ԳիտաՆյութ Դավիթ Սամվելյան

Համ շեն, համ ավեր (ուղեգրություն)

05.08.2023



Գնա՞լ, թե՞ չգնալ… Արևմտյան Հայաստան, Արևելյան Անատոլիա, պատմական հայրենիք. ոնց ուզում ես` կոչիր, որոշել էի, որ չեմ գնալու՝ գլուխս Մհերի դռանն անզորությունից զարկելու, Մշո դաշտից մի բուռ հող գրպաններս լցնելու և բերելու. ոտնակոխ ու պղծված հող… Ընտրեցի միջին տարբերակ` լինել այնպիսի վայրում, որտեղ մենք եղել ենք, բայց ոչ ի սկզբանե։



Տասնմեկ հոգի էինք։ Գնացինք, գնացինք, գնացինք, այնքան երկար գնացինք, որ հասկացանք` Ստամբուլը արյան ծով սարքելու միտքն ու ցանկությունը առնվազն մոտակա տասը տարում կարող է հնչել միայն երգերում։ Գնացինք, գնացինք, գնացինք ու հասանք Տրապիզոնի և, հավանաբար, տարածաշրջանում պահպանված միակ հայկական եկեղեցին, որ գտնվում է, ուշադրությո՛ւն, ադրբեջանցու տարածքում, հետևաբար, եկեղեցին ու հարակից պահպանված կառույցները նույնպես նրանն էին։ Ի բարեբախտություն, մինչև այժմ կանգուն է, գոմի, պահեստի կամ մզկիթի էլ չէր վերածվել։ Պահպանել էին, թե ինչու՝ այդպես էլ չիմացանք։ Որ թյուրիմացություն չլինի, շեշտեմ` հայ առաքելական, ոչ թե առհասարակ հայ, քանի որ հարակից տարածաշրջաններում կային կիսականգուն, պահպանված, անգամ վերանորոգված հայ, բայց քաղկեդոնիկ եկեղեցիներ, որոնք…


Ինչևէ, եկեղեցին փակ էր, տարածքի տերը տանը չէր (ասում են` բացում է, երբ մարդ է գալիս)։ Ոչ գանձագողություն արեցինք,ոչ էլ շնորհքով ներխուժեցինք օտարի որևէ շինություն։
 Բայց…
Թափանցեցինք օտարի տարածքում մեզ պատկանող մի հնություն-սրբավայրից պահպանված կառույց։ Որոշում կայացրինք գոնե նկարել. նկարելու ձևերը հուշեց քուրդ վարորդը ու «ձեռքը գցեց», որ «խառաչոյի» վրայից չընկնի լուսանկարիչը։
Իսկ ներսում…
Անզուգական որմնանկարներ, որոնց նմանը ներկայիս Հայաստանի շատ քիչ եկեղեցիներում են պահպանվել։
Հետո նստեցինք եկեղեցու պատի տակ ընկած փայտյա էլեկտրասյան վրա ու հիշեցինք, որ միշտ մեղադրում ենք, թե մեր եկեղեցիները քանդվել, պայթեցվել կամ կիսավերվել են այդ երկրում, հետո մտովի հաշվեցինք, թե մեր երկրում քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր կիսավերվածներ կան, որոնք վերականգնելու միտք էլ անգամ չկա… Բարձունքից, որի վրա գտնվում էր եկեղեցին, հիանալի տեսարան էր բացվում դեպի ծով. մենք այդպես էլ ծովի հետ համերաշխ չեղանք, ծովն էլ մեզ իրենը չհամարեց, մենք միայն ծովից ծովին ենք համաձայն… ու ափի ավազներին արևայրուք ստանալուն։
Վեր կացանք ու գնացինք։ Տարբեր մանր ու միջին քաղաքների միջով անցանք ու հասկացանք, որ այդ ազգը մինչև հիմա քաղաք կառուցել չի կարողանում. ամենուր լեգոյատիպ գունավոր, մեկը մյուսին չսազող շենքեր էին։ Եվ… մենք սկսել ենք կառուցել այնպես, ինչպես որ նրանք չեն կարողանում…
Եվ եղավ առավոտ, և եղավ երեկո, օր երկրորդ։ Գնացինք, գնացինք ու քաղց զգացինք։ Երկնքից մանանայի փոխարեն թանձր մառախուղ էր թափվում։ Մի բան ուտելու համար մի հացատուն մտանք։ Մեր ձայների վրա տարիքով մեկը մոտեցավ ու ասաց.
-Բարև ձեզ, ես Ավետիքն եմ, ես էլ եմ հայ։


Ռեստորանի տնօրենն էր, երկրորդ անունը Մուստաֆա էր, մահմեդական։ Ներքին հարց առաջացավ. ինչո՞ւ Օլգա, Էննի կամ Վլադիմիր, Մայքլ անունով հայ կլինի, Մուստաֆա չի՞ լինի… Հիշեցի, որ մեր երկրում ոմանք ասում են, թե մուսուլման հայը հայ չէ, բայց, գրողը տանի, Ավետիքն անձամբ ասում էր, որ հայ է` առանց սպասելու, որ որևէ մեկը որոշակի սահմանումների միջոցով հաստատի իր հայ լինելը կամ չլինելը։
Ու հիշեցինք մի սասունցի պապիկի, որի անունը նույնպես մեր իմացած հայկականներից  չէր, բայց մնացել ու ապրում էր լեռներում, և հարցին, թե ինչու է մնում այդտեղ, ասել էր.
-Բա իմ սրբությունն ո՞ւմ թողնեմ ու գնամ։
Նրա սրբությունը ոչ որևէ հին Ավետարան է եղել, ոչ էլ որևէ կիսաքանդ մատուռ. Գևորգ Չաուշի տունն էր:
Ու այ էսպես հարցաշատ, խճճված մտքերով կերանք համշենյան հալած պանիրն ու կարմրախայտը. յուղը սառեց ստամոքսի պատերին, ու գնացինք մեր երգերում երգված յայլաներ, ուր տները անասելի գեղեցիկ, բայցև անհասկանալի բարձր ու անմատչելի լեռնալանջերին էին կառուցված։ Գնացինք, գնացինք լեռների կածաններով ու զգացինք, որ «Զոմա, զոմա է» 18+ մոտիվներով երգը, չգիտես ինչու, մեզանում ռազմահայրենասիրական տոնայնությամբ են երգում։


Գնացինք, գնացինք բարձրաբերձ լեռների կածաններով դեպի մայրամուտ։
Ո՞վ է հայը, գրողը տանի…
 Հետո նորից գնացինք։ Հինգ տարբեր եկեղեցիներ գնացինք, բայց նույն հարցը լսեցինք.
 -Գյուրջիստա՞ն։
-Չէ, Էրմենիստան…
Առաջին անգամ օտար ափերում քիչ էր մնում ուրախանայի օտարի շուրթերից հնչող մեր «դարավոր եղբոր» մասին լսելիս, մանավանդ երբ եկեղեցու մուտքի վերևում նկատեցի Մաշտոցի ստեղծած վրացական այբուբենը, որն այնքա՜ն հայատառ էր։


Պարզվեց` ուր գնում էինք, կամ մեզնից առաջ, կամ մեզնից հետո գյուրջիներն էին հետևում մեզ։
 -Իսկ դուք էս եկեղեցու մասին գիրք ունե՞ք,- հարցրեց մի թուրք, որ եկել էր բացելու եկեղեցու դուռը (եկեղեցին ժամանակին մզկիթի էր վերածվել, բայց գյուղացիները խնդրել էին, որ իրենց համար մզկիթ կառուցվի, և եկեղեցին հանգիստ էին թողել):
 -Ոչ, ի՞նչ գիրք։
-Իսկ նրանք ունեն։
 -Եվ ի՞նչ է գրված:
 — Որ եկեղեցին իրենցն է, որ վրացի հոգևորական է նշանակվել ու ծեսը վրացերեն է արվել։ Դե՜… թագավոր էլ են ունեցել էստեղ։
— Բայց գյուղը հայկական է եղել, չէ՞, եկեղեցին էլ հայ կաթողիկոս է կառուցել…
Բայց ինչ կապ ուներ դա, գրողը տանի…
Հայ քաղկեդոնականներ են եղել, որ «անտեր» մնալով` անցել են վրաց եկեղեցու հովանու ներքո։ Գնացինք ու հասանք ձորակում թաքնված մի գյուղ։ Հասանք ու անցանք։ Ճամփի երկու կողքերին` տների բակերում, գերեզմաններ էին համատարած. մուսուլմանների էին, բայց` հայ, որոնք այդպես էլ մինչև վերջ չէին ընդգրկվել նրանց համայնքում:


Իսկ հունական եկեղեցու փակ դռների դիմաց մի վրացի, որ Կիպրոսից էր եկել ու «սուրբ ջրով» ցողում էր Սուրբ Վարվառայի եկեղեցու պատերը, հասկանալով, որ հայ ենք, հարցրեց.
— А как там у вас… Эти земли наши, мы все равно вернем их…
«А у нас как то хреного» մտքում պատասխանեցի ես` ձեռքս թափ տալով։ А у нас…
 Հիշեցի Ձորի Միրոյի խոսքերը. «Աշխարհքի ամենամեծ կորուստ մարդու կորուստն է: Մարդու կորուստ անդարձ կորուստ է: Էրգրի ու հողի կորուստ ծանր կորուստ է, բայց հող անմահ է, հող ուրիշ տեր չի ընդունե, հող իր տիրոջ հետ արնակից է, ու իր արնակցին կսպասե՛, կսպասե՛, ու օրերից մի օր կհանդիպին: Հողի կորուստ անդարձ կորուստ չէ»:
Ո՞ւմ է պետք հողն առանց տիրոջ…
Գնացինք, որ գնանք…
Ճորոխի ափերով, անվերջանալի թունելներով հասանք… Հեռվում Կարնո դաշտն էր ու Էրզրումը. ինքս ինձ տված խոստումը գրեթե դրժում էի ու համոզվեցի, որ ճիշտ որոշում էի կայացրել. օդում կախված մաղձ կար այդ քաղաքի վրա, օդը կարմիր էր` ամենուր կարմիր դրոշներ էին, իսկ փողոցներում` մաշված, բայց նենգ դեմքեր։ Մի գիշեր էր, պետք էր դիմանալ։ Առավոտ վաղ «պոկվեցինք» քաղաքից. այդ օրը տոնում էին Աթաթուրքի անցկացրած կոնֆերանսի օրը, վայրը` նախկին Սանասարյան վարժարանի շենքը։


Վերջին կանգառը խորհրդանշական էր. Բանակի տաճարը` ավերված, բայց հպարտ ու խրոխտ կամարներով, անգմբեթ ու… մենավոր։
Գնացինք ու հեռացանք։

Հ.Գ. Համշենը բուն հայկական տարածք չէ։ Մի քիչ Վիքիպեդիայից։ Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790 թվականներին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից), 12 հազար գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը, հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։ XV դարում հիշատակվում են Համշենի իշխան (պարոն) Առաքելը, Դավիթ Ա-ն, Վարդը, Վեքեն, Դավիթ Բ-ն։ Վերջինս 1489-ին պարտվել է օսմանյան թուրքերից, որից հետո Համշենի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ։ Համշենում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց գավառակի անմատչելի ձորերի հայ ձորապետերը երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը։

Հ.Գ. 2 Թուրքիայում զբոսաշրջությունը պետական հսկողության տակ է։ Ում մտքով անցնի, չի կարող մեքենայում մարդ նստեցնել ու զբոսավարություն անել։ Զբոսավարները հավատարմագրված են ու որակավորված։ Եթե անգամդու դրսից քո գիդի հետ ես գնում, պետք է վարձես իրենց մասնագետին, որ շատ անգամ պետական մակարդակով գրված հեքիաթը լսես նրանց շուրթերից։

Դավիթ Սամվելյան

No Comments

Leave a Reply