Նոյեմբերի 16-ին Բոստոնում բեմ կբարձրանա ամերիկաբնակ երիտասարդ կոմպոզիտոր, Բոստոնի կոնսերվատորիայի սան Գրիգորի Բալասանյանի «Լուռ արցունքներ» խորագրով օպերան՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմին։
Անցած ուղու, երազանքների և առաջիկա անելիքների մասին խոսել ենք արվեստագետի հետ։
-Գրիգորի՛, 20 տարեկան եք և արդեն հեղինակել եք կոնցերտներ, բալետ, օպերա, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ֆիլմերի և մուլտֆիլմերի երաժշտություններ և այլն։ Ինչպե՞ս հասկացաք, որ ուզում եք երաժշտություն ստեղծել։
-4 տարեկանում ծնողներս ինձ տարան Նաիրա Գյուրջինյանի վոկալ ստուդիա։ Հենց նրա խորհրդով էլ ընդունվեցի երաժշտական դպրոց։
Ինձ միշտ հետաքրքրում էր, թե ինչպես է ծնվում այն երաժշտությունը, որը նվագում էի դաշնամուրով՝ Բախ, Շոպեն, Մոցարտ, Բեթհովեն․․․ Ինձ երաժշտությունը գրավում էր ոչ թե կատարողի, այլ ստեղծագործողի տեսանկյունից։ Բազմաթիվ փորձերից հետո՝ 8 տարեկանում ծնվեց իմ առաջին գործը՝ «Մեղեդին», որը նվիրեցի պապիկներիս հիշատակին։
Մոտ երեք տարի հետո թողարկեցի առաջին ձայնասկավառակս՝ «Մեղեդին», ապա երկրորդը՝ «Ալիսան հրաշքների աշխարհում», որը համանուն գրքի մոտիվներով է։ Դրա հիման վրա Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը բեմադրեց ժամանակակից բալետ-պարային ներկայացում։ Այդ ժամանակ դեռ 13 տարեկան էի։
Աստիճանաբար սկսեցի ուսումնասիրել քառյակի, կվինտետի, սեքստետի և նվագախմբի համար նախատեսված երաժշտությունները։ Հայաստանի առաջին տիկին, մանկագիր Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» հեքիաթի մոտիվներով ստեղծեցինք անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին բալետը՝ ամենափոքր հանդիսատեսի համար։ Կատարում էր պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
-Ո՞ր ժանրում եք Ձեզ ավելի ազատ զգում։
-Տարիների ընթացքում նախապատվությունս փոխվել է։ Վերջին շրջանում ստեղծագործում եմ դասական վոկալի՝ հիմնականում օպերայի ժանրում։ Այս պահին աշխատում եմ իմ երկրորդ՝ «Հռիփսիմյանց կույսեր» օպերայի վրա։ Հուսով եմ՝ մեկ-երկու տարուց կավարտեմ։
-Ի՞նչ կասեք ֆիլմերի և մուլտֆիլմերի երաժշտության մասին։
-Համագործակցել եմ Թատերական ինստիտուտի ուսանողների հետ։ Ֆիլմերից մեկը ռեժիսոր Ալիկ Թամար Բարսումյանի «Անտունի»-ն է, որը եզդի ընտանիքի մասին է։ Այն մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների։ Սաունդթրեք եմ գրել նաև արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմի համար, որում ներկայացվում է, թե ինչպես է փոխվում հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող մարդը։
Մի երազանք ունեմ, որն իրագործելու եմ դոկտորի կոչում ստանալուց հետո։ Ուզում եմ Երևանում ոչ ֆորմալ կրթության դպրոց հիմնել, արտասահմանյան կրթությունը բերել Հայաստան, դասընթացներ կազմակերպել տաղանդավոր հայ երիտասարդների համար, որոնք արտերկրում սովորելու ռեսուրս չունեն։ Այդ դպրոցը թույլ կտա տարբեր կապերի միջոցով զարգացնել հայկական ժամանակակից ֆիլմարվեստը, թատրոնը, ստեղծել ու բեմադրել նոր օպերաներ և բալետներ։
-Ձեր ստեղծագործությունների հիմքում հայն է, հայի պատմությունը։ Արդյոք լսարանը միշտ հասկանու՞մ է Ձեզ։
-Հայ ժողովրդի պատմության մեջ մշակույթը եղել է ինքնության պահպանման միջոց։ Բազմաթիվ են պատմական փաստերի վրա հիմնված ստեղծագործությունները թե՛ երաժշտության, թե՛ նկարչության և թե՛ արվեստի այլ ճյուղերում։
