Ardi.am-ի զրուցակիցը բանաստեղծ Լուսինե Եղյանն է: Պարտադրված մեկուսացում, ինքնամաքրվող աշխարհ, օտար երկիր, գրականություն… Այս թեմաներն են հեռավար զրույցի առանցքում:
— Աշխարհն ավելի վտանգավո՞ր է դարձել: Վտանգավոր՝ մարդո՛ւ համար:
-Աշխարհը վտանգավոր է դարձել մարդու գործունեության հետևանքով, և այն վտանգավոր է դարձել հենց մարդու համար։ Ավելի շուտ՝ արդյունաբերական, ձեռնարկատիրական հասարակության պահանջմունքները մեր մոլորակը ամբողջապես թույլ ու հիվանդ են դարձնում։ Ցավով եմ սա գրում, քանի որ ինքս էլ այս սոցիումի մաս եմ։ Կարող եմ երկար գրել շրջակա միջավայրի պաշտպանության, բնության հուշարձանների ու թալանվող ընդերքի մասին, հետո՝ ներհայման, ինքնակազմակերպան ու ինքնաճանաչողության կամ, ասենք, անհատի «վտանգ» զգալու ներքին ու արտաքին պատճառների մասին։ Բայց ի՞նչ օգուտ։
— Ստեղծագործելու համար գրողները, արվեստագետները՝ առհասարակ, մեկուսացում են փնտրում: Այս պարտադրված մեկուսացումից, կարծում եք, կծնվե՞ն արվեստի գործեր:
Ինքներդ մի բան գրե՞լ եք:
— Չգիտեմ, իրականում չեմ կարծում, որ նմանօրինակ մեկուսացում են փնտրում մարդիկ առհասարակ։ Գիտակցված ինքնամեկուսացումը կարող է ունենալ դրական ազդեցություն անհատի էմոցիոնալ, առողջական վիճակի ու, ինչու ոչ, նաև գրականությամբ զբաղվելու վրա։ Բայց պարտադրվածը շատ ժամանակ անօգտակարության ու անօգնականության զգացում է առաջացնում, որը շատ ճնշող է։
Ամեն դեպքում, կարելի է իրավիճակը գոնե մտքում տրանսֆորմացնել ու այն ընկալել իբրև ոչ սովորական ժամանակ՝ ստեղծագործելու կամ սիրած գործով զբաղվելու համար։
Այստեղ նոր շարք եմ սկսել, որը շարունակում եմ այս օրերի ընթացքում։ Ուղղակի Միջերկրական ծովի ափը փոխարինվել է փոքր ու շատ հարմարավետ պատշգամբով։
— Ավելի հե՞շտ է, թե՞ ավելի դժվար, երբ վտանգի ժամանակ, տվյալ դեպքում՝ համավարակի օրերին, օտար երկրում ես: Արդյոք ավելի պաշտպանված ես, երբ տա՞նն ես: Բոլո՛ր իմաստներով՝ տանը:
— Իհարկե, այս օրերին կցանկանայի տանը լինել, ընտանիքիս ու ընկերներիս հետ։ Բայց Իսպանիայում լինելը իսկապես հրաշալի փորձառություն է, մանավանդ, որ ապրում եմ հրաշալի մարդկանց հետ. իմ հարևանները սիրում են Շոպեն միացնել, ես՝ Օլիվեր ու Տանյա կարդալ, վերջերս վերանայեցինք Ալմոդովարի ֆիլմերը։
— Համավարակի բնածին ու արհեստածին լինելու տարբերակներից ո՞րն եք ավելի հավանական համարում: Կարծիք կա, որ աշխարհաքաղաքական հարցեր լուծելու միտում ունի այս համավարակը: Օրինակ՝ ներգաղթը կանխելու: Իսպանիայում ի՞նչ շշուկներ են պտտվում:
— Իսպանիայում մի շարք թեորիաներ են պտտվում
(նման ֆանտաստ գրականությանը): Oրինակ, որ
Չինաստանում 5G-ի ստեղծումը ու կորոնավիրուսը
իրար հետ կապ ունեն, որ սա հորինված վիրուս է՝ մարդկանց տեղաշարժը կարգավորող չիպեր
տեղադրելու համար, որոշ քրիստոնյաներ ցիտում եմ Աստվածաշնչի «Հայտնություն» գլուխը,
մի մասը, այդ թվում՝ նաև ես, մտածում են, որ սա մոլորակի առողջացման համար է։
Հուսամ՝ մոլորակը ինքնամաքրվում է ու ամեն բան շուտով կվերջանա։
— Գիրք ունեք՝ «Մագմա», երկրորդը ե՞րբ կլինի:
— Շուտով, հավանաբար այս տարի կտպագրվի իմ բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն։
— Ձեր անունը որոնելիս կայքերից մեկում նկատեցի հատված «դիպ(չէ)լ» վեպից: Վե՞պ եք գրում:
— Վեպ գրում եմ, բայց դա բոլորովին այլ պատմություն է։
— Ի՞նչ եք անում Իսպանիայում և ի՞նչ եք անելու, երբ վերադառնաք:
Հիմա սովորում եմ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում։ Վերադառնալու դեպքում երկու հստակ պլան ունեմ. պաշտպանել մագիստրոսական թեզ և տպագրել գիրք։
Հեռավար զրույցը՝ Արմինե Սարգսյանի
No Comments