Հաղորդակցություններ շարքից
Կեսգիշերային խավարն ու լռությունը ճեղքող-երկփեղկող, դրանում մի այլ տարածություն-ժամանակ բացող մեղեդու ձայնային ալիքներին ելևեջելով, մարմնական բոլոր զգացողություններն իր ներքին նուրբ նյութին ենթարկած` թեև նստած էր առաձգականությունը կորցրած զսպանակներով երեսնամյա բազկաթոռին, սակայն այնքան էր օտարված նյութական աշխարհից, այնքան էր տրված վերբանականին, որ վերացարկվել էր կենսաէակին անհրաժեշտ համարյա բոլոր զգացողություններից:
Ոչինչ, այլևս բացարձակապես ոչինչ չէր կարող ընդհատել դեպի ներաշխարհի միգամածությունն ուղղված այդ ճամփորդությունը. ոչինչ չէր կարող խանգարել այն հանդիպմանը, որ նախատեսվել էր դեռևս երեսունհինգ տարի առաջ այն միակ վայրում, որտեղ բաժանվել էր ինքն իրենից, ու հնարավոր էր այդ հանդիպումը:
Արագորեն լքելով քաղաքի տարածքը՝ սավառնում էր կիսալերկ, միայն տեղ-տեղ կծկված թփուտներով միօրինակությունը կոտրող լեռնալանջով դեպի վեր՝ կոպերը սեղմած, որպեսզի արևով ողողված, արևից կիզված-կիսաամայացած այդ աշխարհում ոչ մի մանրուք բաց չթողնի: Վստահ էր, որ լեռնատափաստանի խորքում թաքնված իր մանկության դրախտում Սպասողը կդիմավորի իրեն պարզ ու հավատալի հայացքով, ինչպիսին պատկերած-սառեցված էր իրենց բաժանումից մի քանի օր առաջ արված լուսանկարում: (Հնգամյա տղան երեք ու կես տասնամյակ առաջ իրեն բաց էր թողել դեպի մեծ աշխարհ՝ վստահեցնելով, թե իրենից առանձնացողը, եթե երբևէ ունենա իր կարիքն ու վերադառնա, ձեռնունայն չի մնա իր բարեկամությունից: Գուցե թե միայն իրեն հանգստացնելու համար էլ հավելել էր, թե իրենց ապրածի յոթնապատիկն անցնելուց հետո, անկախ որևէ հանգամանքից, կսպասի հենց այս վայրում, որտեղ բաժանվում են):
Փորձեց գոռալ` իր ձայնի արձագանքը ցածում խանձված-փռված սալերից ետ ստանալու հույսով, ու նոր միայն հասկացավ, որ սովորական գիտակցության չափանիշներով` բերան չունի, չունի նաև մարմին, և միայն մի անպատճառավոր ստվեր, կեսօրին անպատեհ հայտնված մթնշաղի մի կտոր է այն, ինչն ընդունում է իբր միս-արյուն` առարկայական գոյ: «Այլ կերպ չէր էլ կարող լինել»` ասաց ինքն իրեն ու բնավ չվհատվեց, քանի որ վստահ էր` Սպասողին երևալու ու հետը զրուցելու համար իրեն ո՛չ մարմին էր հարկավոր, ո՛չ էլ ձայն:
Եվ դեռ հայտնի չէր, թե ի՞նչ տեսք կունենա նա կամ արդյո՞ք որևէ տեսք կունենա: Հնարավոր կլինի՞ տեսնել նրան այնպես, ինչպես այս լուսածավալ-կիսամայի աշխարհը, կլսի՞ նրան, թե միայն կընկալի մտքերն ու զգացմունքները, ինչպես երեսունհինգ տարի առաջ, երբ վայրկենապես ստանում էր իրեն հուզող-հետաքրքրող բոլոր հարցերի պատասխաները. առանց փաստարկների ու ապացույցների, բայցև` սպառիչ-անվիճարկելի:
Այն ժամանակ դա չէր բավարարում. ավելին` խանգարում էր սեփական որոնումներին, սեփական փորձով որևէ ճշմարտություն գտնելուն… Իսկ բաժանման հետ եկավ միայնությունը, որը, կարծես, դատարկ տեղ լիներ իր մեջ: Այն մարդկանցով ու իրադարձություներով լցնելու յուրաքանչյուր փորձ ու արարք միայն տառապանքի էր վերածվում` բախվելով անխուսափելի-պատահական անհրաժեշտությունների ու ճակատագրական անհեթեթությունների:
Լեռնային զառիվայր տափաստաններով միայն գարնանային մի քանի գահավեժ օրվա կյանք ունեցող վտակների չորացած հուները հնչում էին որպես ջութակներով կատարվող մի գլխապտույտ մեղեդի, որտեղ ինքը թռիչքում ձայներ կորզող աղեղ էր: Կարող էր կառավարել իր սլացքն ու ստանալ ավելի բարձր հնչյուններ, կարող էր փոխել թռիչքի ուղղությունն ու միայն մեկ լար հնչեցնել. բայցև անիմաստ էր համարում իր կամքի ցանկացած լրացուցիչ միջամտությունը: Վստահ էր, որ ոչ մի վերելք հավերժ չէ, ու թռիչք-ճանապարհն ավելի երկար չի տևի, քան տեղափոխիչի դեր կատարող մեղեդին:
