ՄշակութաԳիծ Անի Անտոնյան Արցախ

Պատերազմը տարավ լիարժեք երջանիկ լինելու հնարավորությունը

02.08.2021

Գրքի երևանյան փառատոնին «Զանգակ» գրատանը արցախցի լուսանկարիչ, վիզուալ արտիստ Արեգ Բալայանը, լրագրող Կարեն Ավետիսյանն ու դիզայներ Էդիկ Պողոսյանը պատմեցին  իրենց հուշերն Արցախյան 44-օրյա պատերազմի մասին։ 

Այս օրերին Արեգի լուսանկարները ներկայացված էին նաև «Հոդված 3» ակումբում՝ «Պատերազմի վավերագրում» խորագրով խմբակային ցուցադրության շրջանակում։

Մեր զրուցակիցը չորս պատերազմ վերապրած Արեգ Բալայանն է։

— Արե՛գ, ինչու՞ որոշեցիր գնալ սահման։ Եթե չեմ սխալվում, քո հարցազրույցներից մեկում նշել ես, որ կորցրել էիր եղբորդ հետ կապն ու նրան էիր փնտրում։ Ի՞նչ զգացողություն ունեցար ձեր հանդիպման ժամանակ։ 

— Մենք չորս եղբայրներով այնտեղ էինք, այս անգամ ես որպես վավերագրող լուսանկարիչ էի։ Պատերազմի 27-րդ օրն առիթ եղավ «Եղիկներ» զորամաս գնալու։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ես էլ էի «Եղնիկներում»՝ աշխարհազորի կազմում, տեղանքն ինձ ծանոթ էր։ Լուր ստացա, որ եղբորս տեսնող է եղել։ Շատ բան չխոսեցինք, գրկեցինք իրար, տնեցիքից հարցրեց։ Պատմեց, որ ամեն առավոտ ռեժիմով ինչ ասես կրակում են իրենց գլխին։ Ապրիլյան պատերազմի համեմատ՝ այս անգամ ռմբակոծության մասշտաբն ու տեսակն էին փոխվել՝ ավիառումբեր, ֆոսֆորային ու քիմիական ռումբեր․․․ Այդ ամենի բեկորները ես տեսել եմ։ Կես ժամ եղբորս հետ մնացի, պետք էր, որ ես իրեն տեսնեի, ինքն՝ ինձ։ Ավելի շուտ՝ ինքն ինձ (ծիծաղում է, հեղ․)․ 15 տարով փոքր է։ Մյուս երկու եղբայրներիս ժամանակ առ ժամանակ թողնում էին տուն գալ, իսկ «Եղնիկներից» տուն գալ չկա։ Պարտաճանաչները մնում են, իսկ գնացողներից քչերն են վերադառնում։   

— Պատերազմի օրերին ու դրանից հետո Կարեն Ավետիսյանն իր էջում պատմություններ էր գրում, որոնցում հաճախ քո անունն էր տալիս։ Ի՞նչպես ծնվեց ու զարգացավ այդ ընկերությունը։ 

-Կարենին ճանաչում եմ դեռ «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագծից։ Հեղինակներիս` ինձ, Էդիկին, Հրայրին նախագծից հետո հարցազրույցի էր կանչել։ Պատերազմի ժամանակ իմացա, որ Կարենն ինչ-որ անհասկանալի տեղում է մնում, ու առաջարկեցի տեղափոխվել մեզ մոտ։ Ապաստարանի նման մի վայր էր՝ համեմատաբար ապահով։ Հիմնականում միասին էինք դուրս գալիս «ֆռֆռալու», նկարելու։ Ինձ համար պատերազմի լավ կողմերից մեկը Կարենի հետ ընկերությունն էր։ 

Եղե՞լ է, որ ռմբակոծության տակ հայտնվեք։ Ի՞նչ էիք խոսում, երբ հարաբերական հանգիստ էր լինում։

— Լինել-չլինելուց, լինել-չլինելու պատճառներից, ամբաղ-զամբաղ անեկդոտներ էինք պատմում։  Մի անգամ տեղը տեղին խփել էին էլեկտրակայանին։ Դրսում վնասված ավտոտնակներ կային, մի «Ֆորդ տրանզիտ»,  որն էնքան էր փոքրացել, ոնց որ կուբիկ-ռուբիկ լիներ։ Կարենը դրսում էր, ես էլ մտա բնակարանները նկարելու։  Ու նորից խփեցին։ Թաքնվեցի զուգարանում, որն ամենաքիչ փլված տեղն էր։ Երբ մի քանի վայրկյան հետո կրակը դադարեց, իրար ձեն տվեցինք, իմացանք, որ ողջ ենք։ Ռմբակոծության ժամանակ ուղղակի անիմաստ է կանգնել ու նայել երկնքին։ Երկուսիս համար չխելագարվելու միակ դեղը ցինիկանալն էր։ 

