«Թե հող դառնամ… // Երանի թե ցանեն վրաս // Մի բուռ ցորեն»,- երազել է Լյուդվիգ Դուրյանը:
Մարդկային ու բանաստեղծական երազանքի, իրականության ու երևակայության խաչաձևումների թրթիռներով բաբախող մի զարկերակ է Լյուդվիգ Դուրյանի ստեղծագործությունը: Այն սիրո, հայրենիքի, գրի, մշակույթի, ընտանիքի, բնության, գինու, ցասման, վրեժի գեղարվեստականացումն է` բանաստեղծությունների ու պոեմների հանդերձանքով:
Լ. Դուրյանի քնարերգությունն ունի արտահայտչաձևերի, բանաստեղծական լեզվաոճի մշտահնար տարրեր: Պոետական ներաշխարհի արտացոլքերում, որպես պարտադիր նախապայման, երևակվում են հետևյալ «բնորոշիչները»՝ Աստված, Արարատ, խաչ, եղեգ, խաչյալ Հիսուս, Վահագն աստված, կռունկ, արագիլ, ագռավ, գինի, շեր: «Աշուն է, ուշ, եղեգները // Խամրել են, ու մեկն է կանաչ… // Կռունկ, կանաչ եղեգը քեզ, // Խաչ է դարձել, պահապան խաչ»:
Մակդիրների, համեմատությունների, փոխաբերությունների առատությունը երբեմն ստիպում է վերանալ պոետի բուն ասելիքից և տրվել մեր մայրենիի շռայլ հորդումի երթին: Այս երթում կողք կողքի շարված են թե՛մեզ համար նվիրական ու թանկ, թե՛ զազրելի ու ողբերգական իրողությունների գեղարվեստական գնահատումները. «ճայաձայն քամի», «բյուզանդական ափնաբերդեր», «ինքնության նախահաստատ տեր», «արնահոս հուզում», «լկտիության հաճույք ճոխ», «ոսկե սարսափ», «վագրի խենթավառ մորթի», «ոխակեռ յաթաղան», «խևաչ ձի», «հավերժածուխ օջախ», «դժոխաեռ թուրք», «յոթնագալար ցասում»:
«Մղձավանջ», «Ոսկե սարսափ», «Պոլիս» և շատ այլ գործերում մենք տեսնում ենք իր ազգի նահատակների հիշատակը խնկարկող սգացյալ բանաստեղծին. «Վանքը դարձել է սգամայր, պատարագ է հեգում ողբի… // Քամին ցրում է մացառին ցնցոտիներ կմախք-որբի»:
Ողբասացությանը զուգահեռ հասունանում է վրեժի ծարավը, պոետը վերածվում է ազգային դատին անդրժելիորեն հավատարմագրված զինվոր-հայի: Մղձավանջային տենդից արթնացումն անխուսափելի է: Եվ այդ արթնացումի վկայություններն են հատկապես «Մաշտոց», «Ասք հողի», «Կոչմամբ գրաբար» պոեմները, ինչպես և շատ բանաստեղծություններ:
«Իսկ մարդիկ չեն կարող բնավ
Եղեռնը հաղթություն կարծել:
Չե՜ն կարող մոռանալ մարդիկ
Այսքա՜ն յաթաղան ու… Դեր Զոր…
Ես բոլոր մարդկանց հայացքում
Ցասում եմ կարդում ու նզովք»:
Վրեժի ու դառնության կողքին նաև հայի խաղաղ կեցության, հոգեկան անդորրավետ վիճակի նկարագրություններն են` որպես շառաչուն բարոյական ապտակ մեզ ազգովին բնաջնջելու ծրագիրը հեղինակած ճիվաղների երեսին.
«Մի լայն տերևից գլորվեց,
Ընկավ ցողը սնդիկ:
Ուր որ է` հիմա մուժը կցնդի`
Արարատներս կըերևան,
Որպես Ադամը, որպես Եվան:
Իսկ ես…
Ոչ մի տեղ չեմ գնա ես.
Այստեղ կկանգնեմ ու կնայեմ:
…Ուրիշ ո՞ւր գնամ…
Երբ որ այստեղից
Շուտով, շա՜տ շուտով
Արարատներս կըերևան,
Որպես Ադամը, որպես Եվան»:
Բանաստեղծի խոհական, վերլուծական ոճը տեղ-տեղ դառնում է թեթև-խաղացկուն: Անդրադարձումները կյանքի փոքրիկ ուրախություններին ընթերցողին կտրում են հոգեկան ծանր ապրումների բեռից ու տեղափոխում անդորրավետ մի աշխարհ: Այսպիսին են «Իմ հեզաշուք կատու», «Դեղձանիկ» բանաստեղծությունները:
«Իմ հեզաշուք կատու,
Իմ լավ, իմ խավոտ,
Ուշիմ տեսնում ես դու
Իմ սիրտը ցավոտ:
Նստում ես ու երկար
Ինձ վրա նայում,
Հայացքով իմ տկար
Սիրտն ես փայփայում:
Երբ դառնում եմ հուշիս
Տանջանքներին գերի,
Մոտենում ես հուշիկ,
Փարվում ոտքերիս:
Գիտես, որ ես որբ եմ,
Չունեմ մտերիմ,
Որ ես անտեր եմ ու
Դու ես տերը իմ»:
Բնության գույներն ու գծերը դառնում են բառ, բանաստեղծական քառյակը` բնապատկեր: Հայ բնաշխարհը երգի հանդերձանքով հառնում է ընթերցողի առջև, ու իրապատում հեքիաթի պատկերաշարը լուսե ուղեծրով հրապուրում-կանչում է Դուրյանի տողերից.
«Ծառեր, աշուն է, և դուք ձեր վարքով
Խարույկներ եք հուզախռիվ և հեթանոս…
Եվ այս քամու առջև` նժույգաձայն վարգող-
Անզուսպ քրքիջ եք ու խելահեղ հոսք»:
Երբեմն էլ բանաստեղծին պարուրում են իրարամերժ ապրումներն ու կասկածները: Նա դառնում է իր հոգեկան ցավի դեմ անզոր, անպաշտպան և մտերիմ, կարեկից ընկերոջ պես փորձում է հոգին բացել զրուցակից-ընթերցողի առաջ, սիրտը դատարկել` գլուխը դրած նրա ուսին.
«Իմ սիրտը անչափ ցավում է, ախպերս,
Չեմ ուզում դուդուկդ լռի,
Ես ոչ թե գինուց, ես վշտից հարբել եմ,
Մոլորվել, հարբել եմ լրիվ»:
Սիրո թեմային անդրադարձումները բանաստեղծին տեղ-տեղ մերձեցնում են միջնադարյան տաղերգուներին.
«Ա՜խ, նորից դուռդ բացվեր լուսնյակի շողքի վրա,
Պառկեի նորից քո հին պարսկական գորգի վրա:
Մեջքիդ պես բարակավիզ կուլայով գինի տայիր,
Ասեի.- Կենա՜ցդ, սե՜ր: Ու խալ-խալ դու ժպտայիր»:
Մեր ընթերցողին առաջարկում ենք վերընթերցել Լյուդվիգ Դուրյանի տարբեր տարիներին գրված բանաստեղծություններից մի քանիսը:
Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարները՝ համացանցից
Լյուդվիգ Դուրյան, բանաստեղծություններ
Կռունկ
Լսել եմ, կռունկ, որ երբ լինում է
Քո ճամփան երկար,
Երբ մոլեգնում է ցուրտն անակնկալ՝
Դու չես իջնում վար,
Թռչում ես նաև գիշերը խավար:
Ասում են նաև,
Որ այդ ժամանակ
Արցունքոտվում են քո աչքերն իսկույն,
Ու երբ նայում ես արցունքի միջով՝
Մութը դառնում է լույս արևագույն:
Լսել եմ, կռունկ,
Ու չեմ զարմանում…
Այդ արցունքը մեզ վաղո՜ւց է ծանոթ:
Երբ մեզ անթափանց մութն էր հալածում
Մահաբեր շնչով՝
Մենք տեսնում էինք մեր լույսը միայն
Արցունքի միջով…
Լսել եմ, կռունկ:
… Շատե՜րն աշխարհում գուցե զարմանան…
Ես չե՛մ զարմանում…
***
Սարյակները չվող՝ իրենց ճամփին
Չէին եղել բնավ անհամարձակ,
Բայց ի՞նչ եղավ, որ ձնաբեր ամպին՝
Նոյեմբերի վերջին վերադարձան:
Որպես սև տերևներ տխուր ու թաց,
Իջել են ուռենուս, անխոս թառել,
Ո՞վ է տեսել արդյոք այսպիսի դարձ,
Չեմ հասկանում՝ աշխարհն ինչ է դառել:
Չեմ հասկանում, ախր, ի՞նչ է եղել,
Որ թողել են նրանք ափերը տաք,
Ո՞վ է թշնամությամբ նրանց նեղել,
Ո՞վ է նրանց կյանքին դարձել վտանգ:
Թե չէ ինչո՞ւ պիտի հավքը անմեղ
Գալիք ձմռան օրով վերադառնար,
Որ իմ սրտից այսքան թախիծ քամեր
Եվ ինձ համար այսքան մեծ հոգս դառնար:
Բայց ես հասկանում եմ բնազդն հավքի,
Չար վտանգ է ուրեմն այնտեղ աճում,
Թե չէ մայր սրայակը չէր հավաքի –
Այսպես անժամանակ չէր բերի չուն:
Եղեգ
Դու ծնվեցիր մեր հորդության գետի ափին,
Դու ծնվեցիր երազանքից մեր հրեղեն,
Քեզ եղավ կյանք, եղավ հասակ հայոց արփին,
Դու մեր անցյալ, դու մեր գալիք, դու մեր եղեգ:
Քո էությամբ՝ դու վերից վար քնարական,
Դու մեր ազգի խորհրդանիշը ճշմարիտ,
Դու երկնեցիր բոցեղ փրկիչ-վիշապաքաղ,
Որ երգաթև մեր գոյությունը չմարի:
Դու պաշտամունք, վերապարգև աստվածամայր,
Դու երգեհոն, արևաբուխ փառքի շեփոր,
Դու զորացար մեր լուսեղեն վարքի համար,
Որ բազմաթև ծափահարվի մեր հուրը բորբ:
Դու բազմաթև… Եվ թևերդ դարձան սրեր,
Երբ ուզեցին քեզ թրատել արմատախիլ,
Խավարի դեմ դու վառեցիր շունչդ հրե
Եվ պահեցիր մեր ինքնության հավատը խիտ:
Դու ծնվեցիր մեր հորդության գետի ափին,
Դու ծնվեցիր երազանքից մեր հրեղեն,
Քեզ եղավ կյանք, եղավ հասակ հայոց արփին,
Դու մեր անցյալ, դու մեր գալիք, դու մեր եղեգ:
***
Ի՜նչ բարբառներ զոհեր դարձան –
Հայոց բնույթ ու վարք…
Լեռնատարած, արևաձայն
Անցյալություն ու փառք:
Մենք աստղախոր անհուն էինք,
Գոյասկիզբ ու տեր,
Կերավ ոսոխն ինչ ունեինք,
Կերավ, ուտում է դեռ:
Քեզ ի՞նչ ասեմ, ինչ ասեմ, բախտ,
Այս ի՜նչ են կատարել…
Երկիր կոչված ժամացույցը
Այս ո՜նց են խաթարել:
No Comments