«Էրեբունի» պատմահնագիտական ամրոց-թանգարանում 2020-ի դեկտեմբերի 26-ին բացված ժամանակավոր ցուցադրությունը կրում է ‹‹Հին Հայաստանի լուռ վկաները. վերածնունդ և վերաարժևորում›› խորագիրը։ Ներկայացված են 11 հնագիտական առարկա, որոնց մի մասը ցուցադրվում են առաջին անգամ։ Խորագրի ընտրությունը պատահական չէ։ «Էրեբունի» ամրոց-թանգարանի տնօրեն, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը ardi.am-ի հետ զրույցում ասաց, որ այս բարդ և ծանր ժամանակահատվածում մենք կարիք ունենք վերաարժևորելու ինքներս մեզ, մեր պատմությունը, ինչ-որ առումով՝ նաև վերածնվելու։ Ցուցադրության համար ընտրել են քարե ու մետաղե արտեֆակտեր. հնագետի խոսքով՝ դրանք յուրօրինակ խորհրդավորություն ունեն, ամեն մեկը յուրովի է ընկալում ու զգում դրանք։
Ժամանակավոր ցուցադրության սրահում կարելի է տեսնել «Էրեբունի» հնավայրում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված՝ տղամարդու տուֆե դիմաքանդակ (Ք․ա․ 7-5-րդ դարեր), Երկդեմ աստվածության արձանիկ (Ք․ա․ 6-5-րդ դարեր), ուրարտական գոտու բեկորներ, ուրարատական սաղավարտ՝ Սարդուրի Երկրորդ արքայի արձանագրությամբ, Կարմիր բլուրից հայտնաբերված թուր, բրոնզե սաղավարտ, ումբոններ, բրոնզե թասեր։ Թասի կենտրոնում պատկերած է վեր խոյացող աշտարակ՝ Կենաց ծառով, կրակե բոցերով և նիզակով։ Միքայել Բադալյանի խոսքով՝ քչերին է հայտնի, որ «Կասկադ» համալիրի տարածքում գտնվող՝ Հոկտեմբերյան հեղափոխությանը նվիրված հուշարձանի (ճարտ․՝ Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան) սիմվոլիկան վերցված է ուրարտական պատկերագրությունից․ հուշարձանի վերնամասը կառուցվել է նմանատիպ աշտարակի ձևով։
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ «Էրեբունիում» պահվող մետաղե իրերի զգալի մասը քայքայման վիճակում էին և լրջորեն վտանգված։ Թանգարանի Գիտահետազոտական, վերականգնման և ամրակայման բաժնի ղեկավար, մետաղի վերականգնող Մանվել Ղալաչյանի պրոֆեսիոնալ, երկարատև աշխատանքի շնորհիվ դրանք մաքրվել են, ամրակայվել, վերականգնվել, մի քանիսն էլ որոշել են ներկայացնել հանրությանը։
Ներկայացվող իրերի մի մասը թանգարանին են տրամադրել նվիրատուները, ինչպես օրինակ՝ Էջմիածնում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված անտիկ շրջանի Աստվածուհու դիմաքանդակը (նվիրաբերվել է Արտեմ Մելիք-Ազարյանցի կողմից), Դվինի տարածքից գտնված դիմաքանդակը՝ պատրաստված տուֆից (Ք.ա. 11-8 դարեր), որ թանգարանին նվիրել է Նարեկ Վան Աշուղաթոյանը, նույն Դվինի տարածքից գտնված մի յուրօրինակ ուրարտական պատկերազարդ գոտու հատված է նվիրաբերել Դավիթ Աբրահամյանը։
Հայերեն, անգլերեն, ռուսերեն գրություններով պաստառները և պատկերաշարերն ավելի հրապուրիչ ու ընկալելի են դարձնում ցուցադրությունը։ Ցուցադրությունում կա նաև անկյուն՝ տեսողական խնդիրներ ունեցող այցելուների համար. դրանք հնագիտական առարակների կրկնօրինակներ են՝ զուգակցված Բրայլի համակարգով համապատասխան տեքստերով։
‹‹Հին Հայաստանի լուռ վկաները. վերածնունդ և վերարժևորում›› խորագիրը կրող այս ցուցադրությունը մեծ հաջողություն ունի․ բացման օրվանից հարյուրավոր այցելուներ են եկել, և մինչ օրս շարունակվում է այցելուների հոսքը։ Ցուցադրությունը կգործի մինչև փետրվարի 26-ը։
Մարտի 1-ին նախատեսվում է մեկ այլ կարևոր ցուցադրություն, որ վերաբերում է Հայաստանի մայրաքաղաք Արմավիրին։
«Վերջին տարիներին Նոր Արմավիր գյուղի տարածքում հետաքրքիր պեղումներ են իրականացվել՝ հայտնի հնագետ, ուրարտագետ Սիմոն Հմայակյանի գլխավորությամբ։ Նա սիրահոժար ‹‹Էրեբունի›› թանգարանին է հանձնել գտնված իրերը՝ կարասներ, ոսկյա, արծաթյա իրեր, ուրարատական և հետուրարտական ժամանակաշրջանի եզակի խեցեղեն և այլն։ Կարծում եմ՝ սպասվող այդ ցուցադրությունը նույնպես մեծ հաջողություն կունենա»,- ասաց Միքայել Բադալյանը: Նա նշեց նաև, որ երբ հնագիտական առարկաները անհատ կոլեկցիոներների մոտ են, չեն խոսում, չեն արժևորվում. «Թանգարանում դրանք նոր կյանք են ստանում, բայց վերածնված նյութը պետք է նաև վերարժևորել՝ ներկայացնելով ու կրթելով հանրությանը։ Թանգարանի կարևորագույն գործառույթներից մեկը կրթելն է: Այդ առումով կարևոր է, որ այս օրերին մարդիկ գան թանգարան, տեսնեն, զգան, խորհեն, հասկանան՝ ինչ հզոր ու հարուստ ժառանգության տեր և կրող են»։
Արմինե Սարգսյան
Անի Անտոնյան
1 Comment
[…] […]