Արե՛գ, մի անգամ ասել ես, որ դուք՝ պատերազմից վերադարձածներդ, հերոս չեք․ ձեր բախտն ուղղակի բերել է, և վերադարձել եք։ Ըստ քեզ՝ նախախնամությո՞ւն է, որ  ողջ ես։ 

— Սա իմ չորրորդ պատերազմն է։ Չնայած 90-ականներին փոքր էի, բայց ամեն ինչ հիշում եմ, ամեն ինչի միջով անցել եմ։ Հետո մասնակցեցի ապրիլյան քառօրյային, իսկ Տավուշի հուլիսյան մարտերի ու 44-օրյա պատերազմի ժամանակ որպես վավերագրող էի։ Չեմ ուզում արժեզրկել էն մարդկանց, որոնք գիտակցաբար պատերազմ են գնացել, բայց ուրիշ է, երբ նռնակը քաշում ես՝ հետդ մի 10 հոգու տրաքացնելով, ուրիշ է, երբ պատահականությամբ ռումբը քո գլխին չի ընկնում։ էնպես չի, որ զոհվածները պատրաստ էին զոհվելու կամ չէին ուզում ապրել․ բոլորն են ուզում ապրել, ուղղակի մեկի բախտը բերեց, մյուսինը՝ չէ։ Իսկ թե ինչու՞ եմ ողջ մնացել, իմաստ կա՞ դրանում, թե՞ չէ․․․ եթե կարողանայի այս հարցին պատասխանել, վերևներում կլինեի՝ Աստծո կողքին, կողքի կաբինետներից մեկում (ծիծաղում է, հեղ․)։ Այդ ամենը մեր խելքի բանը չէ։

44-օրյա պատերազմից հետո վերջերս առաջին անգամ լայն հասարակությանը ցուցադրեցիր լուսանկարներդ՝ խրամատների առօրյան և առանձին բաժնով՝ զինվորների դիմանկարներ։ Կառանձնացնե՞ս որևէ լուսանկար, որևէ պատմություն, որը քեզ ամենաշատն է հուզել։

— Իրականում այդ շարքի ամենատպավորիչ բանը հենց զինվորների լինելն է, հույսը նրանց աչքերում։ Հոկտեմբերի 24-ից հետո էր, իրավիճակը լավ չէր, բայց  մենք մինչև վերջին վայրկյանը հավատում էինք, որ լավ է լինելու։ Մեզ խոստումներ էին տալիս, անընդհատ պատմություններ էին պտտվում, որ տակտիկական նահանջներ են, ու ռուսները գալիս են՝ մեզ օգնելու։ Էդ ամենն աբսուրդ էր թվում, երբ տեսնում էիր, որ թշնամին հասել է Քարինտակ կամ Ավետարանոց։ Բայց մեկ է՝ չէիր հավատում․ երևի ուղեղի պաշտպանիչ հնարքներից է, որ իրականությունն ընդունելով՝ չցնդենք։ Այս շարքի մեջ կարևորը մարդն է, մարդկային կյանքերը, ճակատագրերը, յուրաքանչյուրի տիեզերքը։ Եթե չլիներ մարդը, ամեն ինչ անիմաստ կլիներ։  

— Ապրիլյան պատերազմի մասին MOB (Military mobilization) շարք ունես, որն ամբողջովին սև-սպիտակ է։  Ասում էիր, որ գույները շեղում են հիմնական ասելիքից, իսկ սև-սպիտակը երբեք չի խաբում։ Վերջին պատերազմի բոլոր լուսանկարներդ գունավոր են։ Ինչու՞։

-Երևի ինձնից է։ 2016 թվականին ես ուզում էի մաքսիմալ անկեղծ լինել․ ցույց էի տալիս ապրածս  ցավը, տեսածս խնդիրները։ Նույնիսկ իրավիճակ եղավ, որ վա-բանկ գնացի՝ բանակից թույլտվություն ստանալու հարցում։ Որոշեցի ցուցադրել լուսանկարներս ու պատասխանատվություն կրել, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա։ Ինձ համար խոսելն ավելի կարևոր էր, քան հետևանքները։

