Անի Անտոնյան Արցախ ՄարզաԴիտակ

«Մանկապարտեզը փակալ են, քյում եմ՝ ինչի՞ հետի»

27.10.2020

-Լե՛ն… Արցախում պատերազմ ա։

Սեպտեմբերի 27-ն էր։ Ընկերուհուս նամակից տեղեկացա։ Չէի հավատում. ամբողջ օրը շոկի զգացողությամբ շարունակեցի օրվա պլանավորած գործերս, նույնիսկ ներկայացման գնացի։ Լինում են, չէ՞, մարդիկ, որոնք, թվում է, ոչինչ չեն զգում։ Բայց դա հաճախ էդպես չէ։ Երեկոյան արդեն սուր էմոցիոնալ վիճակ սկսվեց, տագնապ։ Առաջին երկու օրը համարյա ոչինչ չէի ուտում, հետո հասկացա, որ պատերազմը, բացի ցավոտ լինելուց, նաև միասնականության ու համախմբման մասին է։ Կամավոր հոգեբանների թիմ գտա, միացա։ Սկսեցինք առաջին հոգեբանական օգնություն տրամադրել Արցախից եկած ընտանիքներին։

Եղբայրս՝ Կարենը, սահմանում է։ Մենք նրան չենք զանգում, սպասում ենք՝ ինքը կապի դուրս գա։ Էդ մի զանգից էլ աշխարհով մեկ ենք լինում։ Էս տարի 21-ը լրացավ։ Մասնագիտությամբ ռադիոֆիզիկ է. եթե կյանքումդ ֆիզիկա չես սովորել կամ մտածել ես՝ քոնը չէ, Կարենն էնքա՜ն սիրուն ու էնտուզիազմով կբացատրի քեզ ամեն ինչ։ Առաջ շատ էինք բանավիճում, հետո իմ հոգեբանությունն ու իր ֆիզիկան ընկերացան,  մեր գիտությունները սկսեցին «խելոք» լրացնել իրար։ Բանակ գնալուց առաջ մի ցինիկ խոսք ուներ, որ չար ժպիտով էր ասում. «Հեսա բանակ եմ գնում, կորցնելու բան չունեմ»։ Հաճախ էինք պատկերացնում, թե նրա վերադարձից հետո ինչ ենք անելու։ Բայց պատերազմը փոխում է մարդկանց, մեծացնում 10, 20 տարով։ Պատկերացումները չեն վերանում, չէ՛, ուղղակի հասկանում ես, որ դրանք ուրիշ հողի վրա են ծնվելու, ավելի մեծ էներգիա են ունենալու։

Մի քանի օր առաջ իմացանք, որ Խնձորեսկում ապրող մեր բարեկամի տան մոտ ռումբի բարձր ձայներ են լսվել, երեխաները վախեցել են, ու մայրը Երևան տեղափոխվելու շտապ որոշում է կայացրել։ Առանց մտածելու՝ մեր տուն կանչեցինք։ Լուսինն իմ ճանաչած ամենանրբանկատ մարդկանցից է։ Սիրում է տարբեր իրերից մի հետաքրքիր բան մոգոնել, նրա ձեռքով սարքած ծաղկամանները երբեք չեմ մոռանա։Ամուսինը կամավոր սահման է գնացել, իսկ ինքը զինվորներին սնունդ էր տանում։ Երեխեքին թողեց ու հետ դարձավ։ Երկուսն են՝ Էդմոնդն ու Վիկան։ Մեկը՝ 8, մյուսը՝ 4 տարեկան։ «Զանգի՛, մամունը հետ խոսամ»,- երբեմն ասում է փոքրը։ Շատ ջերմություն ու սեր ենք տալիս, որ մամայի պակասը քիչ զգան։

Առավոտյան իրենք են ինձ քնից արթնացնում, կանչում գուաշով նկարելու։ Խաղեր ենք խաղում, կարուսել գնում։ Վիկայի բարբառը մեջ-մեջ չեմ հասկանում, Էդմոնդն է թարգմանում։ Կապվել ենք իրար։ Մի անգամ մաման Վիկային ասաց. «Դու չար աղջիկ ես, էլ չես գնա մանկապարտեզ» (ինչպես պինգվինի հայտնի մուլտֆիլմում)։ Վիկան էլ պտտվեց, թե. «Բայց մանկապարտեզը փակալ են, քյում եմ մանկապարտեզ, ինչի՞ հետի»։ Մեկ էլ տեսնես՝ կգա ու կասի. «Ե՛կ, իուրուրն հետ նկարվենք, ե՛կ իրար խտտած նկարվենք»։ 

Էդը մոնոպոլիա ու ինտելեկտուալ խաղեր է սիրում։ Փազլ հավաքելիս ժամանակ ենք պահում, փորձում է հաջորդն ավելի արագ հավաքել։ Էս երկու օրը նկատել եմ, որ հայրենասիրական երգեր է սիրում։ Երկուսն էլ լույսի կտոր են։

Աշխատանքային թիմս լավն է. սկզբից կարիքների գնահատում ենք իրականացնում, ապա անցնում բուն աջակցությանը։ Կան մարդիկ, որոնք բաց են, խոսում են, կիսվում։ Ոմանք լռում են. հենց նրանք առավել աջակցության կարիք ունեն։ Անկախ տարբեր էմոցիաներից՝ մենք մի բան լավ գիտենք՝ համախմբվելը։ Հիշում եմ՝ մի մեծահասակ կնոջ հետ էի զրուցում, որն Արցախից ընտանիք էր հյուրընկալել։ Ասում էր. «50.000 դրամ թոշակս ոնց որ 500.000 դարձած լինի. չի պրծնում»։ Ասում էր ու ծիծաղում։ Ապշելու բան է։ 

Երբ երեկոյան տուն եմ վերադառնում զբոսանքից հետո, վերլուծում եմ օրվա արածս։ Իմ կյանքը, որ գծել եմ ճապոնական փիլիսոփայությամբ՝ նստել գետի ափին ու խաղաղ հետևել գետի ընթացքին, այլևս առաջվանը չէ։ Երբեմն մտքերս կատվիս՝ Շաղիին եմ պատմում ու ցրվում։ Լինում է՝ արձակ եմ գրում, նկարում։ Ու բնավ կապ չունի՝ թղթի թե պատերի վրա. կարևորն այս դժվարին օրերում գույնդ չկորցնելն է։ 

Անի Անտոնյան
Պատմության հերոսուհին հոգեբան, հոգեթերապևտ Լենա Մանուկյանն է:

No Comments

Leave a Reply