(1955, Իսպանիա)
Թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի
Այն բոլոր հաճույքներից, որ կարող էր թույլ տալ իրեն, նրան ամենաշատը մեքենա նստելն ու ժամերով անհայտ ուղղությամբ վարելն էր բավականություն պատճառում՝ կողքից փախչող բնապատկերներին նայելով և իր սիրած երաժշտությունը լսելով: Երաժշտությունն ինքն էր ընտրում, բայց երբեմն էլ թույլ էր տալիս, որ աշխարհն իրեն հրամցնի բաց պատուհանի միջով:
Ինչքան հիշում էր իրեն, միշտ էլ սիրել էր իրականությունից փախչել: Դեռ մանկուց էր այդպես վարվում, երբ ուսուցիչներն անընդհատ ուշադրությունն ինչ-որ բանի վրա էին հրավիրում ու մեղադրում ամպերում սավառնելու համար, և հետագայում էլ շարունակեց նույնն անել, երբ սկսել էր հրատարակչությունում աշխատել, ու խորունկ տաղտուկ զգալ երկրի լավագույնը համարվող հեղինակների բնօրինակներն ընթերցելիս: Բոլորը նրան բովանդակազուրկ էին թվում, թեև նրանց մեծ մասն իրեն խոր էր երևակայում:
Նա քաղաքի արվարձանում էր ապրում ընտանիքի հետ՝ դժգույն կին (կարճ ժամանակում էր հայտնաբերել), որի միակ հետաքրքրությունն իրենց երեխաներն էին, և երկու անչափահաս երեխա՝ տղա ու աղջիկ, որոնց արած միակ բանը տանը եղած ժամանակ ուտելն ու հեռուստացույց նայելն էր: Նա վարժվել էր սրանց ներկայությանը, բայց չէր հարմարվել: Ընդհակառակը, գնալով հեռացել էր նրանցից՝ եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես ու զգայապես: Երբ սրանք հեռուստացույց էին դիտում կամ աննշան բաներից զրուցում ճաշի ընթացքում, նա խորասուզվում էր լռության կամ ժամանակ առ ժամանակ հեռուստացույցի հաղորդած նորությունների մեջ՝ հարձակում որևէ վայրում, քաղաքական որևէ տուրուդմփոց, ֆինանսական նոր սկանդալ… Միևնույն էր, թե ինչ կպատմեին, քանի որ ոչ մի բան նվազագույն իսկ նշանակություն չուներ նրա համար:
Պատանի ժամանակ վեպեր էր կարդում կամ կինոթատրոն մտնում իրականությունից փախչելու համար: Թե՛ մեկը, թե՛ մյուսը գեղեցկացնում էին նրա կյանքը, որն ավելի շուտ տաղտկալի էր, ինչպես բոլոր նրանցը, ում ճանաչում էր: Վեպերում ու ֆիլմերում մարդիկ ավելի բուռն կյանքով էին ապրում, կամ առնվազն նրան էր այդպես թվում: Թերևս դա էր պատճառը, որ երբ հնարավորություն ունեցավ, հրատարակչությունում աշխատանքի ընդունվեց՝ համոզված, որ աշխատանքը շատ հետաքրքիր է լինելու: Պարտադրված ընթերցանությունը նրա համար բացահայտեց մի բանի մեկ այլ կողմը, որ մինչև այդ պահը նրա կրքերից մեկն էր եղել: Փոխանակ թողնելու, որ ընթերցածը կլաներ իրեն, պետք է զգոն լիներ, որ նկատեր սխալները: Ահա այսպես կամաց-կամաց սկսեց ատել գրքերը, ինչպես փողը կատեր այն մարդը,- մտածում էր նա,- որն ամբողջ օրը ստիպված է փող հաշվել:
Երբ տարիքը հասավ, բոլորի նման ամուսնացավ ու ընտանիք կազմեց, ինչը նույնպես չբարելավեց նրա կյանքը: Ընդհակառակը, կյանքն ավելի ողորմելի դարձավ, քանի որ նախկին գորշությանն այժմ էլ ընտանեկան առօրյան գումարվեց: Նրա օրերը սահմանափակվեցին աշխատանքից տուն գնալ-գալով՝ արձակուրդային կարճատև բացառությամբ, որը նույնպես մեծ գայթակղություններ չէր խոստանում: Միշտ հանգստանում էր նույն վայրում, այդ պատճառով էլ արդեն նախապես գիտեր, թե ինչ է լինելու արձակուրդին:
Աշխատանքի գնալիս կամ այնտեղից դուրս գալուց հետո տունդարձի ճանապարհին տեսնում էր իր նմաններին նույն բանն անելիս և օրեցօր աճող ձանձրույթ էր զգում։ Նրան գրավող միակ բանը շրջակայքը դիտելն էր, որն անընդհատ փոփոխվում էր կայարանների ու տվյալ պահի եղանակային պայմանների փոփոխության հետ մեկտեղ: Նա սիրում էր շրջակայքին նայել նաև իր մեքենայից, որը, բացի ընձեռած ապահովությունից, նաև հեռացնում էր իրեն մյուս վարորդներից: Բարձր միացրած երաժշտության և ամբողջ թափով աշխատող շարժիչի հետ իրականությունը մշուշվում էր, ինչպես քնած ժամանակ, կամ էլ այն ժամանակվա նման, երբ դեռ արկածային վեպեր էր կարդում: Դա երանելի զգացողություն էր, որը գնալով անհրաժեշտություն դարձավ:
