ԳիտաՆյութ Իսրայել Ասրյան

Ինչպիսի՞ հոտ ունի պատմությունը

12.09.2022

Հետազոտողները անհետացող բույրերը պահպանելու ուղիներ են գտնում: Մյուսները վերստեղծում են դրանք՝ պեղելով դարերերի խորքից:

Անհանգստության քրտինք։ Ձիու մազ։ Թաց խոտ և հող՝ անձրևից հետո։ Ծծմբական միացություններ՝ առաջացած վառոդից։ Ռոզմարին, բերգամոտ և դառը նարինջ պարունակող օծանելիք։ Մի փոքր կաշի։ 

Հնարավոր է՝ հենց այսպես էր բուրում Նապոլեոնի նահանջը՝ Վաթեռլոոյի ճակատամարտի ժամանակ՝ 1815 թվականին։ Համենայն դեպս, սրանք այն տարրերն են, որոնք արվեստի պատմաբան և հոտառության ուսումնասիրող Կարո Վերբիկը  փորձել է օգտագործել բույր վերստեղծելիս՝ համագործակցելով պարֆյումեր Բիրգիտ Սիջբրանդսի և բուրմունքի դիզայներ Բերնարդո Ֆլեմինգի հետ։ 

«Պատերազմները չափազանց գարշահոտ են,- ասում է դոկտոր Վերբիկը։- Զինվորներն իրենց վնասվածքների մասին այնքան չեն գրում, որքան սարսափելի ձայների և հոտերի։ Հետևաբար, մենք ավելի շատ գիտենք դրանց մասին։ Մենք գիտենք նաև, որ մարտի նախօրեին անհանգստության քրտինքի հոտը տարբերվում է սովորական քրտինքի հոտից, գիտենք նաև, որ մարտադաշտում հազարավոր ձիեր են եղել։ Ինչպես և գիտենք Նապոլեոնի օծանելիքի բաղադրությունը, որ նա լիտրերով  օգտագործում էր ամեն օր, իսկ սրվակը պահում էր կոշիկի մեջ»։ Սրանք որոշ մանրամասներ էին, որոնց վրա հիմնվել էր դոկտոր Վերբիկը՝ «Կորսված բույրերի որոնումներում» անվանումով նախագծի վրա աշխատելիս։ 

Հոտերի հետազոտման ոլորտում գիտնականները, նկարիչները, պատմաբաններն ու մշակութային ժառանգության մասնագետները համատեղ աշխատանք են տանում։ Ոմանք փորձում են պահպանել մեր ժամանակների բույրը, հատկապես այնպիսիք, որ կարող են վերանալ մի քանի տասնամյակում։ Այլ մասնագետներ, ինչպես արվեստի պատմության փիլիսոփայության դոկտոր Վերբիկը, աշխատում են որոշ կորսված հոտերի վերածնման և վերականգնման վրա։ 

Սրանք այն ոլորտներն են, որոնց ուսումնասիրության վրա է կենտրոնացել Odeuropa-ն`հոտառական ժառանգության միջազգային հետազոտական կոնսորցիումը, որը վերջերս ստացել է 2,8 միլիոն եվրո դրամաշնորհ:

Մշակութային ժառանգության պրոֆեսոր և Odeuropa-ի նախագծի ղեկավար Ինգեր Լիմանսն ասում է.«Մեզ նաև հետաքրքրում է, թե որոնք են մեր երկրների կամ Եվրոպայի անուշահոտ վայրերը …. Իհարկե, մենք դրանք արագ ենք կորցնում, որովհետև ժամանակը երբեք կանգ չի առնում, բայց թույլատրելի է արդյոք փորձել պաշտպանել այդ վայրերը կամ վերականգնել դրանք … Ինչպե՞ս անցյալը հասցնել քթին»։ 

Պատմությունը լի է հոտերով, որ մենք երբեք չենք կարողանա վերականգնել։ Չնայած դոկտոր Վերբիկի մանրակրկիտ ջանքերին՝ մենք երբեք չենք իմանա Վաթեռլոոյի ճակատամարտի հոտը։ Կամ՝ միջնադարյան Լոնդոնի, 1930-ականների Նյու Յորքի։ Միգուցե մենք նույնիսկ չկարողանանք վերակագնել մեր մանկության բույրերը՝ կապված որոշ վայրերի և վաղուց վերացած բնահատուկ իրերի հետ։ 

