Այսպես կոչված անկման (décadence) գրականությունը համակարգային բնույթ ունի: Այս գործերը ստեղծել են առավել բանիմաց, առավել հնարամիտ և երբեմն նույնիսկ առավել խոր գրողներ, ի տարբերություն նախորդների, որոնց աշխատանքները վեր են հանել բոլոր հաշվարկելի արդյունքները, պահպանել, դասակարգել, ի մի բերել լավագույնն ամբողջից, որքանով այն հնարավոր էր որսալ և առանձնացնել:
Այսպիսով, շատ կարճ ժամանակամիջոցում մենք տեսնում ենք, թե ինչպես են գոյաբերվում և նույնիսկ գոյակցում շատ տարակերպ գործեր, որոնք իրենց արտաքին հատկանիշներով պատկանում են խիստ առանձնացած դարաշրջանների։ Նրանցից մեկը կազմված է անբաղդատելի նաիվությունից, որի պակասը երբեք չի եղել, ավելի մանկական, քան ցանկացած պատկերացնելի երեխա: Մյուսը ինչ-որ վայրենիից սերող մեկն է, կամ անհայտ աստղից ընկած մեկը՝ զգայարաններից ամբողջովին զուրկ կամ մեկով ավելի։ Այսօրինակ հեղինակն այնքան փոխաբերական է, որ անկարելի է նշմարել, թե նա ինչ նկատի ունի իր արած արտահայտությամբ: Նրա գաղափարը պատկեր է, և նա հարադրում է նույն պատկերի պատկերը այնքան կանոնավոր, որ համաչափությունը բացարձակ է, իմաստը նշանից՝ անզատելի։ Հայտնի չէ, թե որ կողմից է իմաստը, որ կողմից՝ նշանը…
Կերպերի նման զարգացումը, մի կողմից, պայմանավորված է ձեռք բերված փորձով, մասամբ մեր գրական զգայության բթացմամբ, ցարդ գոյություն ունեցող կուտակված գրքերի մեծ բազմազանությամբ․ հարդյունս այս մեծ թվի՝ նորույթի գերարժևորման հակումով ու ամեն կերպ ինքն իրեն լսելի դարձնելու միտումով։
Ընդհանուր տպավորությունը խառնաղմուկի մասին է, անկարգության, որը կանխազգում է ողջ գրականության վերջը, ողջ ճարտասանության Ահեղ դատաստանը: Ժամանակագրությունը, էվոլյուցիան հետին պլան են մղվում:
Գործընթացները, որոնք դարձել են գիտակցված և վերածվել գործողությունների, հնարավորություն են տալիս անմիջապես և ցանկացած կարգով ձևավորելու սերմ, տերև, ծաղիկ:
Այս գրողները, որքան էլ այլազան թվան, անսահման մոտ են մեկմեկու. նրանք կարդացել են նույն գրքերը, նույն թերթերը, հաճախել նույն լիցեյներն ու շատ հաճախ ունեցել նույն կանանց։
Տեսնել թե՛ մեծ գործերը, ՛ թե մանր գործերի աստղափոշին։ Տեսնել, թե ինչպես են Եգիպտոսի և մյուս գալակտիկաների համաստեղությունները գոյակցում մտավոր երկնակամարում, որոնց անուններն են Հելլադա և Վերածնունդ (ինչպես այսօր մենք բոլորս կարող ենք դա անել՝ շնորհիվ բազմիմացության հենակետերի՝ գրադարանների և թանգարանների), և դրանց հետևում՝ վաղուց ի վեր անհետ կորած, ենթադրյալ իրերի աղոտ ցոլքեր: Ճիշտ այնպես, ինչպես տեսնում ենք գիշերային երկնքում երկնային կերպարանքներ, մարմիններ և խմբեր, հսկայական տարբեր տարիքի… Ցանցաթաղանթն ամենայն ինչ դարձնում է ժամանակակից։
Սիրողականների շրջանում պոեզիա կարդալը ոչ այլ ինչ է, եթե ոչ չարակամություն:
Նրանք վստահ են, որ հաճույքով կգտնեն այն հիմարությունը, անճշտությունը, տափակությունը, որոնք արվեստի բարդությունների պատճառով սողոսկում են յուրաքանչյուր բանաստեղծության մեջ: Նրանք զգում են, թե որքան անհավանական է շարունակական հաջողությունը: Ցանկացած բանաստեղծություն անպայման կամ չափազանցված է, կամ մթին, կամ ծիծաղաշարժ, կամ ինչ-որ տեղ՝ անտարբեր: Ահա թե ինչու են երկար բանաստեղծություններն այնքան խոցելի․ ինչպես ցանկացած այլ բան, որ երկար է, և անկասկած վնասվելու ավելի մեծ հավանականություն ունի, քան որևէ այլ տեսակի արտադրություն:
Ֆրանսիայում բանաստեղծներին երբեք լուրջ չեն ընդունել։ Ուստի Ֆրանսիայում չկա ազգային բանաստեղծ։ Վոլտերը մոտ էր լինելուն։
Բայց բանաստեղծը ստեղծագործության ամենախոցելի կերպարն է: Իսկապես, նա քայլում է իր ձեռքերի վրա ։
Անկարելի է լրջորեն մտածել այնպիսի բառերով, ինչպիսիք են Կլասիցիզմը, Ռոմանտիզմը, Հումանիզմը, Ռեալիզմը…
Չենք հարբում կամ չենք հագեցնում մեր ծարավը շշերի պիտակներով:
Գրականությունը, որի համակարգը կարելի է տեսնել-հասկանալ, կորսված է: Մեզ հետաքրքրում է համակարգը, և աշխատանքն այլևս չունի քերականության դասագրքի օրինակի արժեք։ Այն ծառայում է միայն համակարգը հասկանալուն։
Պատմվածքներ և վեպեր կարդալը ծառայում է երկրորդ կամ երրորդ կարգի ժամանակը սպանելուն։
Առաջին կարգի ժամանակը սպանության կարիք չունի։ Այսօրինակ ժամանակն է, որ սպանում է բոլոր գրքերը. մինչդեռ այն նաև ծնում է ուրիշները:
Բնապաշտությունը որոշակի դոկտրին չէ, և իմաստալից է միայն այն դեպքում, եթե ջանքեր գործադրենք գրողի անհատականությունը զրոյացնելու համար։
Ես միայն օգուտ եմ տեսնում, քանզի չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունենում արվեստում, ասել է թե՝ իմ հաճույքի կամ հույզերի մեջ․ ի՞նչն է ստիպում ինձ մտածել ինչ-որ մեկի մասին: Գրողի պարտականությունը, նրա պատշաճ զբաղմունքը պատկերից անհետանալն է, իրենից, իր դեմքից, անձնական հոգսերից, սիրային կապերից։ Մենք ոչինչ չգիտենք շատ մեծ գործերի հեղինակների մասին։ Շեքսպիրը երբեք չի եղել, և ես ցավում եմ, որ նրա պիեսների վրա կցված անուն կա: Հոբի գիրքը ոչ մեկին չի պատկանում։ Ոչինչ չի խեղաթյուրում ամենից օգտակար և խորունկ գաղափարները, որոնք կարող ենք ձևակերպել մարդկային ստեղծագործության մասին, քանի որ վիթխարի ստեղծագործության ներքին արժեքի մասին մեր գաղափարը խառնաշփոթ է տղամարդու սոցիալական կարգավիճակի, կանանց հետ նրա հարաբերությունների և մնացած ամեն ինչի հետ կապված փաստերով: Նա չի ստեղծում երկը, ով ստորագրում է վերջինիս տակ: Նա, ով ստեղծում է երկը, անուն չունի։
Եթե օծանելիք արտադրողը հավանություն տար «բնապաշտական» գեղագիտությանը, ի՞նչ բույրեր կլցներ շշի մեջ:
Վեպը տեսնում է իրերն ու մարդկանց այն ճշտությամբ, ինչ սովորական հայացքն է տեսնում: Այն խոշորացնում է, պարզեցնում և այլն… սակայն չի վիրավորում և չի գերազանցում նրանց։
Վիպասանների հոգեբանությունը առաջ չի անցում այն բանից, որի իսկությունը կարելի է պարզել դիպվածային մասնավոր դիտարկմամբ:
Վեպը բացառում է մանրադիտակն ու աստղադիտակը, պրիզման և բևեռաչափը։
Հետևաբար, երբ նա հավակնում է իրապաշտության, նա հավակնում է հենվել նաիվ դիտարկման ու այն բանի վրա, որը թույլ է տալիս այս դիտարկումն արձանագրել սովորական լեզվով:
Բայց եթե ընթերցողը դառնում է խստապահանջ, սովորական լեզուն այլևս բավական չէ նրան հուզելու համար։ Այսպիսով՝ իրապաշտը փորձում է տեսողական խաբկանք (trompe-l’œil) ստեղծել՝ ոճի չափազանցությամբ։ Ի հայտ են գալիս Գոնկուրները, Հյուիսմանսը․․․ Արտասովոր լեզուն կոչված է նոր բաներ առաջարկելու և դրանք փոխակերպելու։
Գլխարկը վերածվում է հրեշի, որին հեծնում է իրապաշտական հերոսը՝ զինված անհաղթ մակդիրներով, և իրականությունից ցատկում դեպի ոճական արկածային էպոս։
Նաիվ պետք է լինել իրապաշտ վեպի և հեքիաթի միջև որևէ տարբերություն նկատելու համար։
Այսօր ասում ենք․ Նապոլեոն և Ստենդալ։
Ո՞վ կասեր Նապոլեոնին, որ նրա ու Ստենդալի անունը մի օր կմեկտեղվեին:
Ո՞վ կասեր Զոլային ու Դոդեին, որ այսքան հաճո և սքանչելախոս փոքրամարմին տղամարդը՝ Ստեֆան Մալարմեն, իր հազվագյուտ, արտառոց և դժվարիմաց փոքրիկ բանաստեղծություններով ավելի խոր և երկարատև ազդեցություն կունենա, քան իրենց գրքերը, իրենց վեպերի` կյանքին վերաբերող դիտարկումները, իրականում ապր[վ]ածն ու իրականության վերարտադրումը: Ադամանդը պահպանվում է ավելի երկար, քան ինչ-որ մայրաքաղաք ու ինչ-որ քաղաքակրթություն: Առ կատարելություն կամքը միտված է ժամանակից ազատվելուն և այլն…
Սերունդների նկատմամբ նաիվ տագնապը մեծ պատճառ դարձավ որոշ մարդկանց ստիպելու անել այնպիսի բաներ, որ չէին անի իրենց ժամանակի մարդկանց համար, որոնք լավ ճանաչված, դատապարտված ու գնահատված էին: Կան աշխատանքներ և ջանքեր, որոնք պահանջում են համբերություն, որը գերազանցում է այն մարդու հնարավորությունները, որը մտածում է միայն իր ժամանակակիցների և նրանց կյանքի մասին։ Անհրաժեշտ էր անորոշ հեռանկարի` միրաժի պատրանքը, որը սերեց շատ մեծերի: Այսպես, նրանց շրջապատող շատ բաներ, որոնք աշխարհավերջին համակերպված հայացքով ողորմելիորեն կործանման են դատապարտված, հասանելիություն չունեին նրանց գերազանց համադրությունների մեջ և չէին ազդում նրանց ստեղծագործությունների վրա:
Սակայն շտապողականությունը մտավ աշխարհ ու սպանեց սերունդը: Եվ սերնդի հետ ոճը սպանվեց: Որքա՜ն ժամանակակից ստեղծագործություններ կան, որ կպչում ու պոկ չեն գալիս՝ մայթերում կանգնող ցնծուհիների պես:
Նորույթի կարիքը մտավոր հոգնության ու տկարության նշան է․ միտքը հայցում է այն, ինչն իրեն չի հասել:
Քանզի ոչինչ նոր չէ։
Գեղեցիկ տիտղոս մեծ արվեստագետի համար․ ԲԱՐՁՐ ԳՈՐԾՈՑ ԿԱՏԱՐԱԾՈՒ։
Արվեստագետի վիճակը տապալված է։
Նա պետք է զննի այնպես, ասես ոչինչ չգիտի, և պետք է ի կատար ածի այնպես, ասես ամեն ինչ գիտի:
Ոչ մի իմացություն զգայության մեջ, բայցև ոչ մի անգիտություն ձևափոխության մեջ:
Լավատեսները վատ են գրում։
X -ն ունի բնության ուժ․
— Բնության ուժերը բնութագրողը՝ կորուստն է։
Z-ն արմատացած է հանճարի մեջ այնպես, ինչպես վուլգար միտքն է այն պատկերացնում։
Նա հարցապնդում է, շանթակոծում, ոչնչացնում։ Մեծ քայլերով գնում-գալիս իր մտքի փոքրիկ սենյակում: Տեսնում է միայն իր քայլերը, բայց ոչ սենյակի փոքրությունը։
Ձայնեղ հեղինակներն անողոք են։
Մի մարդ մեն-մենակ իր սենյակում տրոմբոն է նվագում:
Անսանձ գիրը, հայհոյանքներով զեղուն, ասես բռնությամբ արբեցած, հարուստ մակդիրներով ու ցնցող պատկերներով, իմ մեջ ժպտալու անզսպելի ցանկություն է առաջացնում։
Բանն այն է, որ ես չեմ կարող ինձ զսպել ու չտեսնել, թե ինչպես է գրողը որոշակի ժամին նորից նստում իր սեղանի մոտ և ձեռքն առնում իր մոլեգնության թելը:
Թարգմանությունը՝ Սահակ Գալոյանի