Թեմատիկ ընտրությունն ակամա է ստացվում (ժպտում է,․ հեղ)։ Երաժշտությունն իմ ձայնն է, որով աշխարհին պատմում եմ ինձ համար կարևոր բաների մասին։ Օրինակ՝«Լուռ արցունքներ» օպերան, որը երեք պատերազմ ապրած արցախցի ընտանիքի մասին է։ Առաջին մասի պրեմիերան արեցինք 2023 թվականին Բոստոնում՝ «Հորիզոն» նվագախմբի հետ։ Օպերայի լեզուն անգլերեն էր՝ թեման ավելի հասկանալի մատուցելու համար։ Ներկա էր մոտ 300-400 հոգի, որոնց զգալի մասն արտասահմանցիներ էին։ Նրանք կլանված ունկնդրում էին, քանի որ տեղյակ չէին, թե ինչ է կատարվել մեր երկրում։ Սա իմ ամենամեծ նվաճումն էր։
Առհասարակ, արվեստը մարդկանց միացնելու ամենաարդյունավետ տարբերակն է։ Եվ բնավ կարևոր չէ՝ որտեղից ես, քանի տարեկան ես, ինչ կրոն, լեզու և քաղաքական հայացքներ ունես։ Ես Բոստոնում աշխատում եմ տարբեր ազգի երաժիշտների հետ, բայց չի եղել մի դեպք, որ մեր միջև անդունդ գոյանա։ Մի բան է էական՝ երաժշտությունը․․․
-Մարտին «Երաժշտական Հայաստան» ծրագրի շրջանակում կայացավ Ձեր համերգը Նյու Յորքի հեղինակավոր «Քարնեգի Հոլում»։ Համագործակցության ի՞նչ նոր հեռանկարներ ստեղծվեցին դրանից հետո։
-«Քարնեգի Հոլում» հանդիպեցի, իմ կարծիքով, ԱՄՆ 20-րդ դարի լավագույն դաշնակահարներից մեկին՝ Ջերոմ Ռոուզին, որի հետ նամակագրական կապի մեջ ենք։
Համերգից հետո շատ երիտասարդ երաժիշտներ մոտեցան և խնդրեցին ստեղծագործությունների նոտաները, իսկ Դելա Յի անունով ջութակահարուհու հետ պայմանավորվեցինք Բոստոնում դասական ալբոմ ձայնագրել ՝ ջութակի և դաշնամուրի նվագակցությամբ։
-Վերջերս կայացած Homecoming: Return to Artsakh 2024 կոմպոզիտորների ազգային մրցույթի եզրափակչում մրցանակային տեղ եք գրավել։ Ի՞նչ զգացողություն էր ելույթ ունենալ ամերիկյան երաժշտական արվեստի անվանի կոմպոզիտորների կողքին։
-Հուզված էի․ պատիվ էր զբաղեցնել երրորդ տեղը՝ լինելով ամենաերիտասարդ մասնակիցը։ Մրցույթի պահանջն էր գրել երաժշտություն լարային կվարտետի համար՝ արցախյան երեք ֆոլկլորային մեղեդիների հիման վրա։ Եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցներն ամերիկացի էին՝ փորձառու պրոֆեսորներ։ Շատ ուրախ եմ, որ նրանք ծանոթացան մեր արցախյան պատմությանը, երաժշտությանը։
-Առաջիկա ի՞նչ անելիքներ ունեք։
-Ավարտել եմ օպերայիս երկրորդ մասը։ Նոյեմբերին երկու համերգ կունենանք Բոստոնում։ Բեմադրությունը կատարել է «Ֆենուեյ» օպերա-ակումբը (The Fenway Opera Club)` «Հորիզոն» նվագախմբի մասնակցությամբ։ Երկու համերգի մուտքն ազատ է լինելու։ Եթե անգամ հետագայում տոմսեր վաճառվեն, ամբողջ հասույթն ուղղվելու է երիտասարդ երաժիշտներին խրախուսելուն կամ դահլիճի վարձակալության ծախսերին։
Դրանից հետո ցանկանում եմ ստեղծագործությունս ներկայացնել նաև Լոս Անջելեսի և Նյու Յորքի հայ հանրությանը։ Հուսով եմ, որ մի օր հնարավոր կլինի օպերան ցուցադրել Երևանում։ Այժմ բանակցություն է ընթանում ԿԳՄՍ նախարարության հետ։
-Փառքն իր վտանգավոր կողմերն ունի, մարդուն կտրում է իրականությունից։ Ինչպե՞ս եք «պայքարում» դրա դեմ։
-Իմ կարծիքով՝ դա գալիս է ծնողներիս դաստիարակությունից։ Երբեք չեմ ցանկացել լինել հայտնի կոմպոզիտոր։ Իմ նպատակն է դառնալ հայկական դասական երաժշտության դեսպան, ներկայացնել աշխարհին իմ ազգի պատմությունը։ Ուզում եմ նորմալ մարդ լինել (ծիծաղում է, հեղ․)։
-Վերջին անգամ Հայաստանում եղել եք 2020-ին։ Կարոտն օգնու՞մ է, թե՞ խանգարում։
-Իրականում շատ բարդ է երկար ժամանակ ծնողներից հեռու լինելը։ Բախտս բերել է, որ Բոստոնում սովորում եմ մանկության ընկերոջս՝ շեփորահար Թոնի Դոնաթելի հետ։ Նա հետս խոսում է հայերեն, նրանից եմ կարոտս առնում։
Ամենամեծ վտանգը․ որի հետ առնչվում են ԱՄՆ եկած մարդիկ, հեռավորությունն է։ Փորձում եմ չկտրվել Հայաստանի իմ ընկերներից, գործընկերներից ու դասախոսներից։
Երբ կարոտում եմ Երևանը, Հախվերդյան կամ Ֆորշ եմ լսում։ Տատիկիս պես Սևակի մեծ սիրահար եմ, հաճախ եմ նրան ընթերցում։
Բոստոնի իմ տանը միշտ երևանյան շունչ կա։
Զրուցեց Անի Անտոնյանը
Գրիգորի Բալասանյանի աշխատանքներին ծանոթացեք այստեղ: