Ardi.am-ի զրուցակիցը լուսանկարիչ Էմին Արիստակեսյանն է:
— Լո՞ւյս, թե՞ ստվեր․․․
— Կարծում եմ՝ թե՛ լուսանկարչության մեջ, թե՛ կյանքում ամենաճիշտը հավասարակշռությունն է, ու տվյալ դեպքում չի կարելի առանձնացնել լույսը կամ ստվերը, քանի որ մեկը իմաստավորում է մյուսին։ Պետք է լինի լույսի- ստվերի ճիշտ հավասարակշռություն, որ ստեղծվի ճիշտ ծավալ, ճիշտ խորություն։
-Սև-սպիտա՞կ, թե՞ գույներ․․․
— Շատերին թվում է, որ ես մեծ մասամբ նկարում եմ սև ու սպիտակ։ Դրանում ճշմարտության չափաբաժին կա, բայց ոչ լիովին։ Լուսանկարչության մեջ ինձ համար սև ու սպիտակը կա ու կլինի գերիշխող, քանի որ դրանում ես տեսնում եմ բոլոր գույները, ինչն ինձ ավելի մեծ ազատություն է տալիս ստեղծագործելու։ Բայց եթե ես տեսնում եմ մարդու մեջ այնպիսի գույներ, որ անհնար է ու անթուլատրելի է բաց թողնել, անշուշտ, ցույց եմ տալիս։ Այնպես որ, հիմնականում սև- սպիտակ, բայց եթե գույներ, ուրեմն՝ շատ անկեղծ, շատ իրական։
— Լուսանկարը վավերագրու՞մ է ժամանակը։
— Այո, իհարկե, ու էական չէ՝ որ ժանրի լուսանկարչության մասին է խոսքը։ Կա վավերագրական լուսանկարչություն, բայց, օրինակ, արտ-լուսանկարչության ժանրը (որով ես ստեղծագործում եմ) անմահացնում է տվալ ժամանակահատվածում ապրող մարդկանց զգացմունքները, մտքերը, խնդիրները, ոճը, ճաշակը, ինչը նույնպես կարելի է համարել վավերագրություն։
— Երբ ինչ-որ հետաքրքիր պահ եք բաց թողել․․․
— Իրականում նման դեպքեր քիչ են լինում, քանի որ իմ լուսանկարչության առանձնահատկությունը մի քիչ այլ է․ ես աշխատում եմ մոդելների հետ՝ մեծ ֆոտոսեսիաների կամ արտ-նախագծերի շրջանակում, ինչը ինձ տալիս է անսահմանափակ ժամանակային հնարավորություն՝ աշխատելու մարդու հետ ու բաց չթողնելու կարևոր ապրումներն ու պահերը։ Վավերագրողների ու սթրիթ-լուսանկարիչների համար ամեն վայրկյանը չկրկնվող կադր է։ Ինձ համար ցավոտ է կորցնել ոչ թե պահը, այլ հերոսին, քանի որ ես շատ դժվար եմ գտնում մարդկանց, որոնց ներաշխարհն ու ներքին գույները համապատասխանում եմ իմ ստեղծագործական աշխարհին։ Երբ տարբեր պատճառներով կորցնում եմ նման մարդկանց, այ դա իսկապես ցավալի է։
— Ձեռագիր․․․
— Լուսանկարչությունն ինձ համար ոչ թե աշխատանք է, այլ ապրելակերպ․ ինչպես ես եմ փոխվում կյանքի ընթացքում, նույն կերպ փոխակերպվում ու էվոլյուցիա է ապրում իմ ձեռագիրը, ու այդ ընթացքին հետևելը շատ հետաքրքիր է։ Կյանքի տվյալ հատվածում ես կարող եմ ինձ անվանել մարդկային հոգիների կոլեկցիոներ․ քանի որ լուսանկարելու իմաստը մարդուն բացահայտելն է, հոգուն դիպչելը, ներթափանցելն այնտեղ, որտեղ քչերը կարող են հասնել։
Լուսանկարչությունն այն մոգական միջոցներից մեկն է, որ թույլ է տալիս գեղեցիկ, անվնաս դիպչել հոգուն՝ իրենից հետո թողնելով արվեստի գործ։
— Ինչպե՞ս ծնվեց Monologue նախագիծը, խաղարկված փոքրիկ ֆիլմե՞ր են, թե՞, այդուհանդերձ, վավերագրություն, զգացմունքների վավերագրություն։
— Monologue-ը սկիզբ է առել 2019-ին, մինչև գործնական նկարահանումները շատ երկար խմորման գործընթաց է անցել։ Երկար փնտրում էի հիմնասյուները՝ գաղափարը, հայեցակարգը, որոնց վրա պետք է հիմնվեր նախագիծը։ Երբ արդեն անցանք նկարահանումներին, հենասյուներին հիմնված նախագիծը սկսեց ապրել իր կյանքով։
Այստեղ կա յուրօրինակ էքսպերիմենտ՝ միավորելու իրարից շատ տարբեր ժանրերը՝ լուսանկարչությունը, արթ-վիդիոն, վավերագրությունը, հոգեբանությունը։ Monologue-ի բուն նկարահանումը լիարժեք վավերագրություն է․ ոչ մի հերոսի հետ նախապես չենք ծրագրում՝ ինչ է նկարահանվելու, սցենար չի մտածվում, ամբողջ նկարահանումը արվում է մեկ դուբլով, առանց ստոպ- կադրերի ու կրկնակի նկարահանման փորձերի։
Նկարահանման ընթացքում թողնում ես մարդուն ինքն իր հետ՝ իր էմոցիաներով, և ամբողջը, ինչ կատարվում է Monologue-ի տեսանյութերում, մարդու ինքն իր հետ շփման առավելագույն բնական պրոցեսն է։ Չկան ռեժիսոր, սցենարական դետալներ։ Վավերագրական նկարահանում է։ Որովհետև այս նախագծի իմաստն է՝ ցույց տալ մարդկային էությունը, թե ինչպիսին են նրանք առանց բառերի, իրենց մարմնի էմոցիաների լեզվով։ Բայց երբ հերթը հասնում է հետաշխատանքային փուլին, այստեղ խաղի մեջ է մտնում արթը․ մոնտաժը, երաժշտությունը, որ գրվում է նախագծի համար, այդ ամենն արդեն արվում է արթ-կանոներով։ Այսինքն՝ 30-վայրկյանանոց տեսանյութը հավաքվում է վավերագրական այդ նկարահանումից, հետո արդեն, կարելի է ասել, իմ ընկալումն է՝ հերոսի առանց բառերի, մարմնի լեզվով պատմածի։ Այնպես որ, Monologue-ն իրենից ներկայացնում է վավերագրություն, արթ-վիդիո և լուսանկարչություն։
— Կադրում և կադրից դուրս արված ամենահետաքրքիր էքսպերիմենտները։
— Կա մի այսիպիսի արտահայտություն․ այն, ինչ կատարվում է արվեստանոցում, մնում է արվեստանոցում։ Նաև այդ գիտակցումն է արվեստանոց եկողին լիարժեք արտահայտվելու հնարավորություն տալիս։ Դրա համար շատ բաներ կան, որոնց մասին ես չեմ կարող խոսել։ Իսկ այն ստեղծագործությունները, որոնք ներկայացվում են հանրությանը, առավելագույնս անկեղծ են, եթե անգամ ունեն էքստրեմալ կամ առանձնահատուկ արտահայտում։ Չկա նպատակ ստանալու պատկեր հանուն պատկերի, ամենի հիմքում մարդկային զգացմունքներն են, էությունը, հոգին։
— Նախագծի ձևաչափը՝ մենախոսություն առանց բառերի, մերկ ուսերով։ Մերկությունը չի՞ շեղում հիմնական ասելիքից։
