«Ամերիկացի բարի սամարացիները» «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է: Առաջինը «Փրկության քարտեզն» էր, որը պատմում է եվրոպացի հինգ մեծ հումանիստ կանանց կյանքի և Հայոց ցեղասպանության տարիներին նրանց մարդասիրական առաքելության մասին: Այն էկրան է բարձրացել 2015-ի ապրիլին, թարգմանվել 13 լեզուներով և առ այսօր ցուցադրվել է արդեն 20 երկրների մեծ թվով քաղաքներում, հայաստանյան հեռուստաալիքներով, գնացքներում և համացանցում:
Ֆիլմաշարի մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է: «Փրկության քարտեզ» ֆիլմի ռեժիսորը Արամ Շահբազյանն է: «Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական դրաման նկարահանել է ռեժիսոր Արա Մնացականյանը: Ֆիլմը պատմում է փրկվածների մասին ու նաև այն արտասովոր մարդկանց, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին հայ, հույն և ասորի ժողովուրդների բեկորներ: Մարդկային կյանքի փրկությունն էր նրանց առաքելությունը: Ֆիլմի ընթացքում ցեղասպանության մասին պատմում է ամերիկացի ցեղասպանագետ Փոլ Լևինը: Նա և անկախ հետազոտողներ, ուսումնասիրելով 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուքիայում ծրագրված և իրագործված ցեղասպանությունները, ներկայացնում են ԱՄՆ-ի հումանիտար օգնության մասին հետաքրքիր տեղեկություններ:
Ֆիլմում օգտագործվել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի և Հայաստանի տարբեր արխիվների, գրադարանների և թանգարանների փաստագրական նյութերը: Որպես խորհրդատուներ պատմական փաստերի հավաքագրմանն աջակցել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի, Շվեդիայի և Հայաստանի ցեղասպանագետներ, պատմաբաններ, գիտական կենտրոնների պատասխանատուներ ու աշխատակիցներ: Վավերագրական դրաման նկարահանվել է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իրանում, Թուրքիայում, Հունաստանում, Լիբանանում և Հայաստանում:
68 րոպե տևողությամբ ֆիլմի բնօրինակ լեզուն անգլերեն է` հայերեն թարգմանությամբ: «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը ցեղասպանություն վերապրած ժողովուրդների երախտագիտության արտահայտումն է ազգերի փրկության գործի նվիրյալների հիշատակին: Ֆիլմը 2021-ին նկարահանել է «Ման Փիքչերս Փրոդաքշենը»: Ստեղծմանն աջակցել են միջազգային բազմաթիվ ընկերություններ, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանի կառավարությունը (Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի միջոցով): «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 20-ին, Լոս Անջելեսում: Երևանյան պրեմիերան տեղի կունենա մարտի 18-ին` Մոսկվա կինոթատրոնում:
No Comments