Շատ բույրեր արդեն վերանում են, ներառյալ՝ նավթալինի գնդիկների, աշնանը վառվող տերևների կույտի, գրամեքենաների ժապավենների, վաղ արևապաշտպան շրջանի քսուկների խառնուրդների ու նախկին ծխախոտերի հոտերը։ Եվ ի տարբերություն, օրինակ, գույնի կամ երաժշտության՝ հոտն այնքան էլ հեշտ չէ տրոհել՝ ըստ սահմանված համընդհանուր բաղադրիչների։ Չնայած նորագույն տեխնոլոգիան հեշտացրել է հոտի քիմիական միացույթունների արտազատումը՝ հոտերը մեծապես կախված են համատեքստից։ Գործնականում գույություն ունեն անսահման քանակությամբ բույրեր, որ հնարավոր է պահպանել։ 

Բայց հոտը պահպանելու համար պահանջվում է ավելին, քան պարզապես հոտառական ինֆորմացիան։ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կայուն ժառանգության ինստիտուտի գիտաշխատող Սեսիլիա Բեմբիբրեն աշխատում է հոտի արխիվացման համակարգված միջոցի վրա՝ օգտագործելով քիմիայի և ավելի որակյալ գործիքների համադրություն։

Նա այդ մոտեցումը կիրառել է հին գրքերի հոտի առնչությամբ, որը կարելի է բնութագրել որպես ոչնչացման վտանգի ենթակա հոտ։ Առաջին քայլ — փակել գիրքն ու թողնել, որ հոտը խտանա մի քանի օրվա ընթացքում։ Դրանից հետո գազի քրոմատոգրաֆիա-զանգվածային սպեկտրոմետրիա կոչվող տեխնիկան օգտագործվում է յուրաքանչյուր քիմիական միացությունն առանձնացնելու և նույնականացնելու համար՝ ստեղծելով պատմաբանների համար բաղադրատոմսի կամ կաղապարի նման մի բան: Հետազոտողը նաև հարցախույզ է իրականացնում կամավորների շրջանում և խնդրում զգալ տվյալ հոտն ու նկարագրել այն։ 

Դոկտոր Բեմբիբրեն ասել է, որ գիտական մեթոդի՝ համընդհանուր լեզվի և ստանդարտացված տեխնիկայի կիրառումը հոտառության հետ կապված մարտահրավեր է։ «Երբ խնդրում եք կամավորին նկարագրել հոտը,- ասել է նա,- նրանք, որպես կանոն, օգտագործում են բառեր՝ կապված իրենց փորձի հետ։ Օրինակ՝ նրանք ասում են. «Սրանից տատիկիս պահարանի հոտն է գալիս»։ Բեմբիբրեն ուզում է միավորել գիտական մոտեցումն ու մշակութային ժառանգության առավել սոցիոլոգիական ասպեկտները՝ աշխատելով հոտերի արխիվացման հիբրիդային տեխնոլոգիայի վրա։ 

Հոտերի ուսումնասիրման ոլորտը ճանաչվում և ֆինանսավորվում է միջազգային մակարդակով, բայց հոտը, սկսած հին ժամանակներից, ուսումնասիրված է ավելի քիչ, քան մյուս զգայարանները։ Դոկտոր Բեմբիբրեի խոսքով՝ կարող է դժվար լինել համոզել պատմաբաններին, սոցիոլոգներին և այլ հետազոտողներին, թե հոտը նույնքան կարևոր է, որքան ոչ նյութական ժառանգության մյուս նմուշները, ինչպիսիք են պարը կամ կրոնական ծեսը։ «Այս ուղղությունը հիմա թափ է հավաքում, բայց այն մի քիչ տարօրինակ է»,- ասել է նա։ 

Հոտը թանգարանային համատեքստ բերելը կարող է արվեստն ավելի հասանելի դարձնելու ձևերից մեկը լինել: Մարի Կլապոտը՝ Մետրոպոլիտեն թանգարանի թանգարանային գործի կրտսեր մասնագետը, վերջին մի քանի տարին աշխատել է այն ուղղությամբ, որ հոտը ներառվի թանգարանում։ «Շատ բան արվել է հպումով, շոշափելի մոտեցումներով, շարժումներով և ձայնով, և ես հասկացել եմ, որ հոտի ուղղությամբ մենք շատ քիչ ենք աշխատում,- ասել է տիկին Կլապոտը։- Հարցը միայն այն չէ, թե հաճելի է ինչ-որ բանից հոտ քաշելը։ Դա արվեստի առարկան մատչելի դարձնելու եղանակներից մեկն է»։ Նրա խոսքով՝ դա նաև միջոց է՝ արվեստի մասին զրույցի մեջ ներգրավելու մի շարք մարդկանց, որոնց, գուցե, չի հետաքրքրում ավանդական արվեստի պատմությունը։