— Այն, որ կադրում հագուստ չի երևում, հոգեկան մերկության, անկեղծության խորհրդանիշ է, կասեի նույնիսկ, որ օգնում է, քանի որ հագուստը պաշտպանիչ շերտ է և երբ հանվում է, ու մարդը ապահովություն է զգում, նա ավելի է բացում հոգին։
— Արգելքներ լուսանկարելիս․․․․
— Ես չեմ լուսանկարում այն տեղերում, որտեղ ինձ չեն սպասում, այն մարդկանց, որոնք չեն ուզում, որ ես իրենց լուսանկարեմ։
— Հիշու՞մ եք հետաքրքիր կամ զավեշտալի դեպք լուսանկարելիս։
— Մանկական երկաթուղի էինք գնացել՝ նկարահանելու։ Գետը ցամաքած էր, հերոսուհին գետի մեջտեղում մի քարի վրա էր նստել ու կադրեր էինք անում։ Նկարահանելիս գետի ջուրը բաց թողեցին, շատ արագ գետի ամբողջ հունը լցվեց, ջուրը վարար էր, ու մենք հասկացանք, որ հերոսուհին ուղղակի չէր կարող միայնակ, առանց օգնության ափ հասնել։ Ստիպված էինք կանչել փրկարարներին, որոնք հերոսուհուն բարեհաջող հասցրին ափ։ Իսկ մենք նկարահանումը շարունակեցինք ու շատ սիրուն ստացվեց։
— Ձեր ամենահաջողված լուսանկարը։
— Լուսանկարելիս ես հասկանում եմ, որ փնտրում եմ իմ կյանքի միակ ու ամենաիդեալական կադրը։ Այն պահին, երբ զգամ, որ այդ կադրը գտել եմ, հավանաբար չդադարեմ լուսանկարելուց։ Իսկ առհասարակ, քիչ լուսանկարներ կան, որ իսկապես սիրում եմ, 2015-ին նկարեցի մի կապուտաչյա աղջկա աչքեր, և դա համարում եմ իմ ամենահաջողված աշխատանքներից մեկը, առանձնահատուկ սիրում եմ։
— Ամենահայտնի լուսանկարը․․․
— Ճիշտ չի լինել իմ լուսանկարները առանձին դիտարկելը, ավելի շուտ նախագիծ կմատնանշեի։ 2015-ին Կամերային թատրոնում ցուցադրվեց իմ «Մի սենյակի պատմություն» նախագիծը, որը մեծ տարածում ունեցավ ու հետաքրքրություն առաջացրեց։
— Եվ ամփոփելով՝ ի՞նչ է լուսանկարչությունը։
— Կյանքը ապրելու կերպ, օդ, որով շնչում եմ։
— Ցուցահանդես․․․
— Ունեցել եմ երեք անհատական ցուցահանդես (2013, 2015, 2017)
— Ծրագրերի մասին։
— Կարող եմ ասել, որ հիմա էներգիան ու ներուժն ուղղված են Monologue -ի առաջին փուլի բարեհաջող ավարտին։ Monologue—ը մեծ նախագիծ է, որ ներառում է թե՛ ֆոտոնկարահանում, թե՛ մոնտաժ, թե՛ երաժշտության ստեղծում ու ձայնագրում․ մեծ թիմ է ներառված նախագծում։ Հետագայում կլինեն թե՛ նոր նախագծեր, թե՛ Monologue-ի շարունակությունը, թե՛ ցուցահանդեսներ։ 2020-ին իմ ստեղծագործական գործունեության 10-ամյակին նվիրված ցուցահանդես էր նախատեսվում, բայց չկայացավ համավարակի և պատերազմի պատճառով։ Գուցե մոտ ապագայում մեծ ծավալով ցուցահանդես լինի։
— Աշխատանքային գործունեություն․․․
— Արդեն 11 տարի է՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր լուսանկարիչն եմ ու երջանիկ եմ, որ աշխատում եմ սիրածս մասնագիտությամբ։ Վայելում եմ ամեն աշխատանքային օրս։
Արմինե Սարգսյան
Անի Անտոնյան
No Comments