ՄշակութաԳիծ Արմինե Սարգսյան Կինո

Հանդիսատեսին կներկայանամ նոր ժանրով և կերպարով

28.12.2019

Ardi.am-ի զրուցակիցը Մանեն (Մանե Բաղդասարյան) է:

-Մանե, բազմաթիվ մրցանակներիդ գումարվեց ևս մեկը՝ «Տարվա լավագույն ուսանող»՝ մշակույթ-սպորտ ոլորտում: Ի՞նչ զգացողություններ ունեիր: Սպասո՞ւմ էիր այս մրցանակին:

-Այս մրցանակին երկրորդ անգամ եմ արժանանում: «Լավագույն ուսանողի» կոչումն ինձ համար մեծ պատիվ է, պարտավորեցնող է և ոգեշնչող:

-Մրցանակներդ իսկապես աննախադեպ են: Հաջողության գրավականը ո՞րն է, մտածե՞լ ես այդ մասին:

-Ինձ համար հաջողությունը անշոշափելի է: Երբ ամիսներ շարունակ ընկղմվում ես աշխատանքային բարդ պրոցեսի մեջ, չես զգում ինչպես է անցնում ժամանակը: Հաջողությունը ձևավորվում է այդ աշխատանքի հիման վրա:

-Ակնկալիքները քեզնից մեծանում են, դա քեզ չի՞ վախեցնում:

-Եթե սկսեմ մտածել այդ մասին, ամեն ինչ կձախողվի: Ավելի լավ է սեփական աշխարհում ապրել ու ստեղծագործել: Միայն այդ դեպքում ամեն ինչ կստացվի ավելի լավ, քան կարող էիր պատկերացնել:

-Սոցիալ- քաղաքական խնդիրները կլանում են ամեն բան, կարողանո՞ւմ ես զերծ մնալ օրվա տրամադրություններից, թե՞ ռեժիսորը պետք է մատը օրվա զարկերակի վրա պահի:

-Քանի որ վավերագրական կինոն հայելու պես կլանում է իրականությունը, անհնար է զերծ մնալ որևէ խնդրից: Բայց և այնպես, արվեստագետը պետք է կարողանա սլաքն ուղղել միայն օբյետիվ տեսանկյունից:

Շրջագայությունների ժամանակ ի՞նչ ես բացահայտել քեզ համար,  ի՞նչ բացեր կամ ի՞նչ առավելություններ ունեն հայ երիտասարդ ռեժիսորները:

-Շրջագայությունները ինձ օգնում են ձեռք բերել նոր ընկերներ, լցվել այնպիսի դրական հույզերով, որ հետագայում կարող են նոր ստեղծագործության հիմք դառնալ: Հաճախ եմ նոթեր և նովելներ գրում ճանապարհորդությունների ժամանակ: Աշխարհին սկսում եմ նայել բոլորովին այլ տեսանկյունից: Ուսումնասիրում եմ մարդկանց: Բացահայտում եմ նոր կերպարներ: Հայ երիտասարդ ռեժիսորները, ցավոք սրտի, քիչ են: Նկատելի է թարմ մտածողության և ինտելեկտուալ կինոյի պակասը: Հաճախ էլ լավ սկսում են իրենց ճանապարհը, բայց կեսից, նյութական խնդիրների պատճառով թողնում են կինոն:

-Սիրո՞ւմ ես Երևանը:

-Կարծում եմ՝ քիչ է ասել, թե սիրում եմ Երևանը: Ավելի լավ է կարճ ասել՝ Երևանն իմ տունն է:

-Իսկ ի՞նչը չես սիրում մեր քաղաքում կամ ի՞նչն է քեզ մտահոգում:

-Չկա մի բան, որը չեմ սիրում մեր քաղաքում: Շատերն են այսօր բողոքում Երևանից, համեմատում Նյու-Յորքի հետ: Ես չեմ հասկանում այդպիսի մարդկանց: Երևանն այն միջավայրն է, որտեղ ձևավորվել է իմ մասնագիտությունը, ճաշակը, գիտելիքները և շրջապատը: Երբեք չեմ բողոքի, ինքս կփորձեմ մի բան փոխել իմ քաղաքում:

-Չե՞ս կարծում, որ Հայաստանի սահմաններից դուրս ավելի մեծ հորիզոններ կբացվեն: Լավ առաջարկի դեպքում կգնա՞ս այստեղից:

-Երբեք չեմ լքի Հայաստանը: Իրականում առաջարկներ շատ են լինում, համագործակցում եմ շատերի հետ և վերադառնում Հայաստան:

-Ի՞նչ ծրագրեր ունես …. նոր տարում:

-Նոր ծրագրեր են նախատեսվում 2020-ին, ոչ միայն կինոյի ոլորտում: Հանդիսատեսին կներկայանամ բոլորովին նոր ժանրով և կերպարով:

Զրույցը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply