Արմինե Սարգսյան ԼուսաԳիր

Լուսանկարչի արվեստանոցում․ Գագիկ Գասպարյան

18.10.2022

Ardi.am-ի զրուցակիցը լուսանկարիչ Գագիկ Գասպարյանն է։ 


— Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել լուսանկարչությամբ։


— 12 տարեկան էի, երբ ֆոտոապարատ նվեր ստացա։ Սկսեցի լուսանկարել․ երևակումը, տպագրումը ինքնաշեն եղանակով էի անում՝ դիասկոպի օգնությամբ, մինչև ձեռք բերեցի նկարը տպագրող համապատասխան գործիքներ։ Ինձ շատ օգնեց նաև կրթությունս․ քիմիայի բաժինն եմ ավարտել։ Իսկ լուսանկարչությունն ի՞նչ է․ լուսանկարելու պրոցեսը՝ ֆիզիկա, երևակումն ու տպագրությունը՝ քիմիա։

— Իսկ արվե՞ստը։

— Դե, արվեստը կադր ընտրելն ու ստանալը։

— Չե՞ք սովորել որևէ մեկի մոտ։

— Լուսանկարիչ Նեմրութ Բաղդասարյանը մեր հարևանն էր, նա էր ինձ խորհուրդներ տալիս,  նրա տղան՝ Հերբերտը։ Ինստիտուտում հմտություններ ձեռք բերեցի, հասարակական կարգով աշխատում էի որպես լուսանկարիչ։ Ավարտելուց հետո՝ 1982 թվականին, աշխատանքի անցա «Երևան» կինոստուդիայում՝ որպես գեղարվեստական լուսանկարիչ։ Մեկ տարի անց՝ նաև որպես արտահաստիքային լուսանկարիչ սկսեցի աշխատել Հեռուստառադիոպետկոմում։ 1989-ից աշխատել եմ հուշարձանների պահպանության վարչությունում, զուգահեռաբար համագործակցել երևանյան թերթերի հետ։ Որպես օպերատոր աշխատել եմ «Շանթ»և «Արմենիա» հեռուստաընկերություններում (2003-2008)։

— Այն ժամանակ քի՞չ էին լուսանկարիչները։

— Չէի ասի՝ քիչ են, ուղղակի այսօր ավելի պարզունակ է դարձել լուսանկարչությունը, այն ժամանակ որոշակի հմտություններ և իմացություն էին պահանջվում․․․ չնայած սիրողներ շատ կային։

Երբ տեխնիկան զարգացավ, հատկապես ի՞նչը փոխվեց Ձեր աշխատանքում։

— Այն, ինչն անում էինք մթության մեջ՝ տպող սարքով, հիմա համակարգչի առաջ ենք անում՝ մկնիկով։ Թեև դա նույնպես հմտություններ է պահանջում։ Միայն դա է փոխվել։ Մինչ օրս նկարում եմ ձեռքի ռեժիմով, ինքս որոշում եմ էքսպոզիցիան՝ լուսակայումը, ըստ դրա՝ ձեռքով կարգավորում եմ արագությունը՝ պահաժամը և դիաֆրագման, ի վերջո, ավտոմատը «խաբում է» պատկերը որսալիս։ Այսպիսով՝ քիմիան դուրս եկավ, մնաց ֆիզիկան։

Աշխատանքի բերումո՞վ եք ավելի շատ նկարում, թե՞ նախընտրում եք նկարել ազատ,  Ձեզ համար, Ձեր նախընտրությամբ։

Ազատ թեման միշտ նախընտրելի է, բայց  պատվերի դեպքում էլ փորձում եմ ազատ ոճի մեջ լինել, նկարել այն, ինչ հոգեհարազատ է։

— Ինչպե՞ս եք որսում պահը։

— Առաջինը՝ պիտի ապարատը մոտս լինի (ծիծաղում է- Ա․Ս․), իսկ կադրը հեռվից եմ զգում։

Ձեր նկարներում ժամանակը տեսանելի է, ասենք՝սա 90- ականների Երևանն է, սա՝ 70-ականների․․․

— Երևում է,  իհարկե,  հենց Թումանյանի այգուց ունեմ կադրեր (զրուցում էինք Թումանյանի այգում- Ա․ Ս․), անմիջապես երևում է, որ 80-ականներն են․․․ 


— Ավելի սիրուն էր հի՞ն Երևանը, թե՞ նորը։

— Հինը։

— Բայց հին է, չէ՞։

— Որ անկեղծ լինեմ՝ բարձր կետից, ասենք, շենքի տանիքից,  ոչ մի բան չենք կարողանում նկարել, շատ անհամաչափ է, հինը նորի հետ անհամաչափ խառնած։

— Իսկ մարդի՞կ, այն տարիներին, հիմա շա՞տ են փոխվել։

— Արտաքուստ փոխվել են, բայց լուսանկարչությունը մի քիչ հոգեբանություն է, եթե դու դիմանկար ես անում, պետք է գոնե մի կես ժամ շփվես մարդու հետ, ու զգում ես, որ մարդիկ իրականում նույնն են։

— Շփումն ի՞նչ է տալիս։

— Զրույցի ընթացքում խառնվածքն եմ զգում, արտահայտությունները, հայացքը, և իհարկե, բացվում է մոդելը, ավելի անկաշկանդ է դառնում։

— Քաղաքում կա՞ վայր, որ շատ եք սիրում նկարել, հաճախակի եք  նրան «վերադառնում»։

-Չէ՜, հետո, որ անկեղծ ասեմ, քաղաքը հետաքրքիր է մարդկանցով, այն ժամանակ չեմ նկարել կոնկրետ շենքեր, զբոսայգիներ, այդ ամենը երկրորդ պլանում է, առաջին պլանում մարդիկ են։

Անհատական ցուցահանդեսներ․․․

— Ունեցել եմ երեք անհատական ցուցահանդես։

— Գիտեմ, որ մեծ կորուստ եք ունեցել ու երկար ժամանակ չեք լուսանկարել։

— Այո, բավականին երկար ժամանակ, մինչև հիմա էլ կա պասիվություն, ինչ-որ բաներ չի հաջողվում, ամիսներով ձեռքս չեմ վերցնում ֆոտոխցիկը։

Նկար, որ շատ եք սիրում։

— Բոլորն էլ սիրում եմ։


— Լուսանկարչի ոճը, ձեռագիրը տարբերվո՞ւմ են։

— Իհարկե, լուսանկարիչը պետք է իր ոճն ունենա։  Արտերկրում  ընկերներ ունեմ, նույնիսկ նրանց ոճերն եմ տարբերում։

— Ամփոփելով՝ ի՞նչ է լուսանկարչությունը։

— Տարածաչափություն․ քո ուզած պատկերը պետք է բաժանես հարթությունների, զգաս լույսը, որը արևից  էլ է կախված, պիտի ընտրես ժամը, օրը, եթե հարկ է՝ ամսով էլ սպասես ճիշտ պահին, իսկ եթե արհեստական լուսավորությամբ ես նկարում, լուսանկարելը ժամերի խնդիր է, բայց դու ես բաժանում լուսավորությունը հարթությունների։

Իսկ թե ինչ է ինձ համար լուսանկարչությունը, ինչքան եմ սիրում, դրա մասին ավելի լավ է չասեմ։

Նախագիծը՝ Արմինե Սարգսյանի


No Comments

Leave a Reply