Վարշավայում անցկացվող Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնակահարների 18-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ են անցել տասներկու դաշնակահար՝ տասը երկրից: Նրանց թվում է մեր հայրենակից, Հայաստանն ու Ռուսաստանը ներկայացնող տասնյոթամյա Եվա Գևորգյանը: Նա հաղթանակի համար պայքարում է Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ներկայացուցիչների հետ:
Երրորդ փուլի լսումներն ընթացքի մեջ են, ծրագրված են հոկտեմբերի 18-20-ը: Միջազգային ժյուրին արդյունքները կամփոփի և կհայտարարի հաղթողին հոկտեմբերի 21-ի գիշերը: Կատարումներն առցանց հեռարձակվել են մրցույթի յութուբյան ալիքով և այժմ էլ հասանելի են այս հղումով՝ https://www.youtube.com/c/chopininstitute:
Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթին կարող են մասնակցել մինչ 29 տարեկան երաժիշտները: Մրցույթի յուրահատկությունն այն է, որ բոլոր փուլերում պետք է կատարել բացառապես Շոպենի ստեղծագործությունները: Այս մրցույթը ամենահին և հեղինակավոր մրցույթներից է: Այն առաջին անգամ կայացել է Վարշավայում, 1927թվականին: Տարբեր տարիներին Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի հաղթողներ են եղել այնպիսի անվանի դաշնակահարներ, ինչպիսիք են Մաուրիցիո Պալլինին, Մարթա Արգերիխը, Կրիստիան Ցիմմերմանը, Դանիիլ Տրիֆոնովը: Միակ հայը, որն արժամացել է Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի մրցանակին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ (Գ. Սարաջյանի դասարան), դաշնակահար Հարություն Փափազյանն է, որը ներկայացրել է Խորհրդային Միությունը և 1980-ին արժանացել մրցույթի 3-րդ մրցանակին:
Մասնագետները շատ բարձր են գնահատում Եվա Գևորգյանի հաղթանակի հնարավորությունները: Եվան, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն տասնյակ համառուսական և միջազգային մրցույթների հաղթող է, ունի նշանակալից ձեռքբերումներ: Լիխտենշտեյինի միջազգային երաժշտական ակադեմիայի կրթաթոշակառու է, տարբեր մրցանակների է արժանացել. Քլիվլենդի երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ (1-ին մրցանակ և Բախի լավագույն կատարում), Դալլասում Վան Քլայբըրնի պատանի դաշնակահարների միջազգային մրցույթ (2-րդ և մամուլի մրցանակ), Դյուսելդորֆում Ռոբերտ Շումանի դաշնակահարների մրցույթ (1-ին մրցանակ), Պորտուգալիայում Սանտա Սեսիլիայի անվան միջազգային մրցույթ (1-ին մրցանակ), Մոսկվայում երիտասարդ դաշնակահարների մրցույթ Grand Piano Competition (5 հատուկ մրցանակներ), Գորիցիայում Ջուլիանո Պեկարի դաշնակահարների միջազգային մրցույթ (Գլխավոր մրցանակ, Իտալիա), Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթ (Գլխավոր մրցանակ), ‹‹Շչելկունչիկ›› 18-րդ հեռուստատեսային մրցույթ (Արծաթյա Շչելկունչիկ և Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի հատուկ մրցանակ):
Մասնակցել է այնպիսի միջազգային փառատոների, ինչպիսիք են Վերբիե (Շվեյցարիա), Շոպենյան երաժշտության փառատոն (Լեհաստան), Բայկալի աստղերը (Իրկուտսկ), ClaviCologne (Քյոլն):
Եվան հանդես է եկել Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ, Դալլասի սիմֆոնիկ, Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ, Ռուսական ազգային, Լյուցեռնի սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Աշխատել է դիրիժորներ Վալերի Գերգիևի, Ալեքսանդր Սլադկովսկու, Վասիլի Պետրենկոյի, Լոուրենս Ֆոսթերի, Գերհարդ Ցիմմերմանի, Էդուարդ Թոփչյանի և այլոց հետ:
2019-ին ստացել է ICMA (International Classical Music Award) հատուկ մրցանակ՝ «Տարվա հայտնություն» անվանակարգում, «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» համառուսական մրցույթի դափնեկիր է, ելույթ է ունեցել Թագավորական Ալբերտ հոլլում:
2020-ին Եվգենի Կիսինն ընտրել է նրան՝ որպես Ռուրի դաշնամուրային փառատոնի կրթաթոշակառու:
2021-ին արժանացել է «Yamaha ընկերության երիտասարդ արտիստ» կոչմանը:
2019-ի մարտի 10-ին Երևանում կայացել է Եվա Գրիգորյանի համերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Նա կատարել է Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:
Մեզ հաջողվեց կապ հաստատել Եվա Գրիգորյանի հետ և մի քանի հարց ուղղել: Եվան, չնայած իր լարված գրաֆիկին, բարյացակամորեն պատասխանեց մեր հարցերին:
Նա նշեց, որ իր համար շատ կարևոր է միջազգային հարթակում ներկայացնել իր երկու հայրենիքները՝ Հայաստանը և Ռուսաստանը. ‹‹Ես ծնվել և սովորում եմ Մոսկվայում, բայց ամեն տարի գալիս եմ Հայաստան՝ իմ հայրիկի հայրենիք: Անպայման գնում եմ Սևան. իմ ամենասիրելի վայրը հնագույն Սևանավանք վանական համալիրն է, այն կառուցված է Սևանի թերակղզու վրա և այնտեղից հիասքանչ տեսարան է բացվում: Ես 2019 թվականին ստացել եմ հայկական քաղաքացիություն հենց այն նպատակով, որպեսզի միջազգային ասպարեզում պաշտոնապես ներկայացնեմ նաև Հայաստանը: Գիտեմ, որ իմ ստեղծագործական ուղուն հետևում են Հայաստանում, և դա ինձ անչափ հաճելի է: Ես հայկական Արտիստ Ֆուտուրա, Հայկական Ասամբլեա և YerazArt ֆոնդերի կրթաթոշակառու եմ: Այս հրաշալի ֆոնդերը օգնում են իմ մասնագիտական աճին, և ես շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ նրանք անում են՝ ի աջակցություն իմ արվեստի: Ներկայացնելով երկու երկիր՝ ես ինձ կրկնակի ուժեղ եմ զգում››:
Հարցին, թե ինչ նշանակություն ունեն Եվա Գրիգորյանի համար մրցույթները և ինչ են դրանք տալիս իրեն, Եվան պատասխանեց, որ, թերևս, բոլոր երաժիշտները կհամաձայնեն իր հետ, որ հանդիսատեսի առջև ելույթ ունենալն ավելի հաճելի է և հանգիստ, քան մրցույթներին նվագելը: Բայց և այնպես, մրցույթները երիտասարդ կատարողի կյանքի կարևորագույն բաղկացուցիչներից են. չէ՞ որ մրցույթում հաջող ելույթներին հետևում են համերգների և փառատոների մասնակցության հրավերներ: Ամեն մրցույթի համար նա պատրաստում է նոր երկացանկ, ինչը նույնպես շատ կարևոր է երաժիշտ կատարողի զարգացման համար:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչն է նրան ոգեշնչում և դրդում երաժշտական սխրագործությունների, և ովքեր են նրան աջակցում հաղթանակներ կռելու ճանապարհներին: Նա պատասխանեց. ‹‹Ինձ շատ է աջակցում իմ ընտանիքը՝ մայրս, հայրս, տատիկս և պապիկս, իմ պրոֆեսորը՝ Նատալյա Վլադիմիրովնա Տրուլլը: Իսկ ոգեշնչում է երաժշտությունը: Չեմ հիշում մի օր, որ ես նվագած կամ երաժշտություն լսած չլինեմ, երևի նման օր չի եղել իմ կյանքում››:
2019 թվականի երևանյան համերգի և հայրենիքում ելութ ունենալու ապագա ծրագրերի մասին ասաց. ‹‹Կապույտ Թռչուն›› հեռուստատեսային մրցույթից հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը հրավիրեց ինձ ելույթ ունենալու նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Հիշում եմ, թե որքան էի ուրախացել: Մենք կատարեցինք Շոպենի Ֆա մինոր կոնցերտը: Ես շատ ջերմ հիշողություններ ունեմ այդ համերգից, դահլիճում հրաշալի հանդիսատես էր հավաքվել: Իսկ նման երաժիշտների հետ նվագելը իրական երջանկություն է: Ուրախ կլինմ կրկին ելույթ ունենալ մաեստրոյի և ազգային ֆիլհարմոնիկի հետ››:
Աստղիկ Դալլաքյան
Լուսանկարը՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի կայքից
No Comments