ՕրԸնթաց ՄարզաԴիտակ

«Քո արվեստը դպրոցում»՝ Գոհար Գալստյանի գրով

17.09.2019

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակներում հայաստանյան մարզեր պարբերաբար այցելող արվեստագետները ոչ միայն անգնահատելի նպաստ են բերում մեր մարզաբնակ մանկավարժների և աշակերտության մշակութային իրազեկումի հույժ կարևոր գործին, այլև վերադառնում են այդ զգացմունքաշատ շփումներից՝ լիցքավորված ստեղծագործական նոր ներշնչանքով և իրենց իսկ արվեստը նորովի բովանդակավորելու անխուսափելի արդյունքով: Ասվածի խոսուն վկայությունն է «Քո արվեստը դպրոցում» ծրագրի հեղինակներից մեկի՝ գրող Գոհար Գալստյանի նոր բանաստեղծաշարը, որը ներկայացնում ենք ardi.am-ի ընթերցողներին:

Ես իմ երկիրն եմ քարտեզագրում…

***

Վաղը կընկնեմ ես ճանապարհ,-
Զվարթությունս կվերցնեմ ինձ հետ պաշար,
Հագուստներիս գրպաններում գույն-գույն երգեր,
Որ բաժանեմ ինձ հանդիպող մարդկանց էնտեղ…

Վաղը կելնեմ ես արևից մի բան էլ՝ շուտ,-
Չեմ ուշանա, թող որ մի քիչ էլ լինի մութ,
Կհավաքեմ սրտիս կորովն ու ողջ բարին,-
Արևի հետ կընկերանանք ճանապարհին…

Վաղը կանցնեմ ես ճանապարհ նոր ու նորից՝
Ճանաչելու ինձ՝ թռչկոտող իմ առջևից,
Ինձ՝ իմ հետքից դժվար հասնող ու հևիհև,
Ինձ՝ իմ ներսից վերև ճախրող հազարաթև…

Կբարձրանամ, կիջնեմ էլի՝ վար ու առա՜ջ,
Վերելքներում կհանդգնեմ ինձ զգալ Աստված,
Ինձ դիմագիծ առ դիմագիծ կճանաչեմ,
Իմ Հայաստա՛ն, թե՝ ով եմ ես, և Քո ի՛նչն եմ…

Հյուսիս թե հարավ՝ ի՛մն ես Հայաստան

1.

Այստեղ գարունը նոր-նոր է գալիս,

այստեղ դեռ ձյուն է ու ձնծաղիկներ,

Արագիլները նոր են հասատվել

այստեղ բներում՝ թառերին սյունե։

Իսկ այնտեղ արդեն ծիրանի այգին,

որ նորահարս էր երեք օր առաջ՝

Այստեղի վերջին ձյունի հետ՝ դարձիս,

ծաղկաթերթերն իր թափել է առատ…

Ու ձյունի տեղակ ծաղիկ է իջել՝

ծաղիկ պարգևող հայրենի հողին,

Որ պտղավորվի ծիրանը, հետո՝

սերմի կորիզ տա պտուղ տվողին։

Բայց այնտեղ հողը հա՛ց է պարգևում,

ցորենն է պատրաստ պարկերում հիմա.-

Վաղը հալոցքից ջուր պիտի խմի

հողը՝ երբ ծագի Արեգակն արդար…

2.

Դեղձենին ո՜նց է նազում արևին,

շուրջը կանաչ է, ինքը՝ վարդագույն,

Սարերի զմրուխտ լանջափեշերին

դեղձենիների պարտեզ է ծաղկուն։

Թե ծիրանենու քողը ձյունաթույր

երեկ նոր հարսի առագաստն էր նուրբ,

Դեղձի վարդագույն շղարշը արդեն՝

վառվռուն կնոջ հմայքն է հասուն…

Եվ այգիների սիզախոտերում՝

դեռ ոտք չդիպած ծաղկաշուքի տակ՝

Կարմիր-ալվլան կակաչն է աճում

Ու լույս է տալիս հասմիկը ճերմակ…

3.

Բայց կրկնակի է արևն այս պահին

ջերմացնում հոգիս,

Եվ լույսն է վարար գետի պես հոսում

ճամփեքի վրա,

Գարունն իմ երկրում թևերը փռել՝

սարերի գոգից

Կանաչ գորգերով ինձ վեր է հանում

դեպի նոր գագաթ։

Ու չքացել են կապույտ սարերից

ամպերը մռայլ,

Քանդվել է սառցե բյուրեղների մեջ

ամեն մի կապանք,

Սյունիքի ժայռե սյուներից մինչև

Կապանը բարձրիկ՝

Զանգեզուրն անխոնջ զանգ է ղողանջուն

և խոխոջ գարնան…

Ճգնավորի պես

Խուստուփի լեռն է ծնկել աղոթքի,

Եվ ի պատասխան՝

ողջությունն է իր վարարել հիմա.-

Ողջի մայր գետից՝

Վաչագան որդի, Գեղանուշ աղջիկ

Զույգ վտակներով

խայտում են լուսե թևերի նման…

Եվ ուղեկցում է արեգակը ինձ

դեպ ակը լեռան՝

Կոզնի սառնորակ աղբյուրից բխող

հունը իմ ցեղի,

Ուր ամփոփվում է երկրային ուղին

ազնիվ Նժդեհի,

Որ պահապանն է օտար հեղեղից՝

մեր երկինքների…

Քոնը՝ քեզ

Իմ մայր լեզվի՛ հող հայրենի,

Բարբառների իմ բառարան,

Քեզնով լցված՝ քեզ եմ գալիս՝

Գուրգուրելու քեզ բառ առ բառ,

Քո սրտի մեջ բաբախելով՝

Խմորելու խոսքիդ գինին,

Շնչիդ մեջ շունչըս խառնելով՝

Նորոգելու կոդդ վերին…

Ձոն Հայոց լեզվիս

Իմ շուրթերի մեջ բառը ծաղկել է,
Մայրենի՜ լեզու, Քո՛ բողբոջներով՝
Երբ մտքերիս հետ դու նույնացել ես 
Իմ ճկուն լեզվին, Լեզո՜ւ հոգեթով…

Քեզ բարբառելով՝ ամեն խոսքիս հետ
Ես համտեսում եմ ավիշն իմ գենի.-
Օտար, մի ուրիշ լեզվով երբ խոսեմ՝
Մտքումըս դարձյալ դո՛ւ ես, սիրելի՜ս…

Ու թե քո հանդեպ մեղանչած լինեմ
Օտարի բառին նախապատվելով՝
Համարժեքը ինձ դու մի՛շտ ես տվել,
Եվ ես գտել եմ ինքըս ինձ քեզնով…

Ու ամեն անգամ համոզվել եմ, թե՝
Որքա՜ն հարուստ ու մեծ ես, արքենի՛,
Իմ Հայո՛ց լեզու, իմ անգին գոհար,
Դու հո՜ւյզն ես սրտիս, շո՛ւնչն իմ բերանի…

Կիսադեմ քարտեզ

Ես իմ երկիրն եմ քարտեզագրում՝
աչքերիս միջով՝ սրտիս միջուկին,
Երկրիս մի գետն է արյունն իմ վարար,
և ճամփաներ են անոթները իմ…

Ապրած օրերիս՝ երեկվա, վաղվա
ճանապարհները դիմագծվելով,
Նույնանում են իմ՝ կիսադեմ արված
դիմանկարին քարտեզագրվող…

Քո կիսադեմով, իմ մա՛յր Հայաստան,
հիմա ես ի՛նձ եմ տեսնում, և էլի՝
Կարծում եմ՝ պատճառ չկա զարմանալ,
որ դուստրը մո՛րն է նման ավելի…


Անհաշտ՝ երաշտին


Զովության կաթիլ 
ընծայիր հիմա 
Քո հրկեզ սրտից,
շիկացա՛ծ Երկինք,
Ծարաված հողին,
գգվիր վերևից՝
կաթիլ առ կաթի՛լ…

Դեռ կարոտակեզ
ճաքը շուրթերին՝
ջուր խմած քեզ հետ,
Հողը դեպի քեզ 
կբացի կապույտ
ծաղիկն իր սրտի…

Տե՛ս, կրակիդ մեջ
փոշիանում է
հունդը սևահող,-
Մի՛ խլիր նրա
խոնավությունը՝
խոր երակների,

Այլ վերադարձրու
տվածը անգամ՝ 
ե՜տ, դեպի Երկի՛ր,-
Կաթիլ առ կաթի՛լ,
կաթիլ առ կաթի՛լ,
կապուտա՜կ Երկինք…

No Comments

Leave a Reply