ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Նորայր Ադալյան, Քարտուղարուհու վեպը-2

06.10.2019

Սկիզբը՝ այստեղ

-Պրոֆեսոր,  հիշո՞ւմ եք մեր առաջին հանդիպումը,- վերնաշապիկը կոճկելով՝ հարցրեց Մանեն:

-Դու հիշիր:

-Լսարան մտաք փոքր-ինչ ուշացած և ասացիք՝ բարև, աղջիկներ, ես Խիկար Բալյանն եմ… Ինչո՞ւ տղաներին էլ չողջունեցիք, լսարանում հինգ-վեց տղա կար:

-Իբրև հոմո սափիենս՝ աղջիկներն ավելի գեղեցիկ են, դա չի նշանակում, թե դուք նրանցից խելացի եք:

-Խե՞լքն է առաջնային, թե՞ գեղեցկությունը:

-Երկուսը միասին,-  պատասխանեց Խիկարը,- բայց դա հազվադեպ է պատահում: Գրիր, աղջիկ ջան:

-Մենք ուսումնասիրելու ենք մարդու հոգեբանությունը…

-Այո, ես աշխարհագրության դասախոս չէի, թեև աշխարհագրությունն էլ է մտնում հոգեբանության մեջ: Հետաքրքիր է՝ ինչ զգացմունքներ էին պաշարել Կոլոմբոսին, երբ նա նավարկում էր Ատլանտյան օվկիանոսով: Եթե մի օր աչքերս տեսնեն՝ հոդված կգրեմ նրա հոգեկան ալեկոծումների մասին:

-Դուք ասեք՝ ես գրի առնեմ:

-Աշխարհում կան այնպիսի առանձնահատուկ երևույթներ, որոնք պիտի սեփական աչքերով տեսնես, միայն քո սրտով սիրես, որ հասկանաս:

-Ե՞ս…

-Դու էլ,- ասաց Խիկար Բալյանը:

Այդ րոպեին Մանեն չիմացավ ինչպես ակամայորեն արձակեց վերնաշապիկի կոճակները և դարձյալ կոճկեց: Սիրտը կարծես ազատ անկումով վայրէջք կատարեց երջանկության վախեցնող անդունդը, որտեղ գետակն էր անուշ խոխոջում, և պես-պես ծաղիկներ էին բուրումնալից ժպտում:

Բաց պատուհանի գոգին՝ շերտավոր վարագույրի հետևում, թառեց աղավնիներ խաղացնող հարևան Հակոբոսի կարմիր կտուցով ճերմակաթև աղավնին և քաղցրալեզու ղունղունաց:

-Օրը մի քանի անգամ ինձ բարևում է,- ասաց Խիկար Բալյանը,- գիտի՝ այս աշխարհում մենակ եմ մնացել, անցյալ եմ, հիշողությունների մարդ: Աղավնին էլ հոգեբանություն ունի:

-Դուք միայնակ չեք, պրոֆեսոր, ես Ձեզ հետ եմ:

-Շապիկիդ կոճակները չարձակես:

-Շատ լավ էլ կարձակեմ,- զվարթացավ Մանեն, սակայն փորձ չարեց արձակելու:

-Խնդրում եմ, ես ինձնից ամաչում եմ: Լավ, արձակիր, անամոթ, մի ակնթարթ էլ տեսնեմ քեզ:

-Ակնթարթն ինչ է, որ…

-Կա վայրկյան, որ հավերժությունից երկար է,- ասաց պրոֆեսորը:- Մի՛ գրիր, մեր այս խոսակցությունն այնքան անիրական է, որ քիչ է մնում ուշաթափվեմ:

-Արդեն գրեցի:

-Ջնջիր,- ասաց պրոֆեսորը,- թող բառերը պատկանեն միայն զգացմունքներին:

Մանեն այդ նախադասությունների վրա գիծ ու միծ չարեց, որովհետև դրանք թանկ էին իր հոգուն և, զգաց, կրծկալի նման գրկել են իր քրիզանթեմները:

-Ջնջեցի՞ր:

-Այո, պրոֆեսոր,- ստեց Մանեն:

-Հիմա գրիր… Ի՞նչ խոսեցի, երբ առաջին անգամ ձեր լսարանը մտա, ես մոռացել եմ:

Մանեի աչքերը հիշողության արթնացումից շողացին.

