Եվ որքան էլ անկարելի լինի մեկնել բանաատեղծությունը` մենք փորձում ենք անցնել բառի և ժամանակի միջով և յուրովի մեկնաբանել այն։ Արարատ Մկրտումյանի պոեզիան լեցուն է անանձնական սիրով` դեպի մարդը և բնությունը, ինքնատիպ է, բովանդակալից, հապշտապ գրված, բայցև մեկնելի` յուրովի և ուրույն … Գեղեցիկ է տողը, երբ ամեն օր ընկալում ես տարբեր, քանզի այն բանաստեղծություն է… և ամենքինս է։ Այդպիսին է ճշմարիտ ստեղծագործությունը. ամեն մեկը վերցնում է տան, տողի իր բառը, փորձում ասելիք տալ տողին։ Մինչդեռ ասելիքը արարվել է վաղուց` բանաատեղծի և բանաստեղծության միջև։ Արարատ Մկրտումյանի բառը գետի, ժայռի, թռչնի ձայն ու թևաբախում ունի, որովհետև այդպիսին է իր ծննդավայր Լոռին, որին անափ սիրով է սիրել բանաատեղծը։
Փորձենք յուրովի մեկնել նրա «Բանաստեղծը» ազատ բանաստեղծությունը։
«Հոգում ճախրում է մի ճերմակ թռչուն, Անհանգիստ մի դող թպրտում է տենդով։ Թվում է` ահա Բառը կծնվի
իբրև նախապայման հանճարեղ-հնչուն համանվագի,
իսկ նա… մի ցանցառ անեկդոտ է լսում։ Այստեղ ամեն միտք սահման է խախտում, բողոքի ճիչ է ամեն մի հառաչ,
իսկ նա անցնում է ճիշտ անցումներով
և լուռ հետևում լուսացույցների
պաղ թարթումներին`
կարմիր-դեղին-կանաչ….»։
Ա. Մկրտումյանը պատկերի և գույնի, բառի և ռիթմի միջոցով ընթերցողին է հասցնում բանաստեղծության ծնունդը, բանաստեղծի և բառի, ռիթմի և հանգի հանդիպումն ու անպատեհ հնչող անեկդոտը։ Մտքերը հառաչում են, իսկ բանաստեղծը լուռ հետևում է լուսացույցի լուսափոխմանը` կարմիր-կանաչ-դեղին…
Եվ շարունակում է.
«Այնտեղ այս կյանքի
անքուն տագնապն է խելացնորվում, հրթիռանետման հուժկու զորությամբ հարցեր են պայթում նրա խեղճ գանգում,
ուր որ է պիտի կաթվածը հաղթի,
իսկ նա ժպտում է ցրված ու բարի
և քրթմնջում է ծերունավարի`
մի քիչ էլ քայլենք։ …Իսկ երբ պայթում է Լռությունը մեծ,
Եվ աղմուկն արդեն սգվորվում է դրսում, մարդիկ թարգմանաբար նրա լռությունից լեգենդներ են հյուսում
և դրոշներ առած որոնում են նրան
ամեն քայլափոխի»։
Բանաստեղծության այս հատվածում Բանաստեղծը ներկայացնում է Լռության և Բանաստեղծի ներդաշնակ ընկերությունը։ Իսկ մենք հենց այդ Լռությունն ենք փորձում թարգմանել և լեգենդներ հյուսել…
Հաջորդ ազատ բանաստեղծության մեջ Բանաստեղծը հետաքրքիր պտույտներ է մգացնում ժամանակի ու բառի, տարածության ու գոյի միջև`
«Ամեն ինչ սկսվել է երեկ,
Ամեն ինչ սկսվում է այսօր,
Ամեն ինչ կսկսվի վաղը…»։
Այդուհանդերձ` բայի ու ժամանակաձևի թևաբախումը կհանդարտվի գոյի աչքերում։ Այսպես`
«Եվ լրագրերում մգացել է,
մգանում է,
կմգանա
կասկածը տագնապի միջանցիկ քամիներով։
Եվ մայրերը ծնել են,
ծնում են,
կծնեն
մայրեր և հայրեր։
Եվ աղջիկները սիրվել են,
Սիրվում են,
կսիրվեն
գաղտնիք առ գաղտնիք։
Եվ բանաստեղծները հեռացել,
Հեռանում են,
կհեռանան
այս ամենից
դեպի անեզրություն»։
Իսկ Բանաստեղծի ձայնը այնքա՜ն գեղեցիկ է,
«Եվ երկնքի ու ծովի կենտրոնում,
ուր դեռ իմ ձայնը չի տրորվել
անվադողի տակ թպրտացող թռչնաբնի նման,
ուր դեռ իմ աչքերը նման են աչքերի,
ուր դեռ իմ մատները ճմլվում են ճայի
աղաղակի նման,
և ոտքերս արդեն երկուսն են և
երկուսն են դեռ,
ինչպես երկուսն են իմ ձեռքերը,
և իմ ռունգերում չի խցանվում հազը,
հոգնած փողոցների
և երկնքի ու ծովի արանքով
ծիկրակում է լույսը։
Ես փնտրում եմ իմ անունը,
Որ այն, ինչ սկսվել է երեկ
և սկսվում է այսօր,
և այն, ինչ վաղն է սկսվելու,
լինի
Սկիզբ»։
Սկիզբ… Որքան սիրո՜ւն, նու՜րբ, քնքու՜շ ու աննյութական է Բառդ, Բանաստե՛ղծ։ Կարդում եմ տողը, դիպչում բառին, իսկ այն անհետանում է` դառնալով օր…
No Comments