ԳրաԴաշտ Գրիգոր Ֆերեշեթյան

Խուան Խոսե Արեոլա․ պատմվածքներ

05.05.2025

Թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի

Առակ բարտերի մասին

-Ծեր կանանց փոխարինում եմ նորերի հետ,- բղավում էր առևտրականը, իսկ նրա հետևից գյուղի փողոցով գույնզգույն կառքերի մի ամբողջ քարավան էր քարշ գալիս։

Փոխանակումն արագ էր ընթանում, հաստատուն գներով։ Ցանկացողները կարող էին ծանոթանալ որակի հավաստագրին, բայց ապրանք ընտրել չէր թույլատրվում։ Առևտրականի խոսքերով բոլոր կանայք՝ քսանչորս կարատ էին։ Բոլորը՝ ոչ բնիկ ու շիկահեր։ Եվ ոչ միայն խարտյաշ էին, այլ ոսկեզօծ, ասես ճյուղավոր աշտանակներ։

Հարևանի ձեռք բերածը տեսնելով, յուրաքանչյուրը ողջ ուժով սլանում էր առևտրականի հետևից։ Շատերը հավելավճարով էին փոխանակվում։ Լոկ մի նորապսակ կարողացավ համարժեք փոխանակում կատարել։ Նրա կինը թարմ էր և ոչնչով չէր զիջում արտասահմանուհիներին, թեպետ և շիկահեր չէր։

Դողդոջուն, ես կեցած էի փակ պատուհանի մոտ, երբ տանս կողքով անցավ շքեղ կառքը։ Ամպհովանու տակ, բարձերի վրա ընկողմանել էր հովազանման մի կին, նա կուրացրեց ինձ մեծ տոպազային աչքերի հայացքով։ Տրվելով համընդհանուր խենթությանը, ես արդեն լիովին պատրաստ էի պատուհանից դուրս ցատկել։ Բայց ամաչելով դրանից, շրջվեցի առ Սոֆիան։

Նա ինքնին հանգստությունն էր և նոր սփռոցի վրա ինիցիալներ էր կարում։ Ուշք չդարձնելով փողոցային եռուզեռին, կարը կարի ետևից վստահորեն անում էր։ Ոչ ոք, բացի ինձանից, չէր կարող նկատել, որ նա փոքր ինչ գունատվել է։ Փողոցի ծայրին առևտրականը վերջին անգամ դյութիչ կոչ արձակեց․

-Ծեր կանանց փոխարինում եմ նորերի հետ։

Ես քար կտրած կանգած էի և այդպիսով զրկեցի ինձ վերջին հնարավորությունից։

Ժողովուրդը փողոցում գրգռված էր։

Մենք Սոֆիայի հետ ճաշում էինք լիակատար լռության մեջ՝ ուժ չունենալով բառ իսկ արտասանելու։

-Ինչու՞ դու ինձ չփոխանակեցիր,-  սպասքը տանելով՝ վերջապես հարցրեց նա։

Ի՞նչ ես կարող էի պատասխանել։ Եվ մենք էլ ավելի ընկղմվեցինք լռության վիհը։ Վաղ պառկեցինք, բայց չկարողացանք քնել։ Օտարացած և լռակյաց, մենք գիշերն ացկացրինք, ասես երկու քարե հյուր։

Դրանից հետո մենք Սոֆիայի հետ ապրում էինք բուռն երջանկության ծովում մոռացության մատնված պստլիկ ամայի կղզյակում։ Գյուղը սիրամարգերից զավթված հավանոց էր հիշեցնում։ Ծույլ և հեշտասեր, կանայք ողջ օրը ակնողնում էին անցկացնում։ Նրանք երեկոները փողոց էին ելնում և մայրամուտի ճառագայթներում նման էին դեղին մետաքսե դրոշների։

Ամուսինները, հաճկատար և հնազանդ, րոպե իսկ նրանցից չէին բաժանվում։ Տրվելով հեշտասիրությանը, տղամարդիկ թողեցին բոլոր գործերը և մոռացան վաղվա օրվա մասին մտածել։

Ես կշտամբում էի համագյուղացիներին խելացնորություն մեջ և շուտով զրկվեցի սակավաթիվ ընկերներից։ Բոլորը որոշեցին, որ անհեթեթ հավատարմության օրինակով ես ուզում եմ իրենց դաս տալ։ Ինձ մատով էին ցույց տալիս, շքեղ ստվերոտ անկողնախորշերից բարձր ծանակում էին։ Ինձ վիրավորական մականուններ էին շնորհում, և ի վերջո այդ քաղցրալից դրախտում իրենց ներքինի էին զգում։

 Սոֆիան, իր հերթին, գնալով ավելի փակ և լռակյաց էր դառնում։ Որպեսզի զրկեր ինձ իրեն մյուսների հետ համեմատելու հնարավորությունից, նա հրաժարվում էր ինձ հետ փողոց ելնել։ Եվ ամենավատը՝ մեծ չկամությամբ էր կատարում իր անմիջական ամուսնական պարտականությունները։ Ճիշտն ասած, մեր համեստ օրինականացված սերը երկուսիս համար չարչարանք էր դարձել։

Ամենաշատը ինձ ճնշում էր նրա մեղավոր տեսքը։ Սոֆիան իրեն պատասխանատու էր համարում այն բանի համար, որ ես, մյուսների պես, իրեն նոր կնոջ հետ չեմ փոխանակել։ Հենց ամենասկզբից նա գլուխը մտցրել էր, որ իր սովորական տեսքը չի կարող ազատել ինձ գայթակղությունից, որի մասին միտքը փորփրում էր հոգիս։ Սոֆիան պայքարում էր գեղեցկություն- զավթիչի հետ անհավասր մարտում և նահանջում էր լուռ սրտնեղության ամենահեռավոր սահմանները։ Զուր էի ես համեստ խնայողություններս ծախսում՝ նրան մանր զարդարանքներ, օծանելիք, զարդեր և զգեստներ գնելով։

-Մի խղճա ինձ։

Եվ երես էր թեքում բոլոր նվերներից։ Իսկ եթե փորձում էի նրա աչքերի մեջ նայել՝ արցունքներով էր ողողվում․

 -Երբեք չեմ ների, որ ինձ չփոխանակեցիր։

Եվ մեղադրում էր բոլոր մահացու մեղքերի մեջ։ Ես համբերությունս կորցնում էի։ Եվ հիշելով նրան, որ հովազի էր նման, ողջ սրտով ցանկանում էի, որ առևտրականը նորից գա։

Բայց մի անգամ շիկահերները սկսեցին օքսիդանալ։ Մեր բնակարանի պուճուր կղզյակը վերածվեց օազիսի անապատի մեջտեղում։ Թշնամական, վայրենի բղավոցներով ողողված անապատի։ Առաջին իսկ հայացքից կուրացած նոր կանանց գեղեցկությունից, տղամարդիկ այլևս ոչնչի ուշք չէին դարձնում։ Նրանք իրենց կանանց հարկ եղածին պես չէին զննել, անգամ մտքներով չէր անցել մետաղի որակը ստուգել։ Կանայք ոչ թե երկու-երեք անգամ, այլ Աստված գիտի, թե որքան էին ձեռքեձեռք անցել։ Առևտրականը ինչ-որ կերպ թարմացրել էր նրանց և ծածկել այնքան ցածրակարգ ոսկու բարակ շերտով, որ այն առաջին իսկ անձրևից սկսեց թափվել։ 

Նա, ով առաջինը նկատեց, որ ինչ-որ բան այն չէ, տարակուսանքի մեջ ընկավ։ Երկրորդը նույպես։ Բայց երրորդը դեղագործ էր և կնոջ բուրմունքի մեջ ծծմբատի մեղրի բացահայտ համ նշմարեց։ Անհանգստացած, նա ամենամանրազննին բուժզննում անցկացրեց, և, կնոջ մարմնի վրա բավականաշատ մգացած մասեր հայտնաբերելով, աղեկտուր վայնասուն արձակեց։

Շուտով նման բծեր հայտնվեցին բոլոր կանանց դեմքերին, ասես նրանց շրջանում ժանգի համաճարակ էր անցել։ Ամուսինները թաքցնում էի միմյանցից իրենց կանանց արատները, իրենց մեջ էին պահում բծերի հայտնվելու պատճառների մասին սարսափելի ենթադրությունները։ Բայց քիչ քիչ ճշմարտությունը ջրի երես ելավ, և բոլորը հասկացան, որ կեղծ բան են իրենց վրա սաղացրել։

Նորապսակը, որ երկար էյֆորիայի մեջ էր իր փոխանակումից, վհատության մեջ ընկավ։ Համակված առաջին կնոջ մարմնի անբասիր ճերմակության մասին հիշողություններով, շուտով նա խելքը թռցրեց։ Մի հիասքանչ օր նորապսակը անցավ թթվի լուծույթով ոսկեջրի մնացորդները կնոջ մարմնից մաքրելուն, և նա մումիայի պես սևացավ։

Ես և Սոֆիան մեր հանդեպ համընդհանուր նախանձ և ատելություն հարուցեցինք։ Վախենալով մեր հանդեպ այդքան միանշանակ վերաբերմունքից, ես որոշեցի նախազգուշական միջոցներ ձեռնարկել։ Բայց Սոֆիան չէր էլ մտածում թաքցնել իր ցնծությունը, համընդհանուր վհատոթյան մեջ հրճվելով, նա փողոց էր դուրս գալիս լավագույն զգեստներով։ Պահվածքս ամենևին արժանիքս չհամարելով, Սոֆիան ենթադրում էր, որ ես ոչ թե բարի կամքով եմ իր հետ մնացել, այլ վախկոտությունից։

Այսօր գյուղից առևտրականին որոնելու էր մեկնել խաբված տղամարդկանց շարասյունը։ Դա իսկապես տխուր տեսարան էր։ Հատուցում պահանջելով, տղամարդիկ բռունքներով սպառնում էին երկնքին։ Կանայք՝ թոշնած, ընկճված, սգազգեստ, ասես բորոտ եղերամայրեր լինեին։ Միակ մարդը, որ մնացել էր տանը, արդեն հայտնի նորապսակն էր, որի բանականության համար արժեր երկյուղել։ Մոլագար նվիրվածություն ցուցաբերելով, նա անընդհատ պնդում է, որ միայն մահը կբաժանի իրեն սևացած կնոջից, որին հենց ինքը ծծմբաթթվով փչացրել է։

 Չգիտեմ, թե ինչ կյանք է ինձ սպասվում ոչ այն է հիմար, ոչ այն է ողջմիտ Սոֆիայի հետ։ Շուտով նա երկրպագուների պակաս չի ունենա։

Հիմա մենք ապրում ենք բոլոր կողմերից մենությամբ շրջապատված կղզում։ Նախքան ճանապարհ ընկնելը, տղամարդիկ հայտարարեցին, որ իրենք պատրաստ են նույնիսկ քավարան իջնել, միայն թե գտնեն խաբեբային։ Եվ իրոք, նրանց բոլորի դեմքերը դատապարտված էին։ 

Սոֆիան այնքան թուխ չէ, որքան թվում է։ Լամպի լույսի ցոլքերը ընկնում են նրա դեմքին։ Քնի մեջ նա ոսկեշողում է իր առավելության գիտակցումից։

Դատապարտյալը

Մի քանի շաբաթ ինձ մարզային ամսագրեր և քաղաքային թերթեր էին հասնում, որոնցում բազմիցս հաղորդվում էր վախճանիս մասին։

Էնրիկե Գոնսալես Մարտինես,

«Մարդախույս», XIV, 147-1481։

Երբ ես նրա մահվան մասին հաղորդագրություն կարդացի, ոգևորությամբ համակվեցի։ Իսկույն մտահղացա «Աստվածների ընտրյալը» և կարողացա առաջին երեք ութնյակներն ուրվանշել։ Պոեզիան հասռնեց իմ առջև ասես սրտից անսահմանություն ընթացող մաքուր և պայծառ ուղի։

Հաջորդ օրը, գագաթնակետին հասնելով՝ գործն, իր էությամբ անմիտ լինելով, ավարտվեց։ Երևակայական հանգուցյալը, որ ինձանից ողջ դուրս եկավ, կանգնեց հաջողությանս ճանապարհին։

Այդ ժամանակվանից ես մշտապես պարտություն էի կրում անհավասար մարտում։ Լոկ մի անգամ մեր միակ մենամարտին ես կարողացա թշնամուս դեմ առ դեմ հանդիպել։ Մրցարանը՝ Մարիա Սեֆերինայի ալբոմն է, զենքս՝  ակրոստիքոսը։ Մրցակիցը կոտրվեց հինգերորդ տողում։ Դեղնած էջերը պահպանում են նրա անավարտ բանաստեղծությունը, որին հետևում է հաղթական եռակի ակրոստիքոսս։

Հաղթանակիցս տաս տարի անց մարզային թերթերում մահվանս մասին հաղորդագրություն հայտնվեց։ Որքան էլ դա ցավալի է, այն համապատասխանում էր իրականությանը։ Վերջին տասը տարիներին ես մարտից մարտ ընկրկում էի ՝ ամեն անգամ հեռավոր սահմաններից շարունակ նվազ դիպուկ կրակելով, այնժամ երբ մրցակիցս դափնիներ էր վաստակում։ Այդ ժամանակահատվածում ես հպարտությամբ կարող եմ հիշատակել լոկ՝ Մարիա Սերաֆինային նվիրված «Հարսանեկան սոնետը» (փոքր փոխզիջում վեհանձնության և սրտնեղության միջև), և «Առ առաջընթացը» դպրոցական հիմնի բառերը, որոնք անփույթ կատարողներն ամեն օր խեղաթյուրում են։

Մրցակիցս չճանաչեց տաղանդիս իրական մեծությունը, քանզի ճակատագիրը պահպանեց այն բոլոր վտանգներից, իսկ նրա մահը «Աստվածների ընտրյալի»՝  աներկբայելի գլուխգործոցի ստեղծման միակ պայմանն էր։

Ամեն առավոտ ինձ այցելում են հրեշտակներ և ընթերցում անխոնջ մրցակցիս բանաստեղծությունները, որպեսզի ընդունեմ նրա մեծությունը։ Ընթերցումից հետո, դեռ դատողությունս ձևակերպել չհասցրած, հիշողությունը Մարիա Սերաֆինայի ալբոմում անավարտ ակրոստիքոսի մասին ստիպում է ինձ բացասական կարծիք արտահայտել։ Գլխահակ, հրեշտակները ճախրում են են նոր բանատեղծություններ որոնելու։

Դա շարունակվում է վերջին քառասուն տարիներին։ Համեստ դագաղս զգալիորեն խարխլվել է։ Խոնավությունը, փայտաբզեզն ու նախանձը քայքայում են այն, քանի ես մերժում եմ պոետի տաղանդն ու մեծությունը, որը սպառնում է ինձ իր անմահությամբ։ 

1951

                                                       BABY H. Р

Հարգելի տնային տնտեսուհիներ ձեր երեխաների կենաց էներգիան վերածեք մղիչ ուժի։ Հոյակապ BABY Н. Р-ը՝ սարք, որ կոչված է արմատական փոփոխություն մտցնել տնային տնտեսության մեջ, արդեն վաճառքում է։

BABY Н. Р-ը շատ ամուր և թեթև մետաղից շինվածք է, որը շնորհիվ հարմարավետ գոտիների, ապարանջանների, մատանիների և հանգույցների ամրացվում է երեխայի նուրբ մարմնին։ Այդ հավելյալ կմախքի բոլոր տարրերը որսում են երեխայի ամեն շարժում և նրա էներգիան փոխանցում մի տեղ` փոքր լեյդենյան անոթին, որը, ըստ անհրաժեշտության, կարելի է կրել ինչպես մեջքին, այնպես էլ կրծքին։ Երբ ինդիկատորի սլաքը ցույց է տալիս, որ բանկան լիքն է, հարկ է այն անջատել և միացնել հատուկ ինքնաշարժ լիցքավորման բեռնարկղին։ Այդ բեռնարկղը կարող եք տեղադրել ձեր տան ցանկացած անկյունում, այն էներգիայի հոյակապ ակումլյատոր է, որ ամեն պահի կարելի է օգտագործել ինչպես լուսավորման և ջեռուցման, այնպես էլ բազմաթիվ սարքերի լիցքավորման համար, որոնցով այսօր բերնե-բերան լի են մեր տները։

Այսուհետև երեխաների ձեզ հոգնեցնող եռուզեռին դուք այլ աչքերով կնայեք։ Անգամ հիստերիկ ջղաձգումները ձեզ հունից չեն հանի, քանզի դրանցում էլեկտրոէներգիայի շռայլ աղբյուր կտեսնեք։  Իսկ օրեկան քսանչորս ժամ ծծկեր մանչուկի ոտքերի թափահարումը շնորհիվ BABY Н. Р-ի կվերածվի մի քանի վայրկյան ջրային պոմպի աշխատանքի կամ տասնհինգ րոպե ստերեոֆոնիկ երաժշտության հնչողության։

