Մարտ ամսին հայտարարվել էր «Մարդ Աստծո» գրական մրցանակաբաշխության մասին, որը կազմակերպվել էր «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության գործունեության 30-ամյակի շրջանակներում: Կազմակերպիչներն էին Հայաստանի գրողների միությունը և «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունը: Նախագծին կարող էին մասնակցել ՀԳՄ անդամները՝ բացառապես անտիպ գործերով: Նախանշված էին ստեղծագործությունների թեմաները՝ բարեշնորհություն, մարդասիրություն, գթասրտություն, բարեպաշտություն, հայրենի հող:
Մրցանակաբաշխությունը ներառում էր երեք ժանր՝ արձակ, պոեզիա, մանկագրություն: Հեղինակները ներկայացել էին ծածկանուններով:
Օրերս ՀԳՄ սրահում ամփոփվեցին մրցույթի արդյունքները: Քանի որ որոշ աշխատանքներ նախորդիվ հրապարակված էին եղել, վեց հեղինակ դուրս էին մնացել մրցույթից: Առաջին մրցանակ չշնորհվեց Արձակի ժանրում և ոչ մեկին: Երկրորդ մրցանակի արժանացան Գրիգոր Ջանիկյանը և Նանեն, երրորդ մրցանակի՝ Կարինե Ռաֆայելյանը և Վրեժ Սարուխանյանը: Պոեզիայի ժանրում առաջին մրցանակը Խաչիկ Մանուկյանինն էր, երկրորդը՝ Անդրանիկ Կարապետյանինը, երրորդը՝ Հասմիկ Սարգսյանինը, խրախուսական մրցանակը՝ Գոհար Գալստյանինը:
Մանկագրություն անվանակարգում առաջին մրցանակի արժանացավ Սաթենիկ Ղազարյանը, երկրորդ մրցանակի՝ Ալիս Հովհաննիսյանը, երրորդ մրցանակի՝ Զավեն Պետրոսյանը, խրախուսական մրցանակի՝ Օլգա Դարյանը և Ալվարդ Հովսեփյանը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ այս և այսօրինակ ձեռնարկումների նպատակն է օժանդակել հայ գրողին, ժամանակակից հայ գրականությանը, նպաստել այսօր գրվող ստեղծագործությունների հրատարակման գործին:
Մրցույթը գնահատող հանձնաժողովի նախագահ, բանասիրության դոկտոր Սուրեն Դանիելյանն իր ուրախությունը հայտնեց այն առումով, որ մրցույթին ներկայացված գործերը վկայում են հայ գրականության մեջ տեղի ունեցած սրենդափոխության մասին:
Մրցանակակիր Ալիս Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք գրական մրցույթների վերաբերմամբ ունեցած նկատառումների և «Մարդ Աստծո» մրցանակին արժանանալու փաստի մասին:
-Չգիտեմ՝ այս տարի՞ն է ինձ համար նպաստավոր, թե՞ ժամանակակից գրականության հանդեպ վերջին տարիներս ձևավորված վերաբերմունքն է փոխվել, լրջացել, բայց արդեն երրորդ հաջողությունն է ինձ ժպտացել: Առաջինը՝ ԿԳՄՍ նախարարության հայտարարած դրամաշնորհային մրցույթում շահեցի «Աղաների դարը և հետոն» վեպիս վրա աշխատելու և այն ավարտին հասցնելու հնարավորությունը, երկրորդը՝ Գրքի Միջազգային 6-րդ փառատոնի Գրական մրցույթի՝ «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում շահեցի Առաջին մրցանակը և մի քանի օր առաջ էլ շահեցի «Մարդ Աստծո» մրցանակաբաշխության Երկրորդ պատվավոր մրցանակը՝ իմ անտիպ հեքիաթների համար: Մանկական գրականությանը միշտ հատուկ սիրով եմ վերաբերվել ու որոշակի մեծարանք, նույնիսկ նախանձ եմ զգացել աշխարհի ու հայ մանկագիրների նկատմամբ: Հույս ունեմ, որ արդեն իրավունք եմ վաստակել շարունակելու աշխատանքս այս բնագավառում ևս: Մինչև այս հաջողակ տարին՝ «մեծական» գրքերի հետ՝ նույն շարքում, տպագրվել են իմ «Թունելից վախեցող գնացքը» հեքիաթների ժողովածուն, «Կանաչ, ուրախ ճամփորդներ» հեքիաթը՝ առանձին գրքով (տպագրվել է նաև արևմտահայերենով՝ Հալեպում, «Մանկական» 1-ին մատենաշարով) և «Մեր ծաղրածու Կրիակոսը» հեքիաթը՝ առանձին գրքով: Թվարկված երեք մրցանակաբաշխությունները փարատեցին իմ և իմ սերնդակից գրողների մտատանջությունը՝ մի՞թե հայ գրականությունը պրոպագանդելը մնալու է մի խումբ մարդկանց հայեցողությանը, ու շարունակվելու է անտարբերությունը, երբեմն՝ արհամարհանքը ավագ և միջին սերնդի գրողների նկատմամբ: Փորձով ապացուցվեց, որ հեղինակների՝ ծածկանուններով հանդես գալու հանգամանքը շատ բան է փոխում գնահատանքի հարցում, ու կարծես թե որոշ բաներ դրվեցին իրենց տեղը: Հիմա կարող եմ իմ անունից՝ շնորհակալությամբ և առանց կեղծ համեստության ասել, որ կազմակերպիչների ազնիվ ու անաչառ մղումներով գործընթացն առողջ հուն է մտել, ու հուսով եմ՝ այսպես կշարունակվի,— ասաց Ա. Հովհաննիսյանը:
Մրցանակաբաշխության կազմակերպիչները հավաստիացրել են, որ մրցանակակիր ստեղծագործությունները կհրատարակվեն առանձին գրքով:
Ardi. am
No Comments