ՄշակութաԳիծ Անի Անտոնյան

Պատերազմի, գնացքների ու 300 ռուբլանոց «յուպկայի» մասին

08.05.2025

Պատերազմների հետևում մարդկային կյանքեր են, ապրումներ, կորուստներ․․․

Հայրենական պատերազմի օրերին գրված ձեռագիր նամակներից հասկանում ես, թե ինչ ուրվագիծ ունեն կարոտն ու սպասումը։ 

Ներկայացնում ենք բժշկական ծառայության լեյտենանտ Վարդուշ Մարգարյանի և իր մոր նամակագրությունը՝ Հայաստանի ազգային արխիվի  688/5/16 ֆոնդից։ 

***

31 մայիսի, 1942 թ

———————————

Բարև մամա ջան, 

Նախ և առաջ ընդունիր ինձնից հեռավոր կարոտալի բարևներս ձեր բոլորին։ 

Մամա ջան, ինչ Կրիմից դուրս եմ եկել, մի քանի նամակ եմ ուղարկել Արփիկին ու մեկ հատ էլ հեռագիր եմ տվել։ Ինձ թվում էր, որ արդեն ստացած կլինեք, այս նամակի հետ ուղարկում եմ նաև մեր տուն։ 

Մամա ջան, ինչ գրեմ ձեզ, Արփիկի նամակներում մանրամասն գրել եմ, և ես ինձ համարում էի նոր ծնված, որովհետև կյանքիցս արդեն ձեռք էի քաշել, և ես ինձ վրա այնքան եմ լաց եղել՝ վերցնելով ձեր նկարը, կարծելով, թե արդեն ամեն ինչ վերջացավ։ Բայց շնորհիվ մեր ղեկավարությանը՝ մենք դուրս եկանք և զարմանում եմ՝ այդքան կրակի տակից մենք ոնց սաղ մնացինք։ 

Մամա ջան, ես Վանիային ու Արմուշին տեսել եմ ամսի 9-ին, Վանյան մի թեթև վիրավորվել էր, և չեկավ մեզ մոտ, իսկ դրանից հետո չիմացա, թե ինչ եղավ։ Ծովի այս կողմը չեմ հանդիպել։ Չեմ հանդիպել նաև Վահագին և նրա համար շատ անհանգիստ եմ։ Աչքս այս ու այն կողմ շատ ման եմ գալիս, բայց չեմ հանդիպում։ Երեկ երեկոյան ժամը 7-ին գնացքով դուրս եկանք Կրասնոդարից և այսօր առավոտյան հասանք Արմավիր, սադի մեջ նստած՝ սպասում ենք ուրիշ գնացքի։

4 ժամ պետք է գնանք, որ հասցնենք մեր տեղը։ Մամա ջան, այսպես հույսերով ապրում ենք, տեսնենք ՝ վերջը ինչ է լինում։ Գրիգորի հետ միասին ենք, շատ լավ է։ Եվ շատ մտածում է երեխաների մասին, ամբողջ ժամանակ ․․․․․․․․  (ընթեռնելի չէ) տալիս է։ 

Մամա ջան, ես գրել էի, որ դարձյալ ոչինչ չունեմ ու նույնը՝ յուպկա, երեկ Կրասնոդարի շուկայից մեկ հատ առա, և այն էլ ինչ գին՝ 300 ռ․։ Ինչ արած՝ ճար չկա, շոգից տրաքվում եմ, և այնքան էլ շոգ է։ 

Մամա ջան, իզուր տեղը նամակ չգրեք, հասցես կփոխվի։ Եթե հաջողվի, հեռագրով կուղարկեմ, որ ստանաք։

Այսքանը։ Բարևիր բոլորին։ 

Բարևներով և համբույրներով՝ Վարդուշ, Արմավիր

Հայկական ՍՍՀ, ք Երևան, Նոր Շենգավիթ, Արդյունաբերական փողոց N 56

Ղազարյան Ղազարին

ք Արմավիր, Վարդուշ

***

19 հունիսի, 1942 թ

————————

(նամակը կիսատ է, սկզբնամասը՝ խունացած և ոչ ընթեռնելի)

․․․այս թուղթն էլ, գնացի լվացվելու, այնտեղ գտա ու գրեցի, այնպես որ նամակ գրելուց ուղարկեք թուղթ։ 

Մամա ջան, էլ  ինչ գրեմ, գրեք Վանիայի և Արմուշի մասին։ Մեր աղջիկներից մեկը դեռ Կրիմում եղած ժամանակ հիվանդացավ, ուղարկեցին ձեր մոտ, հեռագիր ստացանք, որ մահացել է։ Շատ լավ աղջիկ էր, Արփիկը գիտի՝ անունը Ալիսա էր (չեմ ասի տեղը):

Մամա ջան, էլ բան չեմ գրելու, թուղթը քիչ է, անպայման, պարտադիր բարևիր բոլորին․․․

Վարդուշ

Պատրաստեց Անի Անտոնյանը