ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Ջեյմս Ջոյս․ Էվելին

22.09.2020

«Էվելին»-ը Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիները» (1914) պատմվածքների ժողովածուից է։ Գործողությունների վայրը Դուբլինն է՝ որ­պես «կաթվածի կենտրոն»: Ջոյսը ներ­կա­յաց­նում է քաղաքը, միջին խավի մարդ­կանց, անտարբերության մթնոլորտը, և դա անում է չորս հայեցակետով՝ մանկություն, պա­տա­նե­­կու­­­թյուն, հասունություն և հա­սա­րա­կական կյանք: Նրա հե­րոս­ները չեն կարողանում դուրս գալ փա­կուղուց, փո­խել իրենց կյանքի գու­­­­­­նա­­­­պնակը, բայցև երա­զող են, երազ, որ փա­­­­խուստի աշ­խարհն է: Դուբլինցիները լույս է տեսնում համա­լր­ված` ներ­առելով նախ­­կի­­նում չթարգ­ման­­­­ված պատմ­վածք­ները: Գիրքը ընթերցողին է ներկայացնում «Զանգակ» հրատարակչությունը։ Թարգմանությունը անգլերենից`Արամ Արսենյանի, Արտեմ Հարությունյանի, Գայանե Հարությունյանի։ Գիրքը կարելի է ձեռք բերել երևանյան գրախանութներից։ Առկա է բոլոր խոշոր գրախանութներում։ Գինը՝ 3,400 ՀՀ դրամ։

***

Նա նստել էր պատուհանի մոտ ու դիտում էր փո­ղոց ներխուժող երեկոն:
Գլուխը սեղմել էր պա­տուհանի վարագույրին, ռունգերում փոշոտ կրետոնիհոտն էր: Հոգնած էր:
Անցորդները քիչ էին: Տուն գնաց շենքի վերջին բնակիչը, լսվեցին նրա ոտնաձայները սալահատա­կին, և քիչ հետո դրանք խշրտացին նոր, կարմիր շենքերի առջև ձգվող արահետի խարամի վրա: Մի ժամանակ այդտեղ դաշտ էր, ուր նրանք ամեն երեկո խաղում էին ուրիշ երեխաների հետ: Հետո մի բել­ֆասթցի գնեց դաշտը և տեղը կառուցեց տներ, ոչ թե իրենց շագանակագույն փայտե տնակների նման, այլ պայծառ աղյուսե տներ՝ փայլող տանիքներով: Փողոցի երեխաները սիրում էին խաղալ այդ դաշ­տում: Խաղում էին Դըվայնները, Ուոթըրները, Դան­ները, փոքրիկ կաղ Քյոխը, ինքը և իր եղբայրներն ու քույրերը: Իհարկե Էռնեստը երբեք չէր խաղում: Նա արդեն մեծ էր: Հայրը սովորություն ուներ երեխանե­րին հաճախ դաշտից դուրս քշելու՝ հալածելով իր սև գավազանով, բայց սովորաբար փոքրիկ Քյոխը պա­հակ էր կանգնում և ձայն տալիս, երբ նկատում էր հորը: Բայց կարծես բոլորն էլ բավական երջա­նիկ էին այն ժամանակ: Այդ օրերին հոր վիճակն այնքան էլ վատ չէր, բացի այդ, մայրը դեռկեն­ դանի էր: Դա շատ վաղուց էր: Հիմա ինքը, իր եղ­բայրներն ու քույրերը հասակ են առել, մահացել է մայրը: Թիզզի Դանը նույնպես չկա, իսկ Ուութըր­ները վերադարձել են Անգլիա: Ամեն ինչ փոխվում է: Եվ այժմ, ուրիշների նման, ինքը նույնպես կհեռանա, կլքի տունը:
Տո՛ւն: Նա աչքի անցկացրեց սենյակը՝ զննելով բոլոր ծանոթ իրերը, որոնք մաքրում էր ամեն շա­բաթ՝ այսքան տարիների ընթացքում՝ ամեն անգամ զարմանալով, թե որտեղից է այդքան փոշի հավաք­վում: Հավանաբար այլևս չտեսնի այդ ծանոթ իրերը, որոնցից, երբևէ չէր մտածում, թե կբաժանվի: Բայց այդ, տարիների ընթացքում նա այդպես էլ չիմացավ այն քահանայի անունը, որի դեղնած լուսանկարը կախված էր կոտրված ֆիսհարմոնիայի վերևում՝ պատի վրա՝ սուրբ Մարգրեթ–Մարի–Ալաքոքին տրված խոստումների գունավոր տպագրության կողքին: Նա իր հոր դասընկերներից էր եղել, և հայրը, ցույց տալով նկարը հյուրերին, միշտ ավելացնում էր.
