Արցախ ԳրաԴաշտ

Կորյուն Սերգոյան․ Թռիչքաչափ սեր

19.02.2023

Բանաստեղծությունը հոգեվիճակ է, բառ է, երևույթ է երբեմն, որ գտնում է ապահով հոգիներ և ապրում այնտեղ։ Բանաստեղծությունը կեղծավորություն չի սիրում, չի ընդունում մտացածին ձևորդումներ և անբնական խոտորումներ։ Բանաստեղծությունը հսկա, անկաղապար ընթացք է, որ երբեմն թռիչք է, իսկ քայլելիս` քայլ, խոսելիս բառ է, լսելիս` մեղեդի… Եվ բանաստեղծություն կրողներն են, որ ապրում են խղճի հետ զրուցելով… Ասես, իրենցից ամեն օր մի թռիչքաչափ սեր են բառ դարձնում…

Կորյուն Սերգոյան…. Հրամանատար, որը շուրջ քսաներեք տարի ծառայեց հայոց բանակին` իբրև սպա, ընկեր, ուսուցիչ, բարեկամ, և 2020-ի սեպտեմբերի 30-ին ընկավ` իբրև… հերոս։ Ներկայացնում ենք Կորյուն Սերգոյանի բանաստեղծություններց։
Մարինե Թաթոյան

ՀԱՅԸ
Ծխե վարսերով քամին տխրադեմ`
պատանու քունքին քսեց մի կարոտ։
Մայրաբար գրկեց դյութանքն ամպակար,
արցունքով լցրեց աչքերը վառվող…
Պատանին ցնցվեց,
և ցավն արնագույն` ակոսեց
վսեմ Ճակատը` հրով, համբույրով լցված…
Պատանու սիրտը լցվեց ձայների արձագանքներով։
Մրրիկ դարձավ նա
ու տուն սլացավ…
Ոսոխն արյունով երախը լցրել,
օջախի ծուխը հրճվանքով մարել,
անգութ կրքերը գամել տան շեմին` հաճույք էր լափում…
Շենը` այրվող սեր, արյուն ու ավեր…
Ծնողը` մարված, քույրը` անծես դի…
Երդվեց պատանին` ցավագար ու գիժ`
Ծնողների սուրբ արյունով հեղված,
և քրոջ անմեղ աճյունով պղծված,
Որ վայր չի դնի զենք ու արնոտ սուր…
Տարիներն անցան։
Պատանու կապույտ երազանքների ամպերը արյան ստվերներ դարձան,
արցունքը ընդմիշտ` խելահեղ դեմքին…
Մարդկային արյուն խմեց երազում…
Ուզում էր արնոտ բերանը սրբել…
Բայց զարմանքի պես անցավ գորշ քամին։
Հայրը վախեցած` երկինք կարկառեց ձեռքերը` ողբով, աղերսով լցված…
Դուրս վանեց որդուն`
Հայը քեզպեսին վայկուն է ասում,
դե’ն նետիր սուրը,
վերցրու’ արորը,
թող ծաղկի կյանքը քո շուրջբոլորը…
Տարիներն առած իմաստուն մեջքին, վայրի ոռնոցը սրտում ավերած,
տղան դեն նետեց սուրը ցավահաճ
Ու գիրկը բացեց կյանքին գրկաբաց…
                                     10. 02. 2000թ.

***
Ուզում եմ խելառ սիրահարի պես`
Համայն աշխարհին սերս գովերգել,
Ուզում եմ սիրո հույզերով ցողվել,
Երկնի լազուրում անվերջ սավառնել…

ՀՈՒՇ ԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Տարիներն անցնում, հոսում են արագ…
Նվեր են թողնում մի կամուրջ բարակ։
Բարակ մի կամուրջ, որ կոչվում է հուշ,
Որում լուծվում են և’ մետաքս, և’ փուշ։
Որի դողդոջուն, ջերմ երակներում`
Սառը հորձանքի վայրի գրկի մեջ,
Մասնատվում ենք մենք…
Տարիների պես` քրքիջով անափ,
Հոսում է գետը` թևերս առած…
Այս հորձանքը մեզ հեռու կտանի,
և հուշը թախծոտ կճոճվի վերից…
Բեր, վստա’հ քայլենք, միշտ բարի ու լավ,
Թիկունքից երբեք չհյուսենք սև դավ…
Բե’ր, ծիրկաթինոտ մեր ուղին անվախ`
Միշտ արդար պահենք,
Մեր աղուհացը ամոթով չանենք։
                             10. 08. 2000թ.