-Օ՜, պրոֆեսոր… Ես Ձեզնով հրապուրվեցի անմիջապես: Ձեր խառնիխուռն մազերին իջել էր առաջին ձյունը… Սանրված չէի՞ք, պրոֆեսոր… Գեղեցիկ էիք, հիմա էլ գրեթե նույնն եք, դեռ մի բան էլ ավելի… Իսկական Ապոլլոն…

-Ուզում ես ասել Զևսի և Լեթոյի որդի՞ն, Արտեմիսի երկվորյա՞կը:

-Այո:

-Լավ, էլի, Մանե ջան, ես մի սովորական մահկանացում եմ, և իմ օրերը հաշվված են:

-Մեղք եմ, պրոֆեսոր:

-Մեզանից հետո կգան ուրիշներ, ավելի հիասքանչ և իմաստուն:

-Չէ, պրոֆեսոր, ուզում եմ միայն մենք լինենք այս երկնքի տակ, ես ու Դուք: Գրեցի:

-«Միայն» բառը ջնջիր,- ասաց Խիկար Բալյանը:

Ջնջելու փոխարեն Մանեն բառն ավելի ընդգծեց՝ միայն ու միայն:

-Աչքերս հիացած նայում էին Ձեզ: Դուք նման չէիք մինչ այդ եկող-գնացող մյուս դասախոսներին, որոնք գլուխ չէին բարձրացնում իրենց դեղնած թղթերից և հազիվհազ կարդում էին հիվանդ ու ձանձրալի ձայնով: Դուք արտիստ էիք, պրոֆեսոր, որի նմանին դեռ չէինք հանդիպել: Դուք ասացիք…

-Ի՞նչ ասացի, հիշիր:

-Հոգաբանությունն ամենաբարդ ու գեղեցիկ գիտությունն է, ավելի բարդ, քան աստղաֆիզիկան, քանզի հոգեբանությունը գործ ունի մարդու բազմաշերտ հոգեկան աշխարհի, իսկ աստղագիտությունը՝ ֆիզիկական մարմինների հետ:

-Ես ճիշտ ու ճիշտ հիշում եմ Ձեր ամեն բառը, նույնիսկ չասված բառերը: Հոգեբանությունը մի մութ ու թանձրախիտ անտառ է՝ ասացիք, մենք պետք է անցնենք այդ անտառը և դուրս գանք լուսավոր դաշտավայր:

-Հազիվ թե «թանձրախիտ» ասած լինեմ,- կասկածեց Խիկարը:

-Պրոֆեսոր, ես ինձ թույլ չեմ տա Ձեզ խմբագրել: Հետո այսպես շարունակեցիք. հոգեբանությունը նաև նման է անսահման ծաղկաստանի, ավելի անընդգրկելի, քան տիեզերքը…

-Ասած կլինեմ,- համաձայնեց պրոֆեսորը:                 

-Այնտեղ ծաղկում են բնազդները, զգացմունքները, մտապատկերները…

Պրոֆեսորը շարունակեց.

-Հիշողությունը, խանդը, երևակայությունը, կամքն ու խառնվածքը, նախանձը, ընդունակությունը…
-«Ընդունակություն» բառից հետո Դուք երկար լռեցիք: Ի՞նչ էիք ուզում ասել, պրոֆեսոր, որ չէիք ասում… Վերջապես ասացիք՝ կարծես միայն Ձեզ համար…

-Հիշիր բառը:

-Ես գիտեմ, Դուք հիշեք:

-Սերը, Մանե:

-Այո:

-Սերը միշտ դրամա է,- ասացիք:- Քիչ մնաց ամբողջ համալսարանով մեկ բղավեի՝ ոչ, պրոֆեսոր, որովհետև այդ պահին ես այնքան երջանիկ էի:

-Ի՞նչ է երջանկությունը:

-Մի անվերջանալի կյանք,- ասաց Մանեն:

-Ամեն բան վերջանում է, աստղերն էլ են մեռնում հավերժության մեջ, լինում է նոր սկիզբ:

-Ես շարունակություն եմ,- ասաց Մանեն,- որ սկսվեց Ձեզանից:

-Մի՛ գրիր, մի՛ ասա…

-Արդեն գրել եմ:

-Դու շատ գեղեցիկ ես:

-Այդ օրը ես Ձեզնից նեղացա, սիրտս տխրեց, հազիվ զսպեցի արցունքներս: Դասախոսության ընթացքում Դուք նայում էիք մեկ այս, մեկ այն աղջկան, նույնիսկ՝ տղաներին, բայց՝ ոչ ինձ, մի՞թե ես բացակա էի, չէի ծնվել, գոյություն չունեի, պրոֆեսոր… Ընդմիջմանը, միջանցքի լուսամուտի մոտ, որտեղ միայնակ ծխում էինք, ես մոտեցա Ձեզ և ասացի՝ բարև, պրոֆեսոր, իմ անունը Մանե է, ես Ձեզ սիրում եմ:

-Հիշեցի,- շփոթվեց Խիկար Բալյանը,- հիշեցի:

-Շատ աղջիկներ սիրահարվեցին Ձեզ, բայց ոչ ինձ նման, ամեն գիշեր ես Ձեզ երազում էլ էի տեսնում:

-Չեմ հասկանում այդ սիրահարվածության պատճառը,- տարակուսեց Խիկարը,- ես հո Ալեն Դելո՞նը չէի:

-Կա աղջկական մի հոգեբանություն, որ Դուք, համոզված եմ, չգիտեք ու երբեք չեք իմանա, որովհետև տղամարդ եք: Մենք՝ աղջիկներս, հաճախ սիրահարվում ենք մեզանից տարեց, հատկապես սպիտակող մազերով տղամարդկանց, որոնք մեզ համար խորհրդավոր գաղտնիք են, սրբապղծությո՞ւն է:

-Ո՛չ,- ասաց Խիկարը և տևականորեն լռեց:- Ծեր տղամարդն էլ, կարծում եմ, կարող է սիրել մի երիտասարդ ու գեղեցիկ աղջկա, հոգեբանությունը դա չի բացառում:

Մանեն վշտացավ, որ պրոֆեսորը հոգեբանության օրենքով է դա արդարացնում և ոչ՝ կյանքի ու մարդկային բնության: Նա առանց բարձրաձայնելու գրեց՝ «դու ինձ չես սիրում, պրոֆեսոր», և թաքուն ու խանդալից աչք ածեց նրա կնոջ՝ Էմմայի՝ հին դաշնամուրի վերևում՝ պատից կախված սև շրջանակով երիտասարդական լուսանկարին, «դու սիրում ես նրան»:

Խիկար Բալյանը միշտ անհամբերությամբ էր սպասում Մանեի հերթական այցելությանը, անհանգստանում էր, երբ ուշանում է, կարոտում էր՝ առանց նրան հայտնի անելու, վախենում, որ, մեկ էլ տեսար, այլևս չի գա՝ առանց որևէ պատճառի: Մանեի միջոցով նա իրեն ավելի լավ էր տեսնում ու ճանաչում, նա կարծես իր հայելին լիներ, որ հարազատորեն արտացոլում է ոչ միայն իր անցյալը, այլև ներկան: Աղջկա մուտքը նրա հուզաշխարհ, ի վերջո, նրան դուրս բերեց միայնության սև քառակուսուց, որ վերջին տարիներին շնչահեղձ էր անում սիրտն ու հոգին: Թեև կույր, նա  իրեն դարձյալ լիարժեք մարդ զգաց: Հոգու խորքերում էլ երգ կար, որը զգուշանում թե վախենում էր խոստովանել նույնիսկ իր ներքին մարդուն՝ «նրան սիրում եմ», և անունը չէր տալիս՝ իբրև թավջութակի ծաղկաբույր ու անանուն մեղեդի:        
            
Շարունակելի

Լուսանկարը՝ anunner.com -ից                              

No Comments

Leave a Reply