Երիտասարդ ռեժիսոր Գոռ Գրիգորյանի հետ զրուցել ենք նրա «Երկու հոգի նույն քաղաքում» ֆիլմի մասին։ 2021 թվականին նկարահանված վավերագրական այս ֆիլմը նույն քաղաքում ապրող երկու ստեղծագործող մարդկանց մասին է։
— Գոռ, երկու բառով պատմեք Ձեր մասին։
— Ծնվել եմ 2000 թվականի դեկտեմբերի 12-ին: Սովորել եմ Պեո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցում: Հետո Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցում: 2017 թվականին ընդունվել եմ «Մետրո» թատրոն-ստուդիա, որտեղ էլ առաջին անգամ սիրահարվել եմ արվեստին: 2018 թվականին ընդունվել եմ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, հեռուստառեժիսուրա բաժին՝ Ռուբեն Գրիգորյանի արվեստանոց, որտեղ մինչ այժմ սովորում եմ: 2021 թվականին նկարահանեցի իմ կուրսային աշխատանքը՝ «Երկու հոգի նույն քաղաքում» ֆիլմը, որը մասնակցեց միջազգային կինոփառատոների և ունեցավ մրցանակներ: Ազատ ժամանակ նաև զբաղվում եմ ստենդ ափով:
— Նմա՞ն, թե՞ միանգամայն տարբեր են ֆիլմի հերոսները։ Ինչպե՞ս կամ ինչո՞ւ ընտրեցիք նրանց։
— Ֆիլմի հերոսները երկուսն են՝ ռեպեր Ա. Չիլան և պոետ Հուսիկ Արան: Կերպարներն ունեն ընդգծված տարբերություններ՝ բնավորության, ապրելակերպի, ստեղծագործելու ոճի: Իսկ նրանց նմանությունը Երևան քաղաքն է… Երկուսին էլ երկար ժամանակ հետևել եմ, նույնիսկ հասցրել սիրել: Այդ պատճառով էլ նրանց եմ ընտրել որպես ֆիլմի հերոսներ:
— Ի՞նչ կարող է պատմել այս ֆիլմը օտարերկյա հանդիսատեսին (մանավանդ որ անգլերեն տիտրեր կային)։
— Հույս ունեմ, որ օտարերկրյա հանդիսատեսը ֆիլմը նայելուց հետո կսիրահարվի Երևան քաղաքին։ Քանի որ մեզ բանաստեղծ դարձրեց Երևանը (ցիտատ ֆիլմից):
— Սա նաև պոեզիայի հիման վրա ֆիլմ նկարահանելու տարբերա՞կ է։ Կարծես հիմքում Հուսիկ Արայի բանաստեղծությունն է։
— Ֆիլմը ի սկզբանե եղել է նույն քաղաքում ապրող երկու ստեղծագործող մարդկանց մասին, իսկ Ֆիլմի վերջում հնչում է ռեպ ժանրի երաժշտություն Երևան քաղաքի մասին, որի հեղինակներն են հենց Հուսիկ Արան և Ա. Չիլան:
— Իրենք իրենց հավանեցի՞ն ֆիլմում։
— Հուսակի Արան խորհրդավոր լռեց, բայց ժպտաց, իսկ Ա. Չիլան ասաց՝ Թույնա Բրո:
— Օպերատորական լուծումները շատ հետաքրքիր են, ամեն կադր մի առանձին լուսանկար է։
-Ֆիլմի օպերատորը Սիմոն Դավթյանն է: Համաձայն եմ՝ ընտիր է աշխատել: Հետագայում մեծ սիրով կշարունակեմ իր հետ աշխատանքը:
— Կարծիք ֆիլմի մասին, որ շատ եք հավանել, դիպուկ է։
— Առաջին ցուցադրումից հետո մի հանդիսատես ասաց՝ ես միշտ գիտեի, որ Երևանն առանձնահատուկ ռիթմ ունի ու հիմա հասկացա՝ թե կոնկրետ ինչ:
— Քննադատություններ եղե՞լ են․․․
— Ֆիլմի վերաբերյալ ունեցել եմ բազում քննարկումներ վարպետ կինոգետների, կինոռեժիսորների և կինոդրամատուրգների հետ: Հիմնականում դրական արձագանք է եղել:
— Ինչպե՞ս է այն հասել կամ հասնելու հանդիսատեսին։
— Փառատոնային ցուցադրումներից բացի շուտով ֆիլմը հասանելի կլինի նաև համացանցում:
— Հուսիկ Արան ասում է՝ «Առանց Երևանի ես աշխարհը չեմ պատկերացնում»։ Ֆիլմը աշխարհը տեսնելու ձև՞ է։
— Կարծում եմ՝ յուրաքանչյուր ստեղծագործողի համար՝ անկախ նրա փորձից ու վաստակից, իր ամեն մի ստեղծագործությունը աշխարհը տեսնելու ձև է:
— Ինչպիսի՞ն է աշխարհը՝ ըստ Ձեզ։
-Կլոր…այսինքն՝ վերջ չունեցող:
— Ի՞նչը կփոխեիք ֆիլմով, եթե, իհարկե, հնարավոր լիներ։
— Մարդկանց դեմքին ժպիտ կավելացնեի: Արդեն աշխատում եմ դիպլոմային ֆիլմիս վրա, ֆիլմը կարճամետրաժ խաղարկային է լինելու Ժանրը` կատակերգություն: Հասկանում եմ, որ կատակերգություն նկարահանելը հիմա հատկապես շատ է բարդացել, գիտեմ նաև, որ ֆիլմ նկարահանելը, առհասարակ, գրեթե անհնարին է ուսանողի համար, բայց ինձ դուր է գալիս անել բարդ ու գրեթե անհնարին բաներ:
Զրուցեց Արմինե Սարգսյանը
No Comments