***
Դու հիմա սառն ես, ինչպես չասված խոսք,
հեռու, ինչպես անօդ տարածություն,
անհաղթահարելի տենդերով լեցուն, ինչպես անքուն գիշեր…
Դու իմ վերարկուն ես, որը հագնում եմ ամեն առավոտ,
որ քամին չգրկի ոսկորներիս կառչած դողացող կարոտը,
որ չմրսես պարանոցիս տաք ակոսներին, աչքերիս անհունության ու ափերիս անքեզ տարածության մեջ…
Դու լիքն ես իմ մեջ…
Իմ քայլերի վկան ես…
Եվ աչքերդ…
Աչքերդ ծովի պես ձգում են ինձ…
Ուր որ է կխորտակվեմ քո աչքերի ու փողոցով քայլող անցորդների պատահականության ալիքների միջև..
Դու ուրիշ մեղեդի ես ափերիս,
մենությանս երազների լույսն ես,
որին չեմ գտնում…
Դու մարդ ես, կարեկից հոգի, որը շրջապատին ջերմություն է տալիս` փոխարենը չպսհանջելով ոչինչ…
Ես վերցնում եմ իմ և քո միջև եղած անսահման տարածությունը…
դու իմ գրկում ես…
Ես արտասվում եմ,
Ես ծիծաղում եմ,
Ես ապրում եմ քո կողքին…
Ես թռչում եմ կարոտիս թևերով։
Հոգիս թևեր ունի, այո…
Բայց ես ուզում եմ քեզ տեսնել….

***
Ծառուղում կանաչ`
ստվերդ պտտում,
պտտվում էինք…
ես` երազներում,
դու` ափերիս մեջ։
Թափառում էինք…
Եվ սերը վաղուց գավաթների մեջ
պռնկեպռունկ լցված ստի պես`
արբում էր մեզնով…
Կարոտում էինք`
ես` քո վարսերի ալեծուփ ծովը,
դու` իմ աչքերի արցունքոտ հեռուն…
Երազում էինք…
ես` վաղն աչքերիդ,
դու` սերս տաքուկ…
Ափերիս հողմը արդեն գիտեր քեզ,
և բքախառը հուշերս գիտեն քո երգի դողը…

***
Չգրկած սերդ կորցրածի նման
ողբում եմ, լալիս,
անզոր զայրույթից հոգիս ծվատում և…
սիրում եմ քեզ…
                       11. 05. 1999թ.

***
Սառը, անպաճույճ, սպիտակ պատեր.
Կուզեի կրկին սև գիշեր պատեր…
Օ՜, սուրբ հրեշտակ, քեզ տեսա նորից`
Ճերմակ զգեստով քնքուշ հարսնացու։
Քնքուշ ուժգնությամբ ափերիս առա…
Սուրբ խաչի առջև մենք ծնկի եկանք.
Քաղցր ժպիտը դեմքդ պարուրեց,
Սիրո գգվանքը մեզ մեղմ օրորեց…
Սիրուն գլուխդ կրծքիս սեղմեցի,
Փխրուն իրանդ հույզով գրկեցի…
Սառն, անհրապույր, սպիտակ պատեր..
Երանի նորից սև գիշեր պատեր,
Երանի երբեք «Վերկաց» չհնչեր,
Երազում, թեկուզ, թող շունչս փչեր…
                             27. 10. 1999թ.

No Comments

Leave a Reply