Դղյակի այս պատուհանից երևում է աշխարհի այն միակ տխուր ճանապարհը, որով հեռացար դու: Երբ դու լքեցիր մեր Հյուսիսը, ես սկսեցի զգալ հյուսիսային սառը քամին, որը քնքշորեն օրորում էր երկնքի հետ համբուրվող սլացիկ ծառերի տերևները՝ աշնան տենդագին դողից մեռնող: Արևը լեռներից թափ էր տալիս անցյալ օրվա թախիծը ու լռում աշխարհի բոլոր այն մարդկանց մասին, որոնց ինչ-որ բան միշտ պակասում է, որոնց սրտի պատերին կարոտը մամուռ է դարձել, որոնք միշտ սպասում են ինչ-որ բանի, ինչ-որ մեկին, արևը լռում էր մեր մասին: Ես դեռ չեմ լքել բլրի գլխին մեր սիրուց ծնված քարաշեն աշտարակը, որում ապրում էինք միասին: Ես դեռ չեմ լքում Հյուսիսը, թեպետև այստեղ սիրո մասին բոլոր բառերը լքում են ինձ, որոնց տողերում դու պիտի ապրեիր: Երբ արևին սիրահարված լուսինը իր աստղերը կախում է պատուհանիս մոտ, ես հենում եմ ձեռքերս պատուհանագոգին, ճակատս հպում սառը ապակուն ու փակում կոպերս՝ աշնան գույներից հոգնած …. բալենու այգում՝ բուսնած երիցուկների մեջ, շուրթերիցս գողանում ես համը արևի:
Բույրդ …. խորը շնչելով փորձում եմ գտնել ապակու վրա չորացած բույրիդ փշրանքները, որոնք հեռացել են ինձնից՝ աշնան անձրևների հետ գրկախառնվելով: Ես քայլ առ քայլ հեռանում եմ քեզնից, և այն տխուր միտքը, որ ես առաջինն եմ ուրանում սերդ — դառնում է արցունքի մի մեծ բյուրեղ, կախվում դեղին թարթիչներիցս ու անձայն քարանում՝ միշտ դավաճանելով հոգուս ամրությանը: Բույրդ վերջին հիշողությունն էր քո մասին. կքամվի սերը մեր ներսից, դղյակում կլինի սիրո ջրհեղեղ: Եվ հենց այդ ջրհեղեղում կխորտակվեն բոլոր նամակները, որոնք ինձ սեր են խոստացել Հարավից, իսկ հետո երկար լռել են, մոռացել ճանապարհը մեր աշտարակի: Գոնե ձյուն գար Հյուսիսում, սրբեր աշնան գույները դղյակի ու անտառների վրայից, գլորեր ձորը, որում հանգում են ծղրիդների ձայները, որի մեջ ամեն կեսգիշերին թաղում եմ բանաստեղծություններս քո մասին: Ծածկեր ողջը սպիտակով, ու ձյուն նստեր քարաշեն աշտարակի կտուրին, որպեսզի սրտումս վերջապես մերկացներ Դեռահասության ծառը իմ պաղ սիրո մրսած տերևներից՝ գարնանը առողջանալու համար: Քո բացակայությունից հիվանդացավ հեքիաթը իմ ու չգտավ իր միակ ճանապարհը, որով պիտի գտներ իր տրամաբանական ավարտը: Իսկ ուշացած հեքիաթները մեզ չեն կարող փրկել, ես առաջինն եմ բաց թողնում ձեռքդ, ես ներում եմ քո բացակայությունը, մոռանում տխուր ճանապարհի մասին, որով հեռացար դու, ես լքում եմ կարոտդ՝ որբացած: Ես քեզ փրկում եմ ինձնից: Դու մի օր նորից կվերադառնաս մեր դղյակ, գիտեմ. սիրում ես ինձ: Դաշտային ծաղիկներ կբերես, քանի որ ես դղյակը լցրել եմ կակտուսներով. ես վաղուց եմ լքել աշտարակը, ես վաղուց չկամ այնտեղ, վերջին ծաղիկները շնչահեղձ են եղել մինչև վերջին շունչը — հավատալով Աստծուն ու քո գալուն, որ հետդ կյանք կբերես նրանց…
Տխուր ճանապարհով էլ հետ չգաս, այն արդեն թափանցիկ է, աշունը դժվարությամբ հեռացավ երկրից, ու ծառերը վերջնականապես ազատվեցին տերևներից: Երբեմն մեծ սպասումները ավարտվում են ոչնչով, հեքիաթը ավարտվում է չարի հաղթանակով:
Այսօր ես զգում եմ ցուրտ, դղյակի պատուհաններից չի երևում ոչինչ. ձյուն է եկել: Փաթիլները դաշտերի ձյան շերտի վրա քաշում են աշնան արևից խամրած կարոտս …. Ես այլևս չեմ վերադառնա. ոչինչ առաջվանը չի լինի: Շուտով կմախքացած արևը կխմի ձյան ջուրը, ու հեռվում՝ հասկերի մեջ, նորից մազերս կտրվեն քամուն:
No Comments