Գարնանային լուսնկա գիշեր էր։ Զով օդը պատել էր ողջ Սևանը, որի հայելու պես պարզ երեսին լողում էր մեծ լուսինը, իսկ խոպոպներ հիշեցնող ալիքները մերթ բարձրանում էին մինչև լուսին և ասես գրկում նրան, մերթ իջնում ու անաղմուկ, թեթևասահ եղնիկի պես զարնվում ափերին։ Ափից ոչ շատ հեռու, մթության մեջ մարգարտի պես փայլում էր մի փոքրիկ տնակ։ Տնակի բոլոր լույսերը վառվում էին, բայց հատկապես ամենից վառ լուսավորված էր մի պատուհան, որի փեղկերից մեկը բաց էր։ Փեղկի բաց լինելու պատճառով ամեն ոք հեշտությամբ կարող էր իմանալ, թե այնտեղ ինչ է կատարվում. մանկական մի սենյակ էր, որտեղ ամեն ինչ, բացառապես ամեն ինչ վարդագույն էր։ Հատակին՝ գունավոր մատիտների, ջրաներկերի միջև, նկարակալն առջևում, նստած էր հնգամյա Սոֆին ու նկարում էր։ Նրանից քիչ հեռու, բազկաթոռի մեջ նստած էր մայրը, որ մե՛կ հիացմունքով հետևում էր աղջկան, մե՛կ շարունակում ընթերցել ձեռքերում պահած գիրքը։ Վերջապես Սոֆին ավարտում է նկարը և հրճվանքից ծափ զարկում։
-Մա՛մ, նայի՜ր,- նկարակալը շրջելով մոր կողմը՝ բացականչեց աղջնակը։
-Իմ փոքրիկ Սոֆի, ավարտեցի՞ր, — հայացքը գրքից բարձրացնելով՝ հարցրեց մայրը։
-Հա, մա՛մ, սիրուն է, չէ՞։
-Այո, աղջիկս, — մի քանի վայրկյան զննելով նկարը՝ պատասխանեց մայրը,- քո ջրահարսը շատ գեղեցիկ է։
-Ըհը,- իր աշխատանքով հիացած՝ ասաց Սոֆին։
-Դե՛, փոքրիկս, արդեն քնելու ժամանակն է։- Մայրը փակում է գիրքն ու դնում պահարանին, բայց Սոֆին լուրջ, իր աշխատանքին քննադատի աչքերով նայող մասնագետի պես լուռ զննում էր նկարը։
-Սոֆի, ի՞նչ պատահեց։
-Մամ, էնքան կուզեի, որ նա դուրս գար նկարից ու խոսեր ինձ հետ։
-Բայց դու հասկանում ես, չէ՞, որ նա չի կարող։
-Ինչո՞ւ։
-Որովհետև նա ջրում է ապրում, և եթե դուրս գա էնտեղից, շնչել չի կարողանա։
-Չէ-չէ, — կտրուկ ասաց աղջնակը,- ուրեմն թող դուրս չգա։ Սոֆին մի պահ տխրեց, ապա նորից աշխուժացավ ու սկսեց հրճվել։
-Մամ, գիտե՞ս, իմ ջրահարսը… Իմ ջրահարսի անունը Էլեն է։ Նա ապրում է Սևանի խոր ջրերում, իսկ նրա ընկերները գույնզգույն ձկներն են, որոնք պաշտպանում են նրան վտանգներից։ Իմ ջրահարսը շատ բարի է ու հոգատար։ Նայիր, նրա աչքերը մեր Սևանի պես մեծ են ու կապույտ։
Մայրը ժպտում է ու գորովանքով գրկում աղջկան։ Աղջնակն իր փափլիկ ու ներկոտ ձեռքերով փարվում է մորը։
-Քո Էլենը,- քնքշորեն ասաց մայրը,- բոլոր ջրահարսերից ամենագեղեցիկն է։