Բազմազավակ ընտանիքները կարող են բավարարել էլկտրոէներգիայի բոլոր պահանջները՝ իրենց ժառանգներից ցանկացածի վրա մեկական BABY Н. Р. տեղադրելով, և անգամ կարող են փոքր, բայց շահավետ առևտրային գործառնություններ իրականացնել՝ էլեկտրոէներգիայի ավելցուկները վաճառելով հարևաններին։ Մեծ բազմահարկ տներում, բոլոր բեռնարկղերն իրար կապելով, կարելի է լիովին փոխհատուցել կոմունալ ծառայության թերությունները։

BABY Н. Р.-ը չի կաշկանդում և սահմանափակում շարժումները, ուստիև երեխաներին ոչ ֆիզիկական, ոչ հոգեբանական որևէ վնաս չի հասցնում։ Ընդհակառակը, որոշ բժիշկներ կարծում են, որ այն անգամ նպաստում է մարմնի ներդաշնակ զարգացմանը։ Իսկ ինչ վերաբերվում է ոգուն, ապա, նոր անձնական ռեկորդների հասնելու համար երեխային քաջալերելով, կարելի է նրանում առողջ փառասիրություն արթնացնել։ Այդ նպատակների համար մենք խորհուրդ ենք տալիս քաղցր անուշեղեններ, որոնք շահույթով կծածկեն իրենց արժեքը։ Ինչքան ավելի շատ են երեխայի կերակրի մեջ կալորիաները, այնքան ավելի շատ էներգիա է էլեկտրոհաշվիչը խնայում։

Երեխաները պետք է օգտավետ BABY Н. Р-ը օրուգիշեր կրեն։ Հատկապես կարևոր է կրել այն դպրոցում, որպեսզի չկորեն դասամիջոցների թանկարժեք ժամերը, որոնցից հետո ակումլյատորները լիցքավորվում են հավելուրդային էներգիայով։

Լուրերն առ այն, որ որոշ երեխաներ իրենց իսկ արտադրած հոսանքից մահանում են, միանգամայն անհիմն են։ Նույնը վերաբերում է սնահավատ վախին, որ BABY H. Р- ով զինված երեխաները իբր թե ձգում են փայլակներն ու կայծակները։ Նմանատիպ որևէ դժբախտ պատահար իրականում չի կարող տեղի ունենալ, առավել ևս եթե  ճիշտ կատարեք յուրաքանչյուր սարքին կցված հրահանգի բոլոր կետերը։

Տարբեր վերափոխության, չափսերի և գնի BABY Н. Р-ը կարող եք գնել էժան խանութներում։ Ժամանակակից, դիմացկուն և հուսալի սարք է, ունի Իլինոյս Նահանգի  J. Р. Mansfield & Sons ֆիրմայի արտադրողի երաշխիքը։

                                               Նամակ կոշկակարին

Մեծարգո պարոն։

Ես հանգիստ սրտով վճարեցի կոշիկների կարկատման համար այնքան, որքան դուք խնդրեցիք։ Ուստիև նամակը, որն ուղարկելը սուրբ պարտականությունս է, անկասկած, ձեզ կզարմացնի։

Սկզբում ոչինչ չէր վկայում աղետի մասին։ Ես շատ մեծ ուրախությամբ վերցրեցի ձեզանից կոշիկները, ապավինելով դրանց նոր երկար կյանքին, գոհ խնայված գումարից․ ընդամենը մի քանի պեսո՝ գրեթե նոր զույգ կոշիկ։  (Հենց այդպիսին էին մտքերս, և ես դրանցից չեմ հրաժարվում)։

Բայց որքան արագ մարեց ոգևորությունս։ Տուն գալով, ես ուշադիր զննեցի կոշիկները։ Ինձ թվաց, որ դրանք փոքր ինչ կորցրել են ձևը, դարձել կոպիտ և պինդ։ Սկզբում ես այդ փոփոխությանը մեծ նշանակություն չտվեցի։ Չէ որ եթե լավ մտածես, կարկատված կոշիկը միշտ սկզբում ինչ-որ օտար տեսք ունի և գրեթե միշտ ծանր զգացումներ է առաջացնում։

