Արմինե Սարգսյան ԼուսաԳիր

Լուսանկարչի արվեստանոց․ Սուրեն Սարումյան

17.02.2022

Ardi.am-ի զրուցակիցը գրող, լուսանկարիչ Սուրեն Սարումյանն է։ «Տելեգրամ» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում արցախցի լուսանկարիչը հայտնի է «Ֆոտո-Արցախ» անվամբ։

— Ինչո՞ւ «Ֆոտո-Արցախ»։

— Որքան էլ որ պարզունակ հնչի՝ «Ֆոտո-Արցախ» անվանումը պետք է հասկանալ բառացի. այն լուսանկարչական նախագիծ է, որի իրականացման վայրը Արցախի Հանրապետությունն է:

— «Տելեգրամում» լուսանկարներիդ  «Ֆոտո Արցախ»  էջին  հետևում են նաև արտերկրի՞ց։

— Էջի հետևորդների մեծ մասը Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներն են, սակայն կան նաև ռուս, անգլիացի, իտալացի, ամերիկացի, ճապոնացի, պարսիկ հետևորդներ: Իհարկե, ես նման վիճակագրություն չեմ վարում, իսկ հետևորդների աշխարհագրության մասին դատում եմ հաշվի առնելով իմ շփումը նրանցից առավել ակտիվների հետ:

— Արցախի մասին պատմող լուսանկարներդ  հիմա ուրի՞շ իմաստ են ստացել։

— Լուսանկարի իմաստն այն դիտողի աչքերում է: Ձևի առումով լուսանկարը գեղարվեստական հարթության վրա ըստ կոմպոզիցիայի կառուցման սկզբունքների սփռված բծերի և գույների ամբողջություն է: Ստացված լուսանկարը նախ և առաջ դուր է գալիս դիտորդի ենթագիտակցությանը. տեսողական հավասարակշռությունը կամ հեռանկարը ընկալելու ունակությունը մարդու նյարդային համակարգի բնածին հատկություններից մեկն է: Ըստ իս՝ սա լուսանկարի ընկալման առաջին շերտն է, հաջորդ փուլում «խաղի» մեջ է մտնում նաև մարդու կենսափորձը: Իհարկե, այդ փուլում լուսանկարի իմաստը փոխվում է մշտապես: Տեսեք, օտարերկրացին, ով ոչինչ չգիտի մեր պատմության մասին, կարող է հիանալ՝ նայելով Հադրութի Վանք գյուղի «Սպիտակ խաչ» եկեղեցու լուսանկարին: Նրա զգացած գեղագիտական հաճույքի «մեղավորը» տեսողության նյարդաֆիզիոլոգիան է. ոսկե համամասնության օրենքը, S-աձև կորերը, գունային կոմպոզիցիան կամ հեռանկարը կառուցելու եղանակները լուսանկարչի համար գործիքներ են, որոնց օգնությամբ նա կարողանում է «կառավարել» իր դիտորդի աչքը: Սակայն մեր պատմության շրջապտույտում այս կամ այն կերպ գտնվող դիտորդի համար նույն լուսանկարը ձեռք է բերում նաև այլ իմաստ. եթե Վանք գյուղի «Սպիտակ խաչ» եկեղեցու պատկերն, օրինակի համար, նախկինում արթնացնում էր հպարտության զգացողություն, հիմա այդ լուսանկարը նաև կորստի ցավի խորհրդանիշն է: Հուսամ, որ նման լուսանկարները հնարավորինս շուտ դառնալու են վերադարձի խորհրդանիշ:

— Փոքրացե՞լ է աշխարհագրությունը նկարներիդ։

— Լուսանկարների աշխարհագրությունը, ցավոք սրտի, փոխվել է:

— Ի՞նչ բնորոշումներ են տալիս  աշխատանքներիդ․․․ ասենք՝ մոգական ռեալիզմ ․․․

— Մոգական ռեալիզմը, սյուռեալիզմը, մինիմալիզմը, իմպրեսիոնիզմը և մյուս բոլոր -իզմերը իրականության մեջ հանդիպում են ամեն քայլափոխի: Իհարկե, առօրյա կյանքն ունի դրանք քողարկելու հատկություն: Կարելի է ասել, որ մարդն հաճախ անցնում է գանձերի մոտով՝ որևէ ուշադրություն չդարձնելով դրանց վրա: Դրանք նշմարելն ու դրանց գեղարվեստական ձև հաղորդելն այնպիսի հետաքրքիր ու ոչ դյուրին խնդիր է, որին կարելի է նվիրել ամբողջ կյանքը:

— Լո՞ւյս, թե՞ ստվեր…

— Ե՛վ լույս, և՛ ստվեր:

— Ինքնանկար ․․․

— Ինքնանկար անելու ցանկություն երբևէ չեմ ունեցել:



— Ամենահաջողված լուսանկարդ։

— Իմ լուսանկարներն ինձ չեն գոհացնում։

— Ամենահայտնի լուսանկարդ․․․

— Ամենից հայտնին, թերևս, ձյունածածկ ճանապարհով դեպի «Տատիկ-Պապիկ» հուշարձանը բարձրացող զույգի լուսանկարն է:



-Եվ ամփոփելով՝ ի՞նչ է լուսանկարչությունը։

— Լուսանկարչությունը մեզ շրջապատող քաոսում թաքնված օրինաչափությունները հայտնաբերելու անվերջանալի մարտահրավեր է: Կարող է տարօրինակ թվալ, սակայն լուսանկարչությունը նաև Աստծո գոյությունը բացահայտող ուղիներից մեկն է:

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply