Թատրոն Նորայր Ադալյան

Նորայր Ադալյան, Վերջին գարունը

07.04.2021

(Պիես՝ մեկ գործողությամբ)

Նվիրվում է Հակոբ Ղազանչյանին

Բեմում են

Գասպար

Մերի

Էմմա

Վարդուշ

Ռուզան

Ջուլիետ

Բժիշկ

Բեմից դուրս

Լաուր

Առանձնատան հյուրասենյակի հանդիպակաց բաց պատշգամբից երևում է շքեղորեն ծաղկած բալի այգին։ Կահավորանքը՝ սովորական ու հարմարավետ։ Աջ կողմում ննջարանի դուռն է։ Ձախ պատին՝ մռնչացող վագրի մեծադիր լուսանկար։ Կեսօր։ Աթոռներից մեկին նստած է Էմման և ոտքի եղունգներն է հարդարում։ Ներս է մտնում Վարդուշը և չի նկատում Էմմային, նստում է բազմոցին։ Պայուսակից մի տետր է հանում և սկսում ինքնամփոփ կարդալ։ Ահա և Ռուզանը, չի տեսնում ներկաներին, երկար կանգնում է վագրի առջև, սիգարետ վառում և ծուխը փչում լուսանկարի վրա։ Մերին մոտենում է բարձրահասակ հայելուն, առանց ուշադրություն դարձնելու՝ ով կա-չկա հյուրասենյակում, բարձրացնում շրջազգեստի փեշը և հիանում իր գեղատեսք ոտքերով։ Ջուլիետի մուտքը։

ՋՈՒԼԻԵՏ – (Բարուրը մայրական հոգածությամբ գրկած՝ կարոտալից շուրջն է դիտում, որի ընթանցքում չի զգում կանանցից և ոչ մեկի ներկայությունը)։ Ես այստեղ վերջին անգամ եղել եմ երեք տարի առաջ, այն ժամանակ էլ գարուն էր… Ննջարանի դուռն է…

ԷՄՄԱ – (Շարունակելով ոտքի եղունգները հարդարել)։ Դու ո՞վ ես, ախչի։

ՋՈՒԼԻԵՏ – Բա դո՞ւ ով ես… (Տեսնելով նաև մյուսներին)։ Դուք ովքե՞ր եք…

ՄԵՐԻ – Շատ գեղեցիկ ոտքեր ունեմ։

ՌՈՒԶԱՆ – Նա զանգահարեց ինձ ու խնդրեց ճիշտ ժամը երկուսին գամ այստեղ։ Հինգ րոպե ուշացա։

ԷՄՄԱ – Ես հինգ րոպե շուտ եմ եկել։

ՎԱՐԴՈՒՇ – (Առանց հայացքը տետրից բարձրացնելու)։ Ես միշտ այս տանն եմ։

Լռություն։ Բացի Վարդուշից՝ բոլորը նայում են իրար։ Ճնճղուկների ծլվլոց։

ՄԵՐԻ – Ննջարանի դուռը։

ՌՈՒԶԱՆ – Չբացես… ես ներսում եմ։

ԷՄՄԱ – Եթե ես ներսում չեմ, չի նշանակում, թե դրսում եմ։

ՋՈՒԼԻԵՏ – Ես այնտեղ եմ եղել ձեզնից առաջ։

ԷՄՄԱ – Ախչի, դե ասա, ի՞նչ կա ննջարանում։

ՋՈՒԼԻԵՏ – Մահճակալ։

ՌՈՒԶԱՆ – Մեկ էլ չհամարձակվես պառկել իմ մահճակալին։

ՋՈՒԼԻԵՏ – Ես հիմա էլ այնտեղ եմ։

ՄԵՐԻ, ՌՈՒԶԱՆ, ԷՄՄԱ – (Սպառնալից)։ Պոռնիկ։

ՎԱՐԴՈՒՇ – Առաջ ամաչում էինք նույնիսկ կարճ հագնել, այս ո՞ւր հասանք։

Բալի այգուց հանդիսավորությամբ պատշգամբ է ելնում Գասպարը։ Նա փետրավոր ցիլինդր գլխարկով է, սպիտակ վերնաշապիկով, սև թիթեռ փողկապով, սև լաքած կոշիկներով և նեղլիկ սպիտակ տաբատով, ձեռքին ոսկեզօծ նախշերով շքեղ ձեռնափայտ կա։

ԳԱՍՊԱՐ – (Մի պահ կանգնում է և ժպտագոհ դիտում ներկաներին)։ Բարև բոլորիդ։ (Առաջանում է)։ Բարև, սիրելիներս։ Ո՞ւր է Լաուրը։

ՌՈՒԶԱՆ – Ինչո՞ւ ես այդպես պճնվել, Գասպար։ Գլխարկիդ հավի՞ փետուր է։

ԳԱՍՊԱՐ – Ես քեզ ճանաչո՞ւմ եմ։

ՌՈՒԶԱՆ – (Կրկին սիգարետ է վառում)։ Մենք հանդիպել ենք նախորդ դարում, այն ժամանակ ես չէի ծխում։

ԳԱՍՊԱՐ – Երևի։

ՌՈՒԶԱՆ – Ոչ ոք ինձ այնքան խորը չի սիրել, որքան դու, գժվում էիր ինձ համար։

ԳԱՍՊԱՐ – Լաուրը խոստացավ չուշանալ… (Ցիլինդրն ու ձեռնափայտը կախում է բեմեզրի անկյունում կանգնած կախիչից)։

ՄԵՐԻ – Դու ինձ չե՞ս սիրում…

ԳԱՍՊԱՐ –Բարև, Էմմա, քեզ էլ եմ սիրում։

ՋՈՒԼԻԵՏ – Իսկ ի՞նձ…

ԳԱՍՊԱՐ – Ջուլի, սիրելիս… Ինչպե՞ս եք, ընկեր Վարդուշ…

ՎԱՐԴՈՒՇ – Կարդում եմ քո շարադրությունը։ Սա մի հուզիչ վեպ է աշակերտի և ուսուցչուհու սիրո մասին։

ԳԱՍՊԱՐ – Հազար տարի է անցել։

ՎԱՐԴՈՒՇ – Սերը չի անցնում, սերը միշտ սահմանական եղանակի ներկա ժամանակի մեջ է։

ԷՄՄԱ – Դու ինձ դավաճանո՞ւմ ես, Գասպար, և՛ ի՞նձ հետ ես, և՛ (մատնացույց է անում Վարդուշին) այս պառավի՞… Աղջկերք, նա մեզ դավաճանում է։

ԳԱՍՊԱՐ – Մի՛ նեղացիր, ուսուցչուհի, Էմման չգիտի՝ ինչ է խոսում։

ՄԵՐԻ –  (Բարձրացնում է շրջազգեստի փեշը։ Վավաշոտ ժպտալով)։ Գասպար, սիրելիս, վագր…

ՌՈՒԶԱՆ – Իմ ոտքերն ավելի գայթակղիչ են։

ՋՈՒԼԻԵՏ – Բա որ իմ կրծքերը տեսնեք… (Մի ակնթարթ բացում-փակում է շապիկի օձիքը)։

ԷՄՄԱ – Շեքսպիրի բոզ…

Էմման հարձակվում է Ջուլիետի վրա։ Բացի Վարդուշից՝ կանայք քաշքշում են միմյանց, մազերը փետում՝ անվերջ կրկնելով.