Այս անգամ ասելիքս ուրիշ էր։ Գույնը պետք էր մարդկանց։ Երբեմն, երբ լուսանկարներս ինձ չեն բավարարում,  դրանք սինթեզում եմ իլյուստրացիաներիս հետ։ Այս տարի Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացվող խմբակային ցուցահանդեսին Արցախյան վերջին պատերազմից 5 գործ եմ ներկայացրել։ Երբ քանակն ավելանա, այստեղ էլ կցուցադրեմ։ 

-Փաստորեն ունես լուսանկարներ, որոնք հրապարակված չեն։

-Բազմաթիվ։ Այս ցուցահանդեսը միայն զինվորներին էր նվիրված։ Պատերազմի օրերին ամեն տեղ եղել եմ, բայց նկարածս մի տեղ հավաքելու մասին դեռ չեմ մտածում։ Մոտս էքզիստենցիալ արձակուրդ է (ժպտում է, հեղ․), մինչև վերջնական խելքի գամ, շատ հարցերի պատասխաններ գտնեմ։ 

-Արե՛գ, 2018 թվականից դու հայտնի դարձար քո սթրիտ-արթ նկարազարդումերով՝ «բլօջիկ»-ներով։ Պատերազմի օրերին էլ նկարում էիր չպայթած զինամթերքի, պատերի վրա։ Ի՞նչ էիր ուզում դրանով ասել։ 

— Մանրանկարչությունն ամբողջ կյանքումս է եղել․ փոքր ժամանակ օձունցի պապս Լոռվա բարբառով ինձ «բողոճ» էր ասում, նկարչության դասատուս՝ Սարգիս Պիծակ։ Հիմա էլ ես եմ իմ երեխաներին այդպես անվանում։ Այս ամենը խառնվեց իրար ու դարձավ «բլօջիկ»։ «Բլօջիկ»-ները լինելիութան մասին են․ դրանցով հաստատում եմ, որ ես կամ: Իսկ եթե ուրիշն է տեսնում դրանք, ուրեմն ինքն էլ կա։ Իրականում առաջին անգամ կասետային ռումբի վրա նկարելը մանկական չարաճճիություն էր, հետաքրքրասիրություն, ախմախ վերաբերմունք էդ ամենին։ Կարենին ասացի՝ դու հեռու՛ կանգնի, ես շարունակեցի նկարել։ Հետո պարզվեց, որ օդում պայթած կասետային ռումբի պոչն էր, որը խրվել էր հողի մեջ։ 

-Ի՞նչ տվեց ու տարավ պատերազմը։ 

-Տվեց հարազատ, արժեքավոր մարդկանց։ Տարա՜վ․․․ մի քիչ բարդ է ասել՝ ինչ տարավ․ տարավ մարդկանց, սիրած վայրերը, որոնց հետ կապված պատմություններ  ունես, որոնցով սիրում էիր Արցախը։ Տարավ լիարժեք երջանիկ լինելու հնարավորությունը։ Ենթադրում եմ՝ որքան վերցրել է, այդքան էլ տվել է։ 

-Եվ վերջին հարցս։ Մի քննարկումից մեջբերեմ․ «Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթեցինք մեր կարդացած գրքերի շնորհիվ»։ Կիսու՞մ ես այս կարծիքը։ Ինքդ ի՞նչ խորհուրդ կտաս կարդալ։

-Այդ առումով լավագույն խորհրդատուն չեմ․ կարծում եմ՝ եթե մարդ բացում է գիրքն ու ցանկություն է առաջանում շարունակել կարդալ, ուրեմն ճիշտ գիրք է ընտրել։ Միանշանակ պնդել, որ հաղթեցինք մեր կարդացածով, սխալ է։ Առաջին հաղթանակից հետո մենք անբանացանք, փոխանակ մեր հաղթանակը համարեինք ավելի լավը դառնալու մի քայլ։

Եթե ուզում ես գրականության, մշակույթի միջոցով ինչ-որ բան փոխել, պետք է ներդնես այսօրվա գործիքակազմի մեջ՝ ներկա սերնդին հետաքրքրելու համար։  Եթե հաշվենք, օրինակ, գրագիտության պակասից ենք պարտվել, ապա ի՞նչ է արվում այսօր։ Չունենք պատմական ֆիլմեր, չենք կիրառում ժամանակակից գործիքներ, որոնց միջոցով կարելի է այդ պատմությունը պատմել։ Այդքան առասպելներ ունենք․ ո՞ր մեկն ունի, օրինակ, «Տրոյա» ֆիլմի պես էկրանավորում։ 

Մենք պիտի ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք ու հարգենք։ 

Զրուցեց Անի Անտոնյանը

No Comments

Leave a Reply