ԳրաԴաշտ

Ռաֆֆի Ադալյան․ Հակասությունների միասնություն

03.03.2021


Գրքում ներկայացված են գեղանկարիչ, երաժիշտ Ռաֆֆի Ադալյանի խոհական մտազննումները կյանքի մասին (1959-1978 թվականներ)։ Գիրքը ձևավորված է հեղինակի այդ ժամանակաշրջանի գծանկարներով։ Լույս է ընծայել «Վան Արյան» հրատարակչությունը։

Ներկայացնում ենք գրքում զետեղված ստեղծագործություններից երկուսը։


Ես դեռ ապրո՞ւմ եմ

Հայերն աշխարհի N1 ժողովուրդը չեն։ Ես եղել եմ չեչենների մեջ, և նրանք շատ հազվադեպ են խոսում։ Երբ Սարոյանը Երևանում էր (ես նրան չեմ տեսել), մի անգամ մենք հանդիպեցինք Գրողների տանը, այն ժամանակ ես չէի գրում, բայց խաղում էի Հրաչ անունով ընկերոջ հետ։ Մենք բռնում էինք մորեխներին, Հրաչը սատկացնում էր նրանց, խփելով քարին, հետո երկաթալարերից պատրաստված մեր կառքերի վրա հող էինք լցնում, սատկած մորեխներին (որոնք դեռ կենդանի էին և նրանց մարմինները դեռ տաք էին) դարսում էինք իրար կողքի, և նվագելով ու երգելով տանում էինք ու թաղում հողի մեջ։ Սարոյանը չի մտել «Նաիրի» կոչվող նպարեղենի խանութը։ Եթե նա մտներ, ձկան բաժնում կտեսներ տարբեր գներ ունեցող, գլուխներով և գլխահատ, չորացած ու սառեցրած, շատ անհամ, շատ հոտ արձակող ձկներ, որոնք անօգնական պառկած են իրար կողքի, իսկ հաստաոռ վաճառուղուհին օրը բավական մեծ փող է շինում դրանց վրա։ Աշխարհի բոլոր ձկներն իմն են՝ ասում էր նա իր բարձրաձայն մտքում։ Մի օր էլ նա չեչեններին պիտի վաճառի, քանզի նրանք ձկան պես լուռ են։ Ինչո՞ւ, ինչու են մեծերը վախեցնում փոքրերին՝ չռելով իրենց աչքերը։ Ես դադաիստ եմ, և բնավ Պիկասոյի ընկերը չեմ։ Ես կովերի ընկերն եմ ու միշտ նրանց զանգուլակներ եմ նվիրում։ Աշխարհում կա մի մեծ, շատ մեծ կանաչ դաշտ, որտեղ արածում է մի կով։ Մի՛ նկարեք այդ կովին, մի՛ նկարեք այդ դաշտը։ Լուսանկարիչ Վահան Քոչարը լուսանկարիչ չի, այսօր նրա սիրտը շատ վատ է, կարող է մեռնել, դրանից հետո բոլորը կարող են լավ լուսանկարիչներ դառնալ։ Ես կգնամ նրա թաղմանը, կտեսնեմ նրան դագաղում պառկած, բայց նա կքայլի թափորի վերջից, և ոչ ոք դա չի իմանա, բացի ինձանից, որովհետև ես դեռ ապրում եմ․․․

13․06․1978

Ո՞վ եմ ես

Ես գնացի տուն։ Ճանապարհին շատ սպասեցի։ Մի՞թե վարորդները չեն հասկանում, որ իրենք կարող են մարդկանց տեղափոխել հանպատրաստից կանգնելով, և նրանց հրավիրելով իրենց ցցված մեքենան։ Աղջիկները, որոնք միշտ լինում են ռուսախոս և բնավ չեն ամաչում դրանից, չգիտեն, որ պետք է լավ խոսեն ռուսերեն։ Իսկ մենք հին ժողովուրդ ենք, Հնդկաստանից էլ հին, այսինքն սխալ թող չկարծվի, թե Հնդկաստան չկար։ Կար, բայց նրանք դեռ չունեին կապույտ երկինք։ Հա, հնդիկների մասին մի տեղեկություն գիտեմ։ Գիշերները քնելուց առաջ նրանք միշտ ուզում են, որ շոգ չլինի։

Ես շեղվեցի մի քիչ, քանի որ չեմ հիշում, թե ինչ պետք է գրեի․․․ Բայց, ինչևէ, պտուղները՝ իսկ դրանք տարբեր են, և ունեն տարբեր-տարբեր համեր, չափեր, գույներ, միջուկ, կորիզ, տեսք, ձև, զբաղվածություն, քաղաքավարություն, ջուր, հրդեհի մեջ ընկնելու վտանգ, լարվածություն, պատմություն, լուցկի․․․ Դրանք վաղօրոք զգում են այդ բեռնվածությունը, ու լինելով լրջամիտ և ունենալով հերոսական կեցվածք իրենց իսկ ծառի վրա՝ փոշի են հավաքում և հրամցնում են իմ տեսողությանը։

Լինելով բարի և առաքինի մի մարդ, ես պնդում եմ, որ ես եմ իմ հայրը, ես եմ իմ մայրը, ես եմ իմ երեխան։ Ես իմ պապի պապն եմ, ես իմ թոռն եմ․․․ Ես շիլ աչքեր ունեմ և նկարում եմ։ Ես միաձույլ երկու շերտ ունեմ։ Ես գոռոզ, վախկոտ, լկտի, կասկածոտ մարդկանց մասին ոչինչ չգիտեմ։

02․06․1978
Լուսանկարը՝ Լարիսա Կատասանովայի


No Comments

Leave a Reply