվել։ Բերքի համն ինչպիսի՞ն էր։ 

— Բարկանում էր, երբ անմշակ հող էր տեսնում, անընդհատ ափսոսանքով էր նայում Հադրութից Ջրական ընկած տարածքներին, որոնք խնամող չկար։ 

Հողագործության հանդեպ սեր առանձնապես չէի նկատել նրա մեջ։ Երբ ասաց, որ ուզում է այգի ունենալ, զարմացել էի։ Առանց այդ էլ այնքան երկար էր մնում աշխատանքի վայրում ու հոգնած գալիս տուն: 

Այդ մտքից Հարութի ընտանիքի անդամներն էլ էին ոգևորվել, մեզ այցելելիս գործիքներ էին բերում՝ բահ, փոցխ․․․Հարութն էլ իր հերթին բանջարեղենի ամեն տեսակ սերմ էր գնել, ասում էր՝ հողի հետ աշխատելիս հանգստանում է։ Շատ դժվարությամբ խիտ մոշուտներից ազատվեց։ Հայաստանից եկած ընկերներին չէր խնայում, տանում էր այգի ու աշխատեցնում (ծիծաղում է՝ հեղ․)։

Երեք տարում միայն վարունգի համը կարողացանք ճաշակել։ Արձակուրդ էինք եկել Իջևան, իսկ անասունը մտել էր այգին ու կերել ամբողջ բերքը։ 

Հարութը երբեք Արցախը Հայաստանից չտարանջատեց։ Ասում էր՝ եթե Արցախն անկախ է, ապա ինքն ի՞նչ է այնտեղ անում։ Նա իրեն հայկական բանակի բժիշկ էր համարում, որը ծառայում է իր երկրում։ 

— Ի՞նչ նպատակներ ու երազանքներ ուներ։ 

— Նա հոգևոր արժեքները գնահատող մարդ էր։ Իր համար կարևոր էր շատ երեխաներ ունենալը, առողջ լինելը։ Ռուբենը դեռ երեք շաբաթական էր, արդեն կատակում էր՝ երրորդը չունենա՞նք։ Շատ էր մտահոգվում իրեն մտերիմ այն զույգերի մասին, որոնք երեխա չէին կարողանում ունենալ։ Մայրիկին էլ երբեմն նախատում էր, թե ինչու իրեն շատ քույր-եղբայրներ չի պարգևել։ 

— Երեխաները հորը նմա՞ն են։ Հարցնու՞մ են նրա մասին։ 

-Սառան Հարութի պատճենն է թե՛ արտաքինով, թե՛ ներսով․ ժպիտի ձևը, դիմախաղը, անգամ ոսկորների ու երակների կառուցվածքն է նման։ Ռուբենը հոր դրական էներգիան ունի։ 

Ի սկզբանե որոշել էի Սառային չխաբել։ Նա գիտի, որ հայրիկը երկնքում է և բուժում է զինվորներին։ Նա հետ չի գալու, նրա հետ կապվել հնարավոր չէ։ Այնպես էր ստացվել, որ Սառան սովոր էր հոր հեռավորությանը․ Ռուբենով հղիության ժամանակ ամիսներով նրանից կտրված ենք եղել։ Այսօր Հարութի տատիկն է մեր կողքին, այնպես է անում, որ երեխաներս տառապանք չզգան։ Աշխատանքից հետո ժամանակս նրանց եմ նվիրում։ Քույր ու եղբայր հաճախ կռվում են, թե ում է պատկանում մայրիկը (ժպտում է․՝ հեղ․)

— Գրքում առանձնակի ջերմությամբ խոսում եք ձեր սիրո քաղաքի՝ Երևանի մասին։ Լինու՞մ է՝ ամենօրյա ճանապարհը շեղեք ու քայլեք այն փողոցներով, որտեղ երջանիկ եք եղել։ 

— Հատուկ չեմ անում, պատահական է ստացվում (ժպտում է․՝ հեղ․)։ Հիշում եմ ամեն նստարանը, որտեղ զրուցել ենք։ Այժմ մեծ դժվարությամբ եմ գնում ցանկացած վայր, որը կապել է մեզ, լինի այգի, փողոց թե հարազատի տուն․․․

— «Բժիշկ Հարութը» գիրքը ոչ միայն մի մարդու անցյալ կատարյալ կյանքն է, այլև ուղերձ ապագային։ Ի՞նչ կտա այն ընթերցողին։ 

— Հարութը ոչ թե առասպելական կամ դասական կերպար էր, այլ մեր կողքին ապրող սովորական տղա, որը կարող է օրինակ լինել թե՛ դպրոցականի, թե՛ սիրահար պատանու, թե՛ որդու, թե՛ հոր, թե՛ ամուսնու և թե՛ գլոբալ առումով՝ մարդ տեսակի համար։

Մի նախադասություն կա, որն ամենաշատն եմ սիրում: Հարութի հորաքրոջ աղջկա՝ Նարեի բառերն են. «Հարութն իր ապրած կյանքով ցույց էր տալիս, որ ցավը կյանքի անբաժան մասն է, բայց տառապանքն ընտրովի է»։ Այնքան ճշմարիտ է այս ամենը։ 

Կար ժամանակ, երբ մեզ թվում էր, որ ամբողջ կյանքն առջևում է, այնինչ պարզվեց, որ երջանկությունը հենց այդ պահի մեջ է։ Պետք է սովորել զգալ, բռնել երջանկության ռիթմը, ապրել այսօրով։ 

Ուզում եմ՝ մարդիկ կարդան այս գիրքն ու սթափվեն, ուզում եմ, որ երբեք չմոռանան նրանց, ովքեր մեզ ապրելու երկրորդ հնարավորություն են տվել։ 

Տեղեկանք

2020 թվականի հոկտեմբերի 13-ի կեսօրին Հադրութում ծառայող ռազմաբժիշկ Հարություն Չոբանյանն ահազանգ է ստանում վիրավորների մասին։ Անտեսելով ճանապարհի վտանգավոր լինելը՝ շտապում է դեպքի վայր և հոսպիտալ վերադառնալիս զոհվում բուժակի հետ միասին։ Վիրավորների կյանքը փրկվում է։

Անի Անտոնյան

No Comments

Leave a Reply