Արմինե Սարգսյան Կերպարվեստ

Ռոբերտ Էլիբեկյան․ Արվեստը լուռ է, բայց և խոսում է

03.05.2022

Ardi.am-ի զրուցակիցը ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն է։ 

— Նկարիչ Էլիբեկյանների  ընտանիքի պատմությունը որտեղի՞ց է սկսվում։ 

— Սերը  արվեստի հանդեպ հայրիկիցս է գալիս։ Հայրս՝ Վաղարշակ Էլիբեկյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի տնօրենն էր։ Ես, եղբայրս՝ Հենրին, քույրս՝ Լուիզան, թատրոնում ենք մեծացել։ Թատրոնը մեզ շատ բան տվեց։ Կուլիսների հետևում կանգնած նայում էի, թե ինչպես են մեծ դերասանները խաղում։ Նկարչությունն ի՞նչ է․ փոքր կտավի վրա նկարում ես կյանքը, թատրոնում նույնը բեմի վրա է․․․ Հայրս նկարել սկսեց թոշակի անցնելուց հետո։ Առաջին օրերին թաքցնում էր մեզնից, հետո տեսանք, ասացինք՝ այս ի՜նչ հրաշք նկարիչ ես դու․․․ Եվ սկսվեց նրա նոր կյանքը։

— Սպիտակ կտավը արվեստի գործի վերածելը տքնա՞նք է։ Ինչպե՞ս է ծնվում արվեստը։

— Ինձ թվում է՝  Աստծո պարգև է։ Ես հավատում եմ, որ վերևից մեզ ուղղորդում են։ Մանավանդ Հայոց աշխարհը խենթանալու է։ Հայաստանը չունի հզոր տնտեսություն, բայց ամեն երկրորդն ու երրորդը արվեստով ու գրականությամբ են զբաղվում։ Տքնանքի հետ համաձայն չեմ, դա ինքն իրեն է լինում, մեր կյանքն է։  Կնոջ հետ ապրելը տքնա՞նք է։ Հաճույք է, չէ՞։ Այդպես էլ արվեստն է։ Մեկ-մեկ ասում են՝ այս նկարն ինչպե՞ս ես նկարել։ Ինքս էլ չգիտեմ՝ ինչպես․․․

 Կա կարծիք, որ նախնադարյան մարդիկ նկարել չգիտեին։ Ես համաձայն չեմ այդ տեսությանը․ նրանք իրենց ընկալումները պատկերել են ժայռերի վրա։ Հին կուժերը, ահա, որ ես ունեմ, նայեք՝ ոնց են մտածել, ֆանտաստիկ է, կարծես այօրվա արվեստ լինի։ Մեր մանրանկարիչները այնպիսի հարցեր են լուծել երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ դարերում, որ Պիկասոն և ուրիշ մեծ նկարիչներ դարեր անց են սկսել այդպես մտածել։ Հին ու նոր չկա, արվեստ է, նույն բաները կրկնվում են, ձևն է փոխվում, բովանդակությունը, ասելիքը նույնն են։ 

— Ի՞նչ որակներ պետք է ունենա նկարիչը։

— Պետք է սիրես քո երկիրը, քո մասնագիտությունը և լինես ըմբոստ։ Ինչպե՞ս են պեղում ոսկու և արծաթի հանքերը, այդպես էլ արվեստն է, պետք է որոնես, գտնես ոսկին ու արծաթը։ Մարդ էակի ներքին պաշարները երբեք չեն վերջանում։ Միշտ պետք է մեջդ ուժ գտնես և աշխատես։ Հին վարպետներն այդպես էլ արել են, ամբողջ կյանքում աշխատել են։ Ռեմբրանդը ծեր մարդ էր․ հանճարեղ գործեր էր անում։

— Ձեր աշխատանքներն իրենց տեղն են գտել Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների պատկերասրահներում, թանգարաններում, անշուշտ նաև հավաքորդների հավաքածուներում, արվեստասերների բնակարաններում։ Դժվա՞ր եք բաժանվում Ձեր կտավներից։

— Ես ուրախանում եմ, որ պետք է ապրեն իրենց կյանքով։ Թատրոնի, կինոյի հետ համեմատեմ․ մարդկանց համար են, չէ՞, նայում են, ծափահարում։ Նկարիչներին չեն ծափահարում, նայում են, գնահատում։

— Արվեստի ուժը որտե՞ղ է՝ նկարչի ձեռքերո՞ւմ, տիեզերքո՞ւմ․․․

— Մարդու մեջ է։ Տիեզե՛րքն է մարդու մեջ։

— Ձեր արվեստի մասին բազմիցս գրվել է։ Արվեստաբանի խոսքն ի՞նչ է տալիս նկարչին, արվեստասերին։ Եվ ինչո՞ւ է հիմա այդքան «լուռ» արվեստաբանությունը։

— Արվեստաբանը մեր լեզուն է, նկարիչը չի կարող ինքն իր մասին խոսել, պարզ է, որ նրանք էլ, ամեն մեկը յուրովի, պետք է մեկնաբանեն։ Եվ դա դա շատ հետաքրքիր է։ Կծնվեն նոր արվեստաբաններ․․․

— Նկարչին ուղղորդո՞ւմ են արվեստաբանի գնահատականը, արվեստասերների ճաշակը, նախասիրությունը, ի վերջո, հավաքորդների նախասիրությունը։

— Չէ, նկարելիս դրա մասին չենք էլ մտածում։ Եթե թանգարաններում կան, ուզում են աշխատանքները, հաճելի է, բայց մենք նկարում ենք, որ այդ գործը ապրի։ Ապրում է գիտե՞ք ինչպես՝ ձեր աչքերում, ժողովրդի աչքերում․․․

— Խեցեգործությամբ եք զբաղվում նաև։ Կենցաղում նո՞ւյնպես մարդը կարիք ունի գեղեցիկի հետ հաղորդակցվելու։ 

— Կենցաղը պահանջում է․․․ Արվեստն ամենուրեք է։ Արվեստը լուռ է, բայց և խոսում է։  Ինքն իր կոդերն ունի՝ ներկը, գույնը, կոմպոզիցիան, այդ ամեն ինչը խոսք է։

Նոկտյուրն, սրճաման, ճենապակի, նկարազարդում, 2009



-Արվեստն ու գեղեցկությունը հոմանիշնե՞ր են։ 

— Արվեստի մեջ չկա գեղեցկություն, արվեստի մեջ կա արվեստ։ 

— Լավ արվեստ ստեղծելու համար կապ ունե՞ն աշխարհագրական վայրը, ժամանակը, ազատության սահմանը․․․

Խորհրդային Հայաստանում մենք այնպիսի՜ գործեր էինք անում, որ դրսի արվեստագետները զարմանում էին՝ այս ի՜նչ անկախ ժողովուրդ է, ինչ գործեր են ստեղծում։ Տարօրինակ ու տաղանդավոր ազգ ենք։ Հայաստանում, եթե կա մի ոլորտ, որ մրցունակ է, արվեստն է։ Փոքր և ճնշված ազգերն ավելի տաղանդավոր են։ Առաջին անգամ եմ դրա մասին ասում։ Նկարիչներ կան, որ ազատազրկվել են ու բանտում ավելի լավ են նկարել։ Կարելի է փոքր սենյակում մեծ արվեստ ստեղծել ու հսկա մի տարածքում ոչինչ չանել։

-Ինչպե՞ս է նկարչի միջից այդքան պատկեր հորդում։

— Ես նկարում եմ ափսեի վրա, կտավի, ձևավորում եմ թատերական ներկայացումներ, բալետ, օպերա, գործող անձանց զգեստներ, հետաքրքիր բան է, խաղ է․․․ արվեստը,  ի վերջո, խաղ է։ Երեխաներն ինչպե՞ս են խաղում, նկարում, թվում է՝ չգիտեն նկարել, բայց երբեմն այնպե՜ս են նկարում, որ խենթանում ես։ Այդպես էլ  մենք։

Բեմական զգեստների էսքիզներ Մոլիերի «Քաղքենին ազնվականում» պիեսի բեմադրության համար, 1978



— Ասում են, որ արվեստագետները նուրբ ներաշխարհ ունեն։ Համամի՞տ եք։

— Մարդ արարածը նույնն է, կապ չունի՝ արվեստագե՞տ ես, թե՞ գյուղացի։ Գյուղացիներ կան, որ տառաճանաչ չեն, բայց այնքան իմաստուն են, այնպիսի բարձր ճաշակ ունեն․․․
 
— Ձեր առաջին ցուցահանդեսը բացել է Մարտիրոս Սարյանը․ ի՞նչ կպատմեք այդ մասին՝ հիշողություն, տպավորություն։

— Ինքս իմ մասին ի՞նչ պիտի ասեմ, պարզ է, որ շատ հաճելի էր, որ գնահատեց։

— Տարբե՞ր են Ձեր աշխատանքները։ Ձեռագիրը փոխվո՞ւմ է տարիների հետ։

— Պիտի տարբեր լինեն։ Հատուկ չես անում, ինչպես որ ուրիշ ես, երբ 20 տարեկան ես, և բոլորովին ուրիշ՝ 95 տարեկանում։ 

Ասում են՝ հաջողակ տղամարդկանց կողքին միշտ կանգնած են ուժեղ կանայք։ Համաձա՞յն եք։ 

— Այո՛, առանց կնոջ հնարավոր չէ ո՛չ ապրել, ո՛չ շնչել, ո՛չ  ստեղծագործել․․․ Ես մի բան գիտեմ, որ շատ եմ սիրում իմ կնոջը։

Մարի, 1984


— Մենք դժվար պատմական շրջանում ենք ապրում, որպես արվեստագետ, քաղաքացի՝ ի՞նչ մտագոհություններ ունեք։

— Գիտեք, բոլոր ժամանակներում էլ եղել են դժվար իրավիճակներ․ մոլորակը պտտվում է, պատմությունը՝ կրկնվում։ Ես զգում եմ, որ մենք կհաղթահարենք։

Զրուցեց Արմինե Սարգսյանը
Լուսանկարը՝ Նվարդ Հայթայանի

No Comments

Leave a Reply