Սկզբում սահմանափակվում էր բնությունը վայելելով, երբ հրատարակչությունից տուն էր գնում-գալիս: Դա կարճ էր տևում, քանի որ դրանք հեռու չէին իրարից, և այդ վայելքը սկսեց ավելի ու ավելի քիչ լցնել հոգին: Դրա համար էլ նա ինքը սկսեց երկարաձգել վայելքը՝ դիտավորյալ երկարացնելով ճանապարհը, հատկապես հետդարձին, երբ ստիպված չէր գրանցվել, ինչպես աշխատանքի գնալիս: Այդպես ահա սկսեց նոր ճանապարհներ ու թաղամասեր գտնել, որոնք մինչև այդ նույնիսկ ծանոթ չէին նրան, և, բնականաբար, զանազան այլ տեսարաններ, և դա հենց այն էր, ինչ սիրում էր: Հետևում անհետացող քաղաքի հեռապատկերը կամ վերադառնալիս հայտնվող շենքերի խորապատկերը հորիզոնին այնպիսի ապրումներ էին արթնացնում, ինչպես ամենագրավիչ արկածը: Ցավոք, վերջում ստիպված էր տուն դառնալ և վերադառնալ մի իրականություն, որն ավելի ու ավելի քիչ էր դուր գալիս նրան:
Դրան էլ գումարած՝ քանի որ այդ ուղևորությունները սկսել էին հաշվարկից ավելի շատ երկարել, կինը սկսեց կասկածել նրան՝ վախենալով, թե կա մի բան, որի մասին ինքը չգիտի: Նա չէր կարող կնոջը բացատրել, թե ինչ պատճառով է ուշանում: Եթե ոչ մի վատ բան չէր անում, ինչո՞ւ պետք է ստեր: Ուստի շարունակեց իրենն անել՝ ուշք չդարձնելով, որ կինը մշտապես բարկանում էր վրան:
Երեխաները ոչնչից տեղյակ չէին: Հեռուստացույց նայելը կար, դուրս գալու կամ հագուստ գնելու համար փողը կար, և նրանց համար միևնույն էր, թե ինչ է անում նա: Տեսնում էին, որ երեկոյան ամեն անգամ ավելի ու ավելի լռակյաց է գալիս և ամեն օր ավելի ուշ, սակայն անգամ իրենք իրենց հարց չէին տալիս, թե որն էր պատճառը: Կինը նույնպես դադարեց հարցնել: Վախենում էր, թե մի բան կատարվում է, սակայն նրա լռությունը տեսնելով, գերադասում էր հարցեր չտալ: Ուստի ընթրիքները սահմանափակվեցին հեռուստացույցով ընդմիջվող անկարևոր ու անհրաժեշտ խոսակցություններով: Եվ նույն բանն էր տեղի ունենում հետո, երբ այր ու կին իրենց ննջարանն էին գնում:
Եվ դա պատճառ դարձավ, որ է՛լ ավելի շատ տարվեր մեքենա վարելով: Անգամ կիրակի օրերին, երբ առաջ դուրս չէր գալիս տնից (շատ հազվադեպ՝ ընկերներից որևէ մեկի հետ ճաշելու), դուրս էր գալիս մեքենայով շրջելու՝ դժգոհություն պատճառելով կնոջը: Տասնյակ կիլոմետրեր էր անցնում և ավելի մեծ հաճույք ստանում, քանի որ շատ քիչ մեքենաներ էին լինում փողոցներում: Նաև մայրուղիներում, որոնց սկսում էր քիչ-քիչ ծանոթանալ, մինչև իսկ այլ շրջանների մայրուղիներում, որոնց ծանոթանում էր իր գործունեության շրջանակը լայնացնելուն զուգընթաց: Եկավ մի պահ, երբ ավելի քան երեք հարյուր կիլոմետր անցավ այն ընթացքում, երբ ընտանիքը հեռուստացույց էր դիտում:
Բայց նույնիսկ այդ պտույտները սկսեցին քիչ թվալ: Նա կարիք ուներ ավելի ու ավելի երկար ժամանակ մեքենա վարելու, ինչպես հարբեցողը կամ թմրամոլն են ամեն անգամ ավելի շատ ալկոհոլի կամ թմրանյութի կարիք զգում: Նրա ալկոհոլը բնապատկերներն էին, իսկ թմրանյութը՝ վարելը: Եվ երաժշտությունը, որ խառնվում էր դրանց՝ աշխարհն ուրիշ մի բան դարձնելով:
Եվ տարօրինակ չէ, այս ասվածով հանդերձ, որ մի կիրակի կեսօրից հետո դուրս գար տնից՝ մեքենա վարելու (ամառ էր, և աշխարհն ամայի) ու կեսգիշերին դեռ վերադարձած չլիներ: Կինն անհանգստացավ և ոստիկանություն զանգեց, սակայն ոչինչ չհաջողվեց իմանալ նրա մասին: Հաջորդ օրը հրատարակչությունում նրա սեղանը դատարկ էր և այդպես էլ մնաց, մինչև որ նրան փոխարինեցին: Իսկ տանը, անշուշտ, չփոխարինեցին, որտեղ կինը մինչև հիմա էլ համոզված է, թե փախել է ուրիշ կնոջ հետ, և դրա համար էլ երբեք չի զանգում: Երեխաներն էլ իրենց հերթին սկզբում մի փոքր տրտմեցին, բայց շուտով վարժվեցին ուշ երեկոյան նրան տանը չտեսնելուն: