ՄշակութաԳիծ Զավեն Բեկյան

Ինչ է ձայնը տիեզերական խորխորատներում

11.07.2025

Պոեզիայի աստվածուհին այս մանվածապատ աշխարհում ընթանում է որոնումների վայրիվերո արահետներով, աչքերը կապված՝ Թեմիսի պես, ձևի արդարություն որոնելո՞վ ․․․ — ի՞նչ է փնտրում՝ մի հարցնող լինի․․․ Ինքը՝ պոեզիան ճանաչողության տեսա՞կ է։ Ոչ, ամենևին, դրա համար գիտություններ կան։ Պոեզիան մարդկային հոգու արձագանքն է հենց իրեն՝ հոգուն և աշխարհին։ Շրջապատում ամեն ինչ ձայնեղեն է, ճռիկներ, թռչուններ, գորտեր, այլ շնչավորների համայնքներ․․․ Դրանք երգում են- պոեզիան այդպես է գնահատում, մինչդեռ իրականում այդ շնչավորները չեն երգում, այլ աշխարհական գոյապայքարի տիրույթում, պարզապես նշում են իրենց տեղը, տիրույթը (շները դա անում են յուրահատուկ ձևով՝  մի ոտքը ծառաբների վրա վեր բարձրացնելով․․․ ), իրենց կենսագործունեության սահմանները։ Ոչ միայն շնչավորները, խոտերն էլ են սվսվում, քամու օգնությամբ իհարկե — իրենք է՛լ ինչ-որ ասելիք ունեն անկասկած․․․ Նույնիսկ «ամենալռինները»՝ աստղերն ու ձկներն էլ են ինչ-որ բան ուզում ասել , պարզապես նրանց ձայնը մեր լսողության դիապազոններից դուրս է։ Աստղերինը լսում ենք, այնուամենայնիվ, ռադիոաստղադիտակների օգնությամբ։Մի տեղ կարդացել եմ՝ սև խոռոչում կլանվելիս աստղը «ռադիոձայն» է արձակում, որ շատ նման է․․․ մարդկային ճիչի․․․ Աստղի մահը շատ նման է մերին․․․ Իմ մի բանաստեղծություն այդ մասին է․

ԱՍՏՂԻ ՄԱՀԸ

Հառաչում է

(հազարավոր լուսատարիներ հետո միայն

կլսվի այստեղ )։

Շրջվում է մի կողմի վրա՝

ոչ ոք չկա։ Լույսը պակասել է։

Մյուս կողմի վրա՝ նույնն է։

Լույսը պակասել է։

Ի՞ր լույսը, թե աշխարհի ․․․

Ուզում է արտասվել լուսափաթիլ՝

ակնախոռոչները ցամաքել են։

Զգում է՝

մի սև խոռոչ է բացվում ներսում։

Ու՞ր է գնալու։

Չգիտի։

Տարիներ առաջ հրապարակած իմ մի ուրիշ բանաստեղծություն տիեզերքում սփռված, դեգերող ձայների սիմֆոնիայի մասին է ու «ձայնատերերի»․․․ հետապնդած նպատակների․

ԱԶԴԱՆՇԱՆՈՒՄՆԵՐ

Ամայի ո՜չ մի տեղ — ճառագում է ամեն ինչ,

կամ իր տեղն է նշում նշանով մի ձայնեղ։

Ահա լուսինը՝ հանց լապտեր երկաթուղային

բանվորի՝ կիսակայարանում կեսգիշերի, նույնն է

ասում․ «Ես այստեղ եմ»։ Ճռիկների խմբերգը՝

հենց նույն լուսնից՝ թեժ, մարգագետիններում

իր տարածքն է գծում։ Մի թուփ՝ բույրով թաքուն։

Աստղերն՝ իրենց ձայնով՝ մարդուն անլսելի։

Կամ իր աղիողորմ ոռնոցով՝ ինչ-որ շուն․․․

Նույնն է անում ահա պոետը կեսգիշերին,

չքնած կամ արթնացած, թղթին․․․ճառագում գիր,

որ Բազմաձայնության մեջ մնա քիչ, հիշելի․․․

Իր երակի կարմիր ներկով գրություն է

թողնում զբոսաշրջիկի պես՝ ինչ պատի պատահի․

«Աստ եղել է պոետը, գուցե՝ Սուրբ Հոգու հետ,

իր կյանքի ամռանը կամ աշնանը թխպոտ»։

Հույս ունի՝ կկարդան ոմանք — ու անհետ

չի կորչի (և կամ էլ կհայհոյեն դժգոհ․․․):

  Իսկապես, ի՞նչ է ձայնը՝ տիեզերական խորխորատներում խորասույզ ․․․

Զավեն  Բեկյան