Մայրը լվանում է փոքրիկ Սոֆիի ձեռքերն ու պառկեցնում վարդագույն մահճակալում։ Շատ չանցած փոքրիկ Սոֆին ընկղմվում է խոր քնի մեջ։ Քիչ անց տնակի բոլոր լույսերը մարում են։ Լռության մեջ լսվում էին միայն ծփացող ալիքների խուլ աղմուկը։ Թեպետ շուրջբոլորը մթություն էր, այնուամենայնիվ վարդագույն սենյակում լույսի ցոլքեր էին նշմարվում։ Շուտով դրանք ավելի պայծառացան։ Լուսինը վառ լուսավորում էր սենյակն ու անկյունում դրված լողացող ջրահարսի պատկերը։ Նա այնպես էր լողում, ասես հիմա կճեղքի նկարն ու դուրս կգա այնտեղից։ Լուսինն ավելի պայծառացավ։ Թվում էր, թե մի մեծ լամպ է վառվում սենյակում և լուսավորում չորս կողմը։ Ջրահարսի դեմքը հանկարծ ծռմռվեց, ձկան թևերի փոխարեն հայտնվեցին սովորական ձեռքեր, իսկ պոչի փոխարեն՝ ոտքեր։ Աղջիկը դուրս եկավ նկարից ու կանգնեց սենյակի մեջտեղում։
-Որտե՞ղ եմ ես,- ապշահար շուրջը նայելով՝ ասաց ջրահարսը։ Նա շուռ եկավ, նայեց նկարին, ապա լուսնի լույսով ողողված սենյակին։
-Ի՜նչ գեղեցիկ է այստեղ ամեն ինչ,- հիացմունքով ասաց նա,- իմ ծովում նման բաներ չկան, և այնտեղ ամեն ինչ կապույտ է։- Ջրահարսը նկատեց փոքրիկ բերանը կիսաբաց քնած Սոֆիին և գնաց դեպի նա, սակայն մինչև Սոֆիին հասնելը նա իր արտացոլանքը տեսավ հայելու մեջ ու սարսափեց։
-Աստված իմ, ի՞նչ է սա։
Շուտով նրա սարսափն անցավ, ու նա մի փոքր էլ մոտեցավ հայելուն, սկսեց դիտել ինքն իրեն ու երբեմն էլ հրճվել։
-Սրանք իմ թևե՞րն են, իմ ոտքե՞րը,- սեփական ձայնից վախեցած՝ հարցնում էր նա հայելու արտացոլանքին։- Բայց ինչպե՞ս, ես միայն մի պոչ ունեի, իսկ հիմա, ձեռքեր ու ոտքեր ունենալուց բացի, ես նաև ձայն ունեմ, մինչդեռ ես համր էի, ընկերներիս պես։
Որոշ ժամանակ հայելու մեջ իրեն ուսումնասիրելուց հետո, ջրահարսը գնաց դեպի Սոֆին։
-Ի՜նչ գեղեցիկ աղջիկ է։ Դու ես նկարել ինձ, այնպես չէ՞։ Սոֆին քնած էր մանկական անհոգ դեմքով։
-Ինձ վերադարձրու նկար, խնդրում եմ։ Ես այնտեղ եմ ուզում ապրել, Սևանում։ Այնտեղ է իմ տունը։ Գիտե՞ս, Սոֆի, այստեղ էլ է շատ գեղեցիկ, բայց Սևանում ես իմ տանն եմ, ազատ ու ապահով։ Ես իջնում եմ հատակն ու լողում մարգարիտների ու անթիվ ջրային ծաղիկների մեջ, իսկ իմ ընկերները՝ գույնզգույն ձկնիկները, ծաղիկներից ու մարգարիտներից պսակներ են հյուսում ինձ համար ու զարդարում գլուխս։ Ես կարոտում եմ նրանց։ Խնդրում եմ, Սոֆի, վերադարձրու ինձ այնտեղ։