— Նա այժմ գտնվում է Մելբուռնում:
Աղջիկը համաձայնել էր հեռանալ, լքել իր տունը: Արդյոք դա ճի՞շտ քայլ էր: Նա փորձեց հարցը կշռա­դատել բոլոր կողմերից: Տանը, ինչ էլ պատահեր, նա ուներ սնունդ, ապաստան և նրանց, ում միշտ տե­սել էր իր շուրջը: Իհարկե այստեղ աշխատանքը ան­չափ շատ էր, և ոչ միայն տանը, այլև խանութում: Ի՞նչ կասեն իր մասին խանութում, երբ իմանան, որ փա­խել է մի երիտասարդի հետ: Հավանաբար կասեն իր մասին, որ հիմարի մեկն է, իսկ տեղը կզբաղեցնեն հայտարարությամբ: Միսս Գավանը անչափ ուրախ կլիներ: Նա միշտ կշտամբելու առիթ էր փնտրում, հատկապես, երբ շուրջը լսողներ կային:
 — Մի՛սս Հիլլ, մի՞թե չեք տեսնում, որ լեդիները ձեզ են սպասում:
 — Խնդրե՛մ, բարեհա՛ճ եղեք, մի՛սս Հիլ: Խանութից հեռանալը այնքան էլ ցավալի չէր:
Բայց նոր տանը՝ հեռավոր, անծանոթ երկրում, իր դրությունը կփոխվի: Նա ամուսնացած կլինի, նա՝ Էվելինը: Մարդիկ արդեն հարգանքով կվերաբերվեն իրեն, և նա մոր ճակատագիրը չի ունենա: Անգամ հիմա, երբ նա տասնինն անց աղջիկ էր, երբեմն հոր բռնության վտանգն էր զգում: Նա գիտեր՝ սրտի ան­կանոն խփոցների պատճառը դա էր: Երբ փոքր էր, հայրը չէր հարձակվում նրա վրա այնպես, ինչպես սո­վորություն ուներ հարձակվելու Հենրիի կամ Էռնեստի վրա, որովհետև ինքը աղջիկ էր, բայց վերջերս սկսել էր սպառնալ և ասում էր, որ միայն հանգուցյալ մոր անունն է նրան փրկում: Եվ այժմ չկար մեկը, որ պաշտպաներ: Էռնեստը մահացել էր: Հարրին, որ եկեղեցիներ էր նկարազարդում, միշտ զբաղված էր լինում որևէ գյուղում: Եվ հոգնել էր փողի համար շա­բաթ օրվա մշտական վեճերից: Նա միշտ հորն էր տա­լիս ամբողջ աշխատավարձը՝ յոթ շիլլինգ: Նույնն էր անում և Հարրին՝ ուղարկելով, ինչքան կարող էր: Բայց ամենադժվարը հորից մի քիչ փող հետ ստա­նալն էր: Հայրն ասում էր, որ աղջիկը փողը շռայլում է. նա անխելք է, ինքը թույլ չի տա, որ դժվարությամբ վաստակած փողը կորչի, և չէր հանգստանում այդ բոլորով, ասում էր դեռ ավելին, քանի որ շաբաթ երեկո հարբած էր լինում: Վերջում նա աղջկան էր տալիս փողը և հարցնում, թե արդյոք մտադիր չէ՞ կի­րակնօրյա ճաշի համար գնումներ անելու: Հետո Էվե­լինը պետք է տնից դուրս վազեր, ձեռքին՝ սև կաշվե դրամապանակը, հրմշտեր ամբոխը աջ ու ձախ և տուն վերադառնար ուշ երեկոյան՝ կքված գնումների ծանրության տակ: Ծայրը ծայրին հասցնելու համար նա աշխատում էր ամբողջ օրը և բացի այդ՝ հետևում էր իր խնամքին թողնված երկու երեխաներին, որ ճաշեն ու դպրոց գնան ժամանակին: Դա ծանր աշխա­տանք էր, ծանր կյանք, բայց հիմա, երբ նա որոշել էր մի կողմ թողնել այդ կյանքը, այն լիովին ծանր ու ան­ցանկալի չէր թվում նրան:
Որոշել էր նոր կյանք սկսել Ֆրանկի հետ: Ֆրանկը բարի էր, սրտաբաց ու արի: Այս գիշեր ինքը կմեկնի նրա հետ գիշերային նավով, կլինի նրա կինը և կապրի նրա հետ Բուենոս–Այրեսում, որտեղ Ֆրանկը տուն ուներ նրանց սպասող: Որքան լավ էր հիշում առաջին հանդիպումը: Ֆրանկը վարձով ապրում էր գլխավոր փողոցի վրա գտնվող տանը, ուր ինքը հա­ճախ էր այցելում: Թվում էր՝ դա մի քանի շաբաթ առաջ էր: Ֆրանկը կանգնել էր դարպասի մոտ՝ կե­պին ծոծրակին հետ գցած, մազերը թափված էին բրոնզագույն դեմքին: Հետո նրանք ծանոթացան: Նա ամեն երեկո խանութի մոտ սպասում էր Էվելի­նին՝ տուն ուղեկցելու: Ֆրանկը տարավ նրան՝ դիտե­լու «Գնչուհին», և նա, նստելով տղայի կողքին՝ իր համար անսովոր տեղում, իրեն զգում էր յոթերորդ երկնքում: Ֆրանկը սիրում էր երաժշտություն և մի քիչ էլ երգել գիտեր: Մարդիկ գիտեին նրանց փոխա­դարձ համակրանքի մասին, և երբ Ֆրանկը երգում էր նավաստու և աղջկա սիրո երգը, ինքը միշտ հաճելի շփոթմունք էր զգում: Նա աղջկան կատակով Փո­փենս էր անվանում: Սկզբում պարզապես հաճելի էր երկրպագու ունենալը, իսկ հետո Ֆրանկը սկսեց դուր գալ նրան: Նա գիտեր պատմություններ հեռու երկրների մասին և իր կարիերան սկսել էր որպես կրտսեր նավաստի «Ալլան Լայն» ընկերության նավի վրա, որը նավարկում էր դեպի Կանադա: Նա գիտեր այն բոլոր նավերի ու ընկերությունների անունները, որտեղ մի ժամանակ աշխատել էր: Անցել էր Մագե­լանի նեղուցով և պատմություններ գիտեր սարսա­փելի պատագոնցիների մասին: Ասում էր, որ իր գոր­ծերը հաջող են Բուենոս–Այրեսում, և, որ, այցի է եկել իր հայրենիք միայն հանգստի համար: Իհարկե հայրն իմացավ ամեն ինչ և արգելեց աղջկան նրա հետ գործ ունենալ:
— Գիտեմ այդ նավաստի տղերքին,- ասաց նա:
Եվ մի օր հայրը վիճեց Ֆրանկի հետ, և Էվելինը ստիպված էր դրանից հետո գաղտնի հանդիպել:
Երեկոն թանձրացավ փողոցում: Ծնկներին դրված նամակների սպիտակությունը անորոշացավ: Նամակներից մեկը գրված էր հորը, մյուսը՝ Հարրիին: Էռնեստը իր սիրելին է եղել, բայց Հարրիին նույնպես սիրում էր: Վերջին ժամանակներս Էվելինը սկսել էր նկատել հոր ծերությունը: Նա կզգար իր բացակայու­թյունը: Երբեմն նա կարող էր անչափ բարի լինել: Մի քանի օր առաջ, երբ հիվանդ էր, հայրը սարսափ– պատմություններից մեկը կարդաց նրա համար և կրակի վրա հաց տաքացրեց: Մի ուրիշ անգամ, երբ մայրը դեռ կենդանի էր, ողջ ընտանիքով գնացին Հաութի Հիլլ՝ պիկնիկի: Էվելինը մինչև հիմա էլ հիշեց, թե ինչպես հայրը երեխաներին ծիծաղեցնելու համար դրեց մոր գլխարկը:
Ժամանակն անցնում էր, իսկ նա դեռ նստած էր պատուհանի վարագույրի մոտ՝ շնչելով կրետոնի փո­շոտ հոտը: Ներքևից՝ փողոցի մյուս ծայրից, նրա ականջին հասավ փողոցային երգեհոնի նվագը: Նրան ծանոթ էր այդ մեղեդին: Տարօրինակ էր, որ երգը հնչում էր հենց հիմա՝ ասես նորից հիշեցնելով մորը տված խոստումը՝ չլքել տունը այնքան ժամա­նակ, որքան կարող է: Հիշեց հիվանդ մոր վերջին գի­շերը. նա պառկած էր դահլիճի մյուս կողմում գտնվող մութ սենյակում, իսկ դրսից լսվում էր իտալական մի թախծոտ մեղեդի: Երաժշտին վեց պենս տվեցին ու ասացին, որ հեռանա: Հիշեց՝ ինչպես հայրը ինքնա­վստահ քայլելով հետ վերադարձավ հիվանդի սե­նյակը՝ քրթմնջալով.
— Անիծվա՜ծ իտալացիներ: Անգամ այստեղ են հայտնվում:
Եվ երբ պատկերացրեց, թե ինչպես մոր կյանքի խղճալի պահերը իրեն են փոխանցվում, կյանք, որը բաղկացած է եղել ամենօրյա աննկատ զոհաբերու­թյուններից և վերջացել կատարյալ խելագարության մեջ, Էվելինը դողաց, ասես նորից լսեց հիվանդ մոր ձայնը, որ բութ համառությամբ կրկնում էր.
— Դերևո՛ն Սերո՛ն, Դերևո՛ն Սերո՛ն:
Նա սարսափահար տեղից վեր թռավ: Փախչե՛լ: Պե՛տք է փախչել: Ֆրանկը կփրկի իրեն: Նա կտա նոր կյանք, գուցե և սեր: Էվելինը ապրել է ցանկանում: Ինչո՞ւ պետք է ինքն էլ դժբախտ լինի: Նա նույնպես երջանկության իրավունք ունի: Ֆրանկը կգրկի, կսեղմի կրծքին: Նա կփրկի:
Էվելինը կանգնել էր ամբոխի մեջ՝ Նորթ Ուոլ նա­ վահանգստում: Ֆրանկը բռնել էր նրա ձեռքը, և նա միայն զգում էր, որ տղան նորից ու նորից համոզում ու ինչ–որ բան է պատմում ճանապարհորդության մա­սին: Նավահանգիստը լիքն էր զինվորներով ու նրանց մոխրագույն ճամպրուկներով: Նավամատույցի լայն դռան մեջ նա տեսավ խարիսխ նետած, վառ լույսե­րով նավի սև զանգվածը: Էվելինը լուռ էր: Այտերը սառն էին ու գունատ, և դառնության շփոթմունքի մեջ նա աղոթում էր Աստծուն՝ խելքի բերել իրեն, ցույց տալ, թե որն է իր պարտքը: Նավը սուլեց մառախուղի մեջ երկար և ողբալի սուլոցով: Եթե մեկնի, առավո­տյան Ֆրանկի հետ միասին բաց ծովում կլինի՝ Բուե­նոս–Այրես տանող նավի վրա: Տոմսերն արդեն վերցրել են: Մի՞թե այսքանից հետո, ինչ Ֆրանկը արել է, ինքը կարող է հրաժարվել:
Դառնությունից նա սրտխառնոց զգաց, բայց շրթունքները դեռ շարունակում էին շարժվել՝ աղոթե­լով լուռ ու ջերմեռանդ:
Հնչեց զանգը ասես իր սրտում: Զգաց՝ ձեռքը բռնեցին:
— Գնա՛նք:
Աշխարհի բոլոր ծովերը փոթորկեցին նրա սրտում: Ֆրանկը նրան նետում է հորձանքի մեջ, ուզում է խեղդել: Նա երկու ձեռքով կառչեց երկաթե ճաղաշարքից:
— Գնա՛նք:
— Ո՛չ, ո՛չ, ո՛չ: Դա անհնար է: Նրա ձեռքերը խելա­գար ջղաձգումով կառչեցին երկաթներից: Եվ նրան կլանող հորձանուտի առաջ Էվելինը հուսահատ մի ճիչ արձակեց:
— Էվելի՜ն, Է՜վի:
Ֆրանկը անցավ արգելագիծը և այժմ կանչում էր մյուս կողմից, որ նա հետևի իրեն: Նրա վրա գո­ռում էին, որ ճանապարհ տա մյուսներին, բայց նա շարունակում էր կանչել աղջկան: Էվելինը իր գու­նատ, անտարբեր դեմքը շրջել էր դեպի Ֆրանկը, ասես մի անօգնական կենդանի լիներ: Նրա աչքերը ոչինչ չէին ասում՝ ո՛չ սեր, ո՛չ հրաժեշտ, ո՛չ մտեր­մություն:

No Comments

Leave a Reply