Ի հավաստումն դրա՝ զգաց, թե ինչպես է վերածվում միայնակ ջութակից կորզվող բարձր լյաի, որն ավարտ էր ազդարարում…
Սլացքը կանգ էր առել լեռնային մի հսկա տափարակից վեր` արծվի ճախրանքի բարձրության վրա, որտեղից էլ սկսվեց դանդաղ վայրէջքը դեպի աշխարհից կտրված այդ աշխարհը` իր պուրակներով, առվակներով, մարգագետիններով ու նույնիսկ մի փոքրիկ, բայց աներևակայելի-կապույտ լճակով: Բոլորովին այլ, անսովոր լուսարձակում-արտացոլումներ էին, շատ ավելի վառ գույներ, իսկապես գրավիչ-հստակ նյութ… Բայց և ոչ մի կենդանի շունչ… գոնե առաջին հայացքից:
«Այստեղ միայն երջանկությունն է ապրում»` ասաց ինքն իրեն` հաճույք ստանալով հանդարտ վայրէջքից. ուրիշ որտե՞ղ պիտի սպասեր իրեն իր մանկության փոքրիկ տղան, եթե ոչ այս անսպասելի դրախտում:
Մարգագետնով դեպի տնակը տանող արահետը սալապատ էր ու շատ ծանոթ. այն ժամանակ՝ բաժանման պահին, հենց դրան էր գամել հայացքը, մեղավորի պես զննում էր և որպես ինքնաարդարացում փաստում, որ նույնիսկ ամենից կիպ իրար հարմարեցված սալերի արանքում հողի մի նեղլիկ շերտ կա` ծիլերով ու խոտով, որոնց մինչ այդ աննկատ մնացած գոյությունն անխուսափելի էր դարձնում իր դավաճանությունը: Հիմա էլ էր ականջներում հնչում լքվողի կիսաձայն հանդիմանանքը`«վտանգները շատ են, իսկ ձեռքբերելիքները` կասկածելի»:
Հետո նկատեց, որ արահետի սալերը մեծացան, ու դժվարությամբ գիտակցեց, որ ինքն է ցածրահասակ դարձել, նորից մարմնավորվել հնգամյա չափերում, և իր գիտակցությանն անաչառ թվացող նյութից է կազմված: Երբ ոտքի տակ սուր ծակոց զգաց, մանկության հուշերից ծնված հաճույքով հասկացավ, որ սանդալի ու կրունկի արանքում մի փոքրիկ քար է տեղավորվել: Թափ տվեց ոտքը, հետո կոշիկի ծայրով մի քանի անգամ հարվածեց սալին ու ազատվեց իրեն նեղողից: Զարմանքով արձանագրեց հարվածների թուլությունն ու ընդհանրապես տարիների ընթացքում ոտքերում կուտակված ուժի բացակայությունը. իսկույն էլ հավելեց, որ դրա կարիքն էլ չունի: Փոքրիկ մարմինը կրելու համար այն ավելորդ էր: Վայելեց տարիների ընթացքում աննկատորեն կորած ու հիմա վերադարձած թեթևության զգացողությունը. ոչ մի ավելորդ մկան ու միս, ոչ մի ավելորդ ոսկոր ու միտք: Ոչ մի ավելորդ զգացմունք ու զգացողություն… ու ժպտաց, ինչպես այն նկարում… Կռացավ-վերցրեց ոտնաթաթի տակից դուրս եկած սև քարի կտորն ու դրեց գրպանը:
Այլևս երկրորդական էր Սպասողին տեսնել-չտեսնելը:
****
Իր ժամանակազուրկ աշխարհում սպասելուց հոգնած, անհամբեր դարձած հնգամյա տղան բացեց աչքերը քառասուն տարիների բեռ-հիշողություններ կրող մարմնում ու միայն տհաճություն զգաց անծանոթ-խամրած աշխարհից: Երեսունհինգ տարի առաջ լարած որոգայթը վերջապես գործել էր. ինքը դուրս էր եկել իր բանտ-դրախտից ու դավաճանին էր փակել դրանում: Սակայն զգալ-ընկալելով իրական-ռեալ, խունացած-փոշոտ, գաղջ ու գարշահոտ, ոչ մի լավ հույս չներշնչող աշխարհ-կյանքը, ծանր ու ցավաշատ մարմինը, հոգնությունից կարծես արճիճով լցված գլուխը` իսկույն էլ զղջաց արածի համար: Մի ավելորդ անգամ փաստեց ինքն իրեն, թե վրեժը վատ խորհրդատու է, մանավանդ, երբ ինքդ քեզ հետ գործ ունես, և գուցե… վրեժը մինչև իր բացարձակ ավարտին հասցնելն է այժմ-արդեն միակ ճշմարիտ ուղին:
Արտո (Վարդան Հակոբյան)
No Comments