Անի Անտոնյան ՄարզաԴիտակ

Ոտքի ճանապարհ դեպի Սասուն

13.05.2021

«Մեծ տատս՝ Մարեն, հեքիմի շնորհ ուներ․ վախ էր բռնում։ Հանրապետության տարբեր ծայրերից մեծ թե փոքր բերում էին նրա մոտ։ Փոքրերի աճուկի հատվածն էր բռնում, մեծերի՝ դաստակը, ինչ-որ բառեր մրմնջում։ Բոլորն ապաքինվում էին։ Ասում էի՝ մամո՛, ինձ է՛լ սովորեցրու։ Թե՝ էդ իմ հոր տան հունարն ա, լա՛ո»,- պատմում է գաղթականի ժառանգ, զովասարցի մանկավարժ Վահան Խաչատրյանը։ 

Խուլփի գավառակի Ահարոնք գյուղից Մարիամ Հարությունյանը՝ Մարեն, մեծ ընտանիքում է ապրել։ 1915 թվականին նրան և մյուս հարսներին իր կյանքի գնով փախչել է օգնել սկեսուրը։ Գոտիներն իրար են կապել ու դուրս եկել թուրքերի կողմից հսկվող մեծ մարագի պատուհանից։ Թփերում թաքնված տատի աչքի առջև բոլորին սպանել են։ Մեկի վրայից հանել է արյունոտ շորը, արցունքն աչքներին՝ լվացել, հագել ու դժվարությամբ հասել Էջմիածին։ Այստեղ մահանում է նաև նրա ամուսինը։ Շուտով լուր է ստանում, որ եղբայրն ու հորեղբայրը ողջ են։

Հանդիպում է իրեն բախտակից Մանուկ Միքայելյանին, որը Գեղերվան գյուղից միակ փրկվածն էր։ Վահան Խաչատրյանի խոսքով՝ գյուղն ունեցել է մի քանի թաղ, մոտ 90 տնտեսություն, երեք եկեղեցի, վարժարան։ Կոտորածի լուրն առնելուն պես մոտ 250 հոգի թաքնվում են մոտակա քարանձավում։ Գրեթե բոլորը վարակված են լինում տիֆով։ Մանուկ պապը որոշում է դուրս գալ քարանձավից ու մենակ ելք գտնել։ Երկու օր հետո թուրքերը ներխուժում են ապաստարան ու ոչ ոքի չեն խնայում։ Գաղթի ճանապարhին պապին «խանչալով» մի քանի հարված են հասցնում, մարմինը ծածկում քարերով։ Մի կերպ իրեն քարշ է տալիս դեպի գետը, լվանում վերքերը։ Ցերեկն անտառում թաքնվելով, գիշերը՝ գյուղերից մի կտոր հաց թռցնելով՝ միանում է մյուսներին ու հանգրվանում Էջմիածնում։

Մանուկն ու Մարեն ութ երեխա են ունենում՝ երեք տղա, հինգ աղջիկ։ Հետագա կյանքն ապրում են Զովասար գյուղում։

Հայրենիքի կարոտն առնելու համար Մարեն թոռներին հաճախ պատմում էր Էրգրի ընկույզի, որպես ճրագու օգտագործվող ընկույզի ձեթի, անուշահամ խաղողի, թթի դոշաբի, սալի վրա թխվող հացի, Խուլփ գետում լողացող մեծ ձկների մասին։ Իր ձեռքով պատրաստած ոչխարի մսով շորվան, բլղուրով կոլոլակը, ձավարով քրչիկը, խորիզով ու յուղով հացը, բիշին (յուղաբլիթ —  հեղ․) մի ուրիշ համ ունեին։ Մինչև կյանքի վերջը պահում էր բոլոր ծեսերը․ արևածագին պարտադիր խաչակնքվում էր, նույնիսկ նարոտ (գույնզգույն թելերից ոլորած հաստ թել — հեղ․) հյուսելու հատուկ օր ուներ։ Վահան Խաչատրյանը ծիծաղով նշում է՝ «Արարատ 73-ի» հաղթանակը տատի ձեռքի գործն էր․ նրա հյուսած նարոտը տարել ու խաղադաշտ էին նետել։ Տատը նաև շատ հեքիաթներ գիտեր, սիրում էր արվեստ, կինո, գրականություն։ Գյուղի ակումբում ցուցադրվող կինոնկարների և ներկայացումների պարտադիր տոմս ուներ։ 

Կոլտնտեսության բրիգադիրն էր պապը․ ամբողջ օրը շրջում էր դաշտում, իսկ երեկոյան եղբորն անգիր թելադրում, թե ով որքան քար ու խոտ է հավաքել։ Տատն ու պապն անգրագետ էին, բայց բոլոր զավակներին ուսման տվեցին։ 

Մանուկ պապն էրգրից չէր խոսում, միայն հիշում էր Կարսի անկումից հետո Ալեքսանդրապոլում Զորավար Անդրանիկի հետ իր հանդիպումը։ «Լա՛ո, էլ Էրգիր չենք տեսնելու։ Ամերիկա կգնանք, մի բնակավայր կհիմնենք, անունը կդնենք Սասուն»,- ասել էր հրամանատարը տեղի գաղթականներին։ Ոչ ոք չէր զիջել։ Էրգիր վերադառնալու փափագով պապն ապրեց 85 տարի, տատը՝ 80: Տասն օրվա տարբերությամբ հեռացան կյանքից։

«Օրվա իմ սիրելի պահը տան դիմացի քարերին մեծահասակների կողքին նստելն էր, նրանց զրույցը լսելը։ Մենք ճանաչել ենք մեր արմատներն ու պարտավորված փոխանցել հաջորդներին։ Երեխան քեզ դժկամությամբ կլսի, բայց մեկ-երկու անգամից հետո անպայման նրա մեջ նստվածք կմնա։ Ամեն տարի իմ աշակերտներին հանձնարարում եմ ծնողներից հարցուփորձ անել իրենց մեծերի մասին, թեև այդ պատմություններն անգիր գիտեմ։ Շատ ենք օտարացել, ժամանակի թելը չպետք է կտրել»,- ասում է Վահան Խաչատրյանը և կարոտով հայացքն ուղղում Լեռնարոտից Զովասար տանող ճանապարհին, որով տարիներ շարունակ պապի ընկերը ոտքով մոտ 40 կմ է կտրել՝ իր հայրենակիցներին տեսակցելու համար։ 

Վահան Խաչատրյանը

Անի Անտոնյան

No Comments

Leave a Reply