Սոֆին շարունակում էր իր քաղցր քունը և ամենևին չլսեց ջրահարսի խնդրանքը։ Հանկարծ ջրահարսը սկսեց շնչահեղձ լինել։ Օդը չէր հերիքում։ Նա հետ-հետ գնաց, կպավ պատին, այնուհետև մի ակնթարթում հասավ բաց պատուհանին և սկսեց ագահորեն շնչել Սևանից եկող զով օդը։ Էլենի դեմքը կապտին էր տալիս։ Նա շնչում էր, բայց չէր հագենում։ Հետզհետե հանգստանալով և շունչը տեղը բերելով՝ նա թռավ պատուհանին ու թևերը տարածեց դեպի Սևանը։
-Ես այստե՜ղ եմ, տարե՜ք ինձ ձեզ հետ,- բացականչեց Էլենը՝ տեսնելով մինչև երկինք հասնող ալիքները։ Թույլ քամի բարձրացավ և գիրկն առնելով Էլենին, ուղեկցեց դեպի խայտացող ալիքները։
Արևն արդեն ծագել էր։ Երկնքում կապույտ ամպիկներ էին նշմարվում, որոնք իրար զարնվելով մոմի պես կաթում էին Սևանի հայելային ջրերին։ Չնայած արևի առկայությանը, օդը սառն էր։ Դեռևս շատ վաղ էր։ Ափերին մարդ չէր երևում, ավազը դեռ չէր ճարճատում տաքությունից, բայց փայլում էր արևի մի չնչին հպումից անգամ։ Դիմացի ափում մարդու ստվեր է երևում։ Մի պատանի էր, որ կլիներ քսան տարեկան կամ մի քիչ ավելի։ Նա զբոսնում էր ափով։ Ավազը նրա ոտքերի տակ տեղի չէր տալիս։ Շուտով նա նստեց ափին ու սկսեց դիտել Սևանը։ Այն խաղաղ էր, ինչպես օրորոցում քնած մի մանուկ։ Երբեմն այն օրորվում, ծփացնում էր ալիքները, բայց նորից հանդարտվում ու հետ էր քաշվում։ Տղան մե՛կ նայում էր ջրերին, մե՛կ հետ ընկնում, պառկում ավազներին, մե՛կ էլ վեր կենում ու չարաճճի երեխայի աշխուժությամբ ավազահատիկներ նետում լիճը։ Հանկարծ Սևանն ուժգին օրորվեց, ալիքները բարձրացան, հասան մինչև երկինք։ Տղան վախեցած հետ քաշվեց։ Թվում էր, թե փոթորիկ է լինելու։ Տղան ուզում էր հեռանալ, երբ ալիքները ափ հանեցին մի կծկված մարմին և հանդարտվելով հետ քաշվեցին։ Տղան մի երկու քայլ արեց դեպի նա, ապա կանգ առավ, բայց չկարողացավ հասկանալ, թե ափին ինչ էր հայտնվել։ Կծկված մարմինը ոզնու տեսք ուներ, սակայն, ի տարբերություն ոզնու, այն չափազանց փափուկ էր, և քամին մեղմորեն խաղում էր նրա մազիկների հետ։
-Սա ի՞նչ է,- ասաց տղան, ասես ինչ-որ մեկին դիմելով։ Նա ավելի մոտեցավ և ծնկելով, իջավ մինչև մարմինը։ Այն իսկույն բացվեց։ Շխկշխկան ավազների վրա հասակով մեկ տարածվեց մի աղջիկ։ Նա քնած էր։ Նրա երկար մազերը միաձուլվել, կպել էին գլխին։ Տղան լուռ դիտում էր նրան։
-Հե՜յ,- անհանգստացած ձայն տվեց տղան ու ցնցեց աղջկան, բայց վերջինս չշարժվեց։ Տղան նորից ձայն տվեց ու ցնցեց։ Այս անգամ աղջիկը տեղի տվեց, բացեց աչքերն ու հայացքը հառեց տղային։
-Ողջույն, — մի մանկական անհոգությամբ ասաց տղան,- արդեն լա՞վ ես զգում քեզ։
-Դու ո՞վ ես,- հազիվ արտասանեց աղջիկը,- որտե՞ղ եմ ես։
