Արցախ Երաժշտություն

Մոնսերատ Կաբալյե/ Ձայնասկավառակ՝ նվիրված Արցախին և Հայաստանին

08.12.2020

Օպերային աշխարհահռչակ, հանճարեղ երգչուհի, «Գրեմմիի» դափնեկիր Մոնսերատ Կաբալյեն իր ստեղծագործական կյանքի վերջին ալբոմը նվիրել է Հայաստանին և Արցախին:


2020 թ. դեկտեմբերի 6-ին ներկայացվել է ձայնասկավառակի նոր թողարկումը, որն իրականացվել է «Սթարմուս» մշակույթի և գիտության փառատոնի կազմակերպիչների կողմից:  

Մոնսերատ Կաբալյեն (1956-2018 թթ.) այցելել է հայկական երկու պետություններ՝ հարգանքի տուրք մատուցելու աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի մշակութային ու հոգևոր հարստությանը:


Իր այցի արդյունքում լույս ընծայված ձայնասկավառակը նա անվանել է «The Island of Christianity: Armenia and Artsakh» («Քրիստոնեության կղզի՝ Հայաստան և Արցախ»):


Ձայնասկավառակում ներառված են Վանգելիսի և «Քուին» խմբից Բրայան Մեյի աշխատանքները: Այն սահմանափակ քանակությամբ հրապարակվել էր 2014 թ.-ին:

2013 և 2014 թթ. Մոնսերատ Կաբալյեն  այցելել է աշխարհի հնագույն եկեղեցիներ և վանական համալիրներ: Մեր երկիր կատարած նրա այցելությունը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին:

Այցի ժամանակ երգչուհին ելույթ է ունեցել Երևանում և Ստեփանակերտում ու ձայնագրել մի քանի երգ, որոնց թվում՝ մի քանիսը հայերեն:

Կաբալյեն տպավորվել էր Հայաստանում և Արցախում տեսածով, հատկապես  հնագույն քրիստոնեական հուշարձաններով, ինչպիսիք են Սուրբ Էջմիածնի տաճարը  (Հայաստան, 385 թ.) և Ամարասը (Արցախ, 338 թ.):

«Հայաստանը շատ հեռու է գտնվում ինձանից, բայց շատ մոտ է իմ սրտին: Լինելով մինչև գլխի ոսկորները քրիստոնյա՝ ես սիրահարվել եմ Հայաստանին և Արցախին»,- ալբոմի թողարկման ժամանակ ասել էր երգչուհին:

Ձայնասկավառակի էքսկլյուզիվ հրատարակությունը, որը ներառում էր CD, DVD և blue-ray, թողարկվել և ներկայացվել  էր Փարիզում 2013 թ.ի դեկտեմբերին: Միջոցառմանը ներկա Շառլ Ազնավուրը նշել էր. «Մոնսերատ Կաբալյեն զգաց հայ ժողովրդի ոգին ու բացեց ողջ աշխարհի առջև»:

Ալբոմը պարունակում է 10 երգ և տեսանյութ, որոնց մշակման աշխատանքներին մասնակցել են Վանգելիսը, «Քուին» խմբից Բրայան Մեյը, Լոնդոնի ֆիլհարմոնիկ երաժշտության նվագախումբը, Մոնսերատ Մարտին:

Հայկական երգերից Կոմիտասի «Կռունկն» ու «Չինար ես» երգերը նույնպես տեղ էին գտել ձայներիզում: Այդ երգերը գործիքավորել է Ջոն Մետկեֆը, կատարում է  Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ձայնագրվել է Լոնդոնի «Abbey Road Studios» ստուդիայում:

Ալբոմն ընդգրկում է նաև Վանգելիսի նոր ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ Մոնսերատ Կաբալյեի համար և կոչվում է «La Habanera»:

Օպերային աստղն իր ձայնասկավառակի համար ընտրել էր Վանգելիսի ևս մեկ երգ՝ «Like a Dream»՝ որպես հայկական Դադիվանքի մասին պատմող տեսանյութի երաժշտական ուղեկցում: (Դադիվանքը համարվել է հայկական Վերածննդի մարգարիտներից, որը դեռ մ.թ. I դարում հանդիսացել է քրիստոնեական սրբավայր):

Ալբոմը ևս մեկ շատ կարևոր բնութագիր ունի. «Քուին» խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի հետ համատեղ աշխատանքից 25 տարի անց ալբոմի շնորհիվ Մոնսերատ Կաբալյեն «Քուին» խմբից Բրայան Մեյի հետ ձայնագրեց «Is This the World We Created?» («Արդյոք սա այն աշխարհն է, որը մենք ստեղծել ենք») երգը: Երգի գործիքավորողն ու պրոդյուսերը Բրայան Մեյն էր. տեսանյութը պատմում է հրեաների, հայերի եղեռնի և մարդկության դեմ իրականացված այլ ոճրագործությունների մասին:

Հայկական դուդուկի կախարդական հնչյուններն առկա են «Կռունկ», «Չինար ես» և «La Habanera» երգերում: Կաբալյեն և Վանգելիսը եղել են այդ հին հայկական երաժշտական գործիքի սիրահարներ:

Հավելենք, որ Մոնսերատ Կաբալյեն աշխարհի ամենասիրված և հանրահայտ օպերային երգչուհիներից է: Նա նաև հանդես է եկել բազմաթիվ ոչ դասական երաժշտական ժանրերում, որոնցից ամենափայլունը Ֆրեդի Մերկուրիի հետ հայտնի «Բարսելոնա» դուետն է:

 Համաշխարհային ճանաչման շնորհիվ նա ստացել է ՄԱԿ-ի պատվավոր դեսպանի, հետագայում՝ նաև Բարի կամքի և Աշխարհում խաղաղության դեսպանի կոչումները:

ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն

No Comments

Leave a Reply