Կան ֆիլմեր, որոնք հնարավորություն են տալիս ինքդ քեզ հետ երկխոսել, տեսնել, զգալ, մտովի տեղափոխվել այլ իրականություն, ավելի մոտ լինել լույսին։ Այդպիսինն է նաև ռեժիսոր Վահե Յանի «Տաղ․ հոգու ճանապարհ» հոգևոր-երաժշտական ֆիլմը։ Մի առիթով ամերիկացի դերասանուհի Ռոբին Ռայթն ասել է, որ «Կինոն պետք է առաջացնի մտածելու ցանկություն»՝ նկատի ունենալով հաջողված կինոյի բովանդակային բաղադրիչը։ Վերջին շրջանում միշտ չէ, որ կինոդիտումից հետո մտածելու ցանկություն է առաջանում, բայց այս ֆիլմի դեպքում զգացողություններն ու ապրումներն են մղում մտածելու։ Բացառված չէ, որ շատերն այդպես էլ չընկալեն ֆիլմը որպես ազգային ժառանգությունը պահպանող միջոց։ Պատճառները շատ են՝ ռեժիսորի մոտեցումները ստանդարտ չեն, իսկ ֆիլմում հոգևոր ներկայությունը գերակշռող է։ Բայց և այնպես մենք կարևորեցինք խոսել այս ֆիլմի մասին։
«Տաղ․ հոգու ճանապարհ» ֆիլմը կարող ենք բնորոշել հոգու և մտքի միաձույլ աշխատանքի խտացում։ Ֆիլմի հիմքում Սուրբ Գրիգոր Նարեկացու տաղերն են (սցենարի համահեղինակ և Նարեկացու տաղերի մենակատար՝ Վահե Բեգոյան)։ Գրաբար յոթ տաղերն արտասանվում են նաև աշխարհաբար՝ Խորեն Լևոնյանի, Նազենի Հովհաննիսյանի, Մարջան Ավետիսյանի, Տիգրան Ներսիսյանի, Նելլի Խերանյանի, Սամվել Թոփալյանի, Շանթ Հովհաննիսյանի մատուցմամբ։ Տաղերից մեկի գլխավոր դերակատարը Ռոզի Ավետիսովան է։
Բացի Նարեկացու հինգ տաղերից, ֆիլմում ներառված են միջնադարյան ևս երկու տաղ՝ «Տիրամայրը հանդեպ Խաչի» և «Մարիամ Մագդաղենին», որոնց հեղինակը հայտնի չէ, սակայն գրի են առնվել Կոմիտաս վարդապետի կողմից։
Ֆիլմի սյուժեն կառուցված և ընդգծված է տաղերի իմաստային ընթացքով։ Սա թույլ է տալիս գաղափարական ազդեցությունն ավելի մեծացնել։ Տաղերից յուրաքանչյուրն ունի առանձնահատուկ ինքնատիպություն և անկեղծ ճշգրտությամբ համակցված է դերասանական խաղով։
Հատկանշական փաստ է, որ նկարահանումները յոթ խորհրդանշական, միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներ համարվող վանքերում են տեղի ունեցել, որն էլ ֆիլմի ներքին բովանդակությունն ավելի խորացնելու հնարավորություն է տվել։
Չենք կարող չանդրադառնալ Վահե Բեգոյանի կատարումներին։ Դրանք առանձնահատուկ կերպով կինոպոետիկ միջավայր են ստեղծում, տեսարանները լցնում են ներկայացված իրադարձության սեփական մեկնություններով, էներգիայով, բառին նրբանկատորեն շունչ հաղորդելու վարպետությամբ։
Իսկ վերջում հարց՝ ո՞րն է հոգու ճանապարհը․․․ Երբ ներսումդ պահում ես լո՞ւյսը, թե՞․․․
Պատասխանները փնտրենք ինքներս։
Վովա Արզումանյան
No Comments