-Ես Լևոնն եմ, դու Սևանի ափին ես։ Աղջիկը բարձրացրեց գլուխն ու նայեց Սևանին։
-Ինչո՞ւ ինձ ափ հանեցիք, չէ՞ որ իմ տունն այնտեղ է։- Տղան շեշտակի նայեց նրան։
-Ինչե՞ր ես խոսում, այնտեղ դու կմեռնեիր։- Աղջիկը չպատասխանեց։ Նա վեր կացավ, կանգնեց ափեզրին։
-Ես այստեղ կմեռնե՜մ։ Ինձ տարե՜ք ձեզ հետ,- բացականչեց նա ու թևերը տարածեց դեպի ալիքները։ Լևոնն ապշահար դիտում էր այդ տեսարանը։ Աղջիկը ջուրը նետվեց։ Հոսանքը քշում էր նրան։ Լևոնը մի ակնթարթում հասավ նրան ու նորից ափ հանեց։ Աղջիկը խեղդվում էր։
-Գրողը տանի, գժվե՞լ ես, ինչ է։- Աղջիկը ջուր է թքում ավազին։
-Ես կմեռնեմ այստեղ,- հազիվ արտասանեց նա։
-Դու էնտեղ կմեռնես։- Շուտով աղջիկը հանգստացավ և իրեն ավելի լավ էր զգում։
-Անունդ ի՞նչ է,- լռությունը խախտեց Լևոնը։
-Անո՞ւնս, — մի պահ վարանեց աղջիկը,- Էլեն, համենայն դեպս Սոֆին ինձ այդպես էր անվանում։- Լևոնը նորից շեշտակի նայեց նրան։
-Սոֆին ո՞վ է։
-Սոֆին ինձ նկարող աղջիկն է։
-Քեզ նկարո՞ղ, — չհասկացավ Լևոնը։
-Այո՛, — տղայի արձագանքից զարմացած՝ պատասխանեց Էլենը։
-Իսկ որտե՞ղ է ապրում Սոֆին։
-Վարդագույն սենյակում։ Նա ինձ երեկ գիշեր նկարեց ու դրեց սենյակի անկյունում։ Ես Սևանի ջրերում էի ապրում։ Սոֆին այդպես էր անվանում այդ կապուտակ ջրերը և ասում էր նաև, որ իմ աչքերը Սևանի նման կապույտ են։- Լևոնն օրորեց գլուխը։ Առաջին բանը, որ անցավ նրա մտքով, այն էր, թե այս աղջկա գլխի հետ մի բան այն չէ։
-Ես ուզում եմ իմ տուն վերադառնալ, խնդրում եմ, օգնեք ինձ։- Այս վերջին խոսքերը այնքան թախանձագին էին, որ Լևոնը մի պահ խղճաց նրան։ Էլենը սկսեց դողալ, ատամներն իրար էին դիպչում։
-Մրսո՞ւմ ես։
-Այո, շատ։
-Էսօր ցուրտ է։ Քեզ ավելի տաք տեղ կտանեմ, հետո կհասկանանք, թե ո՞նց ես էստեղ հայտնվել և թե ուր ես ուզում գնալ։ Լևոնը գրկում է աղջկան և զգուշորեն նրան մեքենան դնելով, տանում Երևան։
Երևանում եռուզեռ էր։ Փողոցներն ու մայթերը լի էին անթիվ մեքենաներով ու մարդկանցով։ Յուրաքանչյուրն ինչ-որ տեղ էր շտապում։ Էլենը նայում էր մեքենայի ապակու հետևից, երբ աչքերը մշուշապատվեցին։ Նա գլխապտույտ զգաց և ակամա հետ ընկավ ու գլուխը հենեց նստարանին։ Քիչ անց մեքենան կանգ առավ բարձրահարկ շենքի առջև։
-Ի՞նչ է սա,- առաջ մեկնվելով՝ հարցրեց Էլենը։
-Էստեղ իմ բնակարանն է, իսկ սա շենք է։ -Աղջիկը հետաքրքրությամբ նայում էր բարձրահարկին։ Լևոնն իջավ մեքենայից, Էլենը՝ նույնպես։ Բնակարանի շեմքից անցնելով, Էլենը կանգ առավ ու դիտեց շուրջը։
-Գեղեցիկ է, Սոֆիի տան պես,- ժպտաց աղջիկը,- որքան եմ ուզում իմ նկար վերադառնալ։
-Դու հոգնել ես, մի քիչ քնիր,- ասաց Լևոնը։ Նա գնալով ավելի էր համոզվում, որ աղջիկն ինչ-որ շեղումներ ունի։
«Եթե ոչ, ուրեմն ինչո՞ւ էր ուզում Սևանը նետվել, ինչո՞ւ է ասում, որ ինքը նկարում է ապրում ու նման բաներ»։ Աղջիկը նստեց բազմոցին։
-Այստեղ շատ հանգիստ է,- մի պահ լռությունից հետո ասաց Էլենը։
-Դու սովոր չես քաղաքի աշխուժությանը,- հաստատ ասաց Լևոնը,- էդ պարզից էլ պարզ է։ Դու երևի գյուղում ես ապրում։ Գյուղերում խաղաղ է։- Էլենը չհասկացավ նրան։
-Ես չգիտեմ, թե ինչ է գյուղը։- Մի պահ լռություն տիրեց։
-Իմ ջրերում շատ խաղաղ է, ես լողում եմ ու լողում,- հրճվանքից ժպտալով պատասխանեց աղջիկը,- իսկ երբ ինչ-որ վտանգ է պատահում, ընկերներս փրկում են ինձ։
-Ովքե՞ր են քո ընկերները։
-Գույնզգույն ձկները։- Լևոնը քանի գնում, այնքան չէր հասկանում Էլենի պատասխանները։ Աղջիկը մեկնվեց բազմոցին ու շատ չանցած խոր քուն մտավ։ Լևոնը նստեց նրանից քիչ հեռու, հանեց հեռախոսն ու սկսեց փնտրել։
-Գուցե փնտրո՞ւմ են նրան, երևի կորել է, տեսնենք ինչ կարող ենք գտնել։
Երեկո էր Երևանում։ Փողոցներն արդեն լուսավորված էին դեղին լապտերներով։ Մայթերը բազմամարդ էին։ Մարդկանց մի մասը զբոսնում էր ընկերների, ընկերոջ կամ ընկերուհու կամ ընտանիքների հետ, իսկ մյուս մասը սրճարաններում սուրճ կամ թեյ էր խմում, պաղպաղակ ուտում ու վայելում երեկոն։ Էլենը դեռ քնած էր։ Լևոնը սուրճ էր խմում ու դիտում նրան։ Շուտով աղջիկը ցնցվեց ու արթնացավ։ Նա շնչահեղձ էր լինում, դեմքը կապտին էր տալիս: Լևոնը ցած դրեց սուրճի բաժակն ու մոտեցավ նրան։
Ի՞նչ պատահեց, — վախեցած հարցրեց Լևոնը։
-Ջուր… ջուր եմ ուզում, — հազիվ լսելի պատասխանեց աղջիկը, — օդ եմ ուզում, օդ։ Լևոնը ջուր խմեցրեց նրան, ապա տարավ պատշգամբ։ Էլենը լիուլի օդ շնչեց և հետզհետե հանգստացավ։ Նրանք վերադարձան հյուրասենյակ ու աղջիկը նստեց բազմոցին։
-Կխմե՞ս,- սուրճի գավաթը մեկնելով Էլենին՝ հարցրեց Լևոնը։
-Դա ի՞նչ է,- կասկածանքով հարցրեց Էլենը։
-Սուրճ։ Խմիր մի քիչ, կթարմացնի։- Էլենը տարակուսանքով նայեց սև հեղուկ պարունակող գավաթին։
-Բայց սա սև հեղուկ է, ինձ չի՞ վնասի, — մանկական միամտությամբ ասաց աղջիկը։
-Չէ, իհա՛րկե չէ, — բարեհոգությամբ ժպտաց տղան։ Էլենը վերցրեց ու մի ումպ արեց։ Նրա դեմքը ծռմռվեց։
-Դառն է, ինչպես տիղմը։
-Կուզե՞ս զբոսնելու գնանք, հաճելի եղանակ է։
-Այո՛,- ոգևորվելով պատասխանեց Էլենը։
-Դե փոխվիր ու գնանք։
-Փոխվե՞մ, — զարմացավ աղջիկը;
-Ըհը։ Քրոջս զգեստներից մի քանիսն էստեղ են, գնա սենյակ և փորձիր, կարծում եմ հարմար կլինեն քեզ։- Էլենը գնաց ու հինգ րոպե չանցած վերադարձավ կապույտ շրջազգեստը հագին։
-Սրանից Սոֆին էլ ունի,- հրճվանքով ասաց Էլենը, և նրանք դուրս եկան։ Թեպետ երեկո էր, բայց ամենուրեք աշխուժություն էր տիրում։ Էլենը մեծ զարմանքով ու հետաքրքրությամբ էր դիտում մեքենաները, մարդկանց, խանութները, նրանց ապակիներից երևացող զգեստները, խաղալիքներն ու բազմապիսի այլ հրապուրիչ իրեր։ Նրան հիացմունք էր պատճառում բացառապես ամեն ինչ։ Տպավորություն էր, թե նա երբեք չի տեսել այս ամենը։ Եվ իրոք, բացի իր կապուտակ ջրերից, ուրիշ ի՞նչ էր տեսել այս աղջնակը, ոչինչ։ Նա երեխայի պես ուրախացավ, երբ առաջին անգամ զգաց պաղպաղակի համը։ Լևոնը հենց այդ պահին ուշադրություն դարձրեց նրա արտաքինին, որքան գեղեցիկ ու միամիտ էր նա։
Կեսգիշերն անց էր, երբ Լևոնն ու Էլենը տուն վերադարձան։ Էլենը երջանիկ էր։ Նրա դեմքից ժպիտ էր կաթում։
-Երբ վերադառնամ իմ ջրերը, — ասաց նա, — ընկերներիս անպայման կպատմեմ այն համեղ բանի… ինչպե՞ս էր անունը, այո՜, պաղպաղակի մասին։- Լևոնը գորովալից ժպտաց։ Էլենը հանկարծ խեղդվեց ու սկսեց նորից շնչահեղձ լինել։ Լևոնը ջուր տվեց, տարավ պատշգամբ, որ օդ շնչի, բայց ոչինչ չէր օգնում։
-Իմ ջրերը, նրանք կանչում են ինձ,- հազիվ ասաց նա, — ինձ իմ ջրերը տար։- Լևոնը մի պահ վարանեց, ապա գիրկն առավ նրան ու տարավ Սևան։ Նա Էլենին դրեց այն նույն ափին, որտեղից գտել էր ու մի քանի քայլ հեռանալով՝ սկսեց դիտել։ Աղջիկը քիչ-քիչ ուշքի եկավ, նստեց, ապա կանգնեց ափեզրին, համարյա ջրերի վրա։
-Հե՜յ, — ձեռքերը տարածելով դեպի ալիքները՝ բացականչեց Էլենը,- ես այստեղ եմ, տուն տարեք ձեր ջրահարսին։- Նա փակեց աչքերն ու անձնատուր եղավ ալիքներին։ Նա անհետացավ մի ակնթարթում։ Լևոնը վազեց դեպի ափեզրը, բայց ոչինչ չգտավ։ Էլենն այնպես էր անհետացել, ասես երբեք չէր էլ եղել։ Մերթ նայելով Սևանին, մերթ այն տեղին, որտեղ քիչ առաջ պառկած էր Էլենը, Լևոնը չէր հավատում իր տեսածին ու լսածին։ Նա վեր ու վար արեց ափով մեկ, բայց ոչինչ չգտավ։
Ձեր ջրահարսի՞ն, — ալիքներին դիմելով՝ ասաց Լևոնը, — նա ձեր ջրահա՞րսն էր։ -Ի պատասխան՝ ալիքները վեր խոյացան ու աղմուկով զարնվեցին ափերին։ Լևոնը հաճախ էր զբոսնելու գալիս Սևանի հենց այս ափը՝ հույս ունենալով, թե պատահմամբ կհանդիպի նրան, բայց այլևս երբեք նա չտեսավ Էլեն անունով ջրահարսին։