Թանգարան

Քաղաքային էքսկուրսիա. «Չարենցյան ոտնահետքերով»

09.10.2021

Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանին ընդառաջ, ևս մեկ անգամ արժևորելով ուսուցիչների դերը, ընդարձակելով միջթանգարանային և թանգարան-դպրոց համագործակցության սահմանները, ներկայացնելով Երևանի՝ «արևային քաղաքի» չարենցյան ոտնահետքերի հետագիծը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տրվեց «Չարենցյան ոտահետքերով» քաղաքային էքսկուրսիայի մեկնարկը, որի առաջին մասնակիցները Երևանի մի խումբ դպրոցներից հրավիրված ուսուցիչներն էին։

Մեր ամենօրյա վազքում մենք քայլում-անցնում ենք Երևանի փողոցներով և գուցե չենք էլ պատկերացնում, որ տարիներ առաջ այդտեղով քայլել է նաիրցի մի մեծ պոետ՝ Եղիշե Չարենց անունով։ Վերաժևորելով, հանրայնացնելով ինչպես Չարենց ստեղծագործող անհատի, այնպես էլ պատմություն դարձած, պատմություն ստեղծած, կարևոր, դեռևս կանգուն կամ վերակառուցված մշակութային կառույցների դերն ու նշանակությունը՝ «Չարենցյան ոտնահետքերով» քաղաքային էքսկուրսիայի ընթացքում ներկայացվեցին այն վայրերը, ուր ապրել, ստեղծագործել և աշխատել է Եղիշե Չարենցը, կրթական, մշակութային այն կարևոր հաստատությունները, որոնք կրում են Եղիշե Չարենցի անունը։

«Չարենցյան ոտնահետքերով» քաղաքային էքսկուրսիայի առաջին կանգառը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն էր, որտեղ ներկայացվեց 100-ամյա թանգարանի ստեղծման և անվանակոչության, թանգարանի՝ չարենցյան հատվածում ցուցադրվող բացառիկ ցուցանմուշների պատմությունը։ Հասցեական շփոթից խուսափելու համար ևս մեկ անգամ շեշտվեց, որ թանգարանը Չարենցի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ իշխանությունների որոշմամբ սկսել է կոչվել մեծ պոետի անունով։

Այնուհետև խումբը ուղևորվեց «Ամբոխները խելագարված» հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ պոետի անմահ հիշատակին։ Ծանոթացավ հուշակոթողի ստեղծման ինքնատիպ ու հետաքրքիր պատմությանը, այն պատմությանը, թե ինչպես նշանավոր քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը որոշեց ստեղծել այս քանդակը՝ ի նշան հարգանքի և զղջման։

«Չարենցյան ոտնահետքերով» քաղաքային էքսկուրսիայի հաջորդ կանգառը «Երևան», հետագայում «Ինտուրիստ», իսկ այսօր արդեն «Grand Hotel Yerevan» հյուրանոցն էր` «անսովոր սովորականը» ինչպես խորհրդահայ իրականությունում, այնպես էլ այսօր։ Հյուրանոցի աշխատակիցը հանգամանալից ներկայացրեց հյուրանոցի ստեղծման պատմությունը, ծանոթացրեց հյուրանոցի կառուցվածքին։ Իր տանիքի տակ համախմբելով բնակիչների՝ ժամանակի հայտնի մտավորական, քաղաքական, հասարակական գործիչներին` գրողներին, նկարիչներին, գիտնականներին, ճարտարապետներին, հյուրանոցը նրանց համար դարձավ ոչ թե ժամանակավոր կացարան, այլ ապրելու, բնակվելու տաքուկ վայր. Եղիշե Չարենց, Գուրգեն Մահարի, Ավետիք Իսահակյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Փանոս Թերլեմեզյան, Արա Սարգսյան, Սերգեյ Փարաջանով, Երվանդ Քոչար….

Ուսուցիչները ծանոթացան Չարենցի ինտուրիստյան կյանքին և հուշերին։ Չարենցի կարճատև կյանքի ամենաերջանիկ պահերը կապվում են ինտուրիստյան «բնակարանի» հետ։ Նա այստեղ ապրել է 1928-ից մինչև 1935 թվականը`երկրորդ հարկի 21 լյուքս համարում, որը խնամքով պահպանվել է և Չարենցյան շնչով վերակահավորվել: Այստեղ է տեղի ունեցել Չարենցի և Իզաբելլայի ամուսնության արարողությունը, այստեղ են ծնվել նրանց երկու դստրիկները՝ Արփենիկն ու Անահիտը։ Հայտնի և տարածված լուսանկարը արվել է հենց այս բնակարանում, որտեղ Չարենցը կնոջ՝ Իզաբելլայի և գաղափարակից ընկերների՝ Միքայել Մազմանյանի ու Մարտիրոս Սարյանի հետ նշում է իր գրական գործունեության 20-ամյակը։

Չարենցի սիրելի Աբովյան փողոցով երթևեկելով՝ խումբը շրջայցի ընթացքում ծանոթացավ նաև Չարենց հրատարակչի պետհրատյան գրական և մշակութային գործունեությանը։

Չարենցյան ոտնահետքերը կամաց-կամաց մոտենում էին իրենց ավարտին. վերջին՝ թերևս խորհրդանշական կանգառը Եղիշե Չարենցի տուն-թանգարանն էր։ Մաշտոցի 17 հասցեում գտնվող, Չարենցի սիրելի «արևային» Երևանի դիմանկարը ամբողջացնող այս շենքում է կյանքի վերջին երկու տարիներին իր ընտանիքի հետ ապրել ու ստեղծագործել Եղիշե Չարենցը։

Թանգարանային շրջայցին հաջորդեց քննարկում, որի ընթացքում թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց հրավիրվածներին և վստահեցրեց, որ սա հրաշալի հնարավորություն է ընդլայնելու բազմաբովանդակ համագործակցության սահմանները, ինչպես նաև ընդարձակելու չարենցյան ոտնահետքերի սահմանները՝ դրանք հասանելի դարձնելով ինչպես միջին և ավագ դպրոցների աշակերտների, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկների և արվեստասեր հանրության համար։

No Comments

Leave a Reply