Մարդիկ լինում են բարի, ուրախ, տխուր, լավը, շնորհակալ, մեծ մարդիկ, փոքր․․․
Քայլում են, վազում են, թռչկոտում են, խոսում են, նայում, լսում։ Ծիծաղելի են։
Լինում են կարմիր, կարճ։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում բեմադրվում է նոր պլաստիկական «Մարդիկ․․․» ներկայացումը (բեմադրությունը՝ Մարիկա Դովլաթբեկյանի)։ Ռուբեն Բաբայանի դերասանա-ռեժիսորական առաջին կուրսի գունեղ, հետաքրքիր, երաժշտական այս համարձակ ներկայացումը հասցրել է գրավել հանդիսատեսին։ Այն բեմադրվել է աուտիզմ ունեցող մի երիտասարդի՝ Անտոն Խարիտոնովի շարադրության հիման վրա։
Բեմադրիչ Մարիկա Դովլաթբեկյանը հեռուն է գնացել՝ զգայական խորքեր, որ պարզապես բառերով արտահայտելը կլիներ շատ սովորական։ Այստեղ բեմադրիչն ամեն ինչ դրել է շարժման մեջ, որ շարժման լեզուն ճկունության նոր մակարդակներ որոնի։
Տեքստը հաճախ միակ ազդանշանը չէ, որի միջոցով արտահայտվում է գաղափարը, որովհետև այս դեպքում շարժումը, ժեստերը, մարմնի արձագանքներն են այն, ինչը ավելին է հաղորդում կայացման գաղափարական էության մասին։ Այս մոտեցումը բնորոշ է ոչ միայն ժամանակակից թատրոնին, այլև այն մարդկանց, որոնք աշխատում են նոր ձևեր որոնել՝ դուրս գալով ավանդականի սահմաններից։
«Մարդիկ․․․» ներկայացման մեջ բոլոր արտահայտչատարրերը միահյուսված են մի նոր լեզվի որոնման մեջ, որն անցնում է սովորական պատմողականության սահմանները։ Այստեղ կենտրոնում են փոխաբերությունն ու հույզը, իսկ գլխավոր արտահայտման միջոցները տեսողականությունն ու պլաստիկան են։ Դերասանն այլևս բեմում չէ՝ պարզապես իրականություն կամ հաստատուն ինքնություն ներկայացնելու համար. նա ներկայանում է որպես շարժման, պատկերի և գացողության կրող։






Այս պլաստիկական ներկայացման հիմքում ընկած է մի մտածողություն, որն արժևորում է տարածության օգտագործումը՝ քամելով այդ տարածքի բոլոր հնարավորությունները։ Այդ տարածությունը դառնում է ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր ու էմոցիոնալ միություն, որտեղ ամեն մի շարժում, ամեն մի քայլ, ամեն մի միմիկա ոչ միայն կերտում է կերպարը, այլև հաղորդում է նրան զարմանք ու անսպասելիություն, որը կարող է շփոթել կամ ապշեցնել հանդիսատեսին։
Բեմանկարիչ Մուշեղ Բաբայանը, լավագույնս տիրապետելով բեմական տարածությանը, կարողացել է բնական միջավայր ստեղծել, որն առանձնահատուկ է ու համապատասխանեցված է ներկայացման ընտրված ձևաչափին։
Մարդկային ապրումների, հույզերի, սպասումների, իրավիճակների, դրանց հանգուցալուծումների մասին այս ներկայացումը համեմված է դինամիկ երաժշտությամբ՝ «Կանգուն» բենդի կենդանի կատարումներով (երաժշտությունը՝ «Կանգուն» բենդ, Հրանտ Շիրինյան)։ Երաժշտությունը դառնում է այս ներկայացման մի ամբողջական մասնիկ՝ օրգանիկ կերպով միահյուսվելով շարժման հետ։
Թատերական կախարդանքը հնարավոր թվացող անհնարինը իրականացնելու, ինչպես նաև իրականության սահմանները խախտելու մեջ է։ Այստեղ կախարդանքն արդեն իրականություն է․․․
Մարդիկ փայտ են կտրում, սղոցում, խեղդվում։
Մարդիկ նաև ողջունում են, խոսում, թռչկոտում, վազում։
Մարդիկ մահկանացու են։
Մարդիկ թռչում են…
Մարդիկ թռչո՜ւմ են․․․ Սա ոչ միայն ֆիզիկական թռիչք է, այլև խորհրդանշական քայլ դեպի նոր սկիզբ, վերափոխումների ու բացահայտումների ուղի։
Վովա Արզումանյան