Տիկին Կլապոտն աշխատել է հոտեր ստեղծելու վրա, որոնք կարող են զուգակցվել առարկաների հետ և ինտեգրվել շրջապտույտներում՝ օգտագործելով յուղի մեջ թաթախված բույրերի ժապավեններ։ Նա ստեղծել է բույրեր՝ ոգեշնչված Պիետրո Բեռնինիի «Գարունը ծաղկի կերպարանքում» քանդակից՝ ներշնչված իտալական գարնան մրգերից և ծաղիկներից, և Պիեռ Բոնարի նկարից, որում համատեղված են տաք և սառը գույներ։ 

«Եթե դուք տալիս եք բույրի խորքային ասպեկտը, դա իսկապես օգնում է մարդուն զարգացնել օբյեկտի պատմությունն ու կերպարը»,- ասել է տիկին Կլապոտը։ 

Այլ հետազոտողներ մոտեցել են հոտի մշակութային պահպանմանը՝ միջավայրի ավելի մեծ ոսպնյակի միջոցով։ «Հոտն աներևակայելիորեն կապված է համատեքստի հետ»,- ասում է Քեյթ ՄըքԼինը՝ Քանթերբերիի Քրիստոս եկեղեցու համալսարանի գրաֆիկ դիզայիները, որ զբաղվում է հոտերի ուսումնասիրությամբ։ «Օրինակ՝ մեզ դուր է գալիս ձկան հոտը ձկան շուկայում, բայց տարօրինակ կթվա, եթե այդ հոտն առնենք հանրային զբոսայգում»։ Դոկտոր ՄըքԼինը փորձում է պահպանել հոտերն իրենց համատեքստում՝ կազմակերպելով «զբոսանք հոտերի մեջ» ամբողջ աշխարհում։ Նա քարտեզագրել է հոտի դրսևորումներ այնպիսի վայրերում, ինչպիսիք են Սթեթեն կղզին և Պամպլոնան՝ կապելով մարդկանց զգայական տպավորությունները տվյալ տեղի հետ։ 

«Երկու դար գարշահոտություն» վերնագրով մի նախագծում նա քարտեզագրել է Ուիդնեսի՝ Ուելսի արդյունաբերական քաղաքի հոտը, որը վերագրվում է 1860-ականներին: Նա հիմնվել է տեղաբնակների և գրավոր աղբյուրների վկայությունների վրա։ Ուիդնեսին երկար ժամանակ բնորոշող հոտերից շատերն առաջացել էին արգելված քիմիական պրոցեսների հետևանքով։ Վերջերս դոկտոր ՄըքԼինն աշխատել է Բրիտանիայում՝ բուժաշխատողների, հիվանդների և բուժառուների հետ, որպեսզի կազմի հիվանդանոցային միջանցքների հոտերի քարտեզը՝ տարորոշելով դրանց ուղղությունները. վառված հավի հոտ՝ սպասասրահից, «հնացած արյան» հոտ՝ վիրահատարանից, «հարմարավետության և ջերմության» հոտ՝ ընդանուր անզգայացումից հետո մատուցված առաջին թեյի բաժակից։ 

Դոկտոր Վերբիկն անդրադառնում է անցյալի հոտերին՝ փորձելով վերականգնել դրանք, ստեղծելով օծանելիք, որ կապված են պատմական իրադարձությունների, մարդկանց և արվեստի ստեղծագործությունների հետ։ Նա որսացել է Հոլանդական ֆուտբոլի թիմի հանդերձարանի հոտը՝ 1988 թվականին Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո. կոկոսի յուղ, քրտինք, շոմպայն, «Fresh Up» անունով օծանելիք, կեղտոտ շորեր և մարմնի լվացման համար նախատեսված միջոցներ։ Նա նաև օգտագործել է հիվանդության պատմությունը, որպեսզի վերականգնի Վիլհելմ Լռակյացի զմռսման հոտը՝ 1584 թվականին սպանվելուց հետո։ «Այդ հոտն իրականում թարմ է, դեղային և հաճելի»,- ասում է դոկտոր Վերբիկը, նշելով, որ նրա զմռսման ժամանակաշրջանում օգտագործվում էին զանազան բաղադրիչներ՝ զմուռս, սուսամբար, եղեսպակ, նարդոս, խնկունի և մուշկ։ 

«Դուք կարող եք լուսանկարել երկրագունդը, բայց դժվար է որսալ հոտը»,- ասել է դոկտոր Վերբիկը։ 

«Եթե դուք նույնիսկ ունենայիք 18-րդ դարի օծանելիքի ամբողջական նկարագրությունը և կարողանայիք վերարտադրել այն, միևնույն է, դա այլ բույր կունենար ձեր՝ 21-րդ դարի մարմնի վրա։ Դա կլիներ և մշտապես կլինի ինտերպրետացիա»,- ասել է դոկտոր Լիմանսը։

Թարգմանությունը՝ Իսրայել Ասրյանի
Նյութի աղբյուր՝ nytimes.com

No Comments

Leave a Reply