Այստեղ տեղին եմ համարում հիշեցնել, որ կոշիկներս մինչև կարկատումը լրիվ հալից ընկած չէին։ Դուք ինքներդ երկու-երեք գովասանական հաճոյախոսություն արեցիք գործվածքի որակի և կարի ամրության շուրջ։ Շատ էիք գովում և գործարանային մակնիշը։ Մի խոսքով, դուք խոստացաք ինձ վերադարձնել լրիվ նոր զույգ կոշիկ։ 

Անհամբերությամբ համակված, ես չցանկացա սպասել հաջորդ օրվան և ոտնամաններս հանեցի` ձեր խոստումը ստուգելու համար։ Եվ ահա ես նստած եմ հարված ոտքերով և գրում եմ ձեզ այս նամակը, ամենևին չձգտելով թղթին հանձնել բառերը, որոնք սպրդեցին ապարդյուն ջանքերից հետո։

Կոշիկները ոտքերիս մեջ չմտան։ Մնացած մարդկանց պես, ոտնաթաթերս թույլ և զգայուն նյութից են։ Իսկ ես ստիպված էի գործ ունենալ երկաթե կոշիկների հետ։ Չգիտեմ, ինչ արվեստի օգնությամբ եք դուք կարողացել դրանք հագնելու համար անպետք դարձնել։ Հիմա դրանք անկյունում են, ծուռումուռ քթերով, ասես ծաղրը թաքցնելով։

Այսպիսով, դրանք հագնելու բոլոր ջանքերս փոշիացան։ Ես սկսեցի սևեռուն զննել ձեր արածը։ Անկեղծ ասած, կոշկակարության մեջ ես կատարյալ տգետ եմ։ Գիտեմ միայն, որ որոշ կոշիկներ ինձ տառապանք են պատճառել, իսկ մյուսների մասին ես, ընդհակառակը, հիշում եմ քնքշությամբ, ինչպես այ դրանց մասին՝ մի ժամանակ փափուկ և դյուրաթեք։

Ես ձեզ կարկատման հանձնեցի գերազանց կոշիկներ, որոնք մի տարի չէ, որ  հավատարմորեն ծառայում էին ինձ։ Ոտքերս դրանցում զգում էին ինչպես ձուկը ջրում։ Դրանք ավելին էին, քան պարզապես կոշիկներ՝ մարմնիս մասը,  փրկարար ապաստարան, որ քայլվածքիս լայնաթափություն և վստահություն էին հաղորդում։ Դրանց կաշին պաշպանում էր ինձ հիրավի ինչպես իմ սեփականը։ Ճիշտ է, դրանցում արդեն մաշվածության նշաններ էին ի հայտ գալիս։ Նախևառաջ ներբանները՝ այնքան բարակացած, որ պարզ դարձավ․ կոշիկները վերջին օրերն են ապրում։ Երբ այցելեցի ձեզ, ներբանների ծակերից արդեն երևում էին գուլպաները։

            Հետո կրունկները։ Քայվածքս փոքր ինչ ծուռթաթ է, և կրունկներս կրում են այդ հին, այդպես էլ չանցած արատիս հստակ հետքերը։

Մեջս կոշիկների կյանքը երկարաձգելու ջերմ ցանկություն առաջացավ։ Ըստ իս, բնավ ոչ պարսավելի ցանկություն․ ընդհակառակը՝ այն համեստության և անգամ կյանքի առաջ խոնարհության ցուցիչ է։ Դրանք գցելու փոխարեն, ես որոշեցի դրանց երկրորդ կյանք պարգևել՝ անշուշտ ոչ առաջինի պես փառավոր և շքեղ։ Բացի այդ, մարդկանց՝ ոչ շատ հարուստ, կոշիկներ վերանորոգելու սովորությունը, եթե ճիշտ եմ հասկանում, ձեր նմանների modus vivendi -ն է։

