Ardi.am-ը ներկայացնում է հատված անվանի նկարիչ Կարեն Սմբատյանի օրագրությունից, որ նա վարել է տարիներ շարունակ։ Դրանցում արվեստագետի խոհերն ու մտորումներն են ամենատարբեր խնդիրների և երևույթների մասին։
Իմ հոր ու Գառնիկ Նիկողոսյանի հետ երկու օր գիշերեցինք պատմության ուսուցիչ Մամեդի տանը։ Ես, որ չէի կասկածում նրանց կենցաղային անմաքրությանը, զարմանքով նկատեցի հակառակը։ Մինչև առաստաղը հասնող անկողինների դարսված շերտերն աչքի էին ընկնում ոչ միայն մաքրությամբ, այլև փափուկ ու նախշուն կարվածքով։ Առավոտյան արթնանալուն պես Մամեդի կինը մեր ձեռքերին ջուր էր լցնում, լվացվում էինք ու նստում թեյի։ Մամեդն ու իր ընկերը՝ Սադխը, հրաշալի էին խոսում հայերեն, իսկ կինը՝ չխոսկան հարսի դերում ամեն ինչ անում էր, որ մեզ լավ զգանք։
Առավոտյան թեյելու պահին մեր թուրք հյուրընկալներին հարցրի Անդրանիկի մասին, որից հայրս ցնցվեց։
— Անդրանիկը լավ մարդ չէր,- խոսեց Մամեդը,- նա մեզ կոտորել է․․․
— Գարեգին Նժդեհն ավելի վատն էր,- ավելացրեց Սադխը ու շարունակեց,- նա չէր խնայում ոչ մեծ, ոչ փոքր, ու բոլորին կոտորում էր։
Ինչևէ։ Թե՛ Զորավար Անդրանիկի, և թե՛ Գարեգին Նժդեհի մասին մեր զրույցն անցավ հավուր պատշաճի սահմաններում․․․հակառակ իմ հոր կտրուկ արձագանքին։
— Այս մարդիկ,- ասում էր հայրս,- տես՝ ինչ ջերմությամբ են մեզ շրջապատել, իսկ դու մեր պատմության ցավոտ տեղերի վրա ես մատդ դնում։ Սրանք ինչո՞վ են մեղավոր․․․
Առավոտյան թեյից հետո բոլորս ելանք զբոսնելու։ Դաշտում հանդիպեցինք մի ծեր նախրապանի, որը քարին նստած ծխում էր։ Նա հարգանքով ոտքի ելավ, ողջունեց մեզ ու հարցրեց, թե ով ենք մենք։ Մամեդը բացատրեց։ Ծերը հանկարծ ցույց տալով իր կտրած ականջը, անսպասելի ժպիտով, ասես հպարտությամբ՝ ասաց․
— Այս ականջս իմ ջահել ժամանակ Անդրանիկն է կտրել իր ձեռքով, այն բանի համար, որ նրա բանակի ձիերից մեկը գողացել էի։ Դրանից փաշան զայրացած ասել էր․
— Եթե գողացված ձին ու ձիագողն առավոտյան իմ առջև չկանգնեն, ամբողջ գյուղը սրի կքաշեմ․․․
— Ահա՛,- գոհունակ ժպիտով խոստովանեց իր մեղքը ծեր թուրքը, ավելացնելով,- լավ էր, որ սրանով պրծա․․․
Այդ ընթացքում ես մտածում էի Տեր-Զորի, Մուսա լեռան, Անդրանիկի, մեր միլիոն ու կես նահատակների մասին, մեզանից խլված հողերի ու արյունարբու թուրքի կեղծավորության ու անմարդկային զարմանալի ներդաշնակության մասին։ Չեմ կարծում, որ անկեղծորեն արցունք թափող այսօրվա թուրքը կարողը է վաղը վերածվել արյունառուշտ ու վախկոտ մի գազանի, որի ձեռքում սուրը չի դող։
1967թ.
No Comments