– Նա ինձ է սիրում…

– Գլուխդ կջարդեմ…

ԳԱՍՊԱՐ – Հանգստացեք, խնդրում եմ, վերջ տվեք…

Կանայք դադարում են կռվել։

ԳԱՍՊԱՐ – Ես ձեզ զանգահարեցի ու խնդրեցի՝ գաք այստեղ, տարբեր ժամանակներում ես բոլորիդ էլ սիրել եմ, ո՞ւր է Լաուրը, ինչո՞ւ չի եկել, մի՞թե նեղացել է, վերջին անգամ ես նրա հետ կոպիտ եղա, ներիր, Լաուր։

ԷՄՄԱ – Անամոթ… իսկ ինձ հավատացնում էիր, թե միայն ես եմ քո սիրուհին։

ՄԵՐԻ – Ինձ էլ էիր երդվում, գրկում էիր ոտքերս (Բարձրացնում է շրջազգեստի փեշը), տեսեք, սուտ չեմ խոսում, այս ոտքերը…

ՌՈՒԶԱՆ – Ե՞րբ…

ՄԵՐԻ – Իմ ու նրա նախորդ կյանքում։

ՋՈՒԼԻԵՏ – Ոնց էիր համբուրում կրծքերս, Գասպար, չգիտեմ ինչու՝ ավելի ձախ կուրծքս, որից աջը նեղանում էր, ասում էիր՝ Ջուլի, քեզ ավելի շատ եմ սիրում, քան Ռոմեոն, մոռացե՞լ ես, ասում էիր, չէ՞…

ՌՈՒԶԱՆ – (Սիգարետ է վառում)։ Այդ ե՞րբ է եղել։

ՋՈՒԼԻԵՏ – (Արհամարհաբար՝ Մերիին)։ Ոչ թե նախորդ կյանքում, այլ այս կյանքում։

ԷՄՄԱ – Ճի՞շտ է ասում, Գասպար։

ԳԱՍՊԱՐ – Բոլորդ էլ ճիշտ եք։ Ես ձեզ սիրում եմ, ինչպես ծաղիկներին, ծառերը, աստղերը, կենդանիներին, տեսեք վագրի լուսանկարը, նրան շատ եմ սիրում, նա էլ ինձ այնքան է սիրում, որ մի անգամ քիչ մնաց հոշոտեր։

ՌՈՒԶԱՆ – Ե՞րբ, Գասպար…

ԳԱՍՊԱՐ – Նախորդ կյանքում։

ԷՄՄԱ – Դու նախորդ կյա՞նք ունես։

ԳԱՍՊԱՐ – Դու էլ ունես, Էմմա, բոլորդ էլ ունեք, բայց մոռացել եք, միշտ հիշեք ձեր նախորդը, որը նման է դրախտի, բոլորս այնտեղից ենք գալիս և գնում ենք դեպի դժոխք։ Մի քանի օր առաջ իմ բարեկամ բժիշկն ասաց՝ ես շուտով կմեռնեմ, դա, ասաց, կարող է պատահել վաղը կամ մեկ շաբաթից, և ես ցանկացա մեռնելուց առաջ վերջին անգամ տեսնել ձեզ։ Բարի եք եկել։ Այսպես եմ հագնվել, որ դուք ինձ երկար հիշեք, չմոռանաք հատկապես ձեռնափայտը, որ պապս է նվիրել ինձ։ Գլխարկիս փետուրն էլ, իմացեք, սիրամարգի է։

ՌՈՒԶԱՆ – Դու հիվա՞նդ ես։

ՋՈՒԼԻԵՏ – Հիվա՞նդ ես, Գասպար։

ԷՄՄԱ – Ի՞նչ հիվանդ ես, թանկագինս, ես հորս տունը կծախեմ և քեզ կբուժեմ։

ՄԵՐԻ – Մի՛ թող իմ ոտքերն անտեր, մեղք են։

ՋՈՒԼԻԵՏ – Իմ կրծքերը…

ԷՄՄԱ – Աղջկերք, եկեք ինչ ունենք-չունենք ծախծխենք, ահագին փող դուրս կգա, փողն ամեն ինչ բուժում է, ինչո՞ւ ձայն չես հանում, ընկեր Վարդուշ…

ՎԱՐԴՈՒՇ – Ես արդեն վաղուց իմ ապրած կյանքն եմ տվել նրան։

ԳԱՍՊԱՐ – Ոչինչ մի՛ ծախեք, սիրելիներս, շնորհակալ եմ։

ԲՈԼՈՐԸ – (Գրեթե միաձայն)։ Կծախենք։

ՌՈՒԶԱՆ – Թող Լաուրն էլ մի բան ծախի։

ԷՄՄԱ – Դու Լաուրին ճանաչո՞ւմ ես, գեղեցի՞կ է, թե՞ տգեղ։

ՌՈՒԶԱՆ  – Կյանքումս չեմ տեսել։ Տգեղէ։

ԳԱՍՊԱՐ – Բնության մեջ կան գաղտնիքներ, որոնք դեռ ոչ ոք չի կարողացել բացահայտել։

ԷՄՄԱ – Փողը կբացահայտի։

ԳԱՍՊԱՐ – Ո՞վ կարող է ասել՝ երբ և ինչու է մեր սրտում ծաղկում սիրո ծաղիկը։

ՋՈՒԼԻԵՏ – Ննջարանում մահճակալ կա։

ԳԱՍՊԱՐ – Ո՞ւմ ես գրկել, Ջուլի։

ՋՈՒԼԻԵՏ – Քո երեխան է, Գասպար, տես՝ ինչքան նման է քեզ։ (Բարուրից հանում է տիկնիկը և պարզում Գասպարին)։ Խեղճ-երջանիկ երեխան երեք տարի սպասում է, որ դու իրեն գրկես, տանես մանկապարտեզ, դպրոց, քո պես դերասան է ուզում դառնալ, ամուսնացնես մի տաղանդավոր դերասանուհու հետ, քեզ համար երեխա ծնի՝ ճիշտ քո պատկերով, գրկիր, անխիղճ հայր։

ԳԱՍՊԱՐ – (Գիրկն է առնում տիկնիկը, որն այդ պահին արձակում է լաց ու ծիծաղի ձայներ)։ Աղջի՞կ է։

ՋՈՒԼԻԵՏ – Ուզում ես՝ տղա թող լինի։

ԳԱՍՊԱՐ – Անունն ի՞նչ է։

ՋՈՒԼԻԵՏ – Կուկլա։

ԳԱՍՊԱՐ – Ամբողջ կյանքումս երազել եմ Կուկլա անունով տղա կամ աղջիկ զավակ ունենալ։ (Համբուրում է տիկնիկին)։ Ջուլի, համոզված եղիր, մեր երեխան մի օր հիանալի Ռոմեո և Ջուլիետ կխաղա։

ՋՈՒԼԻԵՏ – Օթելլո էլ։

ԳԱՍՊԱՐ – Ախր սևամորթ չէ։

ՋՈՒԼԻԵՏ – Սև կներկենք։

Տիկնիկը լաց ու ծիծաղելով անցնում է ձեռքից ձեռք։

ԷՄՄԱ – Լաուրը։

ՄԵՐԻ – Ի՜նչ սիրուն Լաուր է։

ՎԱՐԴՈՒՇ – Լաուրին որդեգրում եմ։

ԷՄՄԱ – Քեզ Լաուր տվող չկա, պառվաբոզ։

ՌՈՒԶԱՆ – Ինձ կտա՞ս։

ԷՄՄԱ – Ինձ տուր, Ջուլի։

ԳԱՍՊԱՐ – Մի՛ նեղացեք, ոչ մեկիդ էլ չեմ տալիս։

ՄԵՐԻ – Դե որ չեք տալիս՝ կգնամ ննջարան և իմ Լաուրին կծնեմ։

ԳԱՍՊԱՐ – Ո՞վ կլինի հայրը։

ՄԵՐԻ – Դու, վագր ջան։

Բոլոր կանայք, իրար հրմշտելով, փորձում են ննջարան մտնել, բայց դա հաջողվում է Մերիին։ Մյուսները վիրավորված ընկրկում են։

ԷՄՄԱ – Բոզ։

ՌՈՒԶԱՆ – (Սիգարետ է վառում և նյարդայնորեն վրա-վրա ներքաշում ծուխը)։ Բոզի մեկը, ոտքերդ էլ շատ տգեղ են։

Մերին մի պահ կիսաբացում է ննջարանի դուռը և ցուցադրում մերկացված գեղեցիկ ոտքը։

ԳԱՍՊԱՐ – (Ձայնն ուղղում է ննջարանի կողմը)։ Մերի, վարտիքդ չհանես, ես կհանեմ։

ՄԵՐԻ – (Ննջարանից)։ Արդեն հանել եմ, բայց նորից կհագնեմ, որ դու հանես։

ԳԱՍՊԱՐ – Ա՜խ, Մերի…

ԷՄՄԱ – Դու ինձ չես սիրում։

ՋՈՒԼԻԵՏ – Դու ինձ դավաճանում ես։

ՎԱՐԴՈՒՇ – Ես քեզ սիրում եմ, Գասպար։

ԳԱՍՊԱՐ – Ուսուցչուհի, ես տասներորդ դասարանում էի, սեպտեմբերի մեկն էր, երբ քեզ առաջին անգամ տեսա, դու շատ հմայիչ էիր։

ՎԱՐԴՈՒՇ – Ես ավարտեցի համալսարանը և եկա ձեր դպրոց՝ փոխարինելու հայոց լեզվի ու գրականության մահացած ուսուցչին, դա իմ առաջին հանդիպումն էր աշակերտության հետ։

ԳԱՍՊԱՐ – Նայում էի քեզ, և սիրտս դողում էր, այդպիսի հուզմունք երբեք չէի ունեցել։

ՎԱՐԴՈՒՇ – Դասարանում ես քեզ ուշ նկատեցի։

ԳԱՍՊԱՐ – Այնքան տխուր էի, որ ինձ վրա ուշադրություն չես դարձնում։

ՎԱՐԴՈՒՇ – Մի օր էլ զգացի, որ դու նման չես մյուս տղաներին, ուրիշ ես, գեղեցիկ, լռակյաց ու խելացի… Գարուն էր։ Ծաղկել էին ծիրանի ու բալի ծառերը։

ԳԱՍՊԱՐ – Յասամանն ու փշատենին։

ՎԱՐԴՈՒՇ – Մի օր էլ դու ինձ թավիշ յասամանի ճյուղ նվիրեցիր և շփոթված նայեցիր աչքերիս, ի՞նչ էիր ուզում խոստովանել։

ԳԱՍՊԱՐ – Դու հասկացար։

ՎԱՐԴՈՒՇ – Զգացի սրտիս զարկերը, որոնք ուրախություն և վախ էին երգում։

ԳԱՍՊԱՐ – Դու շփոթվեցիր, դեմքդ գունատվեց, երբ, մեկ էլ, չգիտեմ՝ ինչ եղավ իմ ներսում, համբուրեցի քեզ։

ՎԱՐԴՈՒՇ – Ես քեզնից մեծ էի տասներեք տարով, ես քո ուսուցչուհին էի, մեր միջև անդունդ կար։

ԳԱՍՊԱՐ – Սերը հաղթահարում է բոլոր անդունդները։

ՎԱՐԴՈՒՇ – Կամ կործանում։

ԳԱՍՊԱՐ – Դու այնքան նուրբ էիր, որ վախենում էի քեզ դիպչել։ Նման էիր երկար վզով բյուրեղապակյա բաժակի՝ լի թունդ, կարմիր գինով։ Ամեն անգամ քեզ խմելիս վախենում էի՝ բաժակը փշրվի, գինին թափվի գետնին, և ես մնամ միայնակ այս անծանոթ աշխարհում։ Ես հարբում էի, քեզ գրկելիս թևերս թռչում էին դեպի բարձր ու կապույտ երկինքը։ Ես այնքան երջանիկ էի, որ թվում էր՝ աշխարհում ինձնից դժբախտը չկա։ Մի անգամ ասացիր՝ էլ ինձ մի՛ համբուրիր, մի՛ գրկիր, մի՛ խմիր… Այդ տարի էլ գարուն էր, երկնքում ծիծաղում էին ծիծեռնակները, ես մոտեցա Դավթաշեն սարսափելի կամրջի երկաթե ճաղին, և աչքերս սուզվեցին անդունդ ձորի հատակը։ Ես մի ոտքս դրեցի ճաղավանդակին և փորձեցի մյուս ոտքս էլ բարձրացնել։ Մեկն ինձ ետևից գրկեց։ Դու էիր։ Հիմար,– ասացիր դու հուզված,– ես քեզ սիրում եմ։

ՎԱՐԴՈՒՇ – Ամուսնացիր ինձ հետ, Գասպար։

ԳԱՍՊԱՐ – Չարագործների սերունդ, ձեր երկիրն ավերակ է դարձել, ձեր ձեռքերը արյունով են լցված… (Լռություն)։ Երկիրը կողոպտվեց ու դատարկվեց… (Լռություն)։ Ամեն ուրախություն մարել է… (Լռություն)։ Ամայություն է քաղաքում… (Լռություն)։ Լաուրն ինչո՞ւ է ուշանում…

Բոլորը լռում են։

ԳԱՍՊԱՐ – Ինչո՞ւ լռեցիք։ Ռուզան, մի նախադասություն խոսիր, թեկուզ մի բառ։

ԷՄՄԱ – Սպասում ենք։

ԳԱՍՊԱՐ – Ո՞ւմ։

ՌՈՒԶԱՆ – Լաուրին։

ԷՄՄԱ – Գեղեցի՞կ է։

ՌՈՒԶԱՆ – Նրանից տգեղը աշխարում չկա։

ՎԱՐԴՈՒՇ – Եթե ինձ հետ չես ուզում ամուսնանալ, սրանցից մեկին կին դարձրու քեզ։

ԷՄՄԱ – Ես քեզ համար իմամբայալդի կեփեմ, մատներդ էլ կլիզես։

ԳԱՍՊԱՐ – Մի՛ բանբասեք ձեր հարևանի կնոջը, նա պոռնիկ չէ։

ԷՄՄԱ – Կեր, Գասպար, շատ համով է, երկուսով ուտենք։

ԳԱՍՊԱՐ – (Երկար լռելուց հետո)։ Աստղազարդ է երկինքը շենքերից վերև…

ՄԵՐԻ – (Տիկնիկը գրկած՝ կիսամերկ դուրս է գալիս ննջարանից)։ Ես քեզ համար երեխա ծնեցի։

ԳԱՍՊԱՐ – (Ինքն իրեն)։ Ինչ-որ մեղեդի է երգում իմ հոգում… Լաուրը տիկնիկ չէ, մի օր նա կգա ինձ մոտ, եթե գոյություն ունի։

ՌՈՒԶԱՆ – Վառիր սիգարետս, Գասպար, երբ դու վառիչը մոտեցնում ես սիգարետին, ես եմ վառվում։ Ծխիր ինձ։ Ցանկանում եմ արգանդս ու կրծքերս քո բոցից մոխրանան։

Ճնճղուկների ծլվլոց։

ԷՄՄԱ – Իմամը սառեց։

ԳԱՍՊԱՐ – Հաջորդ անգամ ավելի կծու եփիր, ձայնս այրվում է քաղցրությունից։

ՄԵՐԻ – Ոտքերս մրսում են։

ԳԱՍՊԱՐ – Մերի, ինչո՞ւ մերժեցիր իմ սերը… հազար տարի առաջ… ամուսնացար Ռոմեոյի հետ, որը քեզ դավաճանեց ու մեռավ Ջուլիի գրկում։