Պետք է խոստովանեմ, որ ձեր գործի պտուղների ուսումնասիրումը հանգեցրեց ինձ բավականին տխուր մտքերի։ Ահա դրանցից մեկը․ դուք չեք սիրում ձեր աշխատանքը։ Եթե դուք, մոռանալով վիրավորվածությունը, այցելեք ինձ և ուշադիր զննեք կոշիկները, կընդունեք ճշմարտացիությունս։ Եվ ուշք դարձրեք միջնակարին․ կույրը չէր կարող ավելի վատ անել։ Կաշին կտրված է անբացատրելի անփութությամբ․ ներբանների ծայրերը անհավասար են և վտանգավոր ձևով դուրս են ցցվում։ Ամենայն հավանականությամբ, ձեր արհեստանոցում չկան անհրաժեշտ կաղապարներ․ կոշիկները լրիվ տձևացել են։

Հիշեք․ անգամ մաշված, դրանք աչքին հաճելի ուրվագիծ էին պահպանում։ Իսկ այժմ․․․

Իսկ փորձեք ներսից դրանք շոշափել։ Դուք կհայտնաբերեք տարօրինակ խոռոչ, որի մեջ միայն ինչ-որ սողունի թաթ կմտնի։ Եվ ևս մի տհաճություն․ հենց ոտնամատների մոտ ինչ-որ ելուստ է, ամուր, ասես ցեմենտից։ Ինչպե՞ս է այդպիսի բան հնարավոր։ Ոտքերս, պարոն կոշկակար, սովորական են, այնպիսին, ինչպիսին ձերը  ( եթե, իհարկե, դուք մարդկային էակի վերջավորություններ ունեք)։

Բայց բավական է։ Ես գրեցի, որ դուք չեք սիրում ձեր աշխատանքը․ դա իսկապես այդպես է։ Հանգամանք՝  տխուր ձեզ համար և վտանգավոր ձեր հաճախորդների համար, որոնք ակնհայտորեն հակված չեն իրենց փոքրիկ գումարները քամուն տալ։ 

Նկատեմ, ի դեպ, որ սա գրելիս չեմ առաջնորդվում շահադիտական նկատառումներով։ Ես աղքատ եմ, այո, բայց ոչ մանրախնդիր։ Եվ բնավ չեմ փորձում նամակիս օգնությամբ վերադարձնել ձեր քայքայիչ աշխատանքի դիմաց վճարած գումարս։ Ոչ մի նման բան։ Ես գրում եմ ձեզ ամենայն անկեղծությամբ և պարզությամբ, որպեսզի կոչեմ ձեզ սիրել ձեր մասնագիտությունը։ Ես պատմեցի ձեզ կոշիկներիս ողբերգությունը, որպեսզի ձեր մեջ ակնածանք ներշնչեմ առ ձեզ բաժին ընկած արհեստը, որ դուք սովորել եք երիտասարդ հասակում․․․  Ներողություն եմ խնդրում, չէ որ դուք հիմա էլ դեռ երիտասարդ եք։ Էլ ավելի լավ․ ուրեմն, եթե դուք մոռացել եք՝  ինչպես են նորոգում կոշիկները, դուք ամեն ինչ նորից սկսելու ժամանակ ունեք։

Մեզ այնքան չեն բավում անցյալի ճարտարների նման վարպետները․․․ Նրանք ոչ թե գումարի համար էին աշխատում, այլ ելնելով արհեստի սուրբ օրենքների հանդեպ հարգանքից։ Օրենքներ, որոնք դուք, ձեռքն առնելով կոշիկներս, անարգել եք։

Ես հաճույքով կպատմեի ձեզ իմ հարազատ գյուղի կոշկակարի մասին, որ սիրով և փութաջանությամբ նորոգում էր կոշիկներս մանկությանս հեռավոր ժամանակներում։ Բայց ես օրինակներով ձեզ ամաչեցնելու մտադրութուն չունեմ։

Եվ վերջինը․ եթե դուք զգաք, որ ձեր սրտում ոչ թե նյարդայնություն է ծնվում, այլ զղջում, և որ այն պատրաստ է շարժման մեջ դնել ձեր ձեռքերը, մտեք տունս, վերցրեք կոշիկները, հարկ եղածին պես նորոգեք, և ես ձեզանից որևէ պահանջ չեմ ունենա։

Խոստանում եմ ձեզ, որ եթե ոտքերս վերջապես կարողանան մտնել կոշիկների մեջ, դուք ինձանից փայլուն շնորհակալական նամակ կստանաք, որում ձեզ հիանալի մարդ և օրինակելի կոշկակար կանվանեմ։

Անկեղծորեն Ձեր, և այդպես շարունակ։