ՋՈՒԼԻԵՏ – Ռոմեոն դու ես, բարև Ռոմեո։

ԳԱՍՊԱՐ – Ես որոնում էի կնոջ հոտը, որն աստիճանաբար նվազում էր, ինչպես լեռների ետև մայր մտնող արևի լույսը։

ՌՈՒԶԱՆ – Դու ինձ չես սիրում։

ԷՄՄԱ – Ո՞ւմ ես սիրում, Գասպար։

ԳԱՍՊԱՐ – Նրա անունը կին է։ Նա նման է բոլոր կանանց և ոչ ոք նրան նման չէ։ (Լռություն)։ Որտե՞ղ եմ տեսել քեզ։ Արդյոք տեսել եմ, թե՞ երևակայել միայն։ (Լռություն)։ Դու անվերջ հեռանում ես, անվերջորեն մոտենում։ Բառերով երգիր ինձ համար, ես սիրում եմ քո բառն ու երաժշտությունը։ (Լռություն)։ Կար մի ծառուղի, որով անցնում էիր դու։ Այդ ծառուղին ես էի։ (Լռություն)։ Կար լեռնային կապուտակ լիճը, որում լողանում էիր։ Այդ  լիճը ես էի։ (Լռություն)։ Մենք բանտարկյալներ էինք՝ դու իմ մեջ, ես՝ քո։ (Լռություն)։ Մենք փշրեցինք բանտի պարիսպները, հասանք ազատության և հայտնվեցինք ավելի փակ ու մութ բանտում. դու քո մեջ, ես՝ իմ։ (Լռություն)։ Քունը մոտ չի գալիս աչքերիդ։ Քունս փախել է։ (Լռություն)։ Հավերժ բուրում է յասամանը։ (Լռություն)։ Դու մի՛ վախեցիր, որովհետև ես եմ վախենում։ Զրո թվականին մենք դարձյալ կհանդիպենք։ (Լռություն)։

Գասպարը մեկնվում է ետ ընկած թիկնակով բազկաթոռին և աչքերը փակում։ Ռուզանը պատից քաշում է վագրի լուսանկարը և խցկում պայուսակի մեջ։ Էմման նրա պայուսակից կորզում է լուսանկարը, մի մասը պատռում և մտցնում իր պայուսակը։ Ջուլիետը լուսանկարից մի խոշոր հատված է փախցնում և պահ տալիս կրծքերին։ Մերին գետնից վերցնում է մի կտոր լուսանկար, առնում բերանը և սկսում ծամել։ Այդ ամբողջ գործողությունն ուղեկցվում է բացարձակ լռությամբ։ Հերոսուհիները դանդաղ լքում են բեմը։ Բալի այգին ծաղկաթափվում է։ Երկնքից ծաղիկներ են թափվում Գասպարի վրա։ Ծաղկաթափն աստիճանաբար վերածվում է խոշոր փաթիլներով առատ ձյան և նրան ծածկում սպիտակ սավանով։ Միայն մի ձեռքն է սավանից դուրս կախվել։ Ներս է մտնում Բժիշկը։

ԲԺԻՇԿ – (Բռնում է Գասպարի զարկերակը)։ Գասպար, մեռած ես, Աստված սիրահար հոգիդ լուսավորի։ (Հեռանում է)։

Գասպարը ելնում է սավանի տակից, կախիչից վերցնում ձեռնափայտը, ցիլինդրը, կանգնում հայելու առջև, հոգածությամբ ուղղում սև թիթեռ փողկապն ու մյուս հագուստ-կապուստը, ցիլինդրը դնում գլխին և իրեն երկար դիտում հայելու մեջ։

ԳԱՍՊԱՐ – Բարև, Գասպար։

ՎԵՐՋ

Հետգրություն.- Պիեսի հեղինակն անհրաժեշտ գույների ու երաժշտական ձևավորման որևէ նշագրում չարեց՝ դա ամբողջովին վստահելով պիեսի բեմադրիչին։

No Comments

Leave a Reply